Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12741-02.03.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջը չի տարածվում՝

1) նախկինում պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդում ընդգրկված բազմաբնակարան շենքերում գտնվող շինությունների վրա (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ).

2) հարեւանների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պարսպի կամ այլ բաժանագծի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման վրա.

3) Քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ եւ 12-րդ մասերով սահմանված դեպքերում իրավունքների պետական գրանցման վրա:»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10-12-րդ մասերով.

«10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով դատական ակտը ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի հանգեցնում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման կամ սեփականության իրավունքի սուբյեկտի փոփոխման, ապա բազմաբնակարան շենքի առանձնացված միավորի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա գրանցվում է վերջինիս կողմից օրենքի ուժով ձեռք բերված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնեմասը՝ առանց լրացուցիչ պետական տուրք գանձելու:

11. Եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվում է հողամասի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականության իրավունքը, ապա հողամասի պետական գրանցման դիմումի հետ, սույն օրենքով սահմանված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաեւ անշարժ գույքի միավորի բաժանման հատակագիծ՝ գրանցվող հողամասերի բոլոր շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատներով՝ տարանջատելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով այդ հողամասի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման եւ պահպանման համար հատկացված հողամասը` Կառավարության սահմանած սխեմայի (կոորդինատների) սահմաններում եւ պետության կամ համայնքի սեփականության իրավունքով գրանցվող հողամասը: Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա գրանցվում է բազմաբնակարան շենքի սպասարկման եւ պահպանման համար առանձնացված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնեմասը՝ առանց լրացուցիչ պետական տուրք գանձելու:

12. Սույն հոդվածի 10-11-րդ մասերով սահմանված դեպքերում անշարժ գույքի միավորի կամ դրա որեւէ մասի նկատմամբ առկա որեւէ տեսակի սահմանափակումները հիմք չեն հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չկատարելու համար:»:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասում «գրանցման պահից,» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-12-րդ մասերով սահմանված դեպքերի:» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն