Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1256-10.02.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«20) ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող եւ Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի եւ վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի եւ (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ: Ընդ որում,

ա) լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը.

բ) ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հավասար փոխհոսքերի տեսքով ստացվող էլեկտրական էներգիայի սկզբնական արժեքը որոշվում է ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին հավասար փոխհոսքերի տեսքով մատակարարված էլեկտրական էներգիայի արտադրության համար կատարված ծախսերի չափով.

գ) անհաղթահարելի ուժով` արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ.»:

Հոդված 2. Օրենսգիրք 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 16. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները

1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝

1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով հարկման բազաները, եկամուտները եւ ձեռքբերման արժեքները որոշվում են՝

ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից,

բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում հարկման բազաները, եկամուտները եւ ձեռքբերման արժեքները որոշվում են հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում) նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.

2) ապրանքների մատակարարման (այդ թվում՝ ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների մատակարարման), աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ սույն մասի 3-5-րդ կետերով սահմանված դեպքերի) հարկման բազաները, եկամուտները եւ ձեռքբերման արժեքները որոշվում են Օրենսգրքի 38-րդ եւ 40-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.

3) հարկային գործակալի կողմից վճարվող՝ հարկման ենթակա եկամուտներից հարկի գումարը հաշվարկվում է այդ եկամուտների վճարման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.

4) հարկային գործակալի բացակայության դեպքում՝ հարկման ենթակա եկամուտների, ինչպես նաեւ այդ եկամուտների գծով ձեւավորվող հարկման բազաների նկատմամբ հարկի գումարի (այդ թվում՝ օտարերկրյա պետություններում գանձված հարկերի) հաշվարկը կատարվում է օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան այդ եկամուտների հաշվառման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.

5) արտարժույթի փոխանակման գործարքների մասով եկամուտների եւ ծախսերի հաշվարկը կատարվում է արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.

6) բացառությամբ սույն մասի 1-5-րդ կետերում նշված գործարքների եւ գործառնությունների՝ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքները որոշվում են դրանց առաջացման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.

7) սույն մասի 1-6-րդ կետերում չնշված գործարքների եւ գործառնությունների դեպքերում հարկման բազաները, եկամուտները եւ ձեռքբերման արժեքները որոշվում են դրանց համար օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան հարկման բազաների, եկամուտների եւ ձեռքբերման արժեքների հաշվառման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝

1) որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, բացառությամբ սույն մասի երկրորդ կետով սահմանված դեպքի.

2) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասում «մինչեւ տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը» բառերը փոխարինել «նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 42-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «1) գործարքի առարկա համարվող ապրանքը ենթակա է վերադարձման` ամբողջությամբ կամ մասնակի,».

2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը կամ ծառայություն մատուցողը Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաեւ Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված՝ համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:».

4) 4-րդ մասի 1-ին կետում «նվազում են» բառերից հետո լրացնել «գործարքից հաշվարկված հարկման բազաները կամ» բառերով, իսկ 4-րդ մասի 2-րդ կետում «ավելանում են» բառերից հետո լրացնել «գործարքից հաշվարկված հարկման բազաները կամ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 56-րդ հոդվածի՝

1) 10-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 10-ին մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ նույն մասը լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցվող ծառայության մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում արտացոլված գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը կամ աշխատանքի, ծառայության սակագինը, ընդհանուր արժեքը, գործարքի կողմերի միջեւ կնքված գրավոր պայմանագրով կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ենթակա է փոփոխման:».

3) 11.1-ին մասում «չի կարող դուրս գրվել» բառերից հետո լրացնել «կամ դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը (այդ թվում՝ ճշգրտող) չի կարող չեղարկվել» բառերով,

4) 13-րդ մասը լրացնել «, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով ձեռքբերված ապրանքի վերադարձի մասով Օրենսգրքով սահմանված կարգով տրամադրվում է հսկիչ դրամարկղային մեքենայի վերադարձի կտրոն» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «2-րդ, 2.1-ին եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ մասերով» բառերով.

2) 2-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Սույն մասի կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր են համարվում Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:».

3) ուժը կորցրած ճանաչել 2.1-ին մասը,

4) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «(բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների)» բառերը փոխարինել «(բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման  գործարքների)» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետում  «ֆինանսական ակտիվի» եւ Օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասում «ֆինանսական ակտիվների» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ դրամական պահանջի իրավունքի զիջման» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ապրանքի արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի:»:

Հոդված 9. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 20-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի եւ գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, որակավորման եւ վերաորակավորման միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.».

2) 14-րդ կետում «պետությանը» բառից հետո լրացնել «կամ համայնքին» բառերով.

3) 18-րդ կետից հանել «պետական կառավարման մարմինների եւ (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերը եւ «տուրքի վճարում»  բառերից հետո լրացնել «` համապատասխանաբար վճարվող պետական տուրքի կամ տեղական տուրքի մասով» բառերը.

4) 48-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«48) զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, ինչպես նաեւ զբոսաշրջային գործակալի կողմից մատուցվող գործակալական ծառայությունները, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղեւորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.»:

Հոդված 11. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5) Օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն, բացառությամբ  պետական մարմինների համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, կամ անհատ ձեռնարկատեր է, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին, կամ առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին:»:

Հոդված 12. Օրենսգրքի 71-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 2-րդ մասով`

«2. Համապատասխան գործարքին վերաբերող` Օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում չեղարկված հարկային հաշվի փոխարեն`

1) մատակարարների կողմից դուրս գրված` ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի եւ (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացված նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով, որում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա կլիներ չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը,

2) ԱԱՀ վճարող համարվողի կողմից Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դուրս գրված նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով, որում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա կլիներ չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:»:

Հոդված 13. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «օտարման գործարքների» բառերից հետո լրացնել «, Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից նվիրատվության ձեւով պետությանը կամ համայնքին ապրանքի մատակարարման գործարքների» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում «ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներ» բառերը փոխարինել «ԱԱՀ հաշվարկ» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ամսվա 20-ը ներառյալ» բառերից հետո լրացնել «Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը,

2) 2-րդ կետից հանել «՝ թղթային կրիչով (չորս օրինակից) եւ էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ» բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում «վճարվող գումարներ» բառերից հետո լրացնել «, Կառավարություն սահմանված կարգով»  բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասից հանել «(բացառությամբ կոնյակի սպիրտի)» բառերը,

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ եւ 5-րդ մասերը:

Հոդված 18. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների, որոնց համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ» բառերը:

Հոդված 19. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերին» բառերը փոխարինել «Օրենսգրքի 73-րդ հոդվածին» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասում «ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ» բառերը փոխարինել «ռեզիդենտ կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը կամ» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 108-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետում «շահութահարկ վճարողի բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների տեղաբաշխման» բառերը փոխարինել «շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարման (տեղաբաշխման)» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում «ռեզիդենտ շահութահարկ վճարողին» բառերը փոխարինել «ռեզիդենտին» բառով, իսկ «ռեզիդենտ շահութահարկ վճարողի» բառերը փոխարինել «ռեզիդենտի» բառով:

Հոդված 22. Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «տոկոսների (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսի գումարների) տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից».

2) 4-րդ մասում՝

ա. 16-րդ կետից հանել «4-րդ մասի» բառերը եւ նույն կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

բ. լրացնել 17-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«17) Արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտները:»:

Հոդված 23. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից հատուցում ստանալու դեպքում, հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված՝ ինքնավար էներգաարտադրողների կողմից կատարված ծախսերը.»:

Հոդված 24. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս ներկայացուցչական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող չափով, բայց ոչ ավել հինգ միլիոն դրամը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հինգ միլիոն դրամը:»:

Հոդված 25 .  Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասում՝

1) 7-րդ կետից հանել «2-րդ մասի» բառերը եւ նույն կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել 8-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«8) արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում կատարվող ծախսերը:»:

Հոդված 26. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության՝

1) 1-ին նախադասությունը «Գույքի» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման ենթակա՝ ԱՏԳ ԱԱ 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406 եւ 2105 00 ծածկագրերին դասվող ապրանքների)» բառերով.

2) 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Դրոշմավորման ենթակա՝ ԱՏԳ ԱԱ 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406 եւ 2105 00 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի երկու տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում:»:

Հոդված 27. Օրենսգրքի 132-րդ հոդված 2-րդ մասի՝

1) 5-րդ կետում «հարկային գործակալ չհանդիսացող» բառերը փոխարինել «այլ» բառով.

2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6) եկամտի ստացման պահանջի ներումը ոչ ռեզիդենտին.»:

Հոդված 28. Օրենսգրքի 142-րդ հոդվածում լրացվել 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի դրամարկղային մեթոդով հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, բացառությամբ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի:»:

Հոդված 29. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասում «ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից» բառերից հետո լրացնել «ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը ծառայության, այդ թվում` էլեկտրոնային, մատուցման կամ Հայաստանի Հանրապետության» բառերը:

Հոդված 30. Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասում «2.1-ին մասով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:

Հոդված 31. Օրենսգրքի 303-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ  մասով.

«3. Օրենսգրքի 288-րդ հոդված 9.1-ին եւ 9.2-րդ մասերին համապատասխան հարկային մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվում է Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 32.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի դրույթները տարածվում են 2025 թվականի հուլիսի 4-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի դրույթները կիրառվում են նույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո Օրենսգրքով սահմանված կարգով չեղարկված հարկային հաշիվների փոխարեն դուրս գրված նոր հարկային հաշիվների մասով՝ անկախ չեղարկված հարկային հաշիվը մինչեւ սույն օրենքի 12-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը դուրս գրված լինելու հանգամանքից:

4. Սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթները կիրառվում են նույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով:

5. Սույն օրենքի 12-րդ, 16-րդ եւ 31-րդ հոդվածներով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման եւ հստակեցման, առանձին իրավական նորմերի վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Օրենսգրքի կարգավորումներով`

1) օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված են արտարժույթով արտահայտված գործարքների եւ գործառնությունների հաշվառման կանոնները, որոնց կիրառումը գործնականում կարող են խնդրահարույց լինել նշված գործարքների ճշգրիտ հաշվառման եւ հարկային վարչարարության իրականացման տեսանկյունից, ինչպես նաեւ առկա են արտարժույթով արտահայտված որոշ գործարքներ եւ գործառնություններ, որոնց հաշվառումը գործող կարգավորումներին համապատասխան հնարավոր չէ իրականացնել, ուստի այդ դեպքերի մասով կարգավորումների նախատեսման անհրաժեշտություն է առաջացել: Մասնավորապես, օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերին համապատասխան՝ ապրանքների մատա՟կարար՟ման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների, ինչպես նաեւ արտարժույթով արտահայտված այլ գործարքների եւ գործառնությունների մասով (բացառությամբ ապրանքերի ներմուծման եւ արտահանման գործարքների) հարկման բազաները, եկամուտները եւ սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից: Նշված դրույթի կիրառումը գործնականում հարկման բազաների, եկամուտների եւ սկզբնական արժեքների հաշվառման առումով խնդրահարույց է, քանի որ հարկման բազաները, եկամուտները եւ սկզբնական արժեքները օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան հաշվառվում են մի օրվա դրությամբ, իսկ դրանց արժեքների հաշվարկման համար հիմք է ընդունվում մեկ այլ օրավա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքը,

2) ապրանքների վերադարձի դեպքերի մասով գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսված է միայն պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների համար եւ այն դեպքերի համար, երբ ապրանքների ընդունման պահին պարզվում է, որ ապրանքը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին եւ այն ենթակա է վերադարձման,

3) գործարքների ճշգրտման դեպքում հարկային պարտավորությունների արտացոլման հետ կապված, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունները, ճշգրտման արդյունքները ենթակա են արտացոլման գործարքի ճշգրտման հաշվետու ժամանակաշրջանում, մնացած դեպքերում եւ մյուս հարկատեսակների մասով ճշգրտման արդյունքները ենթակա են արտացոլման գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում,

4) օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված են կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ԱԱՀ վճարող համարվելու դեպքերն ու ժամկետները: Այդ հոդվածով առանձնահատկություններ սահմանված է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ու հանրային սննդի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար,

5) ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ-ում իրականացվող գործարքների մասով, եթե գործարքների կողմերը չեն համարվում ԱԱՀ վճարողներ, ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները կրում են ոչ ռեզիդենտ կազմակերպությունները: Ընդ որում, ԱԱՀ-ի գծով պարտավորությունները կրում են ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, եթե գործարքի կողմերը շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են, կամ մատուցվում է էլեկտրոնային ծառայություններ ֆիզիկական անձանց ու օրենսգրքով սահմանված դեպքերում իրականացվում է էլեկտրոնային հարթակներով ապրանքների վաճառք ֆիզիկական անձանց: Այդ պարտավորությունների կատարման համար սահմանված են ԱԱՀ-ի հաշվարկման, հաշվետու ժամանակաշրջանների եւ ԱԱՀ-ի գծով հարկային հաշվարկների ներկայացման տարբեր կարգավորումներ,

6) առանձին ոլորտներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին (հարակից օրենսդրություն) համապատասխան հարկային օրենսգրքով սահմանված են որոշակի առանձնահատկություններ, մասնավորապես՝ ԱԱՀ-ից ազատման արտոնություններ, հետեւաբար՝ հարակից օրենսդրության փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտ է հստակեցումներ կատարել նաեւ օրենսգրքում,

7) օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթը վերանայման կարիք ունի՝ նախատեսելով, որ շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների ոչ միայն տեղաբաշխման (որը վերաբերում է բաժնետիական ընկերություններին), այլ նաեւ օտարման (որը վերաբերում է մասնավորապես՝ ՍՊԸ-ներին) դեպքում տեղաբաշխման (օտարման) գնի եւ անվանական արժեքի դրական տարբերությունը եկամուտ չի համարվում,

8) օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին համապատասխան՝ ինքնավար էներգաարտադրողները էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը չեն կարող նվազեցնել համախառն եկամտից, ինչը խնդրահարույց է ինքնավար էներգաարտադրողների կողմից ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի նվազեցման առումով,

9) արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտների եւ ծախսերի հաշվառման նպատակով առկա է համապատասխան կարգավորումների սահմանման անհրաժեշտություն,

10) օրենսգրքի 116-րդ հոդվածին համապատասխան ներկայացուցչական ծախսերի նվազեցման հետ կապված կարգավորումը տարընկալում է առաջացնում կապված կարգավորման մեջ կիրառվող «կամ» տերմինի հետ,

11) օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Հարկ վճարողների կողմից բարձրացված բազմաթիվ խնդիրների արդյունքում պարզվել է, որ դրոշմավորման ենթակա կաթնամթերքի որակական կորուստը տարեկան կտրվածքով ավելի մեծ է, քան համախառն եկամտի 1%-ը,

12) օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները վերանայման եւ հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես, օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան՝ հարկային գործակալի նկատմամբ առկա՝ եկամտի ստացման պահանջի իրավունքը հարկային գործակալ չհանդիսացող անձին զիջելու դեպքում եկամուտը համարվում է վճարված ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, իսկ այլ անձաց զիջելու դեպքում կարգավորումներ սահմանված չեն: Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմաված դրույթը, այն է՝ եկամտի ստացման պահանջի ներումը համարվում է վճարում, գործնականում առաջացնում է տարընկալումներ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կանոնակարգել վերոնշյալ դրույթների կիրառման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ օրենսգրքի առանձին կարգավորումների կիրառման հետ կապված կատարել համապատասխան հստակեցումներ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է.

1) վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների եւ գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաեւ սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների եւ գործառնությունների հաշվառման մասով՝ նախատեսելով հետեւյալը՝

- ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ ապրանքերի ներմուծման եւ արտահանման գործարքների) հարկման բազաների, եկամուտների եւ ձեռքբերման արժեքների որոշման համար հիմք ընդունել Օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան դրանց համար հաշվառման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքը,

- արտարժույթի փոխանակման գործարքների մասով եկամուտների եւ ծախսերի հաշվարկը կատարել արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից,

- տրամադրված կամ ստացված կանխավճարների մասով առաջացած դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքների որոշման համար հիմք ընդունել դրանց առաջացման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքը,

- հստակեցվում է, որ օրենսգրքի 16-րդ հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, իսկ արտարժույթի փոխարման գործարքների մասով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը,

2) կանոնակարգել ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը եւ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման,

3) կանոնակարգել հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով (այդ թվում` ՀԴՄ կտրոններով) ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը` նախատեսելով, որ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով ճշգրտումները արտացոլվում են ճշգրտման ժամանակաշրջանի համար ներկայացվող միասնական հաշվարկում, բացառությամբ՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների ավելացման դեպքերի, որոնք պետք է արտացոլվեն մատակարարումների օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում,

4) վաղեմության ժամկետով (գործարքի կատարման տարվան հաջորդող 3 տարի) պայմանավորված սահմանափակումը կիրառել նաեւ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի չեղարկման մասով (ներկայումս այն սահմանված է եւ կիրառվում է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, ինչպես նաեւ ճշգրտման մասով),

5) հստակեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների կողմից մինչեւ ԱԱՀ շեմը (115 մլն դրամ) գերազանցելը իրականացվող ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների (ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում) մասով ԱԱՀ-ի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ՝

ա. ԱԱՀ-ի կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր են համարվում օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողները,

բ. գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման գործարքների մասով ԱԱՀ չեն հաշվարկելու եւ վճարելու, իսկ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով՝ հաշվարկելու եւ վճարելու են ԱԱՀ,

6) հստակեցնել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունների կատարմանը վերաբերող դրույթները: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է հաշվարկի ու վճարի ԱԱՀ` ՀՀ-ում իրականացվող ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով, եթե գործարքի կողմը ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն (բացառությամբ՝ պետության եւ համանքի) եւ անհատ ձեռնարկատեր է, ինչպես նաեւ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օրենսգրքով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համար կիրառել նույն կարգավորումները` հաշվետու ժամանակաշրջանի, հարկի վճարման ու հարկային հաշվարկների ներկայացման ժամկետների առումով,

7) հստակեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող եւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի՝ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի ու ժամկետների հետ կապված հարցերը` օրենսգրքի 59-րդ հոդվածից հանելով, ըստ էության, չկիրառվող դրույթները,

8) հստակեցնել ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնի եւ ԱԱՀ-ից ազատման արտոնությունների հետ կապված հարցերը: Մասնավորապես՝

- պետական տուրքի մասով ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման հետ կապված առաջարկվում է սահմանել, որ բացի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, այլ հարկ վճարողների կողմից մատուցվող ծառայությունների մասով, որի համար գանձվում է պետական տուրք կամ տեղական տուրք, ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառել նաեւ այդ պետական տուրքի կամ տեղական տուրքի գումարների մասով,

- ԱԱՀ-ից ազատման արտոնություն կիրառել նաեւ համայնքներին նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով (ներկայումս ԱԱՀ-ից ազատվում է միայն պետությանը նվիրատվությունը, իսկ համայնքների նվիրատվության դեպքում ԱԱՀ-ից չի ազատվում եւ ՀՀ կառավարության 12.01.2018թ. N402-Ն որոշմամբ հարկման բազան 0 դրամ է),

- առանձին ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով պայմանավորված (մասնավորապես` կրթության եւ զբոսաշրջության ոլորտ), ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման մասով օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել այդ ոլորտը կանոնակարգող օրենքներով սահմանված հասկացություններին,

9) վերանայել սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվը մատակարարի կողմից չեղարկելու եւ այդ հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռքբերողի կողմից ԱԱՀ-ի գումարը հաշվանցելու կանոնը` նախատեսելով, որ  այն ենթակա են հաշվանցման գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում` այն գումարի չափով, որի մասով մինչեւ հաշվարկային փաստաթղթի չեղարկումն օրենսգրքով սահմանված կարգով ու չափով կատարվել է հաշվանցում,

10) վերանայել ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար ակցիզային հարկի գումարները մաքսային մարմիններին վճարելու հետ կապված դրույթը եւ նախատեսել, որ այդ ապրանքատեսակների ներմուծման մասով ակցիզային հարկի գումարները եւս ՀՀ պետական բյուջե պետք է վճարվեն մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ,

11) հստակեցնել հարկ վճարողների՝ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու, ինչպես նաեւ հարկային մարմնում հաշվառված` ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հաշվառումից հանելու հետ կապված դրույթները,

12) օրենսգրքով սահմանված առանձին կարգավորումների վերանայմամբ պայմանավորված նախագծով սահմանվում են անցումային կարգավորումներ, մասնավորապես՝ հարկային հաշիվների չեղարկմամբ պայմանավորված հաշվանցման նոր կանոնի սահմանման, ԵՏՄ անդամ պետությունների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման մասով ակցիզային հարկի գումարները հարկային մարմին վճարելու հետ կապված,

13) վերանայել օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթը՝ նախատեսելով, որ շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների ոչ միայն տեղաբաշխման (որը վերաբերում է բաժնետիրական ընկերություններին), այլ նաեւ օտարման (որը վերաբերում է մասնավորապես՝ ՍՊԸ-ներին) դեպքում տեղաբաշխման (օտարման) գնի եւ անվանական արժեքի դրական տարբերությունը եկամուտ չի համարվում,

14) հստակեցնել տոկոսների մասով եկամտի հաշվեգրման կարգավորումները՝ սահմանելով հայեցողություն տոկոսների տեսքով եկամտի հաշվեգրման մասով՝ նախատեսելով, որ տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված կամ տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից,

15) վերանայել ինքնավար էներգաարտադրողների կողմից ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի նվազեցումը սահմանափակող դրույթը՝ ինքնավար էներգաարտադրողներին թույլատրելով ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերը նվազեցնել համախառն եկամտից: Ինչպես նաեւ սահմանվում է, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հավասար փոխհոսքերի տեսքով ստացվող էլեկտրական էներգիայի սկզբնական արժեքը որոշումն է ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի արտադրության համար կատարված ծախսերի չափով,

16) հստակեցնել արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտների եւ ծախսերի հաշվառման կարգավորումները,

17) հստակեցնել ներկայացուցչական ծախսերի նվազեցման հետ կապված կարգավորումները,

18) վերանայել եւ հստակեցնել օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները,

19) վերանայել դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների՝ համախառն եկամտից նվազեցման նորման՝ սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության  մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում:

8. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առաջարկվող բովանդակային, խմբագրական փոփոխություններով ու լրացումներով հստակեցնել եւ կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն