Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունում «մարմնի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնի,» բառերը, իսկ «եւ ոստիկանության» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետում «իրավասու մարմնի եզրակացություն» բառերը փոխարինել «տեղեկատվություն» բառով.
2) լրացնել 2.1-ին եւ 2.2-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Անձի՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված առողջական վիճակի մասին տեղեկատվությունն իրավասու մարմնի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրվելուց հետո համակարգը, ինքնաշխատ եղանակով հարցում կատարելով, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրից պարզում է անձի վարելու իրավունք ունենալու մասին տեղեկատվությունը:
2.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում անձի վարելու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարում է, եթե էլեկտրոնային առողջապահության համակարգի հարցման արդյունքում հաստատվում է, որ հարցվող անձը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում ունի վարելու իրավունքի գործող կարգավիճակ: Սույն մասով նախատեսված՝ անձի վարելու իրավունքը դադարելու վերաբերյալ տվյալ անձը տեղեկացվում է համապատասխան տեղեկատվությունը տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակի իր անձնական էջում արտացոլելու եղանակով, իսկ առկայության դեպքում՝ նաեւ իր կողմից ոստիկանությանը տրամադրած էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ստանալու միջոցով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: