Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-12711-25.02.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» 2017 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-20-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «ընդունելությունը.» բառը փոխարինել «ընդունելություն՝քաղաքացու ցանկության դեպքում նաեւ էլենտրոնային կապի միջոցների կիրառմամբ.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող կարգավորումներով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով ամրագրված է պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելության պարտականությունը, որը ընդունելության ձեւաչափը սահմանափակվում է միայն ֆիզիկական ներկայությամբ իրականացվող հանդիպումներով:
 
Տարածաշրջան  2024 թվական 2025 թվական Մասնաբաժինը 2025թ. ընդհանուրի մեջ
ՀՀ Մարզեր (ընդամենը) 112 162 ~14%
ք. Երեւան 728  980 ~86%
ԸՆԴԱՄԵՆԸ 840 1142 100%

Աղբյուր՝ ԱԺ աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին:

Ներկայացված վիճակագրությունը փաստում է քաղաքացիների ընդունելության գործընթացում առկա ակնհայտ տարածքային անհամաչափությունը: Չնայած քաղաքացիների ընդհանուր դիմելիության աճին, մարզերում բնակվող անձանց մասնակցությունը շարունակում է մնալ չափազանց ցածր մակարդակի վրա՝ համեմատած Երեւան քաղաքի հետ:

Ներկայացված տվյալների համադրումը փաստում է, որ քաղաքացիների ընդունելության գործընթացում առկա տարածքային անհամաչափությունը կրում է կայուն բնույթ: Թե՛ 2024 եւ թե՛ 2025 թվականներին Ազգային ժողովի հետ անմիջական հաղորդակցության հնարավորությունից օգտվել են գերազանցապես մայրաքաղաքի բնակիչները:

2024 թվականին հերթագրված 840 քաղաքացիներից մարզերի բնակիչները կազմել են ընդամենը 13.3% (112 անձ), մինչդեռ երեւանցիները՝ 86.7% (728 անձ):

2025 թվականի տվյալներով՝ ընդունելության հերթագրված 1142 քաղաքացիներից շուրջ 86%-ը (980 անձ) Երեւանի բնակիչներ են, այն դեպքում, երբ ՀՀ բոլոր մարզերի բնակիչների ընդհանուր մասնաբաժինը կազմում է ընդամենը 14% (162 անձ):

Այս վիճակագրական պատկերը հստակ ցույց է տալիս, որ գործող «ֆիզիկական» ընդունելության ձեւաչափը ստեղծում է անհավասար պայմաններ եւ դառնում է «աշխարհագրական արգելք» մարզերի բնակիչների համար: Մարզաբնակ քաղաքացիները, չունենալով առցանց հաղորդակցման օրենսդրորեն ամրագրված հնարավորություն, փաստացի զրկվում են պատգամավորի հետ անմիջական կապ հաստատելու մատչելի իրավունքից՝ Երեւան ժամանելու հետ կապված տրանսպորտային, ժամանակային եւ ֆինանսական բեռի պատճառով:

Վերոնշյալ տվյալները վերահաստատում են նախագծի ընդունման հրատապությունը. առցանց ընդունելության մեխանիզմի ներդրումը միակ միջոցն է վերացնելու այս անհամաչափությունը եւ ապահովելու Ազգային ժողովի հասանելիությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց բնակության վայրից:

Գործնականում բազմաթիվ քաղաքացիներ՝ հատկապես մարզերում բնակվող մարդիկ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները կամ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող քաղաքացիները, բախվում են Ազգային ժողովում ֆիզիկական ընդունելության մասնակցելու օբյեկտիվ դժվարությունների, ինչի հետեւանքով սահմանափակվում է նրանց՝ պատգամավորի հետ անմիջական շփման եւ խնդիրների բարձրաձայնման իրավունքի իրացումը:

Գլոբալ թվայնացման եւ «Թվային օրակարգի» համատեքստում, տեղեկատվական տեխնոլոգիաներն այլեւս լոկ օժանդակ գործիքներ չեն, այլ ժողովրդավարական ինստիտուտների կենսագործունեության հիմնական միջավայրը: Չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում պետական կառավարման համակարգի անցումը «Smart Governance» (Խելացի կառավարում) մոդելին ենթադրում է ֆիզիկական եւ թվային տիրույթների միաձուլում, որտեղ քաղաքացու գտնվելու վայրը չպետք է հանդիսանա խոչընդոտ պետական մարմինների հետ հաղորդակցվելիս:

Աշխարհում բազմաթիվ երկրներ գործադրում են քաղաքացիների առցանց ընդունելության եւ առցանց մասնակցության մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին ուղղակիորեն կամ մասամբ դիմել պատգամավորներին կամ օրենսդիրներին՝ գտնվելով որեւէ այլ վայրում:

Միայն ֆիզիկական ներկայությամբ իրականացվող հանդիպումների կարգավորումը լիարժեք չի արտացոլում ժամանակակից հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ չի ապահովում քաղաքացիների մասնակցության եւ հասանելիության համարժեք մակարդակ:

Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս այսօր անարգել պահպանել հաղորդակցությունը քաղաքացիների հետ՝ տեսազանգերի միջոցով, ինչը Հայաստանի Հանրապետությունում առանձին դեպքերում կիրառվում է ԱԺ պատգամավորների կողմից՝ իրենց նախաձեռնությամբ կամ քաղաքացիների առաջարկով:

Ուստի առաջանում է անհրաժեշտություն օրենսդրորեն ամրագրել քաղաքացիների ընդունելության այլընտրանքային, ժամանակակից եւ հասանելի մեխանիզմներ եւս:

Կարգավորումը չի պարտադրում բացառապես առցանց ընդունելություն, այլ ապահովում է ճկուն մոտեցում՝ թողնելով ընտրության իրավունքը քաղաքացուն: Այն ուղղված է գործող կարգի լրացմանը՝ առանց պատգամավորների լիազորությունների կամ պարտականությունների ծավալի փոփոխության:

Առցանց ընդունելության հնարավորության օրենսդրական ամրագրումը համահունչ է պետական կառավարման թվայնացման քաղաքականությանը եւ հանրային ծառայությունների մատչելիության բարձրացման ընդհանուր ուղղությանը:

Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները (ամպային տեխնոլոգիաներ, անվտանգ տեսակապի հարթակներ, նույնականացման էլեկտրոնային համակարգեր) երաշխավորում են ոչ միայն հաղորդակցության անընդհատությունը, այլեւ ապահովում են տվյալների պաշտպանվածության եւ թափանցիկության բարձր մակարդակ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի թիվ 1133 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության կարգով սահմանվում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի եւ մշտական հանձնաժողովների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման եւ իրականացման կարգը, այդ թվում՝ քաղաքացիների բանավոր եւ գրավոր դիմումների (նաեւ էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացված) գրանցման եւ դրանց ընթացքի ապահովման գործընթացը, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից իրականացվող ընդունելության շրջանակներում կիրառվող կազմակերպչական ընթացակարգերը:

Օրենքների ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության կարգով կարող են սահմանվել էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ քաղաքացիների ընդունելության եղանակները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է պատգամավորի պարտականություններում սահմանված քաղաքացիների ընդունելությանը վերաբերող կարգավորումը լրացնել՝ քաղաքացու ցանկության դեպքում նաեւ էլենտրոնային կապի միջոցների կիրառմամբ  հնարավորության ամրագրումով:

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքներով սահմանված պատգամավորների պարտականություններում կամրագրվի նաեւ էլենտրոնային կապի միջոցների կիրառմամբ քաղաքացիների ընդունելության հնարավորությունը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն