Հոդված 1. Վավերացնել 2014 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» («MACOLIN CONVENTION») ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» (Macolin Convention) Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) միտված է կանխել արդյունքների արհեստական փոփոխումը, պահպանել մրցումների անկանխատեսելի բնույթը, ինչն առանցքային է արդար խաղի եւ սպորտի հեղինակության համար:
Համաձայն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին եւ յուրաքանչյուր այլ կազմակերպությանը խրախուսում է մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու համար սահմանել ընթացակարգեր եւ կանոններ ու անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար:
Կոնվենցիայի Կողմերը խրախուսում են մարզական կազմակերպություններին եւ մրցումների կազմակերպիչներին ընդունել ու իրականացնել մարզական մրցումների մեքենայությունների դեմ ուղղված կանոններ եւ լավ կառավարման սկզբունքներ: Դրանք ներառում են շահերի բախման կանխարգելում՝ արգելելով մրցումներում ներգրավված շահառուներին խաղադրույքներ կատարելը, ինչպես նաեւ ներքին տեղեկատվության չարաշահումը:
Խրախուսում են նաեւ մարզական կազմակերպություններին ընդունել եւ իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մշտադիտարկում, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին:
Մարզական մրցումների ընթացքում ներքին տեղեկատվությունների օգտագործման եւ շահերի բախման կանխարգելման նպատակով Կոնվենցիայով սահմանված են կարգավորումներ այն անձանց շրջանակի վերաբերյալ, ում մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է սահմանափակվի: Այն ներառում է արգելքներ խաղադրույքների արտադրանքում ներգրավված անձանց խաղադրույքներ կատարելու, մարզական կազմակերպությունների հովանավորների կամ սեփականատերերի կողմից իրենց դիրքի չարաշահման, ինչպես նաեւ մրցումների շահագրգիռ կողմերի կամ խաղադրույքների օպերատորների կողմից կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու նկատմամբ:
Քանի որ մեքենայությունները խաթարում են սպորտի էթիկական հիմքերը, Կոնվենցիան կարեւոր դեր ունի բարոյական չափանիշները ամրապնդելու գործում: Կոնվենցիան խթանում է համագործակցությունը տարբեր երկրների պետական մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների միջեւ՝ համատեղ պայքարի արդյունավետության համար: Չնայած պետական միջամտությանը, Կոնվենցիան ընդունում է սպորտի ինքնավարությունը եւ աջակցում է դրա պահպանմանը՝ հավասարակշռված մոտեցում ապահովելով:
Պայքարը մեքենայությունների դեմ կատարվում է մարդու իրավունքների, օրինականության, համաչափության եւ անձնական տվյալների պաշտպանության հիման վրա: Կոնվենցիան սահմանում է անօրինական, անկանոն եւ կասկածելի խաղադրույքների տեսակները՝ հնարավորություն տալով պետություններին վերահսկել եւ կանխել ֆինանսական մեքենայությունները:
Կոնվենցիան կարեւորում է կրթական ծրագրերը եւ հասարակության իրազեկումը՝ սպորտում չարաշահումները կանխարգելելու նպատակով: Կոնվենցիան կարող է ծառայել որպես խթան համապատասխան օրենսդրության ընդունման կամ վերանայման համար՝ ազգային մակարդակում ոլորտը կարգավորելու նպատակով: Այն խրախուսում է շահերի բախման կանխարգելումը, թափանցիկությունը, հաշվետվությունը, ինչն առաջ է մղում բարեվարք եւ վստահելի կառավարման մշակույթ սպորտում:
Կոնվենցիայի շրջանակում խրախուսվում են կիրառել մեխանիզմներ, որոնք պարզեցնում են կասկածելի գործողությունների մասին տեղեկատվության փոխանցումը եւ պաշտպանությունը ահազանգողների համար: Կոնվենցիան սահմանում է, որ պետական ֆինանսավորում ստացող կազմակերպությունները հաշվետու լինեն՝ հնարավոր չարաշահումները դիմակայելու համար:
Կոնվենցիան նախատեսում է համաչափ, արդյունավետ եւ տարհամոզիչ միջոցների համալիր՝ դրամական տույժերից մինչեւ գործունեության արգելք, ապահովելով պատժի ճկունություն ըստ խախտման տեսակի: Կոնվենցիայի մասնակից Կողմերը պարտավորվում են տրամադրել համապատասխան տեղեկատվություն ձեռնարկված միջոցների մասին, ինչն ապահովում է միմյանց փորձի ուսումնասիրումն ու ներդաշնակեցումը:
Նախատեսվում է ստեղծել նաեւ հսկիչ հանձնաժողով, որի կազմում ներգրավվում են տարբեր ոլորտների՝ սպորտի, իրավապահ եւ խաղադրույքները վերահսկող մարմինների ներկայացուցիչներ, ինչն ապահովում է լայն եւ համալիր մոտեցում: Հանձնաժողովը կարող է ներկայացնել առաջարկություններ կոնկրետ միջոցների վերաբերյալ՝ նպաստելով համախմբված միջազգային պայքարի ձեւավորմանը: Հանձնաժողովը կարող է կազմակերպել փորձագետների հանդիպումներ՝ փորձի փոխանակման, վերլուծության եւ ռազմավարությունների քննարկման նպատակով:
Փաստաթղթի կնքումը բխում է՝
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրման համար բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին:
Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2014թ. սեպտեմբերի 18-ին:
Կոնվենցիայի նպատակն է պայքարել մարզական մրցումների մեքենայությունների դեմ՝ սպորտում բարեվարքությունը եւ մարզական էթիկայի կանոնները պահպանելու համար՝ սպորտի ինքնավարության սկզբունքին համապատասխան:
2023թ. փետրվարի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի ղեկավարած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում վերջինս առանձնացրել է «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» եւ «Ֆուտբոլային խաղերի եւ մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության եւ սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիաները՝ որպես սպորտի ոլորտում մեծածավալ միջոցառումներ կազմակերպելու օգտակար գործիքներ եւ այդ համատեքստում կոչ է արել Հայաստանին վավերացնել դրանք, ինչը թույլ կտա իրականացնել փորձի փոխանակում մեծածավալ սպորտային միջոցառումների կազմակերպման փորձ ունեցող այլ երկրների հետ:
Հայաստանի Հանրապետության կողմից «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը ԵԽ կողմից կգնահատվի որպես դրական քայլ եւ սկզբունքային դիրքորոշում երկրում մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի հարցում:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2019թ. սեպտեմբերի 1-ին:
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ ստորագրող կողմերի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առնվազն երեք անդամ պետությունների կողմից 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի դրույթների համաձայն Կոնվենցիայով նախատեսված պարտավորություններն ստանձնելու մասին իրենց համաձայնությունը տալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
2025թ. մարտի 25-ի դրությամբ Կոնվենցիան ստորագրել է 43 պետություն, ուժի մեջ է մտել 14 պետության համար (ցանկը կից ներկայացվում է) :
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2014թ. սեպտեմբերի 18-ին ստորագրված «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կոնվենցիան չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթներ, սակայն Կոնվենցիայում առկա են օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Մասնավորապես՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին եւ յուրաքանչյուր այլ կազմակերպությանը խրախուսում է մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու համար սահմանել ընթացակարգեր եւ կանոններ եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս նպատակին հասնելու համար:
Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կողմերը պետք է խրախուսեն մարզական կազմակերպություններին եւ մրցումների կազմակերպիչներին ընդունել ու իրականացնել մարզական մրցումների մեքենայությունների դեմ ուղղված կանոններ եւ լավ կառավարման սկզբունքներ: Դրանք ներառում են շահերի բախման կանխարգելում՝ արգելելով մրցումներում ներգրավված շահառուներին խաղադրույքներ կատարելը, ինչպես նաեւ ներքին տեղեկատվության չարաշահումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կողմերը պետք է խրախուսեն մարզական կազմակերպություններին ընդունել եւ իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մոնիտորինգ, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին: Անհրաժեշտ է նաեւ իրազեկել մրցումների շահագրգիռ կողմերին, մասնավորապես երիտասարդ մարզիկներին, մեքենայությունների ռիսկերի եւ դրանց դեմ պայքարի միջոցառումների մասին, ինչպես նաեւ ապահովել մրցավարների եւ դատավորների նշանակումը հնարավորինս ուշ փուլում:
Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-ին մասով Կողմերը պարտավորվում են խրախուսել իրենց մարզական կազմակերպություններին եւ դրանց միջոցով միջազգային մարզական կազմակերպություններին կիրառելու հատուկ, արդյունավետ, համաչափ եւ տարհամոզիչ կարգապահական պատիժներ եւ միջոցներ՝ ձեռնարկելու մարզական մրցումների մեքենայությունների դեմ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ իրենց ներքին կանոնների խախտման համար, ինչպես նաեւ ապահովել այլ մարզական կազմակերպությունների կողմից, հատկապես՝ այլ երկներում կիրառվող պատժամիջոցների փոխադարձ ճանաչումը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանվում է խաղային գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման եւ նրանց նկատմամբ պետական վերահսկողության անցկացման կարգը: ՀՀ օրենսդրությունը, սակայն, Կոնվենցիայի պահանջին համապատասխան չի անդրադառնում տվյալ կազմակերպությունների դերին՝ մարզական մրցումների մեքենայությունների կանխելու եւ ներքին կանոնակարգերի միջոցով կարգապահական գործընթացներ հարուցելու հարցում:
Մարզական մրցումների ընթացքում ներքին տեղեկատվությունների օգտագործման եւ շահերի բախման կանխարգելման նպատակով Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված են կարգավորումներ այն անձանց շրջանակի վերաբերյալ, ում մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է սահմանափակվի: Սույն հոդվածը, մասնավորապես ներառում է արգելքներ խաղադրույքների արտադրանքում ներգրավված անձանց խաղադրույքներ կատարելու, մարզական կազմակերպությունների հովանավորների կամ սեփականատերերի կողմից իրենց դիրքի չարաշահման, ինչպես նաեւ մրցումների շահագրգիռ կողմերի կամ խաղադրույքների օպերատորների կողմից կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու նկատմամբ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն Կոնվենցիայի 10-րդ հոդվածին նույնաբովանդակ եւ հստակ կարգավորումներ այն անձանց մասով, ովքեր կարող են ռիսկային հանդիսանալ մարզական մրցումների մեքենայությունների կանխարգելման տեսանկյունից:
Միաժամանակ Կոնվենցիայի շրջանակներում նախատեսվում է անդամ պետությունների պետական մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանակում:
Ելնելով վերոգրյալից՝ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կոնվենցիան ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» (Macolin Convention) Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» (Macolin Convention) Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայով առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը (մասնավորապես, Նախագծի 8-րդ, 13-րդ, 30-րդ հոդվածները):
ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑԻՆ
Հարգելի՛ գործընկերներ,
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2025 թվականի փետրվարի 7-ի թիվ 27/15.1/3431-2025 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» (Macolin Convention) Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի եւ «Ֆուտբոլային խաղերի եւ մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության եւ սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» (Saint-Denis Convention) Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում