Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1251-29.01.2026-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «մոտոցիկլետներ» բառը փոխարինել «մոտոցիկլներ» բառով, իսկ «տրոլեյբուսներ» բառից հետո լրացնել «, մոպեդներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց շարժիչի առավելագույն ծավալը եւ զարգացրած առավելագույն արագությունը կամ շարժիչի առավելագույն հզորությունը եւ զարգացրած առավելագույն արագությունը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական գրանցման ենթակա լինելու համար նախատեսված սահմանաչափը.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2010 թվականին ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածով սպառիչ թվարկված են այն տրանսպորտային միջոցները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա չէ պարտադիր ապահովագրման: Նշված բացառությունների սահմանման ընթացքում, որպես հիմք, ընդունվել է այն սկզբունքը, որ պարտադիր ապահովագրման ենթակա է այն տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն, ենթակա են պետական գրանցման ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում:

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում գրանցվող տրանսպորտային միջոցների չափանիշները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), եւ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2010 թվականից ի վեր Որոշմամբ սահմանված չափանիշները պարբերաբար վերանայվել են:

Չափանիշների վերանայման արդյունքում սահմանվել է, որ նախատեսված չափանիշներին համապատասխանելու պարագայում գրանցման ենթակա են նաեւ այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են՝ մոպեդները, տրիցիկլները, քվադրիցիկլները, այդ թվում, վերջին փոփոխությունների արդյունքում, նաեւ էլեկտրական շարժիչ ունեցողները (քանի որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն բանվորական ծավալով շարժիչ):

Ստեղծված իրավիճակում միանշանակ չէ վերոնշյալ տրանսպորտային միջոցների նկատմամբ Օրենքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ենթակա լինելու պահանջի տարածումը՝ հանգեցնելով նրան, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են առանց պարտադիր ապահովագրման երթեւեկել:

2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ վերոնշյալ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ կնքված ԱՊՊԱ պայմանագրերի եւ ԱՊՊԱ պատահարների գծով պատկերը հետեւյալն է՝

1) էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցների գծով 2023 թվականի ընթացքում կնքվել է թվով 7862 ԱՊՊԱ պայմանգիր (որից թվով 308-ը՝ մոպեդ), որը կազմում է ընդհանուր պայմանագրերի մոտ 1% -ը:

2) 2023 թվականին ապահովագրական հատուցում է տրամադրվել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ տեղի ունեցած թվով 127 ԱՊՊԱ պատահարի գծով (որից թվով 95-ը՝ մոպեդ), որը կազմում է ընդհանուր ապահովագրական հատուցումների մոտ 0,2%-ը:

Իսկ 2022-2025 թթ. ընթացքում՝

1) տրիցիկլների գծով կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակը՝ 111, տրիցիկլների ներգրավմամբ ԱՊՊԱ պատահարների քանակը՝ 1,

2) քվադրիցիկլների գծով կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակը՝ 2, իսկ քվադրիցիկլների ներգրավմամբ ԱՊՊԱ պատահարների քանակը՝ 3:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել՝ համապատասխան փոփոխություններ կատարելու նաեւ Օրենքում, որպեսզի հստակեցվի Որոշմամբ սահմանված տեխնիկական չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագիծը նպատակ ունի հստակեցնել Որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը:

Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, որպես ավտոտրանսպորտային միջոց, սահմանել նաեւ մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները:

Իսկ Որոշման եւ Օրենքի միջեւ հետագա անհամապատասխանություններից խուսափելու նպատակով Նախագծով առաջարկվում է Օրենքի 25-րդ հոդվածով սահմանել, որ պարտադիր ապահովագրման ենթակա չէ այն տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա չեն պետական գրանցման՝ շարժիչի առավելագույն ծավալի եւ զարգացրած առավելագույն արագության կամ շարժիչի առավելագույն հզորության եւ զարգացրած առավելագույն արագության՝ պետական գրանցման ենթակա լինելու սահմանաչափերին չբավարարելու հիմքով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը եւ արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզի «Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում» ռազմավարական նպատակի 8-րդ՝ «Կյանքի փորձառություններից դուրս մնացած ծառայությունների ուսումնասիրություն՝ մատուցման նպատակահարմարության ու ձեւի որոշման նպատակով» կետից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների, տրիցիկլների եւ քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ   ՄԻՋՈՑՆԵՐԻ    ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ    ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն