Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1243-19.01.2026-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել նոր՝ 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ`

«5) սահմանում է Ծառայողի մասնակցության կարգը պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացներին:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 13.1-ին եւ 13.2-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«13.1) Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով իր իրավասության սահմաններում մասնակցել պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացներին.

13.2) պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովման շրջանակներում տեղեկատվության օպերատիվ ձեռք բերման եւ փոխանակման նպատակով իր իրավասության սահմաններում համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
 

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՕ-364-Ն օրենքով եւ ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է էկոպարեկային ծառայողի (այսուհետ՝ Ծառայություն) իրավունքները:

Պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն օրենսդրության համաձայն լիազորված են իրականացնել համապատասխան պետական ոչ առեւտրային կազմակերպությունները:

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է էկոպարեկային ծառայության հետեւյալ խնդիրները.

1) պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը.

2) օրենսդրությամբ սահմանված իրավասության սահմաններում Օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովումը.

3) պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների պահպանման ապահովումը, անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը.

4) Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը:

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն անտառի մոնիթորինգը (դիտանց) անտառների եւ անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների եւ գնահատման գործընթացն է: Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշմամբ, որի հավելվածի 1-ին կետի համաձայն՝ անտառների պետական մոնիթորինգն անտառների եւ անտառային հողերի վիճակի կանխատեսման համար իրականացվող դիտարկումների, հետազոտությունների եւ գնահատման գործընթաց է, որի նպատակն անտառների եւ անտառային հողերի վրա անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառօգտագործման բնագավառում մարդածին եւ բնական տարբեր տեսակի ներգործությունների եւ դրանց հետեւանքների բացահայտումն է, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման եւ բացասական այլ գործողությունների կանխարգելումն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովումն է` բնակչությանն իրազեկելու միջոցով:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 1-ին մասին 10-րդ կետի համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը  բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական օբյեկտների, դրանց որակական եւ քանակական ցուցանիշների, ապրելավայրերի, բնական պաշարների, տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վիճակի ռեժիմային դիտարկումների, գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ է: Բնության հատուկ պահպանվող տարածքների  մոնիթորինգի կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշմամբ, որի հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ մոնիթորինգի իրականացման նպատակն է, մշտապես գնահատելով էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վիճակի փոփոխությունները եւ կանխատեսելով բնական ու մարդածին ազդեցությունների հետեւանքով առաջ եկած գործընթացների զարգացումը, բարելավել բնության հատուկ պահպանվող տարածքների շարունակական կայուն կառավարումը` ներառյալ կենսաբազմազանության պահպանությունը եւ կենսաբանական պաշարների օգտագործումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի համաձայն բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի օբյեկտներն են՝ «(...) 7) անօրինական տնտեսական գործունեությունը (տնտեսական եւ բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ հաղորդակցության այլ ուղիների ապօրինի շինարարությունն ու շահագործումը, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը եւ պահեստավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի, երեւակումների ապօրինի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը եւ այլն), բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը (ապօրինի անտառահատումներ, որս, ձկնորսություն, հողօգտագործում եւ այլն), 8) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի այլ խախտումներ:»:

 Նույն հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մոնիթորինգի իրականացումը փուլային գործընթաց է, որը ներառում է ելակետային տվյալների ստացումը եւ հավաքագրումը` սույն կարգի 8-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների դիտարկման միջոցով:

Չնայած այն հանգամանքին, որ նույն հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոնիթորինգի ելակետային տվյալներն ստանում են միջազգային եւ հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում` լիազորված պետական մարմնի կազմում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, այդուհանդերձ պետք է նկատի ունենալ, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի ընդունման արդյունքում վերոնշյալ տվյալները գործնականում ստանում է էկոպարեկային ծառայությունը:

ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի համաձայն անտառների պետական մոնիթորինգը ներառում է` «ա) անտառների եւ անտառային հողերի վիճակի, դրանց վրա տարբեր տեսակի ներգործությունների ու դրանց հետեւանքների, ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման եւ բացասական այլ գործողությունների կանխարգելման նպատակով պարբերական դիտարկումներ ու գնահատումներ, կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումներ, բ) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի եւ անտառային ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն իրականացվող անտառների պահպանության, պաշտպանության, անտառօգտագործման ու վերականգնման, դրանց հետեւանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման եւ բացասական այլ գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում, կենտրոնացված հաշվառում, մշակում, վերլուծություն, բացասական երեւույթների կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսում, գ) անտառային օրենսդրության խախտումների, բնափայտի անօրինական տեղափոխումների, իրացման եւ բացասական այլ գործողությունների դեմ տարվող պայքարի աշխատանքների վերլուծում ու գնահատում, այդ բնագավառում տիրող իրավիճակի եւ տարվող աշխատանքների թափանցիկության ապահովում:»:

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն վերոնշյալ իրավական ակտերով ներկայացված խախտումների հայտնաբերումը, կանխումը, կանխարգելումը էկոպարեկային ծառայության խնդիրն է, որը գործնականում իրականացնում է էկոպարեկային ծառայողը՝ իր կանոնադրական գործառույթների իրականացման շրջանակում:

 Հաշվի առնելով վերոշարադրյալ իրավական կարգավորումները՝ հստակ կարելի է նշել, որ էկոպարեկային ծառայողը Օրենքով սահմանված էկոպարեկային ծառայության խնդիրներն ու լիազորություններն (օրենսդրությամբ սահմանված իրավասության սահմաններում պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության եւ անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովում, բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովում, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, ապօրինի արածեցումների, աղտոտման, աղբոտման եւ կենսաբազմազանությանը վնաս պատճառող, օրենսդրությամբ արգելված այլ գործողություններ կանխելու ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացում) իրականացնելու  արդյունքում տիրապետելու է պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա կենսաբազմազանության վերաբերյալ տվյալներին, որոնք օգտագործվելու են մոնիթորինգի իրականացման գործընթացներում, ուստի  անհրաժեշտություն է առաջացել Օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի մասնակցությունը պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացներին:

Միաժամանակ, ծառայության արդյունավետ իրականացումն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվությունն  օպերատիվ ձեռք բերելու եւ փոխանակելու  համար անհրաժեշտություն է առաջացել տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը որպես էկոպարեկային ծառայողի իրավունք  ամրագրել Օրենքով:

Ծառայության տեխնիկական վերազինումը եւ դրանով պայմանավորված համալրումը մեծապես կախված են միջազգային գործընկերների դոնորական աջակցությունից, եւ այս համատեքստում ներկայումս քննարկումներ են տեղի ունենում KfW Գերմանիայի զարգացման բանկի հետ «Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն եւ բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի մասով, որի շրջանակներում վերջինս առաջարկություն է ներկայացրել կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը ներառել էկոպարեկային ծառայության լիազորություններում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաեւ ծառայության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեղեկատվության օպերատիվ ձեռք բերման եւ փոխանակման տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը օրենքով ամրագրել որպես էկոպարեկային ծառայողի իրավունք:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայողի կողմից կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կամրագրվի օրենքով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետից (Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության (էկոպարեկային) ծառայության մասին օրենքի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունում): Նախագծի ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայողի կողմից կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կամրագրվի օրենքով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյա

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն