Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12441-19.01.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերությունը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ հասկացությունները համապատասխանաբար համարակալել 1-11 թվերով.

2) 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) մոլորության մեջ գցող գովազդ՝ անբարեխիղճ գովազդ, որը պարունակում է ցանկացած ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն, կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձեւով, որ թեեւ այն փաստացի ճիշտ է, սակայն որեւէ կերպ, այդ թվում՝ ներկայացման եղանակով, կարող է թյուր տպավորություն ստեղծել տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրա պիտանիության, դրա ժամկետի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, մոլորեցնում կամ կարող է մոլորեցնել սույն օրենքով սահմանված գովազդ սպառողներին, եւ իր մոլորեցնող բնույթով կարող է ազդել այդ անձանց տնտեսական վարքագծի վրա կամ կարող է վնասել մրցակից տնտեսավարող սուբյեկտներին:

5) համեմատություններ պարունակող գովազդ՝ գովազդ, որն  ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշում է մրցակից տնտեսավարող սուբյեկտին կամ վերջինիս կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «կանխամտածված» բառից առաջ լրացնել «մոլորության մեջ գցող եւ» բառերը:

2) 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Գովազդի մոլորեցնող լինելու հանգամանքը որոշելիս կարող են հաշվի առնվել հետեւյալ հատկանիշները, մասնավորապես դրանում ընդգրկված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են՝

1)    ապրանքների կամ ծառայությունների բնութագրերին, ինչպիսիք են օրինակ՝ հասանելիությունը, բնույթը, կառուցվածքը, արտադրության կամ մատակարարման ձեւը եւ ամսաթիվը, նպատակային օգտագործման համապատասխանությունը, օգտագործման եղանակները, քանակը, տեխնիկական բնութագրերը, ծագման երկիրը,  դրա օգտագործումից ակնկալվող արդյունքները կամ այդ ապրանքների կամ ծառայությունների փորձարկումների եւ ստուգումների արդյունքներն ու նյութական հատկանիշները.

2) գնին կամ գնի հաշվարկման եղանակին, ինչպես նաեւ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմաններին.

3)   գովազդատուի առանձնահատկությանը, հատկանիշներին եւ իրավունքներին, ինչպիսիք են օրինակ՝ նրա ինքնությունը, ակտիվները, որակավորումները եւ արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքները կամ նրա պարգեւները:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Գովազդային գործունեության ընթացքում գովազդում ներկայացված տվյալների ճշգրտության ապացուցման պարտականությունը կրում է գովազդատուն:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 21.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 21.1. Համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը

1. Համեմատություններ պարունակող գովազդը թույլատրվում է հետեւյալ  դեպքերում՝

1) այն մոլորեցնող չէ սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կամ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի իմաստով.

2)   այն օբյեկտիվորեն համեմատում է միեւնույն կարիքները բավարարող կամ միեւնույն նպատակի համար նախատեսված ապրանքները կամ ծառայությունները.

3)   այն օբյեկտիվորեն համեմատում է այդ ապրանքների եւ ծառայությունների մեկ կամ մի քանի էական, ապրանքի վերաբերյալ լիարժեք եւ ամբողջական տպավորություն ձեւավորող, ստուգման ենթակա հատկանիշները եւ կարող է ներառել գինը.

4)   այն չի վնասում կամ վարկաբեկում մրցակցի ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, այլ տարբերակիչ նշանները, ապրանքները, ծառայությունները, գործունեությունը կամ բարոյական եւ այլ հատկանիշները.

5)   ծագման տեղանվամբ ապրանքների դեպքում այն վերաբերում է միեւնույն տեղանվանը.

6)   այն անբարեխիղճ կերպով չի օգտագործում մրցակցի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ այլ տարբերակիչ նշանների համբավը կամ մրցակցող ապրանքների ծագման տեղանունը.

7)   այն չի ներկայացնում ապրանքները կամ ծառայությունները որպես գրանցված ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում կրող ապրանքների կամ ծառայությունների կրկնօրինակումներ կամ պատճենումներ.

8)   առեւտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանում այն չի առաջացնում շփոթություն գովազդատուի եւ վերջինիս մրցակից տնտեսավարող սուբյեկտի միջեւ կամ գովազդատուի եւ վերջինիս մրցակից տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, այլ տարբերակիչ նշանների, ապրանքների կամ ծառայությունների միջեւ:»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն