Armenian ARMSCII Armenian
Պ-1217-16.12.2025,05.02.2026-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում՝ գրավոր դիմում ներկայացնելով:».

2)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում եւ 8-րդ կետով նախատեսված դեպքում, եթե սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չի վերցրել, ապա ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով, իսկ 7-րդ կետով սահմանված դեպքում ավագանին նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում, կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է նիստին ներկա ավագանու անդամների երկու երրորդով:»:

Հոդված 2. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում ՝ գրավոր դիմում ներկայացնելով:».

2) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված դեպքերում եւ 6-րդ կետով նախատեսված դեպքում, եթե սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով  ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը  եռօրյա ժամկետում հետ չի վերցրել, ապա համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: