Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-859-26.04.2006-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2005Թ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Սահմանադրության 73 եւ ԱԺ կանոնակարգի 22 եւ 52 հոդվածներով

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՈՐՈՇՈՒՄ Է

1. 2005թ-ի նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրելու եւ Ազգային Ժողովին եզրակացություն /տեղեկանք/ ներկայացնելու համար ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով /այսուհետ Հանձնաժողով/:

2. Հանձնաժողովի արջեւ դնել հետեւյալ խնդիրները

- Հանրաքվեի ընթացում եւ դրանից հետո դատախազություն ներկայացված հանցագործությանփաստերի մասին հայտարարությունների քննության ընթացքի, ընտրակեղծիքների կազմակերպիչներին եւ իրականացնողներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հիմքերի ուսումնասիրությունը:

- Հանրաքվեի ժամանակ վերադաս ընտրական հանձնաժողովին եւ դատարաններին ներկայացված դիմումում բողոքների քննության ընթացքի ուսումնասիրությունը:

-Հանրաքվեի փաստաթղթերի` այդ թվում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների` ընտրողների ցուցակների ուսումնասիրությունը` անկախ փորձագետների ներգրավմամբ:

- իր գործնեության արդյունքում համապատասխան օրենսդրական եւ այլ բնույթի առաջարկություններ ԱԺ ներկայացնելը:

3. Հանձնաժողովն իրականցնում է ուսումնասիրություններ` այդ թվում պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ միասին` այդ ուսումնասիրությունների վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ

4. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին /կազմակերպություններին/, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն:

5. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների:

6. Հանձնաժողովը ստեղծել հետեւյալ կազմով` մեկական պատգամավոր խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:

7. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

8. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները` ԱԺ նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է , եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

11. ԱԺ աշխատակազմը ապահովում է Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը:

12. Ազգային Ժողովի կանոնակարգի 22 հոդվածի համաձայն Հանձնաժողովն ունի 1 գործավար եւ 3 փորձագետ:

13. Հանձնաժողովն իր գործնեության արդյունքների մասին Ազգային Ժողովին զեկուցում է իր ստեղծումից 6 ամսվա ընթացքում: Մինչեւ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Որոշման նախագծիընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում օրինական հանրաքվեի եւ ընտրությունների անցկացման հրամայականով,ընտրակեղծիքների կազմակերպիչներին եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Որոշման նախագիծը մշակվել է «Արդարություն» խմբակցության կողմից: