Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1279-06.03.2026-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի  11-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«17. Հանրային բուհում ակադեմիական կամ վարչական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններում (ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի, ղեկավարի տեղակալների եւ դրա ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոնները) ընտրված (նշանակված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:»:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 15-րդ մասում «կոմիտեի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1. 7-րդ մասի՝

1) առաջին նախադասության «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, «նույն մասով» բառերը փոխարինել «նույն հոդվածի 4-րդ մասով» բառերով.

2) երկրորդ նախադասության մեջ «Մինչեւ սույն մասն ուժի մեջ մտնելը» բառերից հետո լրացնել «համապատասխան ուսումնական տարիների համար բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաեւ առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը ըստ կրթական մակարդակների (այդ թվում՝ կինիկական օրդինատուրայի), ըստ մասնագիտությունների եւ հաստատությունների հաստատում է Կառավարությունը, իսկ» բառերը:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 7.1 մաս՝

«7.1. Մինչեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը՝ բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:»:

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.1 մաս՝

«9.1. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ,  8-րդ եւ 9-րդ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչեւ այդ բուհերի ռեկտորների ընտրության  հետ կապված իրավահարաբերությունները շարունակում են կարգավորվել բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով եւ պահանջներով:»:

4. 11-րդ մասից հանել «8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի,» բառերն ու կետադրական նշանը:

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի  7-րդ մասը գործելու է  2028 թվականից» կետադրական նշանն ու բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման եւ ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ առաջարկվող կարգավորման բնույթը.

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով (ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 20-ից) ստեղծվել է անհրաժեշտ իրավական հենք բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացման, նշված ոլորտների ինտեգրման համար: ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի ընդունմամբ, ըստ էության, սահմանվել են բարձրագույն կրթության ոլորտում պետական նոր քաղաքականության ուղղություններն ու արդյունքային ցուցանիշները: Մասնավորապես, օրենքի հավելված 1-ի 81-րդ կետի 2-րդ ենթակեկետի «ը» եւ «թ» պարբերություններով, ռազմավարական առաջնահերթություն, նախատեսվում է պետական բուհերի խոշորացում եւ գիտական կազմակերպությունների հետ միավորում, ինչպես նաեւ բուհերի կառավարման նոր մոդելների գործարկում եւ կառավարիչների հմտությունների բարձրացում (ինչը սերտորեն առնչվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին):

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում ամրագրվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելուն, միտված դրույթներ, հանրային բուհերի եւ գիտական կազմակերպությունների կառավարման մարմինների ձեւավորման նոր սկզբունքներ, գործադիր մարմինների ղեկավարների ընտրության եւ նրանց ներկայացվող այլ պահանջներ  (Գլուխ 4, 26-33-րդ հոդվածներ): Միեւնույն ժամանակ նախատեսվել են եզրափակիչ եւ անցումային դրույթներ դրանց կիրարկման վերաբերյալ:

Մասնավորապես՝ ըստ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն, որոնք վերաբերում են  հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությանը եւ անդամների առաջադրմանը, ուժի մեջ են մտնում 2029-2030 թվականների ուսումնական տարվանից. նշված ժամանակահատվածից նշված մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Իսկ 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված են կարգավորումներ, որոնք գործելու են մինչեւ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պայմաններն ուժի մեջ մտնելը: Նույն 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքի 27-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձեւավորվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում ընկած ընդհանուր տրամաբանության տեսակետից հանրային բուհերի եւ գիտական կազմակերպությունների գործադիր մարմիններին՝ տնօրենին եւ ռեկտորին ներկայացվող նոր պահանջները, ընտրության նոր ընթացակարգերը պետք է գործեն ԳԱԱ համակարգից դուրս հանրային գիտական կազմակերպությունների եւ խոշորացված բուհերի դեպքում, որի վերաբերյալ դրույթներ օրենքի եզրափակիչ կամ անցումային մասերում բացակայում են:

Այսպես, օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝ «4. Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է միջազգային մրցույթի միջոցով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով եւ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Հանրային բուհի ռեկտորը պետք է ունենա Լիազոր մարմնի հաստատած, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության եւ հետազոտությունների ոլորտի կառավարիչների կրթական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ Լիազոր մարմնի հաստատած եւ դրան համարժեք որակավորում:»: Իսկ նույն հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով ահմանված է, որ ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ, ինչպես նաեւ  ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում, բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով հայտարարվում է ռեկտորի ընտրություն` բաց միջազգային մրցույթի միջոցով:

Գործադիր մարմնին ներկայացվող նույն՝ միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության եւ հետազոտությունների ոլորտի կառավարիչների ակադեմիական մոդուլը ավարտելու կամ դրան առնվազն համարժեք որակավորում ունենալու պահանջն առկա է նաեւ  հանրային գիտական կազմակերպության համար (օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մաս):

Այս նոր կարգավորումներն, որոնք մտել են ուժի մեջ, խոչընդոտ են հանդիսանալու ընթացիկ ժամանակահատվածում գործող գիտական կազմակերպությունների եւ բուհերի կառավարման բնականոն գործընթացները կազմակերպելու համար, քանի դեռ հաստատված չեն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը (օրինակ՝ լիազոր մարմնի՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սահմանած միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության եւ հետազոտությունների ոլորտի կառավարիչների կրթական մոդուլների կամ դրան համարժեք որակավորումների ցանկը, գիտական կազմակերպությունների եւ բուհերի  կանոնադրություններում համապատասխան դրույթներ ու պահանջներ, մրցույթի ընթացակարգ): Հանրային գիտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների բնականոն գործունեության եւ խոշորացման գործընթացների համաչափ իրականացման հետագա ընթացքն ապահովելու նպատակով առաջարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում կատարել լրացումներ՝ նախատեսելով անցումային կարգավորումներ օրենքի՝ ռեկտորին առնչվող 31-րդ հոդվածի վերաբերյալ՝ ամրագրելով, որ 2-րդ, 4-րդ, 5-րդ,  8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված ռեկտորին ներկայացվող պահանջները, միջազգային մրցույթի, դրա հայտարարման ժամկետները, կառավարիչների կրթական մոդուլին կամ դրան համարժեք որակավորման պահանջները տարածվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի ռեկտորների ընտրության գործընթացների վրա կամ կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում, իսկ գիտական կազմակերպությունների տնօրենների պարագայում սահմանվում է օրենքի 27-րդ հոդվածի  7-րդ մասի՝  2028 թվականից գործելու պայման:

Մինչեւ այդ գիտական կազմակերպությունների եւ բուհերի գործադիր մարմինների ընտրության/նշանակման հետ կապված իրավահարաբերությունները շարունակում են կարգավորվել տվյալ կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով եւ պահանջներով:

Օրենքի եզրափակիչ դրույթներում իրականացվել են նաեւ որոշակի փոփոխություններ, որոնք, մինչեւ օրենքով ամրագրված նոր սկզբունքներին համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով (որպես բարձրագույն կրթության առաջին մակարդակ) ընդունելության պահանջների կիրառումը (2029-2030 ուսումնական տարվանից) կնպաստեն գործող կարգավորումներով ընդունելության բնականոն կազմակերպմանը, հատկապես նաեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատվող մասնագիտությունների եւ քննությունների ցանկի, պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի հաստատման համար լիազորող նորմերի ամրագրման տեսակետից:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում ուսանողների ընդունելության նոր մոտեցումներ, մրցույթի նոր պայմաններ: Բուհերին վերապահվել է ընդունելության մրցույթի անցկացման, ուսանողների ընտրության իրավասություն (գործող կարգով մրցույթը կազմակերպում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը՝ Կառավարության սահմանած կարգով՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների հաստատված տեղերի շրջանակում): Մասնավորապես, ըստ նշված հոդվածի դրույթների՝ ՀՀ-ում գործող լիցենզավորված բուհում կամ բուհի մասնաճյուղում բարձրագույն կրթության առաջին մակարդակի, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ մակարդակների ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության (այսուհետ` առաջին շրջափուլով ընդունելություն) համար պարտադիր են ՀՀ քաղաքացիություն ունեցող, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրերով ուսումնառած անձանց` «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը: Առաջին շրջափուլով կարգը, որը ներառում է ընդունելությանը ներկայացվող ընդհանրական պայմանները, ինչպես նաեւ «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը: Դրա հիման վրա բուհը հաստատում ու հրապարակում է ընդունելության մրցույթի կարգը եւ չափանիշները:

Առաջին շրջափուլով ընդունելություն իրականացնող բուհերը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան երեք տարի առաջ, ըստ կրթական ծրագրերի, հրապարակում են ընդունելության կարգը, ներառյալ ընդունելության պահանջները եւ գնահատման մեթոդաբանությունը, որը կարող է ներառել` հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատականին ներկայացվող պահանջ կամ տվյալ կրթական ծրագրով ընդունելության մոտիվացիոն նամակ կամ ներբուհական քննություններ հանձնելու պահանջ կամ հարցազրույցի պահանջ կամ դիմորդի ինքնակենսագրության (պորտֆոլիոյի) գնահատման պահանջ կամ կամավորության պահանջ, այլ պահանջներ եւ պահանջների ցանկացած համադրություն:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները հրապարակվում են 2027 թվականի հունվարի առաջին տասնօրյակում, իսկ նույն մասով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվում է 2029-2030 թվականների ուսումնական տարվանից: Մինչեւ սույն մասն ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի եւ «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքն ու, որպես հարակից, համապատասխան փոփոխություններ են կատարվել «Կրթության մասին» օրենքում, եւ ուժը կորցրած են ճանաչվել բարձրագույն կրթության ոլորտին, այդ թվում ընդունելությանն  առնչվող հոդվածները՝ մասնավորապես 15-րդ հոդվածի 5-րդ մասը, 28-րդ հոդվածի 6-րդ մասը, որոնցով ուղղակի լիազորություն էր վերապահված Կառավարությանը յուրաքանչյուր տարվա համար հաստատելու մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը եւ մինչեւ դեկտեմբերի 1-ը հրապարակելու այն, սահմանելու պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների:

Այսպիսով, մինչեւ ընդունելության համար նախատեսված նոր պայմանների ուժի մեջ մտնելը, նոր օրենքում բացակայում են ընդունելության գործընթացը բնականոն կազմակերպելու համար անհրաժեշտ կարգավորումներ:

Նախագծով (հոդված 3-րդում) գործող 43-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրվել են անցումային դրույթներ, համապատասխան ուղղակի լիազորող նորմեր, որոնք մինչեւ 2029-2030 ուսումնական տարին կապահովեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի կազմակերպումը: Կառավարությունն օրենքով իրավասություն կունենա հաստատելու 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների համար բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաեւ առկա ուսուցմամբ ըստ կրթական մակարդակների (այդ թվում՝ կինիկական օրդինատուրայի), ըստ մասնագիտությունների եւ հաստատությունների պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը (մինչեւ ընդունելության նոր կարգավորումների կիրառման համար օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսված ժամկետը՝ 2029-2030 ուս.տարի):

Առաջարկվում է գործող օրենքում լրացնել եւս մեկ անցումային կարգավորում (43-րդ հոդվածում նոր 7.1 մաս) ՝ կապված հեռակա ուսուցմամբ ընդունելության հետ, ըստ որի մինչեւ օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում (2027 թվականի սեպտեմբերի 1) ներդրումն ու կազմակերպումը՝ բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակվելու են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:

Այսպիսով, վերոնշյալ հիմնավորումներն հաշվի առնելով, առաջարկող փոփոխությունները համարվում են անհետաձգելի:

Նախագծով Օրենքի 23-րդ հոդվածի 17-րդ, 33-րդ հոդվածի 15-րդ մասերում, 43-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասության մեջ, 11-րդ մասում նախատեսվող փոփոխությունները բովանդակային չեն, այլ կրում են տեխնիկական բնույթ:

3. Ակնկալվող արդյունքը.

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես գիտական կազմակերպությունների եւ բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը, այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ (մասնավորապես բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչեւ օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է՝

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով սահմանված պահանջներից, մասնավորապես, Հոդված 1-ով հաստատված հավելված 1-ի 81-րդ մասի 2-րդ կետի  «թ» պարբերություններից, որով նախատեսվում է բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայում, այդ թվում՝ բուհական կառավարիչներին ներկայացվող պահանջների եւ նկարագրերի սահմանում, վերաորակավորման, պարտադիր վերապատրաստման համակարգի իրավական հենքի ներդրում, խոշորացված բուհերում կառավարման այլընտրանքային մոդելների փորձարկում, ժամանակավոր կառավարիչների նշանակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն