Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասում «7-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ, 21-րդ եւ 22-րդ մասերով» բառերով.
2) 21-րդ մասում՝
ա) «եւ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի» բառերը փոխարինել «սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի» բառերով.
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«Սույն մասի կիրառության իմաստով, համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 եւ ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի):
Սույն մասով սահմանված՝ գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ մաս.
«22. Ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում՝
1) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի եւ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու եւ թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սույն կետի համաձայն հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող պակաս լինել Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսից.
2) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի եւ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը:
Սույն մասի կիրառության իմաստով, համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 եւ ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի):
Սույն մասով սահմանված՝ գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը՝
1) 12-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքներին (բացառությամբ՝ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին) վերագրվող՝ այդ իրերի մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաեւ 2-րդ հոդվածը կիրառվում են 2026 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների, ինչպես նաեւ այդ գործարքներին վերագրվող՝ մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի մասով: Ընդ որում, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 22-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ԱԱՀ-ով հարկման բազայի հաշվարկման նպատակով մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը ձեռք բերված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրի ձեռք բերման գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չի ներառվում: