Armenian ARMSCII Armenian
Կ-1254-09.02.2026-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների՝» բառերը փոխարինել «առողջապահական կազմակերպությունների, ներառյալ՝ բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների եւ բժշկական կազմակերպությունների՝» բառերով:

Հոդված 2.  Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «բաժնեմաս ունեցող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ համայնքային» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները

 1. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:

2. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը, որը նշանակվում եւ ազատվում է օրենքով սահմանված դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող`

1) զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական եւ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված կամ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված աշխատանքներից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն իրեն պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմնի հետ կապված հարաբերություններում, ինչպես նաեւ այն կազմակերպության հետ կապված հարաբերություններում, որի ընթացիկ գործունեության  ղեկավարումն իրականացվում է իր կողմից.

4) իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված՝ ստանալ նվերներ: Սույն կետում կիրառվող «նվերներ» բառը գործածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված «նվեր» հասկացության իմաստով:

4. Հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ ընկերությունում կարող է կատարել հոգեբույժի վճարովի աշխատանք:

5. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարը տվյալ կազմակերպությունում կարող է կատարել թերապեւտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք:

6. Գործադիր մարմնի ղեկավարի կողմից սույն հոդվածով սահմանված համատեղությամբ աշխատանքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:

7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր են`

1) ապահովել լիազոր մարմնի սահմանած կազմակերպությունների զարգացմանը եւ բարեփոխմանը ներկայացվող պահանջների կատարումը.

2) ապահովել իրենց ներկայացրած կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը, որն ուղղված է նաեւ սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովմանը.

3) իրենց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմին եւ լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որը կներառի նաեւ տեղեկատվություն սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջների կատարման վերաբերյալ: Հաշվետվությանը ներկայացվող պահանջները, հաշվետվության ներկայացման կարգը եւ ձեւը հաստատում է Կառավարությունը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի պարտականություններն ամրագրվում են նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրում:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով լիազոր մարմնի սահմանած կազմակերպությունների զարգացմանը եւ բարեփոխմանը ներկայացվող պահանջները չկատարելու կամ գործադիր մարմնի ղեկավարի ներկայացրած կազմակերպության զարգացման  ծրագրով սահմանված միջոցառումները չկատարելու կամ հաշվետվությունը չներկայացնելու կամ հաշվետվությունը Կառավարության որոշմամբ սահմանված կարգի եւ պահանջների խախտմամբ ներկայացնելու դեպքերում, հաշվի առնելով սույն մասով կատարված խախտման բնույթը, բովանդակությունը, խախտման կատարման հանգամանքները եւ խախտման հետեւանքները, գործատուն իրավունք ունի`

1) լուծելու գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ծանուցելով նրան, կամ

2) նրան ենթարկելու կարգապահական պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

10. Սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունը հիմք է լիազոր մարմնի կողմից այդ հաշվետվությունը ներկայացրած գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմին ներկայացնելու միջնորդություն` գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

11. Սույն օրենքի 32.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի առաջացման դեպքում գործատուն լուծում է գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ծանուցելով նրան:»:

Հոդված 4. Օրենքի 32.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 32.1. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը

1. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող կրթական պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատում է Կառավարությունը:

2. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդների կողմից ներկայացվող կազմակերպության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները հաստատում է լիազոր մարմինը:

3. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի, լիազոր մարմնի ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպություններում, ինչպես նաեւ 20000 եւ ավելի բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`

1) բարձրագույն կրթություն եւ ղեկավարման բնագավառի  առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում  կամ

2) բարձրագույն կրթություն եւ հանրային  առողջության եւ առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն եւ ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում  կամ

3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում եւ ղեկավարման բնագավառի առնվազն երկու  տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:

4. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող` 5000-20000 բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`

1) բարձրագույն կրթություն եւ ղեկավարման  բնագավառի  առնվազն երկու  տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում  կամ

2) բարձրագույն կրթություն եւ հանրային  առողջության եւ առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն եւ առողջապահության ոլորտում  ղեկավարման առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ

3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում եւ ղեկավարման բնագավառի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:

5. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող մինչեւ 5000 բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`

1) բարձրագույն կրթություն եւ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ

2) բարձրագույն կրթություն եւ հանրային  առողջության եւ առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն կամ

3) բարձրագույն կրթություն եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը՝

1) դատապարտվել է հանցագործության կատարման համար, եւ նրա դատվածությունը սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.

2) օրենքի համաձայն՝ զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) նախորդ երեք տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված եւ կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.

4) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

5) ունի Կառավարության հաստատած հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ընդհանուր ցանկում ներառված որեւէ հիվանդություն.

6) սնանկ է ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ պահանջով:

7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների եւ հարցազրույցի հարցաշարերը, կախված այդ կազմակերպությունների ենթակայությունից, կազմում է իրեն պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմինը:

8. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը հաստատվում է համապատասխանաբար լիազոր մարմնի, մարզպետի եւ համայնքի ղեկավարի իրավական ակտով:

 9. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են համապատասխանաբար լիազոր մարմնի, մարզպետի եւ համայնքի ղեկավարի իրավական ակտով:»:

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետից հանել «առողջապահական կամ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական բնագավառում» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում» բառերով:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում: