Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1299-31.03.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.  Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի (այսուհետ՝ բանկ) վերակառուցման կարգն ու պայմանները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վերակառուցման գործընթաց նախաձեռնելու եւ իրականացնելու առանձնահատկությունները կարող են սահմանվել համագործակցության պայմանագրերով, հուշագրերով կամ այլ փաստաթղթերով:

3. Վերակառուցվող բանկի, կամուրջ բանկի եւ ակտիվների առանձնացման գործիքի շրջանակում ստեղծվող վարկային կազմակերպության գործունեության, ինչպես նաեւ բանկի վերակառուցման գործընթացի վրա տարածվում է բանկերի եւ բանկային գործունեությունը կարգավորող, վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի կարգավորումները, այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի դրույթներին:

4. Բանկի վերակառուցումը կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված վերակառուցման գործիքների եւ իրավասությունների կիրառման միջոցով ֆինանսական համակարգի կայունության, ձախողվող կամ հավանական ձախողվող բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատության ապահովման եւ պետական միջոցների պաշտպանությանն ուղղված գործընթաց է:

5. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն բանկերի եւ բանկային գործունեությունը կարգավորող, վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով եւ դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված նշանակությունը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

ԳԼՈՒԽ 2. ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 2. Բանկի վերակառուցման նպատակները

1. Բանկի վերակառուցման նպատակներն են.

1) ֆինանսական կայունության ապահովումը.

2) բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատության ապահովումը.

3) պետական միջոցների պաշտպանությունը՝ նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը:

2. Սույն օրենքի իմաստով բանկի գործունեությունը (գործառնությունը) համարվում է կրիտիկական, եթե ողջամիտ ժամկետում հնարավոր չէ այն փոխարինել այլ գործառույթով կամ գործառնությամբ, եւ այդ գործունեությունը (գործառնությունը)  դադարեցնելը վտանգում է կամ կարող է վտանգել ֆինանսական կայունությունը, խաթարում է կամ կարող է խաթարել տնտեսության համար էական նշանակություն ունեցող ծառայությունների մատուցումը: Կենտրոնական բանկի խորհուրդը իր կողմից սահմանված չափանիշների հիման վրա բացահայտում է բանկի կրիտիկական գործունեությունը (գործառնությունը)՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների հետ:

Հոդված 3. Վերակառուցման  սկզբունքները

1. Բանկի վերակառուցումն իրականացնելիս պետք է պահպանվեն հետեւյալ սկզբունքները.

1) բանկի վերակառուցման գործընթացում վնասները կրում են բանկի բաժնետերերը եւ փայատերերը (այսուհետ՝ մասնակիցներ) եւ  պարտատերերը՝ սույն օրենքով սահմանված  դեպքերում եւ «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված պահանջների բավարարման հակառակ հերթականությամբ.

2) «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված  պահանջների բավարարման միեւնույն հերթում ընդգրկված մասնակիցների եւ պարտատերերի նկատմամբ բանկի վերակառուցման գործընթացում կիրառվում է միեւնույն մոտեցումը, բացառությամբ, եթե տարբերակված մոտեցման կիրառումը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված վերակառուցման նպատակներին հասնելու համար, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում.

3) եթե բանկի վերակառուցման արդյունքում վերակառուցվող բանկի որեւէ մասնակից կամ պարտատեր կրի ավելի մեծ վնաս, քան կկրեր վերակառուցվող բանկի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման դեպքում, ապա վնասը փոխհատուցվում է սույն օրենքով սահմանված կարգով.

4) Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված վերակառուցման գործիքների, ինչպես նաեւ այլ իրավասությունների կիրառման համար չի պահանջվում վերակառուցվող բանկի, վերակառուցվող բանկի մասնակիցների, պարտատերերի, հաճախորդների եւ այլ անձանց համաձայնությունը.

5) բանկի վերակառուցման գործընթացում ավանդատուների երաշխավորված բանկային ավանդները՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  օրենքով սահմանված հատուցման չափով պաշտպանված են:

2. Վերակառուցվող բանկի մասնակիցները կամ պարտատերերը կամ երրորդ անձինք չեն կարող պահանջ ներկայացնել վերակառուցվող բանկի չփոխանցված կամ մասամբ փոխանցված ակտիվների, իրավունքների կամ պարտավորությունների նկատմամբ այն անձին, որին փոխանցվել են վերակառուցվող բանկի այլ ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները:

3. Բանկի վերակառուցման գործընթացում Կենտրոնական բանկի կողմից ընդունված որեւէ որոշման՝ վերակառուցվող բանկի մասնակիցների կամ պարտատերերի կողմից դատական կարգով բողոքարկումը չի կարող կասեցնել դրանցով սահմանված գործողությունների կատարումը՝ գործի ամբողջ դատական քննության ընթացքում:

Գլուխ 3. Վերակառուցման լիազոր մարմինը

Հոդված 4. Վերակառուցման լիազոր մարմինը

1. Վերակառուցման լիազոր մարմինը Կենտրոնական բանկն է: Բանկերի վերակառուցումը Կենտրոնական բանկի բացառիկ իրավասությունն է: Կենտրոնական բանկն ապահովում է բանկերի վերակառուցման գործառույթն իրականացնող ստորաբաժանման գործառութային անկախությունը, համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ համապատասխան տեղեկատվության եւ ռեսուրսներին հասանելիությունը սույն օրենքով իրեն վերապահված իրավասություններն իրականացնելու համար: Կենտրոնական բանկն ապահովում է բանկերի վերահսկողության եւ վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումների իրավասությունների եւ գործառույթների տարանջատումը: Կենտրոնական բանկի՝ բանկերի վերահսկողության եւ վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումների իրավասությունները եւ գործառույթները պետք է տարանջատվեն:

2. Կենտրոնական բանկում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է ստեղծվել բանկերի վերակառուցման հարցերով զբաղվող մասնագիտացված հանձնաժողով:

3. Կենտրոնական բանկը բանկի վերակառուցման համար իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված իրավասությունները, այդ թվում՝

1) մշակում, վերանայում եւ սույն օրենքով սահմանված պարբերականությամբ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատում է բանկերի վերակառուցման ծրագրերը.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով բանկերի նկատմամբ կիրառում է վերակառուցման գործիքներ.

3) իրականացնում է բանկերի վերակառուցման խոչընդոտների վերացմանն ուղղված՝ սույն օրենքով իր իրավասությանը վերապահված գործողություններ.

4) բանկերի վերակառուցման ծրագրերի կազմման, վերակառուցման գործընթացի նախապատրաստման եւ վերակառուցման իրականացման ընթացքում բանկից պահանջում է  բանկի գործունեության, բանկի մասնակիցների եւ կապված անձանց վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվություններ եւ տեղեկություններ.

5) իրականացնում է բանկերի վերակառուցման համար սույն օրենքով նախատեսված գնահատումները.

6) բանկի վերակառուցման դեպքում ստանձնում է բանկի կառավարման բոլոր մարմինների եւ մասնակիցների` օրենսդրությամբ սահմանված լիազորությունները եւ իրավասությունները,  այդ թվում՝ մասնակիցների անունից մասնակցությունն անկախ գնահատման կամ սակարկությունների հիման վրա որոշված գնով օտարելու, հետ կանչելու կամ հետ գնելու պահանջ ներկայացնելու իրավասությունները.

7) կարող է նշանակել հատուկ ղեկավար (ղեկավարության անդամներ), վաղաժամկետ դադարեցնել հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) լիազորությունները.

8) կարող է վերակառուցվող բանկի ղեկավարներին եւ աշխատակիցներին ազատել աշխատանքից եւ միակողմանիորեն դադարեցնել նրանց աշխատավարձի  վճարումը՝ վճարելով աշխատած օրերի համար հաշվարկված հիմնական աշխատավարձ, հավելում եւ հավելավճար.

9) կարող է դուրս գրել կամ փոխարկել վերակառուցվող բանկի հասանելի պարտավորությունները բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կամ փայերի կամ այլ բաժնային գործիքների (այսուհետ` բաժնային գործիքներ).

10) կարող է փոփոխել վերակառուցվող բանկի հասանելի պարտավորությունների պայմանագրերը, այդ թվում՝ պարտավորությունների մարման ժամկետները, վճարման ենթակա տոկոսադրույքը կամ դրանց վճարման ժամկետները.

11) կարող է վերակառուցվող բանկի կապիտալում հաշվառվող պահուստները եւ էմիսիոն եկամուտը ուղղել բանկի վնասի ծածկմանը.

12) կարող է դիմել դատարան՝ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքում բանկի կնքած պայմանագրերն անվավեր ճանաչելու համար.

13) կարող է կասեցնել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանագրերով իրավունքների իրացումը եւ պարտավորությունների կատարումը.

14) կարող է պահանջել իրավասու անձից դադարեցնել վերակառուցվող բանկի կողմից թողարկված ֆինանսական գործիքների՝ կարգավորվող շուկայում տեղաբաշխումը, առքուվաճառքը կամ կասեցնել առքուվաճառքի նպատակով ընդունումը կամ ցուցակումը.

15) կարող է պահանջել բանկից վճարահաշվարկային, քլիրինգային, արժեթղթերի պահառության եւ հաշվարկային համակարգերի հետ համագործակցության շրջանակներում նախատեսել այնպիսի պահանջներ, որոնք կապահովեն վերակառուցման գործընթացում այդ համակարգերի բնականոն գործունեությունը եւ ծառայությունների մատուցման անընդհատությունը.

16) կարող է սահմանել վերակառուցվող բանկի հաշվետվությունների հրապարակման եւ Կենտրոնական բանկ ներկայացնելու այլ կարգ կամ պարբերականություն.

17) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերի առաջացման կամ հնարավոր առաջացման դեպքում կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում վերահսկողական ներգործության միջոցառումների վերաբերյալ որոշում կայացնելուց հետո կարող է պահանջել  բանկից մշակել եւ Կենտրոնական բանկ ներկայացնել բանկի երկարաժամկետ կայունության ապահովման ծրագիր.

18) սույն օրենքով սահմանված այլ իրավասություններ:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել.

1) այն պայմանագրից բխող ցանկացած վճարում կամ պարտավորությունների կատարում, որի կողմ է վերակառուցվող բանկը.

2) պարտատերերի կողմից վերակառուցվող բանկի այն ակտիվների նկատմամբ իրավունքների իրականացումը, որոնք պարտավորությունների ապահովման միջոց են.

3) վերակառուցվող բանկի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող երրորդ անձանց՝ պայմանագիրը դադարեցնելու կամ վաղաժամկետ  մարում պահանջելու իրավունքը.

4) զուտացման համաձայնագրերի կամ ապահովված պարտատոմսերի զուտացման հնարավորությունը:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքն ի հայտ գալուց հետո՝ մինչեւ վերակառուցման որոշման կայացումը սույն հոդվածով սահմանված պայմանագրերի նկատմամբ կիրառվող կասեցման ժամանակահատվածը չի կարող գերազանցել 2 աշխատանքային օրը: Վերակառուցման որոշում կայացնելուց հետո սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կասեցման ժամանակահատվածը չի կարող գերազանցել կասեցման մասին որոշման մեջ նշված կասեցման օրվանից սկսված 60 աշխատանքային օրը` բացառությամբ հետեւյալ պարտավորությունների, որոնց համար կասեցման ժամանակահատվածը չի կարող գերազանցել 2 աշխատանքային օրը.

1) զուտացման համաձայանգրերը կամ ապահովված պարտատոմսերի զուտացման հնարավորությունը.

2) քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետեւանքով առաջացած պահանջները.

3) արձակման նպաստների եւ աշխատավարձերի (բացառությամբ բանկի հետ կապված անձանց) վճարման, հեղինակային պայմանագրերով պարգեւատրումների հետ կապված քաղաքացիների պահանջները:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կասեցման դեպքում չեն հաշվարկվում, վճարվում, գանձվում կամ բռնագանձվում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքով կամ պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները:

7. Սույն օրենքով նախատեսված վերակառուցման գործիքների եւ իրավասությունների կիրառումը հիմք չէ երրորդ անձի կողմից  պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից օգտվելու համար, եթե պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը պայմանավորված է սույն օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումներով: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կասեցումը չի համարվում բանկի կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում:

8. Կենտրոնական բանկը, նրա կառավարման մարմինները, աշխատակիցները (այդ թվում՝ նախկին աշխատակիցները), հատուկ ղեկավարը (ղեկավարության անդամները), ինչպես նաեւ ցանկացած անձ, ով ներկայացրել է Կենտրոնական բանկը կամ պատշաճ կերպով լիազորված է եղել գործելու Կենտրոնական բանկի անունից եւ ներգրավված է եղել վերակառուցման գործընթացում, չեն կարող պատասխանատվության ենթարկվել (այդ թվում՝ հատուցել վնասներ) բանկի վերակառուցման կապակցությամբ կայացված որոշման, կատարված գործողության կամ անգործության համար, եթե գործել են բարեխղճորեն եւ օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների շրջանակում այն համոզմունքով, որ իրենց գործողություններն ուղղված են իրենց լիազորությունների պատշաճ իրականացմանը: Սույն մասով սահմանված անձանց պատասխանատվության ենթարկելու որեւէ գործընթացի շրջանակում առաջացած ծախսերը եւ վնասները ենթակա են փոխհատուցման օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Կենտրոնական բանկի հայցի հիման վրա դատարանը կարող է անվավեր ճանաչել.

1) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը երեք տարվա ընթացքում բանկի կնքած այն գործարքները, որոնք բանկի հետ կնքվել են  բանկի ղեկավարի, մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց համար  ակնհայտորեն շահավետ պայմաններով.

2) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը երեք տարվա ընթացքում բանկի մասնակիցներին բաշխված շահութաբաժինները, նրանց կամ այլ անձանց օգտին անհատույց օտարված գույքը, ղեկավարներին վճարված պարգեւատրումները.

3) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը երեք տարվա ընթացքում կատարված այն գործարքները, որոնց արդյունքում բանկի կողմից տրամադրված գույքի իրական շուկայական արժեքն էականորեն գերազանցել է փոխարենն ստացված գույքի իրական շուկայական արժեքը, կամ այն գործարքները, որոնք ակնհայտորեն անշահավետ են եղել բանկի համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի կողմ է այլ ֆինանսական կազմակերպություն, եւ գործարքն անվավեր ճանաչելու հետեւանքով գործարքի այլ կողմ հանդիսացող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակն էապես կվատթարանա՝ հանգեցնելով ֆինանսական կայունության խաթարման.

4) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը իննսուն օրվա ընթացքում բանկի` նախկինում ստանձնած պարտավորությունների դիմաց բանկի կատարած վճարումները կամ գույքի օտարումը՝ բացառությամբ բանկի բնականոն գործունեության համար ընթացիկ վճարումների եւ այն դեպքերի, երբ գործարքի կողմ է այլ ֆինանսական կազմակերպություն, եւ գործարքն անվավեր ճանաչելու հետեւանքով գործարքի այլ կողմ հանդիսացող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակն էապես կվատթարանա՝ հանգեցնելով ֆինանսական կայունության խաթարման.

5) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը իննսուն օրվա ընթացքում կնքված զուտացման համաձայնությունը կամ ապահովության պայմանագիրը, եթե այդպիսի զուտացման համաձայնություն կամ ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում բանկի շահերից եւ հետապնդում էր բացառապես ակտիվները վերակառուցման (սնանկության) գործընթացից դուրս բերելու նպատակ:

10.  Սույն հոդվածով նախատեսված գործարքներն անվավեր ճանաչելու հայցով Կենտրոնական բանկը կամ հատուկ ղեկավարը կարող է դատարան դիմել բանկի վերակառուցման մասին որոշման կայացումից հետո` մեկ տարվա ընթացքում:

Գլուխ 4. Վերակառուցման ԾՐԱԳԻՐ Հոդված 5. Բանկի վերակառուցման ծրագիր

Հոդված 5. Բանկի վերակառուցման ծրագիր

1.  Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը  յուրաքանչյուր բանկի համար մշակում է բանկի ձախողման կամ հավանական ձախողման դեպքում Կենտրոնական բանկի հավանական գործողությունները նկարագրող ծրագիր (այսուհետ՝ Վերակառուցման ծրագիր): Վերակառուցման ծրագիրը  հաստատվում  է  Կենտրոնական բանկի խորհրդի կողմից եւ ենթակա է վերանայման առնվազն տարեկան պարբերականությամբ՝ բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Բանկի Վերակառուցման ծրագիրը առնվազն պետք է ներառի բանկի վերակառուցման կամ լուծարման հնարավորության գնահատումը եւ սույն օրենքի համաձայն վերակառուցման կամ լուծարման խոչընդոտները (առկայության դեպքում) վերացնելուն ուղղված միջոցառումները:

3. Վերակառուցման ծրագիր մշակելիս Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը  կարող է հիմք ընդունել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված պահանջների համաձայն բանկերի կողմից մշակվող վերականգնման ծրագրում բանկի կողմից ներկայացված տեղեկատվությունը, պահանջել բանկից ներկայացնել հաշվետվություններ եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաեւ կարող է հիմք ընդունել այլ պետությունների բանկերի վերակառուցում իրականացնող իրավասու մարմիններից եւ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունը:

4. Վերակառուցման ծրագիրը ենթակա չէ հրապարակման: Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքում վերակառուցման ծրագրի տրամադրումը չի համարվում հրապարակում:

5. Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը տրամադրում է բանկին ամփոփ վերակառուցման ծրագիրը՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկի Վերակառուցման ծրագիրը հաստատելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության, բանկը կարող է ներգրավվել վերակառուցման ծրագրի մշակման գործընթացում: Բանկը չի կարող սույն մասի համաձայն իրեն  հասանելի դարձած տեղեկությունները հրապարակել կամ տրամադրել այլ անձանց:

6. Այն դեպքում, երբ ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունը կարգավորվում կամ վերահսկվում է այլ մարմնի կողմից, Վերակառուցման ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է նաեւ ֆինանսական խմբի անդամին վերակառուցելու իրավասություն ունեցող մարմիններին՝ սույն օրենքով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը կարող է մշակել պարզեցված Վերակառուցման ծրագիր  եւ նախատեսել դրա վերանայման այլ պարբերականություն, որը չի կարող գերազանցել 3 տարին, եթե Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ, որն իրականացվում է տարեկան պարբերականությամբ, բանկի նկատմամբ կիրառվելու է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գործընթացը:

8. Բանկի Վերակառուցման ծրագիրը կարող է վերանայվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությունից հաճախ պարբերականությամբ՝ կախված բանկի իրավական կարգավիճակի, կազմակերպական կառուցվածքի, ֆինանսական վիճակի կամ ռազմավարական ծրագրի էական փոփոխություններից կամ բանկի Վերակառուցման ծրագրի իրագործելիության վրա ազդող էական հանգամանքների փոփոխությունից:

9. Բանկի  վերակառուցման  գործընթացում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կիրառել վերակառուցման ծրագրով չնախատեսված վերակառուցման գործիք կամ իրականացնել վերակառուցման ծրագրով չնախատեսված միջոցառումներ:

Հոդված 6. Բանկի վերակառուցման կամ լուծարման հնարավորության գնահատումը

1. Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը բանկի վերակառուցման կամ լուծարման  խոչընդոտներ հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում է բանկին եւ պահանջում ներկայացնել դրանց վերացմանն ուղղված բանկի գործողությունների ծրագիրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գրավոր պահանջը ստանալուց հետո բանկը Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում վերակառուցման կամ լուծարման խոչընդոտների վերացմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

3. Եթե վերակառուցվող բանկի կողմից սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա ներկայացված գործողությունները Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանման հիմնավոր կարծիքով բավարար չեն կամ արդյունավետ չեն բանկի վերակառուցման կամ լուծարման խոչընդոտները վերացնելու համար, ապա Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանման առաջարկով Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ կարող է բանկի համար սահմանել հետեւյալ գործողություններից մեկի կամ մի քանիսի իրականացման պարտադիր պահանջ, դրանց իրականացման կարգ կամ ժամկետներ.

1)  դադարեցնել կամ սահմանափակել գործունեության (գործառնության) որոշ տեսակներ.

2)  վաճառել ակտիվներ, նվազեցնել պարտավորություններ.

3)  թողարկել վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորություններ.

4)  սահմանել լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու պահանջ.

5)  իրականացնել անհրաժեշտ կառուցվածքային փոփոխություններ բանկում կամ ֆինանսական խմբում.

6)  պահանջել բանկի կանոնադրական կապիտալի ավելացում.

7) սահմանափակել բանկի առավելագույն ռիսկի չափը անձի կամ անձանց նկատմամբ.

8)  պահանջել  բանկից վերանայել երրորդ անձանց հետ կնքած պայմանագրերը՝ բացառելու համար պայմանագրերում այնպիսի դրույթների առկայությունը, որոնք  կարող են խոչընդոտել բանկի վերակառուցման գործընթացին  կամ բանկի վերակառուցման դեպքում բանկի գործառույթների անընդհատությանը.

9) պահանջել բանկից ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ ապահովելու համար սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով այլ պետությունում գտնվող ակտիվների կամ թողարկված բաժնային գործիքների կամ պարտավորությունների փոխանցման, դուրսգրման կամ փոխարկման իրականացումը.

10) իրականացնել այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են վերակառուցման խոչընդոտները վերացնելու համար:

Գլուխ 5. Բանկի վերակառուցումը

Հոդված 7. Բանկի վերակառուցման հիմքերը

1. Բանկը վերակառուցվում է սույն օրենքով սահմանված վերակառուցման գործիքների եւ իրավասությունների կիրառմամբ, եթե միաժամանակ առկա են սույն մասով սահմանված բոլոր հիմքերը.

1) բանկը ձախողվել է կամ հավանական է, որ կձախողվի,

2) բանկի, բանկի մասնակիցների կողմից իրականացված միջոցառումների կամ հնարավոր իրականացվող միջոցառումների, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական կամ վերահսկողական ներգործության միջոցառումների արդյունքում ողջամիտ ժամկետում հնարավոր չէ վերացնել բանկի ձախողման կամ հավանական ձախողման հիմքերը,

3) բանկի վերակառուցումն անհրաժեշտ է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներից որեւէ մեկի ապահովման համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով` բանկը ձախողվում է կամ հավանական է, որ կձախողվի, եթե.

1) բանկը ի վիճակի չէ կամ հավանական է, որ ի վիճակի չի լինի բավարարել պարտատերերի օրինական պահանջները, կամ

2) Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշների համաձայն՝ Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ բանկը խախտել է կամ հավանական է, որ կխախտի հիմնական տնտեսական նորմատիվները, կամ

3) բանկի ստանձնած պարտավորությունները գերազանցում են կամ հավանական է, որ կգերազանցեն բանկի ակտիվները, կամ

4) առկա են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 32-րդ հոդվածով կամ 65-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կամ «գ» կետով սահմանված բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու հիմքերը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բանկի ձախողման կամ հավանական ձախողման հիմքերի գնահատման կարգը: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի գնահատումներն իրականացվում են բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների եւ տեղեկությունների, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված այլ տեղեկատվության հիման վրա:

4. Անկախ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներից որեւէ մեկին հասնելու պայմանից՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ բանկը կարող է վերակառուցվել կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում լուծարվել: Բանկը կարող է վերակառուցվել, եթե

1) առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերը,

2) բանկը հնարավոր է վերակառուցել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված գործիքի կիրառմամբ,

3) բանկի վերակառուցման գործընթացի շրջանակում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) եւ Վերակառուցման հիմնադրամից օգտագործված միջոցների չափը չի գերազանցի բանկի հավանական լուծարման գործընթացի շրջանակում Հիմնադրամի ծախսերը:

Հոդված 8. Բանկի վերակառուցման գործընթացը

1. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում բանկը վերակառուցելու վերաբերյալ, եթե առկա են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է որոշում կայացնել բանկը վերակառուցելու վերաբերյալ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում:

2. Սույն հոդվածով սահմանված վերակառուցման մասին որոշում կայացնելու պահից՝ անհապաղ Կենտրոնական բանկը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39.1-ին գլխով սահմանված կարգով դատարան է ներկայացնում բանկի վերակառուցման մասին դիմում՝ կցելով բանկի վերակառուցման գործընթացը սկսելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի պատճառաբանված որոշումը: Կենտրոնական բանկի խորհրդի վերակառուցման գործընթացը սկսելու մասին որոշումը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված  են բանկի վերակառուցման հիմքերը, ինչպես նաեւ վերակառուցման գործընթացում նախատեսվող գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից անհապաղ այդ մասին ծանուցում է վերակառուցվող բանկին եւ Վերակառուցման հիմնադրամին,  իսկ բանկի՝ ֆինանսական խմբի անդամ լինելու դեպքում՝ համապատասխան վերակառուցման լիազոր մարմնին:  Սույն մասով նախատեսված անձինք եւ մարմինները չեն կարող հրապարակել կամ որեւէ եղանակով երրորդ անձանց տրամադրել կամ հասանելի դարձնել վերակառուցման վերաբերյալ իրենց ներկայացված տեղեկատվությունը:

4. Կենտրոնական բանկի՝ բանկի վերակառուցման մասին որոշումն առնվազն ներառում է վերակառուցման հիմքերը, վերակառուցման գործիքները, հատուկ ղեկավարության կազմը (առկայության դեպքում), իրավասությունները եւ պարտականությունները, կասեցման իրավասության կիրառման դեպքում՝ դրա ուժի մեջ մտնելու ժամկետը եւ կիրառման ժամանակահատվածը:

5. Բանկի վերակառուցման մասին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի որոշումն  ուժի մեջ մտնելուց  հետո Կենտրոնական բանկն իր կողմից սահմանված ձեւաչափով իր պաշտոնական կայքէջում հրապարակում է այդ որոշման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

6. Այն դեպքում, երբ կայացվել է որոշում սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ամփոփ տեղեկատվությունը ներառում է նաեւ փոխհատուցման տրամադրման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվություն:

7. Մինչեւ բանկի վերակառուցումը, վերակառուցման գործընթացում կամ դրանից հետո տեղեկությունների հրապարակումը այն անձի, պետական մարմնի եւ նրա պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկությունների տրամադրումը անհրաժեշտ է անձին իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար: Սույն մասի իմաստով  տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձեւով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ այլ կերպ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետեւանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):

8. Վերակառուցվող բանկի կառավարման մարմինները բանկի վերակառուցման որոշման մասին ծանուցվելու պահից պարտավոր են Կենտրոնական բանկին, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված դեպքերում նաեւ հատուկ ղեկավարին տրամադրել վերակառուցվող բանկի հաշվապահական եւ այլ փաստաթղթերը, վերակառուցվող բանկի գործունեությանը վերաբերող ցանկացած այլ տեղեկություններ, վերակառուցվող բանկի նյութական եւ այլ արժեքները:

Հոդված 9. Հատուկ ղեկավար

1. Կենտրոնական բանկը՝ բանկի վերակառուցման որոշմամբ նախատեսված գործընթացներն  իրականացնում է ինքնուրույն,  կամ հատուկ ղեկավարի (ղեկավարության) միջոցով: Հատուկ ղեկավարը եւ ղեկավարության անդամները  նշանակվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից եւ հաշվետու են Կենտրոնական բանկի խորհրդին: Հատուկ ղեկավարը իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված եւ բանկի վերակառուցման որոշմամբ սահմանված այլ իրավասություններ՝ սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված վերակառուցման նպատակներն ապահովելու համար:

2. Հատուկ ղեկավար (ղեկավարության անդամ) նշանակվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով բանկի ղեկավարի համար սահմանված չափանիշներին բավարարող անձը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով այլ բան սահմանված չէ:

3. Կենտրոնական բանկը հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամ) նշանակման որոշմամբ սահմանում է հատուկ ղեկավարի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը եւ պայմանները:

4. Հատուկ ղեկավար (ղեկավարության) նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից վերակառուցվող բանկի կառավարման բոլոր մարմինների լիազորություններն, այդ թվում՝ բանկի ընդհանուր ժողովի՝ որոշումներ կայացնելու լիազորություններն ամբողջությամբ անցնում  են հատուկ ղեկավարին, եթե Կենտրոնական բանկի խորհրդի՝ հատուկ ղեկավար նշանակելու որոշմամբ այլ բան նախատեսված չէ:  Հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) վարձատրության չափը սահմանվում է ղեկավար (ղեկավարության անդամներ) նշանակելու մասին որոշմամբ: Հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) վարձատրությունն իրականացվում է վերակառուցվող բանկի միջոցների հաշվին:

5. Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ կարող է վերակառուցվող բանկի ղեկավարներին առաջարկել որոշմամբ սահմանված ժամկետով պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները բանկում կամ նրանց ընդգրկել հատուկ ղեկավարության կազմում:

6. Հատուկ ղեկավարը (ղեկավարությունը)  նշանակվում է ոչ ավել, քան 1 տարի ժամկետով: Սույն մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել բացառիկ դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, յուրաքանչյուր անգամ՝ մինչեւ 1 տարի ժամկետով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վաղաժամկետ դադարեցնել հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) լիազորությունները, եթե

1) խախտվել են կամ չեն բավարարվում սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով հատուկ ղեկավարի նկատմամբ սահմանված պահանջները.

2) Կենտրոնական բանկի գնահատմամբ հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) կողմից չեն կատարվում կամ ոչ պատշաճ են կատարվում իր պարտականությունները կամ հատուկ ղեկավարի գործողությունները կամ անգործությունը խոչընդոտում են կամ չեն նպաստում բանկի վերակառուցման  իրականացմանը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում բանկի վերակառուցման որոշմամբ նախատեսված գործընթացներն  իրականացնում է Կենտրոնական բանկը՝ մինչեւ հատուկ ղեկավար (ղեկավարության անդամների) նշանակումը:

9. Հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) նշանակման, ինչպես նաեւ նրա լիազորությունների  դադարեցման որոշման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն բանկի վերակառուցման որոշման հրապարակումից հետո:

ԳԼՈՒԽ 6. ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 10. Բանկի ակտիվների եւ պարտավորությունների գնահատումը

1. Մինչեւ վերակառուցման մասին որոշում կայացնելը բանկի ակտիվները եւ պարտավորությունները գնահատվում են անկախ գնահատողի կողմից՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերակառուցման գործիքների ընտրության, վերակառուցման գործիքների կիրառման շրջանակում ակտիվների եւ պարտավորությունների չափի, կապիտալի գործիքների, պարտավորությունների  դուրսգրման կամ փոխարկման չափի որոշման նպատակով:  Սույն մասով սահմանված պահանջը չի սահմանափակում, որպեսզի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի կիրառման դեպքում հիմք ընդունվի սակարկության ժամանակ ձեւավորված վաճառքի գինը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անկախ գնահատումն իրականացնելու անհնարինության, այդ թվում՝ անկախ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ կարճ ժամկետում անկախ գնահատողի հետ պայմանագրի կնքման, անկախ գնահատումն անհրաժեշտ ժամկետում իրականացնելու անհնարինության դեպքում՝ Կենտրոնական բանկը, կամ ամբողջական անկախ գնահատում իրականացնելու համար բավարար ժամանակ կամ տեղեկատվություն չլինելու դեպքում՝ անկախ գնահատողը կարող է իրականացնել բանկի ակտիվների եւ պարտավորությունների միջանկյալ գնահատում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անկախ գնահատման բացակայության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջանկյալ գնահատումը հիմք է   վերակառուցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշում կայացնելու համար:

4. Վերակառուցման գործընթացի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում անկախ գնահատողի կողմից պետք է իրականացվի վերջնական անկախ գնահատում:

5. Այն դեպքում, երբ սույն հոդվածով սահմանված վերջնական անկախ գնահատման եւ միջանկյալ գնահատման արդյունքների միջեւ առկա է տարբերություն,  ապա վերակառուցման գործիքների կիրառման արդյունքը ճշգրտվում է՝ հիմք ընդունելով վերջնական անկախ գնահատման արդյունքները:

6. Սույն հոդվածով եւ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված անկախ գնահատողի վարձատրությունն իրականացվում է վերակառուցվող բանկի միջոցների հաշվին:

7. Սույն հոդվածով եւ սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անկախ գնահատողի ընտրության չափանիշները, կարգը, ինչպես նաեւ գնահատումների իրականացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 11. Բանկի վերակառուցման եւ պայմանական լուծարման ազդեցության տարբերության գնահատումը

1. Նախքան բանկի վերակառուցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշում կայացնելը իրականացվում է անկախ գնահատում, որի շրջանակում.

1) որոշվում է վերակառուցվող բանկի՝ վերակառուցման փոխարեն օրենսդրությամբ սահմանված լուծարման պայմանական ազդեցությունը մասնակիցների եւ պարտատերերի վրա,

2) գնահատվում է վերակառուցման ազդեցությունը մասնակիցների եւ պարտատերերի վրա,

3) հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված ազդեցության եւ 2-րդ կետով սահմանված ազդեցության տարբերությունը՝ առկայության դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անկախ գնահատում իրականացնելու անհնարինության, այդ թվում՝ անկախ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն չլինելու կամ սեղմ ժամկետում անկախ գնահատողի հետ պայմանագրի կնքման, անկախ գնահատումն անհրաժեշտ ժամանակում իրականացնելու անհնարինության դեպքում՝ Կենտրոնական բանկի, կամ ամբողջական անկախ գնահատում իրականացնելու համար բավարար ժամանակ եւ(կամ) տեղեկատվություն չլինելու դեպքում՝ անկախ գնահատողի կողմից իրականացվում է միջանկյալ գնահատում:

3. Վերակառուցման գործընթացի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում անկախ գնահատողի կողմից պետք է իրականացվի վերջնական անկախ գնահատում:

4. Այն դեպքում, երբ սույն հոդվածով սահմանված վերջնական անկախ գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ բանկի վերակառուցման արդյունքում որեւէ մասնակից կամ պարտատեր կրել է ավելի մեծ վնաս, քան կարող էր կրել բանկի՝ օրենսդրությամբ սահմանված պայմանական լուծարման դեպքում, այդ մասնակիցները կամ պարտատերերը փոխհատուցվում են Վերակառուցման հիմնադրամի կողմից՝ սույն հոդվածով սահմանված գնահատման արդյունքում գնահատված պայմանական լուծարման դեպքում տվյալ անձի կողմից ստացվող միջոցների եւ վերակառուցման արդյունքում ստացված միջոցների դրական տարբերության չափով:

5. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ վերակառուցման որոշումը կայացնելուց հետո երեք տարվա ընթացքում վերջնական անկախ գնահատումը իրականացված չի լինի, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում տրամադրել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոխհատուցումը՝ հիմք ընդունելով միջանկյալ գնահատման արդյունքները: Սույն մասի հիման վրա տրամադրված փոխհատուցումը ճշգրտվում է վերջնական անկախ գնահատման արդյունքների հիման վրա:

6. Սույն հոդվածով սահմանված փոխհատուցման որոշում կայացնելուց հետո Կենտրոնական բանկը ծանուցում է մասնակիցներին կամ պարտատերերին փոխհատուցման չափի մասին: Մասնակիցները կամ պարտատերերը ծանուցումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կարող են ներկայացնել իրենց առարկությունը փոխհատուցման չափի վերաբերյալ: Այն դեպքում, երբ մասնակիցները կամ պարտատերը սույն մասով սահմանված ժամկետում փոխհատուցման չափի վերաբերյալ առարկություն չեն ներկայացնում, չափի վերաբերյալ համաձայնությունը համարվում է տրված: Փոխհատուցման չափի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է փոխհատուցման չափը՝ ներկայացնելով իր որոշումը հիմնավորող փաստեր: Սույն մասով սահմանված ծանուցման եւ մասնակիցների կամ պարտատերերի կողմից փոխհատուցման չափի վերաբերյալ առարկություն ներկայացնելու ընթացակարգերը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկը սկսում է իրականացնել փոխհատուցում՝ իր կողմից սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի համաձայն մասնակիցներին կամ պարտատերերին փոխհատուցման վճարման փաստը հիմք չէ բանկի վերակառուցում չիրականացնելու համար:

ԳԼՈՒԽ 7. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ

Հոդված 12. Կապիտալի գործիքների դուրսգրումը եւ փոխարկումը

1. Բանկի վերակառուցման դեպքում մինչեւ վերակառուցման գործիքների կիրառումը կամ վերակառուցման գործիքների կիրառման հետ միաժամանակ կորուստները կլանելու կամ առաջին մակարդակի հիմնական կապիտալը համալրելու նպատակով՝ վերակառուցվող բանկի առաջին եւ երկրորդ մակարդակի կապիտալի գործիքները ենթակա են դուրսգրման կամ փոխարկման՝ բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված գործիքի կիրառման դեպքերի, որի դեպքում դուրսգրման հնարավորությունը սահմանվում է բանկը վերակառուցելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

2. Կապիտալի գործիքների դուրսգրման կամ փոխարկման նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդը հիմք է ընդունում սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն  իրականացված գնահատումների կամ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն սահմանաչափը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդն իրականացնում է ընդհանուր կապիտալի գործիքների դուրսգրում կամ փոխարկում սույն հոդվածի համաձայն որոշված չափով՝ հիմք ընդունելով առաջին եւ երկրորդ մակարդակի կապիտալի գործիքների գծով «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված  պահանջների բավարարման հակառակ հերթականությունը:

4. Կապիտալի դուրսգրման կամ փոխարկման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով:

ԳԼՈՒԽ 8. Բանկի վերակառուցման գործիքները

Հոդված 13. Բանկի վերակառուցման գործիքները

1. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկը վերակառուցելու համար կարող է կիրառել վերակառուցման հետեւյալ գործիքները.

1) բանկի (դրա մի մասի) վաճառք.

2) կամուրջ բանկի ստեղծում.

3) ակտիվների առանձնացում.

4) ներքին աջակցություն:

2. Կենտրոնական բանկը բանկի վերակառուցման գործընթացում ընտրում  է վերակառուցման այն գործիքները եւ կիրառում է սույն օրենքով սահմանված այն իրավասությունները, որոնք Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով տվյալ իրավիճակում լավագույնս կապահովեն սույն օրենքով սահմանված վերակառուցման նպատակները:

3. Կենտրոնական բանկը կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկ կամ մի քանի գործիք` բացառությամբ ակտիվների առանձնացման գործիքի, որը կարող է կիրառվել բացառապես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերակառուցման այլ գործիքի հետ միասին:

4. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը վերակառուցվող բանկի նկատմամբ կիրառել է բանկի (դրա մի մասի) վաճառքի կամ կամուրջ բանկի ստեղծման գործիքները, կամ այդ գործիքները ակտիվների առանձնացման գործիքի հետ, եւ վերակառուցվող բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները մասնակի են փոխանցվել, ապա փոխանցումից հետո վերակառուցվող բանկը ենթակա է լուծարման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Բանկի (դրա մի մասի) վաճառքի կամ կամուրջ բանկի ստեղծման գործիքի կիրառման միջոցով վերակառուցվող բանկում առկա ավանդները այլ բանկի փոխանցվելու դեպքում ավանդատուները չեն կարող իրենց բանկային ավանդի չփոխանցված մասի համար Հիմնադրամի նկատմամբ ունենալ որեւէ պահանջ, եթե փոխանցված բանկային ավանդի ընդհանուր գումարը հավասար է կամ գերազանցում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  օրենքով սահմանված հատուցման առավելագույն չափը: Սույն մասի համաձայն այլ բանկի փոխանցված բանկային ավանդների նկատմամբ կիրառվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պայմանները:

6. Բանկի վերակառուցման ընթացքում կանոնադրական կապիտալը համալրելիս մասնակիցների նախապատվության իրավունքները չեն կիրառվում, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այլ բան սահմանված չէ:

7. Վերակառուցվող բանկը եւ կամուրջ բանկը պարտավորվում են բավարարել օրենքներով եւ այլ իրավական ակտերով բանկերի համար սահմանված պահանջներին, այդ թվում՝ կատարում են բանկերի կողմից օրենսդրությամբ ֆինանսական համակարգի համար սահմանված բոլոր պարտադիր վճարները, եթե սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի` բանկի վերակառուցման որոշմամբ այլ բան սահմանված չէ:

8. Կենտրոնական բանկը բանկի վերակառուցման գործընթացում նշանակալից մասնակցության նախնական համաձայնությունը տրամադրելու համար կարող է  սահմանել հատուկ կարգ եւ պայմաններ:

Հոդված 14. Բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքը

1. Կենտրոնական բանկը բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի շրջանակում իրավասու է կամուրջ բանկ չհանդիսացող երրորդ անձի վաճառել.

1) վերակառուցվող բանկի բաժնետոմսերը կամ բաժնային այլ գործիքները, կամ

2) վերակառուցվող բանկի ակտիվները, իրավունքները կամ  պարտավորությունները՝ ամբողջությամբ կամ մասնակի:

2. Բանկի (դրա մի մասի) վաճառք կարող է իրականացվել միայն համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող կազմակերպությանը, եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վաճառքի արդյունքում փոխանցված գործառնությունների իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված է լիցենզիա (թույլտվություն):

3. Վերակառուցման ընթացքում բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքը կարող է կիրառվել մեկից ավելի անգամ մասնակի փոխանցումներ իրականացնելիս:

4. Բանկի (դրա մի մասի) վաճառքի դեպքում ձեռքբերողի կողմից վճարված ցանկացած գումար (առկայության դեպքում) պետք է ուղղվի.

1) բաժնետերերին, եթե բանկի (դրա մի մասի) վաճառքը տեղի է ունեցել վերակառուցվող բանկի՝ այդ անձանց պատկանող բաժնային այլ գործիքների փոխանցմամբ գնորդին.

2) վերակառուցվող բանկին, եթե բանկի (դրա մի մասի) վաճառքը տեղի է ունեցել վերակառուցվող բանկի ակտիվների, իրավունքների եւ պարտավորությունների կամ դրանց մի մասի փոխանցմամբ գնորդին:

5. Կենտրոնական բանկը բանկի (դրա մի մասի) վաճառքն իրականացնում է փակ սակարկությունների միջոցով, եթե բանկի (դրա մի մասի) վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով իրականացնելը կարող է վտանգել ֆինանսական կայունությունը: Բանկի (դրա մի մասի) վաճառքը սակարկություններով իրականացնելու կարգը եւ պայմանները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 15. Կամուրջ բանկի ստեղծման գործիքը

1. Կենտրոնական բանկի խորհրդի՝ բանկին վերակառուցելու որոշմամբ կամուրջ բանկի ստեղծման գործիքի կիրառում նախատեսված լինելու դեպքում Վերակառուցման հիմնադրամը հիմնադրում է կամուրջ բանկ: Կամուրջ բանկի հիմնադրումը ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է Վերակառուցման հիմնադրամի հաշվին: Կամուրջ բանկի բաժնային գործիքները կարող են ձեռք բերվել նաեւ ներքին աջակցության գործիքի կիրառման շրջանակում: Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իրականացնել կամուրջ բանկի կառավարման մարմինների, այդ թվում՝ ընդհանուր ժողովի իրավասությունները՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված դեպքերում:

2. Կենտրոնական բանկը կարող է վերակառուցվող բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները կամ բաժնային գործիքները ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել կամուրջ բանկին:

3. Կամուրջ բանկը ձեռք է բերում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված  ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները կամ բաժնային գործիքները՝ վերակառուցվող բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) շարունակականությունը ապահովելու եւ փոխանցված ակտիվները, իրավունքները, պարտավորությունները կամ բաժնային գործիքները վաճառելու նպատակով:

4. Կամուրջ բանկին փոխանցվող պարտավորությունները կարող են գերազանցել կամուրջ բանկին փոխանցվող ակտիվները, եթե փոխանցման արդյունքում կամուրջ բանկը կբավարարի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանած հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափին, իսկ սույն հոդվածի 12-րդ մասի համաձայն այլ սահմանաչափ սահմանված լինելու դեպքում՝ կբավարարի այդ սահմանաչափին:

5. Կամուրջ բանկին փոխանցված ավանդները շարունակում են համարվել երաշխավորված՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն` այդ օրենքով սահմանված չափով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոխանցման դեպքում՝ կամուրջ բանկի կողմից վճարված գումարը (առկայության դեպքում) պետք է ուղղվի.

1) մասնակիցներին, եթե կամուրջ բանկին փոխանցվել են վերակառուցվող բանկի` տվյալ անձանց պատկանող  բաժնային գործիքները.

2) վերակառուցվող բանկին, եթե կամուրջ բանկին փոխանցվել են վերակառուցվող բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները կամ դրանց մի մասը:

7. Կենտրոնական բանկը կամուրջ բանկի ստեղծման գործիքի կիրառման շրջանակներում կարող է կամուրջ բանկին փոխանցված ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները հետ փոխանցել վերակառուցվող (լուծարվող) բանկին, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.

1) ակտիվների, իրավունքների կամ պարտավորությունների փոխանցման որոշման կամ պայմանագրի մեջ նշված է դրանց հետ փոխանցման հնարավորության վերաբերյալ կամ

2) փոխանցված ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները չեն համապատասխանում փոխանցման որոշմամբ կամ պայմանագրով սահմանված պահանջներին:

8. Կամուրջ բանկի ղեկավարները նշանակվում եւ ազատվում են պաշտոնից Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կամուրջ բանկի ղեկավարների որոշումները մինչեւ դրանց ընդունումը ներկայացվում են Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը: Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի վերակառուցման որոշմամբ սահմանում է համաձայնեցման ներկայացվող որոշումների շրջանակը եւ ներկայացման կարգը:

9. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է կամուրջ բանկի ռազմավարությունը,  ինչպես նաեւ կամուրջ բանկի ղեկավարների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների չափերը:

10. Կամուրջ բանկը ստեղծվում է մինչեւ երկու տարի ժամկետով: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է վերակառուցվող բանկից ակտիվների, իրավունքների կամ պարտավորությունների կամ բաժնային գործիքների` կամուրջ բանկին կատարված վերջին փոխանցման օրվանից: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կամուրջ բանկի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել՝ յուրաքանչյուր անգամ ոչ ավել, քան 1 տարի ժամկետով: Կամուրջ բանկի գործունեության ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հիմնավորումները հրապարակվում են, եթե Կենտրոնական բանկի գնահատմամբ այն չի խաթարի  կամուրջ բանկի կամ ֆինանսական կայունությունը:

11. Կամուրջ բանկի՝ օրենքով սահմանված   ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը իրականացվում է կամուրջ բանկի միջոցների հաշվին:

12.  Կամուրջ բանկի գրանցման եւ լիցենզավորման, ղեկավարների գրանցման եւ գրանցումից հանելու, կամուրջ բանկին ակտիվների, իրավունքների եւ պարտավորությունների փոխանցման առանձնահատկությունները, կամուրջ բանկի լիցենզիայի վերաձեւակերպման կարգը, ինչպես նաեւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով: Կամուրջ բանկի նկատմամբ ժամանակավոր կարող են սահմանվել, այդ թվում՝ վերակառուցման որոշմամբ, հիմնական տնտեսական նորմատիվների կամ գործունեությանը վերաբերող  կարգավորումներից տարբերվող պահանջներ:

13. Կամուրջ բանկի բաժնային գործիքները երրորդ անձի կողմից ձեռք բերելու դեպքում կամուրջ բանկի լիցենզիան վերաձեւակերպվում է՝ հիմք ընդունելով «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված լիցենզավորման եւ գործունեության պահանջները:

14. Կամուրջ բանկի բաժնային գործիքները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկի կողմից ձեռք բերելու դեպքում բանկերը միանում են  «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված պահանջների համաձայն: Կամուրջ բանկը այլ գնով վաճառելու դեպքում ձեւավորվում է համապատասխանաբար պարտավորության կամ պահանջի իրավունք վերակառուցվող բանկի նկատմամբ:

15.  Կամուրջ բանկի բոլոր ակտիվները, իրավունքներն ու պարտավորությունները երրորդ անձի կողմից ձեռք բերելու դեպքում  կամ  դրանք հետ փոխանցելու դեպքում  կամուրջ բանկի ընդհանուր ժողովի որոշմամբ այն լուծարվում է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:

16. Կենտրոնական բանկի կողմից կամուրջ բանկի գործունեության՝ սույն օրենքով սահմանված ժամկետը չերկարաձգելու դեպքում կամուրջ բանկի գործունեությունը դադարեցվում է, եւ այն լուծարվում է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 16. Ակտիվների առանձնացման գործիքը

1. Կենտրոնական բանկի խորհրդի՝ բանկին վերակառուցելու որոշմամբ ակտիվների առանձնացման գործիքի կիրառում նախատեսված լինելու դեպքում Վերակառուցման հիմնադրամը ստեղծում է վարկային կազմակերպություն (այսուհետ նաեւ՝ Վարկային կազմակերպություն), որը.

1) ստեղծվում է վերակառուցվող բանկի կամ կամուրջ բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները ամբողջությամբ կամ մասնակի փոխանցելու նպատակով,

2) ամբողջությամբ կամ մասամբ ստեղծվում է Վերակառուցման հիմնադրամի հաշվին:  Վարկային կազմակերպության բաժնային գործիքները կարող են ձեռք բերվել նաեւ ներքին աջակցության գործիքի կիրառման շրջանակում:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է որոշել փոխանցել վերակառուցվող բանկի կամ կամուրջ բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները վարկային կազմակերպությանը, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.

1) տվյալ ակտիվի արագ վաճառքը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ այդ ակտիվի կամ ֆինանսական շուկայի վրա.

2) փոխանցումը անհրաժեշտ է ակտիվներն, իրավունքներն ու պարտավորությունները փոխանցող բանկի անխափան գործունեությունն ապահովելու համար.

3) փոխանցումը անհրաժեշտ է ակտիվների վաճառքից կամ մարումից առավելագույն գումար ստանալու նպատակով:

3. Վարկային կազմակերպության նպատակն է հնարավոր առավելագույնի հասցնել ակտիվների վաճառքից կամ մարումից ստացվող միջոցները:

4. Սույն հոդվածի կիրառման իմաստով Վարկային կազմակերպությունն ունի «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված նշանակությունը: Սույն հոդվածի համաձայն ստեղծված վարկային կազմակերպությունն իրականացնում է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված գործառնությունները՝ բացառապես սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված նպատակն ապահովելու համար:

5. Վարկային կազմակերպության ղեկավարները նշանակվում եւ ազատվում են պաշտոնից Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Վարկային կազմակերպության ղեկավարների որոշումները մինչեւ դրանց ընդունումը ներկայացվում են Կենտրոնական բանկի խորհրդին՝ համաձայնեցման: Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի վերակառուցման որոշմամբ սահմանում է համաձայնեցման ներկայացվող որոշումների շրջանակը եւ ներկայացման կարգը:

6.  Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է Վարկային կազմակերպության ռազմավարությունը, ինչպես նաեւ Վարկային կազմակերպության ղեկավարների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների չափերը:

7. Վարկային կազմակերպությունը ստեղծվում է մինչեւ երկու տարի ժամկետով: Ժամկետի հաշվարկը սկսվում է վերակառուցվող բանկից ակտիվների, իրավունքների կամ պարտավորությունների` վարկային կազմակերպությանը կատարված վերջին փոխանցման օրվանից: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Վարկային կազմակերպության գործունեությունը կարող է երկարաձգվել ՝ յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Վարկային կազմակերպության գործունեության ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հիմնավորումները հրապարակվում են, եթե Կենտրոնական բանկի գնահատմամբ այն չի խաթարի վարկային կազմակերպության կամ ֆինանսական համակարգի կայունությունը:

8. Վարկային կազմակերպության գրանցման եւ լիցենզավորման, ղեկավարների գրանցման եւ գրանցումից հանելու, ակտիվների, իրավունքների եւ պարտավորությունների փոխանցման առանձնահատկությունները, լիցենզիայի վերաձեւակերպման կարգը, ինչպես նաեւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով: Վարկային կազմակերպության նկատմամբ ժամանակավոր կարող են սահմանվել, այդ թվում՝ վերակառուցման որոշմամբ, գործունեության եւ հիմնական տնտեսական նորմատիվների կամ կարգավորումներից տարբերվող պահանջներ:

9. Վարկային կազմակերպության բոլոր ակտիվները, իրավունքներն ու պարտավորությունները երրորդ անձի կողմից ձեռք բերելու դեպքում  կամ  դրանք հետ փոխանցելու դեպքում Վարկային կազմակերպության ընդհանուր (հիմնադիրների) ժողովի որոշմամբ այն լուծարվում է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգով:

10. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Վարկային կազմակերպության գործունեության՝ սույն օրենքով սահմանված ժամկետը չերկարաձգելու դեպքում Վարկային կազմակերպության գործունեությունը դադարեցվում է, եւ այն լուծարվում է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Ներքին աջակցության գործիքը

1. Ներքին աջակցության գործիքի շրջանակում վերակառուցվող բանկի պարտավորությունները (այսուհետ՝ հասանելի պարտավորություններ), փոխարկվում կամ դուրս են գրվում սույն օրենքով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կիրառում է ներքին աջակցության գործիքը.

1) վերակառուցվող բանկի կորուստների ծածկման կամ ընդհանուր կապիտալի համալրման նպատակով, կամ

2) կամուրջ բանկի ստեղծման գործիքի կամ բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի կամ ակտիվների առանձնացման գործիքի շրջանակներում կորուստների ծածկման կամ ընդհանուր կապիտալի համալրման նպատակով՝ իրականացնելով փոխանցված պարտավորությունների դուրսգրում կամ ընդհանուր կապիտալի փոխարկում:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նպատակով կիրառել ներքին աջակցության գործիքը միայն այն դեպքում, երբ գնահատել է, որ բարձր է հավանականությունը, որ ներքին աջակցության գործիքի եւ սույն օրենքով սահմանված այլ միջոցառումների կիրառումը, վերակառուցման նպատակներն իրականացնելու հետ միաժամանակ կվերականգնի վերակառուցվող բանկի երկարաժամկետ կենսունակությունը:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իրականացնել հասանելի պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ դուրսգրում կամ փոխարկում ընդհանուր կապիտալի գործիքների, եթե սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն իրականացված ընդհանուր կապիտալի գործիքների դուրսգրումը կամ փոխարկումը չեն ապահովում սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կորուստների կլանումը կամ կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն սահմանաչափի համալրումը՝ հիմք ընդունելով հասանելի պարտավորությունների գծով «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված  պահանջների բավարարման հակառակ հերթականությունը:

5. Ներքին աջակցության գործիքի շրջանակում հասանելի պարտավորությունների  դուրսգրման եւ փոխարկման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով՝ արտարժութային հասանելի պարտավորությունների համար կիրառելով ներքին աջակցության գործիքը կիրառելու որոշման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ արժութային շուկայում ձեւավորված միջին փոխարժեքը:

Հոդված 18. Ներքին աջակցության գործիքի կիրառման շրջանակը

1. Ներքին աջակցության գործիքը կարող է կիրառվել բանկի բոլոր պարտավորությունների նկատմամբ՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պարտավորությունների:

2. Սույն մասով սահմանված հետեւյալ պարտավորությունները ենթակա չեն դուրսգրման կամ կապիտալի փոխարկման.

1) ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) Հայաստանի Հանրապետության դրամով եւ արտարժույթով տվյալ բանկում հանրագումարային մինչեւ երկու հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք բանկային ավանդներ, բացառությամբ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»-ից «զ» կետերով սահմանված բանկային ավանդների,

2) ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) Հայաստանի Հանրապետության դրամով եւ արտարժույթով տվյալ բանկում հանրագումարային երկու հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող բանկային ավանդների՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված երաշխավորված մասը.

3) ապահովված պարտավորություններ, ինչպես նաեւ ռեպո համաձայնագրերով, ապահովված հիպոտեկային պարտատոմսերով ներգրավված միջոցներ, եւ հեջավորման նպատակով օգտագործվող ֆինանսական գործիք հանդիսացող պարտավորություններ,

4) կենսաթոշակային ֆոնդերի միջոցներ,

5) ֆինանսական կազմակերպությունների, բացառությամբ միեւնույն խմբի անդամ ընկերությունների նկատմամբ մինչեւ յոթ օր պայմանագրային ժամկետ ունեցող պարտավորություններ,

6) վճարահաշվարկային համակարգերի եւ արժեթղթերի հաշվարկային համակարգերի, դրանց քլիրինգը եւ վերջնահաշվարկն իրականացնող անձանց, օպերատորների, գործակալների եւ մասնակիցների նկատմամբ՝ այդ համակարգերում անդամակցությունից առաջացող մինչեւ յոթ օր մարմանը մնացած ժամկետ ունեցող պարտավորություններ,

7) հաշվեգրված եւ չվճարված աշխատավարձերի կամ այլ վարձատրությունների գծով պարտավորություններ աշխատակիցների նկատմամբ, բացառությամբ պարգեւատրումների եւ լրավճարների,

8) այն պարտատերերի նկատմամբ պարտավորություններ, ովքեր վերակառուցվող բանկին վաճառել են ապրանքներ կամ մատուցել են ծառայություններ, որոնք անհրաժեշտ են բանկի ամենօրյա գործունեությունը ապահովելու համար, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ծառայություններ, կոմունալ եւ վարձակալական ծառայություններ,

9) հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ,

10) Հիմնադրամին իրականացվող երաշխիքային վճարներ եւ Վերակառուցման հիմնադրամին կատարվող հատկացումների գծով պարտավորություններ:

3. Կենտրոնական բանկը կարող է ներքին աջակցության գործիքը կիրառել նաեւ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պարտավորության՝ այդ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող ակտիվի կամ այլ իրավունքի արժեքը գերազանցող մասի նկատմամբ:

4. Ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասի՝ ներքին աջակցության գործիք կիրառելու որոշում կայացնելու պահին Կենտրոնական բանկը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դուրսգրման կամ փոխարկման ենթակա հասանելի պարտավորությունների համար սահմանել բացառություն, եթե.

1) հնարավոր չէ ողջամիտ ժամկետներում ապահովել այդ պարտավորության դուրսգրումը կամ ընդհանուր կապիտալի փոխարկումը, կամ

2) պարտավորության դուրսգրման կամ փոխարկման արդյունքում կխախտվի վերակառուցվող բանկի կրիտիկական գործունեության (գործառնության)  անընդհատությունը, կամ

3) պարտավորության դուրսգրման կամ փոխարկման արդյունքում կխաթարվի ֆինանսական համակարգի այլ մասնակիցների եւ/կամ տնտեսության այլ ճյուղերի բնականոն գործունեությունը, կամ

4) պարտավորության դուրսգրման կամ փոխարկման արդյունքում այլ պարտատերերի կրած վնասները ավելի մեծ կլինեն, քան այն դեպքում, եթե այդ պարտավորությունը դուրս չգրվեր կամ չփոխարկվեր:

Ընդ որում, սույն մասով նախատեսված բացառությունների կիրառման կարգը եւ պայմանները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, երբ Կենտրոնական բանկի խորհուրդն ամբողջությամբ կամ մասնակի բացառում է որոշակի հասանելի պարտավորությունների դուրսգրումը կամ կապիտալի փոխարկումը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մեծացնել տվյալ հերթում մնացած այլ հասանելի պարտավորությունների փոխարկման կամ դուրսգրման չափը:

6. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկի խորհուրդն ամբողջությամբ կամ մասնակի բացառում է որոշակի հասանելի պարտավորությունների դուրսգրումը կամ կապիտալի փոխարկումը, եւ չի ապահովվել դուրսգրման կամ կապիտալի փոխարկման անհրաժեշտ չափը,  ապա Վերակառուցման հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն բացառված պարտավորությունների հանրագումարի չափով.

1) առկա վնասները ծածկելու եւ վերակառուցվող բանկի զուտ ակտիվների զրոյական մեծությունը վերականգնելու համար, կամ

2) վերակառուցվող բանկի  (այդ թվում՝ բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի շրջանակում) ընդհանուր կապիտալի համալրման նպատակով բաժնային գործիքներ ձեռքբերելու համար՝ առավելագույնը Կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի անհրաժեշտ մեծության ապահովման համար:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում Վերակառուցման հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել բացառապես, եթե կորուստները կլանվել են վերակառուցվող բանկի առաջին եւ երկրորդ մակարդակի կապիտալի, ինչպես նաեւ ընդհանուր կապիտալի եւ վերակառուցման համար  հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվի հաշվարկում ներառված պարտավորությունների (առկայության դեպքում) միջոցով:

Հոդված 19. Ընդհանուր կապիտալի եւ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվ

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի եւ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի հիմնական տնտեսական նորմատիվ` հաշվի առնելով նաեւ տվյալ բանկի վերակառուցման ծրագիրը: Յուրաքանչյուր բանկի համար ընդհանուր կապիտալի եւ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվը կարող է տարբեր լինել:

Հոդված 20. Բանկի երկարաժամկետ կենսունակության ապահովման ծրագիր

1. Բանկը, որի ընդհանուր կապիտալը համալրելու նպատակով հավանական է, որ կիրառվելու է ներքին աջակցության գործիքը,  նախքան վերակառուցման որոշման կայացումը կամ բանկի վերակառուցման որոշման կայացումից հետո Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում պետք է մշակի եւ Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնի բանկի երկարաժամկետ կենսունակության վերականգնումը նկարագրող ծրագիր: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ներկայացվող ծրագրում ներառվող տեղեկատվության ցանկը, դրա հաստատման եւ վերանայման կարգը եւ ժամկետները, եւ ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը եւ ժամկետները:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է պահանջել իրականացնել փոփոխություններ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծրագրում, եթե իր գնահատմամբ ծրագրով նախատեսված միջոցառումները արդյունավետ չեն:

3.  Սույն հոդվածով սահմանված ծրագրով նախատեսված միջոցառումները կամ գործողությունները ենթակա են պարտադիր կատարման, իսկ չկատարելու դեպքում պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն  դրանց չկատարման վերաբերյալ հիմնավորումները: Եթե ներկայացված հիմնավորումները Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բավարար չեն, ապա, դա կարող է հիմք լինել բանկի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար:

Գլուխ 9. ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 21. Պետական արտակարգ աջակցություն

1. Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

1) Կենտրոնական բանկի գնահատմամբ առանց պետական  արտակարգ աջակցության տրամադրման հնարավոր չէ ապահովել տնտեսությունում ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը,

2) Կենտրոնական բանկի գնահատմամբ սույն օրենքի համաձայն տվյալ բանկի վերակառուցման որոշմամբ կամ դրա նախագծով սահմանված վերակառուցման ֆինանսավորման միջոցները, այդ թվում՝ Վերակառուցման հիմնադրամի միջոցները կամ ֆինանսավորման ապահովման այլ միջոցառումները, ինչպես նաեւ ընդհանուր կապիտալի գործիքների դուրսգրումը, բավարար չեն ողջամիտ ժամկետում սույն օրենքով սահմանված վերակառուցման նպատակներն ապահովելու համար,

3) Կենտրոնական բանկի գնահատմամբ բանկի վերակառուցման որոշման նախագծով նախատեսված գործողությունները բավարար ֆինանսավորման առկայության դեպքում իրատեսական են իրավիճակը կայունացնելու համար,

4) բանկի վերակառուցման որոշման նախագծում նախատեսված է, որ վերակառուցման գործընթացում կորուստները կլանվելու են առնվազն վերակառուցվող բանկի առաջին եւ երկրորդ մակարդակի կապիտալի (առկայության դեպքում) , ինչպես նաեւ ընդհանուր կապիտալի եւ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվի հաշվարկում ներառված պարտավորությունների (առկայության դեպքում) միջոցով:

2. Այն դեպքում, երբ բանկի վերակառուցման որոշման նախագծով կամ վերակառուցման որոշման մեջ փոփոխություններ կամ լրացումներ իրականացնելու նախագծով նախատեսված է պետական արտակարգ աջակցության ստացման անհրաժեշտություն, ապա Կենտրոնական բանկը մինչեւ բանկի վերակառուցման որոշում կայացնելը կամ բանկի վերակառուցման որոշումը փոփոխելը ծանուցում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ ներկայացնելով բանկի վերակառուցման վերաբերյալ հիմնավորումները, ինչպես նաեւ պետական աջակցության միջոցով վերակառուցման նպատակներին հասնելու վերաբերյալ վերլուծությունը:  Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը չի կարող հրապարկվել կամ այլ կերպ տրամադրվել երրորդ անձանց:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի վերակառուցման մասին սույն հոդվածով սահմանված որոշումը կայացնելուց հետո այդ մասին անմիջապես ծանուցում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

Գլուխ 10. ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ Հիմնադրամ




Հոդված 22. Վերակառուցման հիմնադրամ

1. Բանկի վերակառուցումը ֆինանսավորելու նպատակով ստեղծվում է հիմնադրամ (այսուհետ՝ Վերակառուցման հիմնադրամ): Վերակառուցման հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը բանկի վերակառուցման ֆինանսավորումն է: Վերակառուցման հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում Վերակառուցման հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորությունների համար:

2. Վերակառուցման հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

3. Վերակառուցման հիմնադրամի կառավարումն իրականացվում է Հիմնադրամի կառավարման մարմինների միջոցով:

4. Վերակառուցման հիմնադրամի կառավարումն իրականացվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

5. Հիմնադրամն իրականացնում է Վերակառուցման հիմնադրամի առանձնացված կառավարումը, ակտիվների եւ պարտավորությունների առանձնացված հաշվապահական հաշվառումը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմումը, ներկայացումը համապատասխան մարմիններին եւ հրապարակումը:

6. Վերակառուցման հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքներով եւ դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով:

7. Կենտրոնական բանկը կարող է Վերակառուցման հիմնադրամի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-9-րդ մասերով սահմանված դեպքերում եւ կարգով:

8. Վերակառուցման հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգվում է օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը եւ ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ:

9. Վերակառուցման հիմնադրամի միջոցների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկությունների, չեն կարող հրապարակվել, տրամադրվել այլ անձանց եւ պետական մարմինների (բացառությամբ՝ Կենտրոնական բանկի եւ պետական աջակցության անհրաժեշտության դեպքում՝ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի): Այդ տեղեկությունների պահպանումը, տրամադրումը եւ հրապարակումն իրականացվում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով:

Հոդված 23. Վերակառուցման հիմնադրամի միջոցները եւ դրանց օգտագործումը

1. Վերակառուցման հիմնադրամի միջոցներն են սույն օրենքով սահմանված վերակառուցման վճարները, ստացված վարկերը (փոխառությունները), երաշխիքները, դրամաշնորհները, նվիրատվությունները եւ նվիրաբերությունները, Վերակառուցման հիմնադրամի միջոցների կառավարումից ստացված եկամուտները, օրենքով չարգելված այլ եկամուտներն ու միջոցները:

2. Վերակառուցման հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել հետեւյալ դեպքերում եւ վերակառուցման որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներով.

1) բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի շրջանակում վաճառված ակտիվները կամ պարտավորությունները, վերակառուցվող բանկի, կամուրջ բանկի կամ սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության ակտիվները կամ պարտավորությունները երաշխավորելու համար: Սույն կետով սահմանված երաշխավորության օգտագործման դեպքում ձեռք է բերվում պահանջի իրավունք վերակառուցվող բանկի նկատմամբ.

2) վերակառուցվող բանկին, կամուրջ բանկին կամ սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպությանը փոխառություն տրամադրելու համար.

3)վերակառուցվող բանկի ակտիվները գնելու համար.

4) կամուրջ բանկի կամ սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության կապիտալում ներդրում կատարելու համար.

5)մասնակիցներին եւ պարտատերերին՝ սույն օրենքով սահմանված դեպքում փոխհատուցելու համար.

6)բանկի վերակառուցման գործընթացում վերակառուցվող բանկին միջոցներ տրամադրելու կամ կապիտալում ներդրում կատարելու համար.

7) Հիմնադրամին փոխառություն կամ երաշխավորություն տրամադրելու կամ օրենսդրությամբ սահմանված դեպքում փոխհատուցելու համար.

8)սույն օրենքով սահմանված դատական ծախսերի եւ վնասների փոխհատուցման համար.

9)Վերակառուցման հիմնադրամի վարչական ծախսեր եւ կապիտալ ներդրումներ կատարելու համար.

10)   սույն հոդվածի  1-ին մասի համաձայն ձեւավորված պարտավորությունները մարելու կամ սպասարկելու եւ այլ գործառնական ծախսեր իրականացնելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ուղղություններով Վերակառուցման հիմնադրամի միջոցների օգտագործումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա, եւ Հիմնադրամի կամ Վերակառուցման հիմնադրամի համաձայնությունը չի պահանջվում: Մինչեւ բանկի վերակառուցման մասին որոշում կայացնելը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում Հիմնադրամը պետք է ներկայացնի Վերակառուցման հիմնադրամի միջոցները իրացվելի դարձնելու ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն:

4. Վերակառուցման հիմնադրամի կողմից փոխառության կամ երաշխավորության տրամադրման չափանիշները եւ պայմանները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի իրավական ակտով: Վերակառուցման որոշումը պետք է անդրադառնա փոխառության կամ երաշխավորության տրամադրման պայմաններին:

5. Վերակառուցման հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել նախորդ օրացուցային տարվա վերջի դրությամբ Վերակառուցման հիմնադրամի ակտիվների 0.3 տոկոսը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն Վերակառուցման հիմնադրամի միջոցները կապիտալի համալրմանն ուղղելու դեպքում Կենտրոնական բանկը պետք է մշակի  այդ մասնակցության վաճառքի պլանը՝ հաշվի առնելով վերակառուցման գործիքի առանձնահատկությունները եւ առկա իրավիճակը:

Հոդված 24. Վերակառուցման հիմնադրամի մակարդակը

1. Վերակառուցման հիմնադրամի մակարդակը, դրան հասնելու ժամկետը եւ բանկերի կողմից վճարվող պարբերական վճարների հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 25. Վերակառուցման հիմնադրամին կատարվող վճարները

1. Բանկերը սույն օրենքով սահմանված կարգով Վերակառուցման հիմնադրամին վճարում են միանվագ, պարբերական եւ լրացուցիչ վճարներ: Վերակառուցման հիմնադրամին իրականացվող վճարումների հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Բանկերը վերակառուցման վճարները կատարում են Հայաստանի Հանրապետության դրամով:

3. Բանկերի կողմից վերակառուցման վճարները հավաքագրվում են այդ նպատակով Կենտրոնական բանկում բացված հաշվին:

4. Վերակառուցման հիմնադրամին բանկերի կողմից կատարված վճարները բանկերի համար համարվում են ծախս եւ ենթակա չեն վերադարձման:

5. Վերակառուցման հիմնադրամի միջոցների վրա չի կարող բռնագանձում, գանձում կամ արգելանք կիրառվել:

Հոդված 26. Միանվագ, պարբերական եւ լրացուցիչ վճարներ

1. Նոր ստեղծվող բանկերը, բացառությամբ կամուրջ բանկի եւ վերակազմավորման միջոցով ստեղծվող բանկերի, բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում վճարում են միանվագ վճար` բանկերի կողմից տվյալ բանկի լիցենզավորմանը նախորդող տարվա ընթացքում վճարված պարբերական  վճարների ընդհանուր գումարի 5  տոկոսի չափով:

2. Բանկերը կատարում են եռամսյակային պարբերական վճար նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ տվյալ բանկի ակտիվների մինչեւ 0,1 տոկոսի չափով սույն օրենքով սահմանված Վերակառուցման հիմնադրամի մակարդակն ապահովելու նպատակով: Վերակառուցման հիմնադրամի մակարդակի հաշվարկում հաշվի են առնվում դրա պարտավորությունների գծով արտահոսքերը՝ որպես Վերակառուցման հիմնադրամի միջոցները նվազեցնող տարրեր: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է տարբեր բանկերի համար սահմանել տարբերակված պարբերական վճարներ՝ կախված առանձին բանկի ռիսկայնության մակարդակից՝ ըստ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշների:

3. Այն դեպքում, երբ Վերակառուցման հիմնադրամում առկա միջոցները բավարար չեն սույն օրենքով սահմանված կարգով բանկի վերակառուցումն  իրականացնելու համար կամ վերակառուցման գործընթացում Վերակառուցման հիմնադրամի ստանձնած պարտավորությունները սպասարկելու համար, ապա բանկերը, Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ եւ դրանով սահմանված ժամկետում, Վերակառուցման հիմնադրամին կատարում են լրացուցիչ վճարներ:

4. Տվյալ տարվա  ընթացքում յուրաքանչյուր բանկի կողմից իրականացվող լրացուցիչ վճարը չի կարող գերազանցել տվյալ բանկի կողմից նախորդ տարվա ընթացքում վճարված պարբերական վճարների հնգապատիկը:

5. Բանկի պահանջով Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է որոշել ամբողջությամբ կամ մասնակի կասեցնել տվյալ բանկի համար լրացուցիչ վճարների կատարումը, եթե դա անհրաժեշտ է բանկի իրացվելիությունը կամ վճարունակությունը պահպանելու համար: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 180 աշխատանքային օրը, որը կարող է երկարաձգվել ոչ ավել, քան մեկ անգամ՝ 180 աշխատանքային օրից ոչ ավելի ժամկետով, եթե սույն մասով սահմանված հիմքերը չեն վերացել: Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված լրացուցիչ վճարների կասեցման որոշման վերաբերյալ ծանուցում է վերակառուցման հիմնադրամին:

Գլուխ 11. Միջազգային համագործակցությունը

Հոդված 27. Համագործակցությունը այլ պետությունների իրավասու մարմինների հետ

1. Կենտրոնական բանկը՝ բանկերի վերակառուցման գործընթացում սույն օրենքով սահմանված իրավասությունների իրականացման նպատակով՝ այդ թվում օտարերկրյա պետությունում հիմնադրված դուստր բանկի կամ մասնաճյուղի վերակառուցման կամ լուծարման համար կամ այլ պետությունում գործող բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ ունենալու դեպքում՝ այդ օտարերկրյա բանկի վերակառուցման կամ լուծարման համար կամ այն ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների վերակառուցման կամ լուծարման համար, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վրա ազդեցությունը վաղ հայտնաբերելու, արագ եւ համակարգված որոշումներ կայացնելու, վերակառուցման ծրագրերի մշակման եւ իրականացման գործընթացում արդյունավետ համագործակցության համար, կնքում է  համագործակցության հուշագրեր, պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր բանկերի վերակառուցում կամ լուծարում իրականացնող այլ պետությունների իրավասու մարմինների հետ, որոնք պատասխանատու են Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի՝ օտարերկրյա պետությունում հիմնադրված դուստր բանկի կամ մասնաճյուղի վերակառուցման կամ լուծարման համար կամ այլ պետությունում գործող բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ ունենալու դեպքում՝ այդ օտարերկրյա բանկի վերակառուցման կամ լուծարման համար կամ այն ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների վերակառուցման կամ լուծարման համար, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկը:  Սույն մասով սահմանված համագործակցության հուշագրերով, պայմանագրերով կամ այլ փաստաթղթերով  սահմանվում են համագործակցության շրջանակն ու կարգը, այդ թվում՝ փոխանակվող տեղեկատվության շրջանակն ու փոխանակման կարգը:

2. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա օրենքով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող (բացառությամբ «Պետական գաղտնիքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիքի) տեղեկություններ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ, պայմանով, որ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները  եւ այդ տեղեկություններն օգտագործում են բանկի վերակառուցման կամ լուծարման գործընթացում միջազգային համագործակցության նպատակով:

3. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տրամադրել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ (բացառությամբ «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիքի), պայմանով, որ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները:

ԳԼՈՒԽ 12. Օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվությունը

Հոդված 28. Օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվությունը

1.  Սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելու դեպքում Կենտրոնական բանկը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն բանկի նկատմամբ կարող է կիրառել պատժամիջոցներ:

2. Սույն օրենքով նախատեսված Վերակառուցման հիմնադրամին վճարները չկատարելու դեպքում չվճարված գումարների վրա հաշվարկվում են վճարը կատարելու համար սահմանված օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով տոկոսներ: Հաշվարկված տոկոսները վճարվում են Վերակառուցման հիմնադրամին:

Գլուխ 13. Եզրափակիչ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ դրույթներ

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Կենտրոնական բանկը հիմնադրում է Վերակառուցման հիմնադրամ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Բանկերը Վերակառուցման հիմնադրամին սույն օրենքով սահմանված  վճարները կատարում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ Կենտրոնական բանկի կողմից բանկերին վճարները կատարելու մասին ծանուցում ուղարկելուց հետո ծանուցմամբ սահմանված ժամկետում: Վերակառուցման հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումները Վերակառուցման հիմնադրամի հիմնադրման տարվա համար չեն կարող գերազանցել 10 մլն Հայաստանի Հանրապետության դրամը:

4. Կենտրոնական բանկը բոլոր բանկերի համար վերակառուցման ծրագրերը մշակում եւ հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս տարվա ընթացքում: Ընդ որում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերակառուցման ծրագրերի վերանայման գործընթացը սկսվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու 4-րդ տարվանից հետո:

5.  Մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը սույն օրենքով սահմանված բանկի վերակառուցման հիմքերն առաջանալու դեպքում բանկի վերակառուցումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

6.  Սույն օրենքով սահմանված կապիտալի գործիքների դուրսգրման եւ փոխարկման կարգավորումները եւ ներքին աջակցության գործիքը կիրառվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի նկատմամբ: Բանկերը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ծանուցում են այն պայմանագրերի կողմերին, որոնց նկատմամբ սույն օրենքով սահմանված կապիտալի գործիքների դուրսգրման եւ փոխարկման կարգավորումները եւ ներքին աջակցության գործիքը կիրառելի են: Սույն մասով սահմանված ծանուցումը պայմանագրի կողմին համարվում է պատշաճ ծանուցում:

7. Սույն Օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտի, որը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները:

- Նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» 9-րդ գլխի 21-րդ հոդվածի կարգավորումներով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ նշված հոդվածով սահմանվող պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

2. ««Հայաստանի հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է նոր դրույթ, համաձայն որի բյուջետային երաշխիքի տրամադրման համար սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝ երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամին՝ օրենքով սահմանված դեպքերում:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների առանձնահատկությունից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փոփոխության:

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն