Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1291-24.03.2026-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-600-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «կոչումների» բառը փոխարինել «դասային աստիճանների» բառերով:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «աշխատակիցներ» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «աշխատողներ» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի  12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1, 7.1, 17.1, 20.1 եւ 30-րդ  կետերով՝

«4.1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձեւերի, մեթոդների եւ միջոցների քողարկման նպատակով իրականացնում է միջոցառումներ՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված Վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան Ծառայությունում պաշտոնի նշանակվելուն հավակնող անձանց այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոնների նշանակելու նպատակով, եթե տվյալ անձը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին.

7.1) իրավունք ունի ձերբակալել եւ համապատասխան մարմիններին հանձնել Ծառայության՝ սեփական անվտանգության ապահովման գործառույթի իրականացման շրջանակում հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց.

17.1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձեւերի, մեթոդների քողարկման նպատակով Ծառայությանը հատկացված (ամրացված) կամ Ծառայության կողմից ձեռք բերված եւ գաղտնի աշխատանքների համար նախատեսված գույքի տնօրինումը եւ դրանց գործավարությունն իրականացնում է Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով եւ եղանակներով.

20.1) իր գործունեության մասով իրականացնում է հակահետախուզական ապահովում հետեւյալ դեպքերում՝

ա. Ծառայության կողմից տնօրինվող պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման,

բ. Ծառայության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայության,

գ. Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտության,

դ. Ծառայության ներքին անվտանգության ապահովման դեպքերում.

30) Ծառայության կողմից կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանության եւ Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ Կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում համաձայնություն կամ եզրակացություն է ներկայացնում Ծառայությանն ամրացված կամ Ծառայության կողմից օգտագործվող անշարժ գույքի (այդ թվում՝ դրանցով ծանրաբեռնված հողամասերի) հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու (այդ թվում՝ կառուցապատման թույլտվության տրամադրումը մերժելու) վերաբերյալ:»:

2) 1-ին մասի 6-րդ  կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) պատրաստում է Ծառայության աշխատողներին,  Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաեւ՝ Ծառայության կողմից ստեղծված կազմակերպությունները, շահագործվող գույքը, հատուկ տեխնիկական եւ տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.

3) 1-ին մասի 17-րդ կետը «որոնք անհրաժեշտ են քողարկման համար» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«: Ընդ որում համապատասխան պետական մարմինները եւ կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը) պատասխանատվություն չեն կրում Ծառայությանը տրամադրված փաստաթղթերի, միջոցների գործածության արդյունքում առաջացած հետեւանքների համար.»

4) 1-ին մասի 25-րդ կետում «իրականացնում է» բառից հետո լրացնել «Ծառայության հատուկ կարեւորության, հույժ գաղտնի եւ այլ ծառայողական թղթակցությունների փոխադրումը, դրանց պահպանումը, ինչպես նաեւ՝ » բառերը.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-4-րդ մասերով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 4.1. կետերի հիման վրա այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոն զբաղեցնող Ծառայության աշխատողների ստաժը հաշվարկվում է որպես Ծառայության ստաժ եւ տվյալ աշխատողներն օգտվում են սույն օրենքով Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքներից, պարտականություններից եւ սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունից:

4. Օտարերկրյա պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղված ծառայողները արտաքին հետախուզական, սեփական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներից բացի իրականացում են նաեւ արտաքին հակահետախուզական գործառույթներ՝ Վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 13. Զենքի, հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառման հիմքերը, պայմանները եւ սահմանները

1. Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, զենք ու հատուկ միջոցներ կիրառելու (գործադրելու), այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար եւ եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

2. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման ընտրությունը կատարելիս Ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

3. Ծառայության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելուց առաջ պարտավոր է՝

1)  նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում իր կամ Ծառայության այլ աշխատողների համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել (կիրառել) դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ, ձգտել, որպեսի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն.

4) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք գործադրելու հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաեւ հատուկ միջոցներ եւ զենք գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:

4. Արգելվում է հատուկ միջոցներ կամ զենք գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ Ծառայության աշխատողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

5. Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:

6. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների կամ զենքի գործադրումը (կիրառումը) առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

7. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին Ծառայության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական ղեկավարին:

8.  Ծառայության սպառազինության մեջ ընդգրկված զենքի, ռազմամթերքի եւ հատուկ միջոցների ցանկը սահմանում է Վարչապետը, իսկ զենքի, ռազմամթերքի եւ հատուկ միջոցների հաշվառման, հատկացման, կրման եւ պահելու կարգը սահմանում է Ծառայության պետը:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 13.1-13.3-րդ հոդվածներով.

«Հոդված 13.1. Ֆիզիկական ուժի գործադրումը

1. Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ) գործադրել Ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում Ծառայության ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը:

Հոդված 13.2. Հատուկ միջոցների կիրառումը (գործադրումը)

1. Ծառայության ծառայողն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառել հետեւյալ դեպքերում՝

1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս.

2) Ծառայության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.

3) անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք կարող են ցույց տալ դիմադրություն կամ խոչընդոտել Ծառայության ծառայողների պարտականությունները կատարելուն:

Հոդված 13.3. Զենքի կիրառումը (գործադրումը)

1. Ծառայության ծառայողն իրավունք ունի զենք գործադրել հետեւյալ դեպքերում՝

1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքին եւ առողջությանը իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս.

2) Ծառայության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը կանխելիս.

3) պատանդներին ազատելիս, ահաբեկչական եւ այլ հանցավոր ոտնձգություններ կանխելիս.

4) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում իր կամ ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքի եւ առողջության համար եւ չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին/հրահանգներին,

5) իր կամ Ծառայության այլ աշխատողի կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս,

6) զենք կիրառելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս կամ օգնություն կանչելիս:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 7-րդ կետում «կանոնադրությունը,» բառից հետո լրացնել «անվանացանկը,» բառը:

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12.1-12.5 կետերով.

12.1) վարչապետի հաստատմանն է ներկայացնում այն պայմանները, որոնց համապատասխանող Ծառայության հետ համագործակցող անձինք Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով օգտվում են Ծառայության ծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից եւ որոնց համագործակցության ժամանակահատվածը համարվում է որպես ծառայության ստաժ.

12.2) սահմանում է Ծառայությունում իրականացվող գործավարության կարգը եւ առանձնահատկությունները.

12.3) սահմանում է Ծառայության կողմից շահագործվող համակարգչային սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները, շահագործման կարգը եւ ժամկետները.

12.4) սահմանում է Ծառայության անցագրային ռեժիմը.

12.5) սահմանում է Ծառայության աշխատողների, ստորաբաժանումների, աշխատանքի ձեւերի եւ միջոցների քողարկման եղանակները եւ կարգը.»

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1. եւ 3.2. մասերով.

«3.1. Ծառայության պետի եւ Ծառայության պետի տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում: Ծառայության պետի եւ Ծառայության պետի տեղակալների պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձինք:

3.2. Սույն օրենքով Ծառայության ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, տարածվում են Ծառայության պետի, նրա տեղակալների, ինչպես նաեւ Ծառայությունում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը նշված անձանց (այդ թվում՝ Ծառայության պետի եւ տեղակալի) վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

3) 5-րդ մասում «կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նրանց վրա տարածվում են Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները, բացառությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովության:» բառերը:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով.

«6. Ծառայությունում առաջին անգամ պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչեւ 6 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի կողմից սահմանված հրամանով:»:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ծառայության ծառայողների բարձրագույն,  գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոնների նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել նոր 5-րդ մասով.

«5.Ծառայության դասային աստիճանները սույն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաեւ Ծառայության պետին եւ Ծառայության պետի տեղակալներին:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.1 հոդվածով.

«Հոդված 19.1. Ծառայության ծառայողներին այլ պաշտոնի նշանակումը եւ փոխադրումը

1. Ծառայության ծառայողն իր համաձայնությամբ նշանակվում է բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով, եթե՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները.

2) վերջին մեկ տարվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական տույժի:

2. Ծառայողը կարող է նշանակվել այլ հավասարազոր պաշտոնի ՝

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.

2) կազմակերպչական հաստիքային միջոցառումների կապակցությամբ.

3) ընտանեկան պայմաններից ելնելով.

4) առողջական վիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն:

3. Այլ հավասարազոր պաշտոնում ծառայողը պաշտոն զբաղեցնում է համաձայնության առկայության դեպքում եւ եթե բավարարում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջները: Ծառայողի համաձայնությունը կարող է չպահանջվել ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում:

4.  Ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի.

2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ իր դիմումի համաձայն, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի.

3) առողջական  վիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի.

4) իր դիմումի համաձայն,

5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում,

6) ատեստավորման կարգով՝ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու դեպքում:

5. Կարգապահական տույժ ստանալու հետեւանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրացած լինելու կամ կարգապահական տույժը հանված լինելու դեպքում:

6. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողը կարող է փոխադրվել հավասարազոր կամ բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող հետեւյալ դեպքերում՝

1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու դեպքում,

2) մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում,

3) պարտադիր զինծառայության զորակոչվելու դեպքում.

4) ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողը փոխադրվում է իր նախկին պաշտոնին:

8. Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման փոխադրում  եւ ժամանակավոր կատարումից ազատում է Ծառայության պետը:

9. Սույն հոդվածով սահմանված այլ պաշտոնի նշանակման կամ փոխադրման դեպքերում Ծառայողի հետ վերջնահաշվարկ չի իրականացվում, իսկ այլ պաշտոնի ժամանակավոր փոխադրման դեպքում դասային աստիճանի փոփոխություն տեղի չի ունենում:

10. Ծառայության ծառայողին բարձր կամ հավասարազոր կամ ցածր պաշտոնի նշանակելու կամ այլ պաշտոնի փոխադրելու կարգը սահմանվում է Ծառայության պետի հրամանով:»:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասում «ընտրության,» բառը հանել:

 2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկման, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողների հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը եւ արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկման, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումների ցանկը սահմանում է վարչպետը:»:

Հոդված 13. օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

« 1. Ծառայության ծառայողները, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման,  Ծառայության վերակազմակերպման կամ Ծառայության կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե Ծառայության ծառայողին հավասարազոր պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:»:

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

« 4. Ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է Ծառայությունում ծառայության ստաժ:»:

3) 5-րդ մասում «երկու ամսից շուտ»  բառերը հանել:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում Ծառայության ծառայողների պատրաստման, վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների եւ կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան պայմանագիր կնքելու, պատրաստումը կամ վերապատրաստումը կամ մասնագիտացված դասընթացները եւ կրթական ծրագրերը ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի եւ ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու դեպքում Ծառայության ծառայողի կողմից պետական բյուջեի միջոցներից կատարված ծախսերի փոխհատուցման կարգը, դեպքերը եւ առանձնահատկությունները կարգավորվում են վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 15. Օրենքի 8-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 8

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 23. Ծառայության դասային աստիճանները

1. Ծառայությունում  սահմանվում են հետեւյալ դասային աստիճանները.

1) Արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզ.

2) Արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզ.

3)Արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզ.

4) Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզ.

5) Արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ.

6) Արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ.

7) Արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ.

8) Արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ.

9) Արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ.

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված դասային աստիճանները հանդիսանում են բարձրագույն դասային աստիճաններ, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Ծառայության գաղտնի հաստիքային ծառայողներին բարձրագույն դասային աստիճան շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում տվյալ հրամանագիրը ծառայողին տեղեկացնելու օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերում նշված դասային աստիճանները շնորհում է Ծառայության պետը:

5. Ծառայության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

6. Ծառայությունում ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար չեն սահմանվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դասային աստիճանները:

7. Ծառայության ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով զրկվել դասային աստիճանից:

Հոդված 23.1 Ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

1. Ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն Արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ Արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզի դասային աստիճանը:

2. Ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն Արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճանը:

3. Ծառայության ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր պաշտոններին համապատասխանող դասային աստիճանների վերին եւ ստորին սահմանները, դրանց շնորհման կարգը սահմանում է Ծառայության պետը:

4. Պետական այլ մարմիններում հանրային ծառայության անցած (աշխատած) եւ զինվորական կամ այլ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող անձանց Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս շնորհվում է նրանց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին համապատասխան դասային աստիճան: Զինվորական կամ այլ հատուկ կոչումների կամ այլ դասային աստիճանների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 23.2 Դասային աստիճանների շնորհումը եւ դրանց շնորհման ժամկետները

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի հիման վրա փորձաշրջան նշանակված լինելու դեպքում՝ փորձաշրջանը հաղթահարելուց հետո Ծառայողին շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե սույն օրենքի 23.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան կոչման կամ դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է Ծառայությունում համապատասխան պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով:

3. Ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.

1) Արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ՝ 1 տարի.

2) Արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ՝ 2 տարի,

3) Արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ՝ 3 տարի.

4) Արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ՝ 3 տարի,

5) Արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ՝ 4 տարի,

5. Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում:

6. Տվյալ դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվարկվում է դասային աստիճանը շնորհելու օրվանից, իսկ սույն օրենքի 23.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում՝ զինվորական կամ այլ հատուկ կոչման կամ այլ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդող օրվանից:

7. Ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝

1) Ծառայության ծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի եւ այն դեռեւս մարված չէ կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի հիման վրա նշանակված կարգապահական տույժի նշանական օրվանից չի անցել 1 տարի.

2) Ծառայողի լիազորություններն օրենքով սահմանված կարգով կասեցվել են, կամ կատարվում է ծառայողական քննություն,

3) Ծառայողի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

4) ատեստավորումը չհաղթահարելու դեպքում,

5) վերապատրաստման ընթացքում:

8. Ծառայողին դասային աստիճան շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-2-րդ կետերով նշված հիմքերը վերանալուց, ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվելուց, ատեստավորումը հաղթահարելուց եւ վերապատրաստման ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար  տրամադրվող արձակուրդը Ծառայության ծառայողների դասային աստիճան կրելու ժամկետում չի հաշվարկվում: Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո:»:

Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 26. Ծառայության ծառայողի համազգեստը եւ ծառայողական վկայականը

1. Ծառայության ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձեւը եւ կրելու կարգը սահմանում է վարչապետը, իսկ  համազգեստ կրելու պարտականություն ունեցող ծառայողների շրջանակը եւ դեպքերը սահմանում է Ծառայության պետը:

2. Ծառայությունում հանրային պաշտոն (բացառությամբ՝ վարչական պաշտոնների) եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է ծառայողական վկայական, որի ձեւը, տրամադրելու, ոչնչացնելու, անվավեր ճանաչելու եւ կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:»:

Հոդված 17. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) հայրության արձակուրդ:».

2) 2-րդ մասում «կին» բառը հանել.

3) 3-րդ մասի «3-5-րդ» բառերը փոխարինել «3-6-րդ» բառերով.

Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1. մասով.

«2.1. Ծառայության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ՝

1) 15-ից մինչեւ 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 10 աշխատանքային օր.

2) 25 եւ ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 15 աշխատանքային օր:

Ընդ որում սույն հոդվածի 2-րդ մասում նշված լրացուցիչ չորս աշխատանքային օրը սույն կետում նշված լրացուցիչ արձակուրդի օրերի մեջ չի հաշվարկվում:»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1. մասով`

«3.1. Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, տղամարդ ծառայողի (նորածնի հոր) ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ:»:

Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետում «կոչումից» եւ «կոչման» բառերը փոխարինել համապատասխանաբար «դասային աստիճանից» եւ «դասային աստիճանի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել նոր 7-րդ կետով.

«7) կարգապահական տույժի հանում:».

3) լրացնել նոր 2.1 մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված խրախուսանքի տեսակը կարող է կիրառվել մինչեւ հերթական դասային աստիճանի շնորհման ժամկետի լրանալը:»:

4)  լրացնել նոր 4.1 մասով.

«4.1.Երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայությունում հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կարող են շնորհվել դասային աստիճաններ, ներառյալ նաեւ՝ բարձրագույն:»:

Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով, իսկ 3-րդ մասում «կոչման» եւ «կոչումը» բառերը փոխարինել համապատասխանաբար «դասային աստիճանի» եւ «դասային աստիճանը» բառերով:

Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել նոր 4.1. մասով.

«4.1. Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում եւ բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները:»

Հոդված 22. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել նոր հետեւյալ խմբագրությամբ՝

«1) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է Ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.».

2) լրացնել նոր 1.1. կետով.

«1.1) սույն օրենքի 19.1 հոդվածի հիման վրա այլ պաշտոնի նշանակվելու դեպքերում.».

3) 1-ին մասը լրացնել նոր 2.1 կետով՝

« 2.1) Ծառայության գործունեությունը դադարեցվելու,»:

3) 1-ին մասի 5-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել նոր 6-րդ կետով.

«6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում:»:

Հոդված 23. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 41. Ծառայության աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը

1. Ծառայության աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը:

2. Ծառայության աշխատողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայությունը աշխատողի դիմումի հիման վրա կամ Ծառայության կողմից գնահատված ռիսկերի առկայության դեպքում Ծառայությունն ապահովում է աշխատողի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը:

3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ձերբակալված Ծառայության աշխատողին խուզարկելը, անձի, իրերի, անձնական եւ ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է Ծառայության պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ: Ընդ որում, տվյալ դեպքում իրականացվող անձնական խուզարկության կամ իրականացվող զննության արդյունքում հայտնաբերված եւ Ծառայությանը պատկանող տեղեկակիրները կամ տեխնիկական եւ այլ միջոցները ենթակա չեն առգրավման ձերբակալումն իրականցրած կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից եւ փոխանցվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց պաշտպանության տրամադրման շրջանակը, կարգը եւ պայմանները սահմանվում են Ծառայության պետի հրամանով:»:

Հոդված 24. Օրենքը լրացնել նոր 41.1 հոդվածով.

«Հոդված 41.1 Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները

1. Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար սահմանվում են հետեւյալ սոցիալական երաշխիքները.

1) Ծառայողին եւ նրա ընտանիքի անդամներին բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններից օգտվելու համար  Վարչապետի որոշմամբ սահմանված չափով եւ կարգով փոխհատուցման տրամադրումը.

2) Ծառայողին կամ նրա ընտանիքի անդամին պատճառված գույքային վնասի հատուցումը՝ պայմանավորված ծառայողական պարտականությունների կատարմամբ.

3) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հիման վրա կենսաթոշակի անցնելու կամ Ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ աշխատողի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով  ծառայության համար ոչ պիտանի  ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կապակցությամբ Ծառայությունից ազատվելիս ծառայողներին ըստ ծառայության տարիների վճարվում է հետեւյալ չափով միանվագ նպաստ.

ա. 5 տարուց մինչեւ 10 տարի ծառայության համար՝ պաշտոնային դրույքաչափի չափով.

բ. 10 տարուց մինչեւ 20 տարի ծառայության համար՝ օրենքի հիման վրա ծառայողին հատկացվող հավելման եւ պաշտոնային դրույքաչափի հանրագումարի չափով.

գ. 20 եւ ավելի տարի ծառայության համար՝ միջին ամսական աշխատավարձի չափով:

5) Օտարերկրյա պետությունում ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ծառայության ծառայողին կամ ծառայողի ընտանիքի անդամներին պատճառված նյութական վնասը (իրական վնասը եւ բաց թողնված օգուտը) լիովին փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով եւ դեպքերում: Ծառայության ծառայողն իրավունք ունի սույն կետով նախատեսված վնասի հատուցում պահանջել վնասի առաջացման օրվանից մեկ տարվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ընտանիքի անդամ են համարվում՝

1) ծառայողի ծնողները, ամուսինը, զավակը.

2) ծառայողի հետ համատեղ բնակվող 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը կամ եղբայրը, եթե հաշմանդամություն  ունեցող անձ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Քույրը եւ եղբայրը համարվում են ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, եւ նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

3. Ծառայության ծառայողների կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության եւ սոցիալական երաշխիքների տրամադրման հետ կապված եւ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:»:

Հոդված 25. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաեւ՝  Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում եւ պայմաններով (այդ թվում՝ վարձատրության առանձնահատկությունները սահմանող) կատարվող աշխատանքից, որոնք բխում են Ծառայության առջեւ դրված խնդիրների կատարումից.

3) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, բացառությամբ Ծառայության պետի  հրամանով սահմանված այն դեպքերում եւ պայմաններով, որոնք բխում են Ծառայության առջեւ դրված խնդիրների կատարումից.».

2) 2-րդ մասի «հանձնել հավատարմագրային կառավարման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքի».

3) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ծառայության աշխատողներին պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 26. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ծառայությունում պաշտոնի նշանակված անձանց դասային աստիճանները հատկացվում են սույն օրենքի 23.2 հոդվածով սահմանված ժամկետների հիման վրա՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Ծառայությունում պաշտոնավարման համապատասխան ժամկետը հավասարեցնելով սույն օրենքի 23.2 հոդվածում նշված դասային աստիճանների համար սահմանված ժամկետներին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Նախագծի փաթեթով առաջարկվում է որոշակի փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում՝ հաշվի առնելով ներքոնշյալում նկարագրված հանգամանքները.

1. «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-19-րդ հոդվածներով կարգավորվում են Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակման, իսկ 37-րդ հոդվածով Ծառայության ծառայողներին պաշտոնից ազատելու իրավահարաբերությունները: Միաժամանակ Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ Ծառայության ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման... հրամանի պատճենը:

Ըստ էության օրենքում չկարգավորված են մնացել Ծառայության ծառայողին ավելի բարձր, հավասար կամ ավելի ցածր պաշտոնի նշանակելու կամ փոխադրելու հարաբերությունները:

Ի տարբերություն Օրենքի՝ առաջախաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու կամ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ավելի ցածր կամ հավասար պաշտոնի նշանակելու կամ այլ պաշտոնի փոխադրելու հարաբերությունները կարգավորված են այլ մարմինների ոլորտային օրենքներում, օրինակ՝

1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ, կամ՝ 21-րդ հոդվածով նշված հիմքերի առկայության դեպքում՝ նշանակվում է հավասար պաշտոնի եւ այլն,

2. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել՝

1) ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ Ոստիկանապետի որոշմամբ՝ մինչեւ սահմանված ժամկետները լրանալը.

2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ եւ այլն,

3. 04.12.2024թ.-ին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում կատարված լրացման արդյունքում սահմանվեց նաեւ համապատասխան մարմնում կատարողականի գնահատման արդյունքներով քաղծառայության ավելի բարձր թափուր պաշտոն զբաղեցնելու  հնարավորություն: Մասնավորապես՝ քաղծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

2) 2 տարի անընդմեջ աշխատում է նույն համապատասխան մարմնում.

3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

Նախագծով առաջարկվում է օրենքում առկա բացը լրացնել՝ ներպետական կարգավորումների եւ Ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծառայության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության եւ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով անցկացվում է ատեստավորում, որի կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը: Հաշվի առնելով, որ Ծառայության ծառայողների ընտրության, ուսումնասիրման,.. պաշտոնում նշանակման կարգը սահմանվում է Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված Վարչապետի որոշմամբ, իսկ ատեստավորումն իրականացվում է ոչ թե ընտրության, այլ ծառայողի բնականոն շարունակական ծառայողական գնահատման նպատակով՝ առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ընտրության» բառը:

Միաժամանակ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է նաեւ, որ արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկման, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործողությունների իրականացման գործառույթների շրջանակը սահմանում է վարչապետը: Նշված ձեւակերպումն առաջարկվում է լրամշակել, ըստ որի, Վարչապետը սահմանում է արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկման, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների ցանկը, ինչը հնարավորություն կտա առավել հստակ եւ որոշակի կարգավորում ապահովել:

3. Օրենքի 31-րդ հոդվածով սահմանվում են Ծառայության ծառայողներին վարձատրության պահպանմամբ տրվող արձակուրդի տեսակները, այն է՝

1) ամենամյա նվազագույն արձակուրդ,

2) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ,

3) ուսումնական արձակուրդ,

4) հիվանդության պատճառով արձակուրդ,

5) հղիության եւ ծննդաբերության արձակուրդ,

6) ծառայության կին ծառայողներին նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:

Աշխատանքային օրենսգքրի 176.1 համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ: Նշված արձակուրդի տեսակը Աշխատանքային օրենսգրքում ավելացվել է 2020 թվականին:

Առաջարկվում է օրենքում ներառել հայրության արձակուրդը, որը բխում է եւ՛ Աշխատանքային օրենսգրքի համանման կարգավորումից, եւ՛ երեխայի շահից, եւ միջազգային փորձից: Միաժամանակ, առաջարկվում է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաեւ տղամարդ ծառայողին, ինչն առաջին հերթին բխում է Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքից, մասնավորապես՝ 37-րդ հոդվածից, որի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանան, իսկ 36-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիրակության, կրթության, առողջության, լիարժեք եւ ներդաշնակ զարգացման մասին: Առաջարկը կոչված է ապահովելու սահմանադրական նորմի իրացումը եւ Օրենքի կարգավորումը համապատասխանեցնել Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:

4. Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ կիրառելու:

Արդյունքում՝

1. բացակայում է զենքի եւ հատուկ միջոցների կրման կարգը սահմանելու իրավական հիմքը.

2. կարգավորված չէ, թե ո՞ր դեպքերում կամ ի՞նչ կարգով է ծառայողը հնարավորություն ունենալու կիրառել զենք եւ հատուկ միջոցներ: Նշվածի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով՝

1) օրենքով սահմանվում է, որ «Ծառայողներն իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ....կիրառելու», սակայն չի սահմանում, թե որոնք են այդ դեպքերը կամ կարգը:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հիման վրա ՀՀ կառավարության 01.06.2023 թվականի 889-Ն որոշմամբ սահմանվում է պետական ռազմականացված կազմակերպություններում (որպիսին հանդիսանում է նաեւ ԱՀԾ-ն) զենքի շրջանառության կարգը: Նշված նորմատիվ իրավական ակտով սահմանվել են նաեւ, թե վերջինիս հիման վրա ինչ իրավական ակտեր պետք է ընդունեն համապատասխան մարմինների ղեկավարները: Եվ չնայած նրան, որ պետական ռազմականացված կազմակերպությունների զենքի շրջանառությունը կարգավորող օրենսդրության շրջանակներում արդեն իսկ մարմնի ղեկավարի կողմից համապատասխան իրավական ակտեր ընդունելու իրավական հիմքեր սահմանվել են, սակայն բաց են մնացել զենքի կրման կարգի եւ դրանց գործադրման (կիրառման) դեպքերը, որոնց առկայության պարագայում ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, զենք կամ հատուկ միջոց կիրառելը կհամարվի իրավաչափ եւ համապատասխան իրավիճակում գործողությունների շրջանակը կլինի կանխատեսելի:

Ուստի, Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան լրացում՝ բացառելով վերոգրյալում նկարագրված բացերը եւ մեկ իրավական ակտով սահմանելու Ծառայության զենքերի եւ հատուկ միջոցների հաշվառման, հատկացման, կրման եւ պահելու կարգը:

5. Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասերի հիման վրա ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակման եւ քննարկման շրջանակներում ի հայտ են եկել որոշ օրենսդրական կարգավորման ենթակա հարցեր, որոնց ուսումնասիրության արդյունքում մասնավորապես պարզ է դարձել, որ առկա են հետեւյալ խնդիրները.

1) Օրենքի 21-րդ հոդվածում թվարկված կադրերի ռեզերվում գրանցվելու հիմքերը որոշակիորեն տարբերվում են օրենքի 37-րդ հոդվածով թվարկված Ծառայության պաշտոնից ազատելու հիմքերից: Մասնավորապես՝ 21-րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են Ծառայության կամ դրա ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում (այսինքն, ըստ էության, նշված դեպքերում ծառայողը զբաղեցրած պաշտոնից ազատվում է), իսկ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են կառուցվածքային փոփոխության դեպքերում:

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանակով: Միաժամանակ սույն օրենքի 21-23-րդ հոդվածներով համապատասխանաբար սահմանվում են՝ պետական մարմնի կառուցվածքային փոփոխության, պետական մարմնի վերակազմակերպման եւ պետական մարմնի գործունեության դադարման իրավակարգավորումներ: Ըստ էության նշված օրենքով սահմանված ոչ բոլոր կարգավորումներն են արտացոլված Օրենքի 21-րդ հոդվածում, մասնավորապես բացակայում է կառուցվածքային մյուս եղանակների, մասնավորապես՝ կառուցվածքային փոփոխությունների դեպքում ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը, մինչդեռ կադրերի ռեզերվում գրանցվելու նպատակը Սահմանադրության 83-րդ հոդվածով նախատեսված աշխատանքից ազատվելու դեպքում անձի սոցիալական ապահովության իրավունքի ապահովումն է: Բացի այդ, առաջարկվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում կիրառված կարգավորումներին համապատասխանեցնել նաեւ Օրենքի 37-րդ հոդվածը, որտեղ որպես ծառայողի ծառայությունը դադարեցնելու հիմք նշված չԷ Ծառայության վերակազմակերպման դեպքը: Միաժամանակ Օրենքի 21-րդ հոդվածում կիրառված ձեւակերպումներն առաջարկվում է համապատասխանեցնել նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքին, քանի որ վերջինիս 2-րդ հոդվածի համաձայն՝ Ծառայությունը, հանդիսանալով պետական կառավարման համակարգի մարմին, նշված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստեղծվում, վերակազմակերպվում եւ գործունեությունը դադարեցվում է օրենքով:

2) Հաջորդ խնդիրը պայմանավորված է Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված Ծառայության կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան ստաժը հաշվարկելու հետ: Գործող Օրենքի համաձայն՝ ստաժը հաշվարկվում է միայն սեփական դիմումի համաձայն դուրս գալու դեպքում, եւ պարզ չէ, թե կադրերի ռեզերվից դուրս գալու մնացյալ դեպքերում կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածն ինչու չպետք է հաշվարկվի ստաժում: Ուստի, առաջարկվում է համապատասխան փոփոխություն իրականացնել օրենքում:

3) Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի (1-ին նախադասության) համաձայն՝ Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երեք ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Միաժամանակ սույն մասի 2-րդ նախադասությամբ սահմանվում է, որ Ծառայության ծառայողի դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

Ըստ էության 21-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասության շրջանակում կիրառված 2-ամսյա ժամկետի վերաբերյալ կարգավորումը հակասում է նույն մասի 1-ին նախադասությամբ կիրառված 3-ամսյա ժամկետի համար վճարվելու վերաբերյալ կարգավորմանը եւ պարզ չէ թե 2-ամսյա ժամկետային սահմանափակում նախատեսելը ինչ նպատակ է սպասարկում:

4) միաժամանակ առաջարկվում է հստակեցնել, որ կադրերի ռեզերվում ծառայողը գրանցվում է իր դիմումի համաձայն, որն այս պահին Օրենքում առկա չէ:

6. Օրենքի 33-դ հոդվածի համաձայն՝ երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ (կամ) սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել համապատասխան խրախուսանքի տեսակներ:

Միաժամանակ Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել համապատասխան կարգապահական տույժեր:

Օրենքի 35-րդ հոդվածով սահմանվում է, որ եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Նշված պահանջը չի տարածվում Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա (կոչման իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով, ծառայության դադարեցում):

Ի տարբերություն Օրենքում թվարկված խրախուսման տեսակների՝ «Քաղաքացիական ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» եւ «Դատախազության մասին» օրենքների համաձայն՝ խրախուսման տեսակ է հանդիսանում նաեւ կարգապահական տույժը  ժամկետից շուտ հանելը: Եվ ի տարբերություն Ծառայությունում իրականացվող ծառայության, այլ մարմիններում կարգապահական տույժը մարված համարելու ժամկետն ավելի քիչ է, օրինակ՝ Դատախազության դեպքում կարգապահական տույժը համարվում է մարված, եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, կամ օրինակ քաղաքացիական ծառայության դեպքում նշվում է, որ եթե թեթեւ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ խիստ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա քաղծառայողը համարվում է՝ կարգապահական տույժի չենթարկված:

Ըստ էության ԱՀԾ ծառայողների դեպքում ոչ միայն կարգապահական տույժի մարման ժամկետն է երկար, այլ նաեւ՝ ծառայողի կողմից նոր կարգապահական խախտում թույլ չտալու եւ իր աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելու իրավական հնարավորություն նախատեսված չէ:

Միաժամանակ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածում եւս «կարգապահական տույժի հանումը» դիտվում է խրախուսման տեսակ, իսկ 230-րդ հոդվածը հնարավորություն է տալիս կարգապահական տույժը հանել մինչեւ 1 տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում եւ բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները:

7. Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) բարձրագույն,

2) գլխավոր,

3) ավագ,

4) միջին,

5) կրտսեր:

Միաժամանակ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ծառայության ծառայողների բարձրագույն խմբի՝ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնշված (Ծառայության պետ եւ տեղակալ), ինչպես նաեւ գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոնների նշանակում եւ պաշտոնից ազատում է Ծառայության պետը: Օրենքի 17-րդ հոդվածով էլ կարգավորվում են Ծառայությունում պաշտոնի նշանակվելու, թեկնածուների ընտրության, ուսումնասիրման հարաբերությունները եւ այլն:

Ի տարբերության վերոգրյալի՝ Ծառայության պետի եւ տեղակալների պաշտոնի նշանակման եւ ազատման ընթացակարգն այլ է, մասնավորապես՝ վերջիններիս նշանակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

Միաժամանակ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Ծառայության պետի, տեղակալների եւ բարձրագույնից-կրտսեր խմբերի պաշտոնների համար նախատեսված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներն առանձին տողերով են ներկայացված, ինչը նշանակում է, որ սույն օրենքով Ծառայության պետի եւ տեղակալի պաշտոնները բարձրագույն խմբի մեջ չեն ներառվում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Ծառայության պետի եւ տեղակալի պաշտոնները չներառել Ծառայության պաշտոնների անվանացանկում:

8. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների բարելավման նպատակով Ծառայության ծառայողները վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում են վերապատրաստումների: Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուսումնական կենտրոնը, սույն օրենքին եւ իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝

1) Ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) Ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով Ծառայության ծառայողների պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ եւ կրթական ծրագրեր:

Միաժամանակ Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ՝ Ուսումնական կենտրոն ընդունելության, ուսումնական կենտրոն ընդունվելիս համապատասխան պայմանագիր կնքելու, ուսումնական կենտրոնն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի եւ ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու (այդ թվում՝ ուսման ծախսերի փոխհատուցման) հետ կապված հարցերը կարգավորվում են վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Ըստ էության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառված ձեւակերպումը չի արտացոլում նշված հոդվածի 4-րդ մասում Ուսումնական կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների շրջանակը եւ գործանականում հնարավորություն չի տալիս ծառայողի վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների եւ կրթական ծրագրերի իրականացումից հետո սահմանել նվազագույն ծառայության ժամկետ կամ փոխհատուցման հնարավորություն:

Հաշվի առնելով օրենքում տեղ գտած բացը, ինչպես նաեւ նկատի ունենալով այլ մարմիններում առկա կարգավորումները (օրինակ՝ Ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՊԾ-ում, Փրկարար ծառայությունում, ԱԳՆ-ում եւ այլն)՝ առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ:

9. Օրենքի 17-րդ հոդվածով սահմանվում են Ծառայությունում պաշտոնի նշանակման հետ կապված իրավահարաբերությունները, իսկ 37-րդ հոդվածով թվարկվում են պաշտոնից ազատման հիմքերը: Օրենքում տեղ չեն գտել Ծառայության ծառայողների փորձաշրջանի նշանակման եւ դրանց արդյունքում առաջացող իրավահարաբերությունները կարգավորող նորմեր: Եվ չնայած նրան, որ աշխատանքային օրենսգրքով առկա են փորձաշրջանի հարաբերությունները կարգավորող իրավանորմեր, սակայն, որպես պետական ծառայության տեսակ, առաջարկվում է Օրենքում իրավական հիմք նախատեսել Ծառայության պետի կողմից փորձաշրջանի ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու, առավելագույն փորձաշրջանի ժամկետ նախատեսելու, ինչպես նաեւ՝ փորձաշրջանը չհաղթահարելու դեպքում պաշտոնից ազատման հարցերը կարգավորելու համար:

10. «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի եւ Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Ծառայությունում ծառայությունը հանդիսանում է պետական ծառայության առանձին տեսակ եւ չի հանդիսանում զինվորական ծառայություն: Սակայն ինչպես Ծառայությունում, այնպես էլ զինվորական եւ պետական ծառայության (զինվորական ծառայությանը հավասարեցված) այլ տեսակներում, որոնց վրա տարածվում են զինվորական ծառայության իրավահարաբերությունները կարգավարող իրավանորմերը, նախատեսված են նույնանման կոչումներ: Մասնավորապես, օրենքի 23-րդ հոդվածով սահմանված են Ծառայության կոչումները, որոնք նույնական են պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, պետական պահպանության ծառայության մարմիններում եւ ոստիկանությունում ծառայողներին, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածով զինծառայողներին հավասարեցված՝ քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող կոչումներին: Կոչումների համանմանությունը կարող է շփոթ առաջացնել եւ Ծառայությունում իրականացվող ծառայությունը դիտարկվել որպես զինվորական ծառայություն կամ դրան հավասարեցված այլ ծառայություն: Ի տարբերություն զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, որոնց տրվում են կոչումներ, օրենսդիրը նախատեսել է դասային աստիճանների հատկացման հնարավորություն այնպիսի պետական ծառայողների համար, ինչպիսիք են քաղաքացիական ծառայողները, ներառյալ նաեւ՝ ԱԺ աշխատակազմի ծառայողները, դիվանագիտական ծառայողները, Ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայողները, ինչպես նաեւ իրավապահ համակարգի ծառայողները (դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե եւ այլն):

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների համար կոչումների փոխարեն սահմանել դասային աստիճաններ, որոնք առավել համահունչ են Ծառայությունում իրականացվող ծառայության բնույթին: Միաժամանակ օրենքի ընդունումից հետո Ծառայության դասային աստիճանները կհամապատասխանեցվեն այլ մարմիններում տրվող կոչումներին:

11. Օրենքի՝ «Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը եւ սոցիալական երաշխիքները» վերտառությամբ 41-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը:

2. Ծառայության ծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները պետության պաշտպանության ներքո են: Ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայության ծառայողն անվտանգությունն ապահովելու նպատակով իրավունք ունի դիմելու Ծառայության պետին:

3. Սույն հոդվածում նշված անձանց սոցիալական երաշխիքների տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:»:

Ըստ էության Օրենքի 41-րդ հոդվածում Ծառայողի համար նախատեսված սոցիալական երաշխիքներ թվարկված չեն, իսկ հոդվածի 1-2-րդ մասերը սահմանում են միայն ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների պաշտպանությունը՝ հնարավոր ոչ իրավաչափ գործողություններից: Ուստի, որեւէ օրենքով կարգավորված չէ, թե Ծառայողները ինչ սոցիալական երաշխիքներից կարող են օգտվել, որոնց տրամադրման կարգն ու պայմանները պետք է սահմանվեն վարչապետի որոշմամբ:

Հաշվի առնելով Օրենքի այս բացը, այդ թվում՝ օրենսդրի կողմից պետական ծառայության առանձնահատկությամբ պայմանավորված լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու հնարավորությունը՝ առաջարկվում է համապատասխան օրենքներում կատարել լրացումներ՝ բացառելով ինչպես Օրենքում առկա տարընկալումը, այնպես էլ՝ հստակ ամրագրելով Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակը՝ հաշվի առնելով Ծառայության գործառույթի առանձնահատկությունները եւ դրանով պայմանավորված ծառայողներին ներկայացվող պահանջները:

12. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ ՕՀԳ օրենք) համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի նաեւ Ծառայությունը: Ի թիվս մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումների, Ծառայությունն իրավունք ունի իրականացնել նաեւ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում միջոցառումը:

Նախագծով առաջարկվում է ՕՀԳ օրենքով թույլատրելի դարձնել Ծառայության կողմից թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման օպերատիվ-հետախուզական միջոցառման ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով՝ ինչը հնարավորություն կտա ապահովել միջոցառման օպերատիվությունը եւ ծառայության արդյունավետությունը:

2. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի ընդունման նպատակն է՝

1. օրենքով հստակ կարգավորել Ծառայությունում ծառայողին բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի փոխադրելու կամ նշանակելու հարաբերությունները.

2. բացառել օրենքի տարբեր հոդվածների միջեւ առկա տարընկալումը եւ ատեստավորման գործընթացի մասով ապահովել հստակություն եւ իրավական որոշակիություն.

3. հաշվի առնելով, որ հայրության արձակուրդը հանդիսանում է նպատակային արձակուրդի տեսակ, իսկ ամենամյա արձակուրդը աշխատողին հատկացվում է հանգստանալու եւ աշխատունակությունը վերականգնելու համար՝ Ծառայության ծառայողներին հատկացվող արձակուրդների շարքում ավելացնել նաեւ հայրության նպատակային արձակուրդի տեսակը, ինչպես նաեւ՝ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաեւ Ծառայության տղամարդ ծառայողներին:

Միաժամանակ հաշվի առնելով այլ մարմիններում կիրառվող փորձը (օրինակ՝ ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԶՈՒ-ում եւ այլն) եւ Ծառայությունում իրականացվող ծառայությանը բնորոշ առանձնահատկությունները՝ առաջարկվում է Ծառայողին հատկացնել 15-25, եւ 25 ու ավելի տարի ծառայելու դիմաց  լրացուցիչ արձակուրդ՝ ծառայությունում երկարատեւ ստաժի առկայության ու դրան համարժեք հանգստի ժամանակի ապահովման անհրաժեշտությամբ (որպես լրացուցիչ սոցիալական երաշխիք) պայմանավորված.

4. Հստակեցնել Ծառայության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, զենքի եւ հատուկ միջոցների կիրառման դեպքերը, սահմանել լիազորող նորմ Ծառայության պետի կողմից զենքի եւ հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման եւ պահելու կարգը սահմանելու մասին: Միաժամանակ ձերբակալելու համապատասխան իրավասություն է վերապահվում Ծառայությանը, որի նախատեսման իրավական հնարավորությունը բխում է եւ համահունչ է հետեւյալ իրավական ակտերին՝

1) Սահամադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով՝

- օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

- անձին իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:

2) Միաժամանակ Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալումը, որպես հարկադրանքի միջոց, կարող է կիրառվել նաեւ՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաեւ օրենսգրքի 109-րդ հոդվածի շրջանակում.

5. Հստակեցնել Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում ընդգրկելու կամ պաշտոնից ազատելու հիմքերը, ինչպես նաեւ սահմանել, որ կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է Ծառայությունում ծառայության ստաժ: Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել Օրենքի՝ տարընկալումներ առաջանցող դրույթները.

6. Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսման տեսակներում ներառել նաեւ կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելու իրավական հնարավորությունը, որը նաեւ աշխատողի համար լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն ավելի բարեխիղճ կատարելու համար: Ըստ էության, կարգապահական տույժը պետք է հետապնդի ոչ թե պատժիչ, այլ դաստիրակչական, նոր խախտումները կանխարգելու եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակ.

7. Բացառել օրենքներում առկա տարընկալումները՝ Ծառայության վարչական պաշտոնները (Ծառայության պետ եւ տեղակալ) չներառելով Ծառայության պաշտոնների անվանացանկում: Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ծառայության ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են նաեւ Ծառայության հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

8. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կամ սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար առաջարկվում է Ծառայության դասային աստիճաններ շնորհել նաեւ Ծառայությունում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց՝ հաշվի առնելով ոչ միայն այն, որ վերջիններս Ծառայության պաշտոնների խմբում ներառված չլինելով իրականացնում են համապատասխան ոչ պակաս բարդ եւ կարեւոր ծառայություն, այլ նաեւ՝ նկատի ունենալով Օրենքի 15-րդ հոդվածով օրենսդրի կողմից արդեն իսկ սահմանված հնարավորությունը, համաձայն որի՝ Ծառայության պետը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի եւ կարգապահական տույժի միջոցներ.

9. Հստակ իրավական հիմքեր նախատեսել պետական բյուջեի հաշվին իրականացվող պատրաստման եւ վերապատրաստման դեպքերում համապատասխան պայմանագրի կնքման, փոխհատուցման եւ ծառայության նվազագույն ժամկետներ սահմանելու վերաբերյալ.

10. Կարգավորել փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, իսկ փորձաշրջանը չհաղթահարելու դեպքում՝ դադարեցնել ծառայությունը.

11. Օրենքով հստակ կարգավորել Ծառայության կողմից թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ՕՀՄ-ի ինքնուրույն իրականացումը՝ սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով:

Նախագծի ընդունումն, ըստ էության, հնարավորություն կտա խնայել ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու եւ տեխնիկական աջակցություն ստանալու ու այլ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը եւ հնարավորություն կտա օպերատիվ-հետախուզական գաղտնի միջոցառումն իրականացնել առավել արդյունավետ եւ սեղմ ժամկետներում.

12. Նախագծի ընդունման արդունքում Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց ըստ պաշտոնների կհատկացվեն ոչ թե կոչումներ, այլ՝ դասային աստիճաններ՝ բացառելով զինվորական ծառայության հետ նույնացումն ու դրանից բխող երկիմաստությունները:

13. Հստակ ամրագրել Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքները՝ հաշվի առնելով Ծառայությունում իրականացվող ծառայության առանձնահատկությունները, ծառայողներին ներկայացվող պահանջները: Առաջարկվում է նաեւ նոր խմբագրությամբ շարադրել Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի նշանակման հիմքերը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը նշանակավում է, եթե՝

1. պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ծառայողն ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ

2. ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 11-րդ կետով (առողջական վիճակի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում ) նախատեսված հիմքով:  Հիմքերից հանվել է Ծառայության ծառայողին դատական կարգով սահմանափակ գործունակ ճանաչելու հիման վրա կենսաթոշակ նշանակելու դեպքը, քանի որ ստացվում էր, որ ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաեւ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած ծառայողի գործունակությունը սահմանափակվելու եւ ըստ այդմ ծառայությունը դադարեցվելու դեպքում՝ ծառայողը կենսաթոշակ ստանալու իրավունք կունենար:

3. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել Օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում եւ բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները եւ ապահովել Ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը:

4. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության  ծառայության կողմից:

5. «ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ».

Նախագիծը բխում է Հայաստանի՝ մինչեւ 2050 թվականը վերափոխման ռազմավարությունից, որի տեսլականներից մեկը աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալն է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն