Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1257-11.02.2026-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽՈՇՈՐ ԿԱՏՎԱԶԳԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վավերացնել 2025 թվականի հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը :

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԽՈՇՈՐ ԿԱՏՎԱԶԳԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ ձեւավորված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում նաեւ պարբերաբար կազմակերպվող երկկողմ բարձրաստիճան այցերը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ կնքվել են մի քանի տասնյակ համաձայնագրեր, հուշագրեր եւ արձանագրություններ: Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ գործում է առեւտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողով, պարբերաբար անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջեւ: Հայաստանը եւ Հնդկաստանը սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հնդկաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնայնությունների շարքում է:

«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացման կամ հաստատման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությամբ:

Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա լավագույն փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների, մոնիթորինգի իրականացման, ինչպես նաեւ կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարելագործման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյա» շրջանակային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ԽՈՇՈՐ ԿԱՏՎԱԶԳԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2025թ. հունիսի 30-ին:

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա հինգերորդ (5-րդ) փաստաթուղթը, այդ թվում՝ Հնդկաստանի Հանրապետության փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից հետո՝ տասնհինգերորդ (15-րդ) օրը:

2025թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ հնդկական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:


ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Տեղեկանք

«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր է՝ 29.74 հազար քառ. կմ տարածքով եւ հավակնոտ բնապահպանական օրակարգով:

Հայաստանի Հանրապետությունը գտնվելով Կովկասի տարածաշրջանում՝ զբաղեցնելով դրա ընդամենը 6,7%-ը, աչքի է ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ եւ հանդիսանում է աշխարհի կենսաբանական բազմազանության թեժ կետերից մեկը:

Հայաստանի կենսաբազմազանության տեսակային կազմի առատությանը նպաստում է այն, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական եւ կենդանական աշխարհների ձեւավորման կարեւոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաեւ հանդիսանում է միգրացվող կենդանիների եւ չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ:

Այստեղ աճում են շուրջ 3800 տեսակ անոթավոր բույսեր, 428` ջրիմուռներ, 399` մամուռներ, շուրջ 4500 սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր եւ շուրջ 17200 տեսակ անողնաշար կենդանիներ: Հայաստանը հայտնի է նաեւ մշակաբուսերի վայրի ցեղակիցներով՝ շուրջ 252 տեսակ, եւ համարվում է վայրի ցորենի, աշորայի, գարու, այծակնի տեսակների պահպանման գլոբալ կենտրոն:

Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում բարձր էնդեմիզմով: Մոտ 500 կենդանատեսակ (ֆաունայի շուրջ 3 %-ը) եւ 144 բուսատեսակ (ֆլորայի 3,8%-ը) համարվում են էնդեմիկներ:

Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica): Ընձառյուծը Հայաստանում հայտնի է եղել դեռեւս վաղ ժամանակներից, ինչի մասին է վկայում պատմական արձանագրությունները, ավանդապատումները, գրականությունը, բազմաթիվ ժայռաքանդակները, զարդաքանդակները եւ մանրանկարները:

Այն մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ եւ արժեքավոր ներկայացուցիչներից մեկն է: Էկոլոգիական բուրգի վերեւում գտնվող այս կենդանին պահպանում է իր որսի տեսակների դինամիկան եւ էկոհամակարգը դարձնում է ֆունկցիոնալ եւ կայուն, այն նաեւ էկոհամակարգի առողջության կարեւորագույն ինդիկատոր է:

Անցյալ դարի երկրորդ կեսին չկանոնակարգված որսի, այդ թվում կենդանու համար կերային կենդանատեսակների հետեւանքով, ինչպես նաեւ բնակմիջավայրերի մասնատվածության եւ այլ արտաքին ազդակների հետեւանքով կենդանին հայտվեց անհետացման եզրին եւ 1987 թվականից գրանցվեց Հայկական ԽՍՀ Կարմիր գրքում: Ներկայումս եւս Կովկասյան ընձառյուծը ներառված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում (2010 թ.) եւ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում՝ համապատասխանաբար «վտանգված» եւ «կրիտիկական վիճակում գտնվող» կարգավիճակով:

Կարեւորելով ընձառյուծի դերը եւ նշանակությունը էկոհամակարգերում 2002 թվականից սկսած շրջակա միջավայրի նախարարությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հայստանյան գրասենյակի ( WWF-Armenia) հետ համատեղ իրականացնում է Ընձառյուծի պահպանության ծրագիրը: Այդ ժամանակ Հայաստանում հաշվվում էր 1-2 առանձնյակ: Ծրագրի գլխավոր նպատակը բնակմիջավայրերի պահպանության միջոցով ընձառյուծի եւ նրա համար կեր հանդիսացող տեսակների թվաքանակը ավելացումն էր: Ծրագիրը նպատակաուղված էր նաեւ էկոմիջանցքների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության բարելավմանը:

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը կենդանու պահպանությանն ավելի բարձր մակարդակի պահելու համար իրականացրել է նաեւ օրենսդրական փոփոխություններ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսելովված է 100 մլն դրամի տուգանք՝ ընձառյուծի որսի համար, որը բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվելու դեպքում հնգապատկվում է հասնելով՝ 500 մլն դրամի:

Վերը նշված միջոցառումների շարունակելիությունը ապահովելու եւ մինչ այժմ գրանցված արդյունքները զարգացնելու համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մշակել եւ իրականացնում է ընձառյուծի պահպանման գործողությունների ծրագիրը:

Շնորհիվ այս գործողությունների Ներկայումս Հայաստանում ընձառյուծի թվաքանակը տատանվում է մինչեւ 10 առանձնյակի, իսկ նրա համար կեր հանդիսացող կենդանատեսակներինը՝ աճել է 1000-ից մինչեւ 3000-ի:

Որպես լավագույն արդյունք կարող ենք առանձնացնել նաեւ այն հանգամանքը, որ 2024 թվականին «Արեւիք» ազգային պարկի տարածքում ֆոտոթակարդները արձանագրել են նաեւ էգ ընձառյուծի իր ձագի հետ, ինչը նախկինում Հայաստանի տարածքում երբեւէ չէր դիտարկվել:

Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպում են նաեւ կատվազգիների այլ տեսակները, ինչպիսիք են լուսանը, Եվրոպական անտառակատուն (Felis silvestris Schreber) եւ Մանուլը (Otocolobus manul). վերջին երկուսը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:

«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի վավերացումը (համաձայնագիրը Հայաստանի կողմից ստորագրվել է 2025թ. հունիսի 30-ին) կնձեռնի լայն հնարավորություն վերը նշված պահպանման գործողությունների ծրագրի իրականացման, նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաեւ մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ եւ արժեքավոր ներկայացուցիչների պահպանման եւ թվաքանակի ավելացման հարցում:

Համաձայնագրի վավերացումը կտրամադրի հարթակ խոշոր կատվազգիների պաշտպանության եւ պահպանման ոլորտում լավագույն փորձի, հետազոտությունների եւ զարգացման, իրազեկության բարձրացման եւ այլնի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի մաս կազմելու մասնագիտացված գլոբալ միավորման, որի հիմնական նպատակն է լինելու աշխարհի խոշոր կատվազգիների պաշտպանությունն եւ պահպանությունը:

Պաշտպանելով հիմնական տեսակները, ինչպիսիք են ընձառյուծը եւ այլ խոշոր կատվազգիները, մենք ապահովում ենք էկոհամակարգի առողջությունն ու հավասարակշռությունը, ինչը կարեւոր է այլ տեսակների գոյատեւման համար:

Հարկ է նշել, որ «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրը չվավերացնելու պարագայում կսահմանափակի միջազգային փորձի հիման վրա ժամանակակից մեթոդների եւ տեխնոլոգիաների օգտագործմամբ խոշոր կատվազգիների տեսակային կազմի, դրանց ապրելավայրերի եւ կենսամիջավայրերի ուսումնասիրման հնարավորությունները: Սա իր հերթին կարող է կիրառելի գործիք դառնալ կատվազգիների, ինչպես նաեւ այլ կենդանատեսակների եւ դրանց ապրելավայրերի հաշվառման գործընթացների իրականացման համար: Այն մեծ հնարավորություններ կստեղծի նաեւ այլ միջազգային բնապահպանական նախաձեռնություններին միանալու եւ կենսաբազմազանության պահպանությանն ուղղաված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի հիման ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ նպատակահեն քայլեր իրականացնելու տեսանկյունից, մասնավորապես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընդունված՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ ռազմավարության նպատակների 2030 թվականի օրակարգի իրականացմանը, ինչի հիման վրա սահմանվել են 23 գլոբալ թիրախներ, որոնցից 2-րդը, 3-րդը եւ 4-րդը նպատակ են հետապնդում մինչեւ 2030 թվականը դրությամբ գլոբալ մասշտաբով վերականգնել՝

- վնասված էկոհամակարգերի 30%-ը,

- արդյունավետորեն պահպանել եւ կառավարել ցամաքի, ներքին ջրային, ծովային եւ առափնյա տարածքների 30 %-ը,

- վտանգաված եւ հազվագյուտ տեսակների պոպուլյացիաները:

Դաշինքին միանալու նպատակահարմարությունն կաեւորվում է նաեւ նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում ընտրվել է որպես Կողմերի հաջորդ՝ 17-րդ համաժողովը 2026 թվականին հյուրընկալող երկիր:

Համաձայնագրի վավերացումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում ամրագրված «Կենսաբազմազանության պահպանությունը եւ կենսաանվտանգության ապահովումը, կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների հաշվառումը» ենթակետից:



ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԽՈՇՈՐ ԿԱՏՎԱԶԳԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ (ԽԿՄԴ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթ:

Համաձայնագրի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ սույն համաձայնագրին համապատասխան՝ ԽԿՄԴ-ի աջակցությամբ իրականացվող ցանկացած տեսակի հայտնագործությունների կամ աշխատանքի նկատմամբ արտոնագրային իրավունքները, հեղինակային իրավունքները կամ նմանատիպ այլ իրավունքներ պատկանում են ԽԿՄԴ-ին, եթե որեւէ կոնկրետ դեպքում այլ համաձայնություն առկա չէ:

Վերոնշյալ դրույթը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1103-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, որոնց համաձայն՝ մտավոր գործունեության արդյունքի հեղինակի իրավունքը (հեղինակության իրավունքը) անձնական ոչ գույքային իրավունք է եւ կարող է պատկանել միայն այն անձին, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է մտավոր գործունեության արդյունքը: Հեղինակության իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է եւ գործում է անժամկետ:

Միաժամանակ Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միջազգային կազմակերպությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:


ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի ստեղծման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի ստեղծման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:


ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հ. Մաթեւոսյանին
ՀՀ արդարադատության նախարար Ս. Գալյանին

Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության
09.09.2025թ. թիվ 1/08.7/10062-2025 գրության

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ Դ. Խուդաթյան



ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԽՈՇՈՐ ԿԱՏՎԱԶԳԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Պատասխանատու մարմին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համակատարող մարմիններ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն


Ցանկ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն