Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկություններն առանց համաձայնության հասանելի են նաեւ «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով որակավորված անձանց՝ իրենց կողմից ծառայությունների պատշաճ մատուցումն ապահովելու համար՝ պատվիրատուին պատկանող գույքի, ինչպես նաեւ հարակից գույքերի մասով, եթե առկա է համապատասխան ծածկագիր՝ գեներացված ծառայությունների մատուցման վերաբերյալ տվյալները օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց չափագրման գրասենյակ մուտքագրված լինելու հիմքով: Որակավորված անձինք պատասխանատվություն են կրում ստացված տեղեկությունները այդ ծածկագրով ծառայությունների մատուցման շրջանակներից դուրս օգտագործելու համար»:
Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 34.1-ին եւ 34.2-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 34.1. Կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի ուղղումը
1. Կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալ համարվում է այնպիսի անհամապատասխանությունը, որն առաջացել է անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ այդ միավորի փաստացի իրավիճակի հետ չհամապատասխանելու (բացառությամբ սույն օրենքի 34.2-րդ հոդվածով սահմանված դեպքերի) կամ պետական գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում արտացոլված տվյալներին չհամապատասխանելու հետեւանքով եւ որը հանգեցնում է անշարժ գույքի միավորի գծային չափերի, մակերեսի եւ երկրաչափական տեսքի, կադաստրային քարտեզում տեղադրված չլինելուն կամ սխալ տեղադիրքով տեղադրված լինելուն, նպատակային եւ գործառնական նշանակությունների, ինչպես նաեւ սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվության սխալ արտացոլման:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված սխալները կարող են լինել ինչպես կադաստրային քարտեզներում, այնպես էլ իրավունքի պետական գրանցման տվյալներում: Պետական գրանցման տվյալներում առկա սխալների ուղղումը կատարվում է սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն, իսկ կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորների սխալները՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դրույթների հաշվառմամբ:
3. Կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալների ուղղման համար՝
1) յուրաքանչյուր դեպքում որակավորված անձանց կողմից կազմված հատակագծի հետ մեկտեղ անշարժ գույքի միավորի սեփականատիրոջը կամ իրավատիրոջը տրամադրվում է եզրակացություն կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալի, դրա ուղղման, ինչպես նաեւ ուղղում կատարելու համար այլ անշարժ գույքի միավորների սեփականատերերի, դրանց նկատմամբ գրանցված գրավի իրավունքի առկայության դեպքում նաեւ գրավառուների համաձայնությունները ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ, եթե իր կողմից կազմված իրադրության հատակագծի համաձայն ուղղումներն իրականացնելիս փոփոխվում են նաեւ այլ հողամասի բնութագրերը: Սույն կետով սահմանված եզրակացությունը հանդիսանում է չափագրման փաթեթի անբաժանելի մասը եւ պետք է մուտքագրված լինի առցանց չափագրման գրասենյակ,
2) եթե ուղղման արդյունքում փոփոխվող սահմանակից հողամասը հանդիսանում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդհանուր սեփականություն, ապա սեփականատերերից մեկի տված համաձայնությունը համարվում է բոլոր համասեփականատերերի հետ համաձայնեցրած, եթե համաձայնություն տվողը գրավոր հայտարարությամբ հավաստում է մյուս համասեփականատերերի համաձայնության մասին, իսկ եթե հողամասը հանդիսանում է մեկից ավելի միավորների սեփականատերերի ընդհանուր գույք, ապա այդ դեպքում պահանջվում է յուրաքանչյուր միավորի սեփականատերերի համաձայնությունը՝ սույն մասով սահմանված հայտարարության առանձնահատկությամբ,
3) եթե ուղղման արդյունքում փոփոխվող անշարժ գույքի միավորների սեփականատերերից կամ իրավատերերից որեւէ մեկը մահացել է եւ չի ներկայացվել իրավահաջորդությունը հավաստող փաստաթուղթ, ապա մահվան պետական գրանցման օրվան հաջորդող ութերորդ ամիսը լրանալուց հետո կադաստրային քարտեզի ուղղումը կատարվում է առանց այդ անշարժ գույքի միավորի իրավատիրոջ համաձայնության,
4) եթե կադաստրային քարտեզի ուղղման համար կազմված հատակագծում ուղղվող սահմանը համընկնում է իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում իրավունքի պետական գրանցում ստացած կամ գույքագրված շենքերի եւ շինությունների սահմանի հետ, ապա այդ հանգամանքը համարվում է բավարար ապացույց կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար եւ կադաստրային քարտեզում այդ սահմանի ուղղումը կատարվում է առանց փոփոխվող սահմանակից հողամասի սեփականատերերի համաձայնության, եթե օրթոֆոտոհատակագծերի հետ համադրման եւ ակնադիտական ուսումնասիրության արդյունքում տվյալների (սահմանների) անհամապատասխանություններ չեն հայտնաբերվում,
5) եթե ուղղման արդյունքում փոփոխվող սահմանակից հողամասի իրավատեր կամ գրանցված սեփականատեր է հանդիսանում համայնքը, ապա ուղղման նպատակով կազմված հողամասի հատակագիծը համաձայնեցվում է համայնքի ղեկավարի հետ: Համաձայնությունը ստանալու նպատակով որակավորված անձի կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում տեղադրված առցանց չափագրման գրասենյակի միջոցով չափագրման նյութերի փաթեթն ուղարկվում է համայնքների համաձայնեցմանը: Համաձայնությունը տրամադրվում կամ մերժվում է (մերժման դեպքում նշելով բոլոր հիմքերը) բացառապես հողամասի հատակագծի այն հատվածի (սահմանագծի) համար, որը սահմանակից է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ՝ որակավորում ունեցող անձի կողմից հատակագիծը համաձայնեցման ներկայացնելուն հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում,
6) եթե ուղղման արդյունքում փոփոխվող սահմանակից հողամասի իրավատեր կամ գրանցված սեփականատեր է հանդիսանում պետությունը, ապա ուղղման նպատակով կազմված հողամասի հատակագիծը , համաձայնեցվում է տվյալ ոլորտի լիազոր պետական մարմնի հետ: Սույն կետում նշված համաձայնությունը ստանալու նպատակով որակավորված անձի կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում տեղադրված առցանց չափագրման գրասենյակի միջոցով չափագրման նյութերի փաթեթն ուղարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Լիազոր պետական մարմիններին համապատասխան համաձայնություն ստանալու համար դիմում է անշարժ գույքի պետական ռեգիստրը: Լիազոր պետական մարմինների կողմից համաձայնությունը տրամադրվում կամ մերժվում է (մերժման պարագայում նշելով հիմքերը) բացառապես հողամասի հատակագծի այն հատվածի (սահմանագծի) համար, որը սահմանակից է պետական սեփականություն հանդիսացող հողամասի հետ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից չափագրման նյութերի փաթեթը համաձայնեցման ներկայացնելուն հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր պետական մարմինների կողմից տրամադրված համաձայնությունները կամ մերժումներն անշարժ գույքի պետական ռեգիստրը կցում է համաձայնեցման ներկայացված չափագրման նյութերի փաթեթին,
7) սույն մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված ժամկետներում համաձայնություն կամ մերժում չտրամադրելու պարագայում համաձայնությունը համարվում է տրված եւ կադաստրային քարտեզները ենթակա են ուղղման օրթոֆոտոհատակագծերի հետ համադրման եւ գրասենյակային պայմաններում ակնադիտական ուսումնասիրության արդյունքում տվյալների (սահմանների) անհամապատասխանությունների բացակայության պարագայում:
4. Կադաստրային քարտեզում հայտնաբերված անշարժ գույքի միավորի սխալները կարող են ուղղվել նաեւ Կադաստրի կոմիտե վերադասության կարգով ներկայացված դիմումի հիման վրա՝ վարչական վարույթի միջոցով՝ այն նյութերի հիմքով, որոնց վերաբերյալ պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից նշված դեպքերի կապակցությամբ ներկայացված դիմումը չի բավարարվել, այն դեպքում երբ՝
1) անշարժ գույքի միավորի սխալի ուղղումը հանգեցնելու է այլ անձի պատկանող անշարժ գույքի միավորի փոփոխման, սակայն ուղղման արդյունքում փոփոխվող բոլոր անշարժ գույքի միավորների սեփականատերերի եւ դրանց նկատմամբ գրավի իրավունք ունեցող անձանցից որեւէ մեկի համաձայնությունն առկա չէ, այդ թվում՝ եթե համայնքի կամ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրվել է մերժում,
2) անշարժ գույքի միավորի սխալի ուղղումը հանգեցնելու է այդ անշարժ գույքի միավորի գրանցված տվյալների համեմատ մակերեսի մեծացման,
3) անշարժ գույքի միավորի սխալի ուղղումը կադաստրային քարտեզում հանգեցնելու է ուղղվող հատվածում նպատակային եւ գործառնական նշանակության անհամապատասխանության,
4) անշարժ գույքի միավորի սխալի ուղղումը կադաստրային քարտեզում հանգեցնելու է ուղղվող հատվածում սեփականության սուբյեկտի անհամապատասխանության,
5) ուղղվող կամ ուղղման արդյունքում փոփոխվող անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվել է հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատներով կազմված եւ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի հիման վրա,
6) անշարժ գույքն արտացոլված չէ կադաստրային քարտեզում կամ արտացոլված է սխալ տեղադիրքում եւ դրա տեղադիրքը նույնականացնելու համար բավարար տվյալներ առկա չեն, ինչպես նաեւ այլ դեպքերում 5. Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերում կադաստրային քարտեզում առկա սխալների ուղղման վարչական վարույթ հարուցելու համար հիմք են հանդիսանում սեփականատիրոջ կամ իրավատիրոջ ներկայացրած ուղղում կատարելու մասին դիմումը, որին կից պետք է ներկայացվի նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը եւ պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից նշված դեպքերի կապակցությամբ ներկայացված դիմումը չբավարարելու մասին համապատասխան փաստաթուղթը, ինչպես նաեւ բարձր լուծաչափով (մինչեւ 5 սմ) օրթոֆոտոհատակագիծը Թի Այ Էֆ Էֆ (TIFF) կամ Ջիո Թի Այ Էֆ Էֆ (GeoTIFF) ձեւաչափով՝ կազմված դիմում ներկայացնելու օրվան նախորդող 30 օրվա ընթացքում՝ պետական միասնական կոորդինատային համակարգում, որի կազմման որակի վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է որակավորում ունեցող անձը, ինչպես նաեւ իրադրության հատակագիծը՝ կազմված որպես թվային փաստաթուղթ Փի Դի Էֆ (PDF) ձեւաչափով՝ համադրված օրթոֆոտոհատակագծի հետ, որում պետք է արտացոլվեն նաեւ ուղղվող հողամասերի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով, այդ կետերի միջեւ գծային չափերը՝ հորիզոնական պրոյեկցիաներով: Սույն մասում նշված իրադրության հատակագիծը թղթային եղանակով պետք է նաեւ ստորագրվի ուղղման արդյունքում փոփոխվող անշարժ գույքի միավորների բոլոր սեփականատերերի, իսկ դրանց նկատմամբ գրանցված գրավի իրավունքի առկայության դեպքում՝ նաեւ գրավի իրավունք ունեցող անձանց կողմից եւ տեսաներածված տարբերակով կցվի չափագրան նյութերի փաթեթին, իսկ անհամաձայնությունների առկայության կամ համապատասխան անձանց չհայտնաբերելու դեպքում՝ այդ տվյալները ներառվում են սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացության մեջ, ընդ որում նման ստորագրությունների բացակայությունը խոչընդոտ չի հանդիսանում ուղղում կատարելու համար, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ:
6. Եթե վարչական վարույթը հարուցվել է միմյանց հետ փոխկապակցված մեկից ավելի գույքային միավորների՝ կադաստրային քարտեզում առկա սխալների ուղղում կատարելու համար եւ կադաստրային քարտեզի ուղղման արդյունքում փոփոխվում են այլ անշարժ գույքի միավորների տվյալներ, ապա ուղղումը կատարվում է առանց այդ հողամասերի սեփականատերերի համաձայնության՝ իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի ուսումնասիրության, օրթոֆոտոհատակագծերի հետ համադրման եւ ակնադիտական ուսումնասիրության արդյունքում տվյալների (սահմանների) անհամապատասխանությունների բացակայության պարագայում:
7. Անշարժ գույքի միավորի՝ սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի հարուցման համար չափագրողի կողմից ներկայացված տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են որակավորված անձինք:
8. Սույն օրենքով սահմանված՝ կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալների ուղղման նպատակով վարչական վարույթի բազմակողմանիությունը, ամբողջականությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով անշարժ գույքի պետական ռեսգիստրը կարող է ի պաշտոնե պարզել գործի համար նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում՝ իր նախաձեռնությամբ կատարել հարցումներ եւ հավաքագրել ապացույցներ՝ առանց սահմանափակվելու միայն վարույթի մասնակիցների կողմից ներկայացված նյութերով, ինչպես նաեւ կազմակերպել լսումներ՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցելով այն աձանց, որոնց համաձայնությունը ներկայացված փաթեթում բացակայում է: Լսումներին մասնակցելը ծանուցված անձանց ոչ միայն իրավունքն է, այլ նաեւ պարտականությունը: Լսումներին կարող են մասնակցել նաեւ «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.3-րդ հոդվածով սահմանված ինքնակարգավորվող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք լսումների մասին տեղեկանում են Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարություններից: Եթե ուղղման արդյունքում փոփոխվող անշարժ գույքի միավորների սեփականատերերից կամ իրավատերերից որեւէ մեկը մահացել է եւ առկա չէ իրավահաջորդությունը հավաստող փաստաթուղթ, ապա մահվան պետական գրանցման օրվան հաջորդող ութերորդ ամիսը լրանալուց հետո կադաստրային քարտեզի ուղղումը կատարվում է առանց այդ անշարժ գույքի միավորի իրավատիրոջ համաձայնության:
9. Պատշաճ ծանուցված անձի՝ լսումներին չներկայանալը կամ վարույթին մասնակցող անձանց անհամաձայնությունն ուղղում կատարելու համար խոչընդոտ չի հանդիսանում, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ՝ ուղղում կատարելու համար: Եթե կադաստրային քարտեզի ուղղման համար կազմված հատակագծում ուղղվող սահմանը համընկնում է իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում իրավունքի պետական գրանցում ստացած կամ գույքագրված շենքերի եւ շինությունների սահմանի հետ, ապա այդ հանգամանքը համարվում է բավարար ապացույց կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար եւ կադաստրային քարտեզում այդ սահմանի ուղղումը կատարվում է առանց փոփոխվող սահմանակից հողամասի սեփականատերերի համաձայնության՝ այդ մասին վերջիններիս գրավոր իրազեկելով: Սույն մասով նախատեսված դեպքերում կադաստրային քարտեզը ենթակա է ուղղման օրթոֆոտոհատակագծերի հետ համադրման եւ ակնադիտական ուսումնասիրության արդյունքում տվյալների (սահմանների) անհամապատասխանությունների բացակայության պարագայում:
10. Իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորի նպատակային եւ գործառնական նշանակությունների, ինչպես նաեւ սեփականության սուբյեկտի վերաբերյալ կադաստրային քարտեզում առկա սխալների ուղղման համար հիմք կարող են հանդիսանալ իրավահաստատող փաստաթղթերը, եթե վերջիններիս բնօրինակները հիմք են հանդիսացել իրավունքների պետական գրանցման համար եւ առկա է համապատասխան անշարժ գույքի միավորի վերաբերյալ կազմված թղթային եւ էլեկտրոնային ամբողջական կադաստրային գործ: Սույն մասով սահմանված սխալների ուղղման վարչական վարույթների ընթացքում անշարժ գույքի պետական ռեգիստրը պարտավոր է ծանուցել նաեւ բոլոր այն շահագրգիռ անձանց, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
11. Եթե անշարժ գույքի միավորի սխալի ուղղումը հանգեցնելու է այդ անշարժ գույքի միավորի գրանցված տվյալների համեմատ մակերեսի մեծացման եւ կադաստրային գործի նյութերում առկա են սույն հոդվածի 10-րդ մասում նշված բնօրինակ փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է անշարժ գույքի միավորի մակերեսի սխալը, ապա ուղղում կարող է կատարվել սխալի ուղղման դիմումի ներկայացման պահի դրությամբ մեծացվող մակերեսի համար անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը հավաստող անդորրագրի հիման վրա: Սույն մասով սահմանված ուղղման վարույթի շրջանակներում Կադաստրի կոմիտեն կարող է տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ ներկայացնելու համապատասխան համայնք:
12. Սույն հոդվածով սահմանված վարչական վարույթի ժամկետը 40 օր է, որը գործի քննարկման համար լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է երկարաձգվել եւս 20 օրով:
13. Սույն հոդվածով սահմանված վարչական վարույթի հարուցման փուլում անշարժ գույքի պետական ռեգիստրը պարտավոր է ուսումնասիրել կադաստրային գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը եւ պետական գրանցումները: Ընդ որում, այդ տվյալներում անհամապատասխանություններ, ինչպես նաեւ պետական գրանցման հիմքերում անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարչական վարույթը կարճվում է:
14. Սույն հոդվածով սահմանված դեպքերում կադաստրային քարտեզում սխալի ուղղում կատարելու արդյունքում ուղղվում են կադաստրային քարտեզի բոլոր շերտերը, իսկ համայնքների քաղաքաշինական, հողաշինարարական, հողհատկացման փաստաթղթերով ամրագրված ելակետային տվյալները (նյութերը) համարվում են փոփոխված, բացառությամբ գլխավոր հատակագծի եւ գոտեւորման նախագծի կոորդինատների, որոնց համապատասխան փոփոխությունն իրականացվում է «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով՝ սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված ծանուցումը ստանալուց հետո վեցամսյա ժամկետում:
15. Սույն հոդվածով սահմանված դեպքերում կադաստրային քարտեզում սխալի ուղղում կատարելու մասին Քաղաքաշինության կոմիտեն ծանուցվում է Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 34.2. Կադաստրային թաղամասում ընդգրկված անշարժ գույքի միավորների գրանցման վերանայումը փաստացի օգտագործման հիմքով
1. Եթե կադաստրային թաղամասում ներառված անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող կամ իրավատեր հանդիսացող անձանց կողմից թաղամասում ներառված անշարժ գույքի կառուցապատված (պարսպապատված կամ շենք-շինություններով ծանրաբեռնված) միավորները փաստացի օգտագործվում են գրանցման համար հիմք հանդիսացած եւ գրանցման արդյունքում ստեղծված փաստաթղթերին չհամապատասխանող սահմաններով կամ տեղադիրքով, որը հիմնավորվում է սուն օրենքի 34.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված եւ ամբողջ կադաստրային թաղամասի համար ներկայացված օրթոֆոտոհատակագծերի եւ կադաստրային քարտեզի, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում ակնադիտական եղանակով Կադաստրի կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության վերլուծության արդյունքում, Կադաստրի կոմիտեն դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում կարող է իրականացնել այդ միավորների փաստացի օգտագործվող տվյալների հիման վրա թաղամասում ներառված անշարժ գույքի բոլոր միավորների իրավունքների պետական գրանցման վերանայում: Սույն հոդվածով սահմանված գրանցման վերանայումն իրականացվում է բացառապես կադաստրային թաղամասի սահմաններով պարփակված տարածքում:
2. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսի նվազման դեպքում, անձը ստանում է փոխհատուցում համայնքի կողմից: Փոքրացող հողամասի համար դրամական փոխհատուցումը տրամադրվում է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով: Փոխհատուցման առանձնահատկությունները եւ կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսի մեծացման դեպքում, սեփականության իրավունքը գրանցվում է պայմանով, որ հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի մեծացված մակերեսի՝ վճարման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը: Ընդ որում, հողամասի մակերեսի մեծացման դեպքում պետական գրանցման վերանայումը կատարվում է, եթե դրա հետեւանքով չի նվազում այլ անշարժ գույքի միավորի մակերեսը կամ եթե առկա է նվազեցող մակերեսով անշարժ գույքի միավորի սեփականատիրոջ կամ իրավատիրոջ գրավոր համաձայնությունը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքն ընդունվելուց հետո վեցամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական եւ փաստացի խնդիրներից, ինչպիսիք են մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում եւ պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ (քանակական, որակական, ինչպես նաեւ սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտման եւ ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաեւ Կադաստրի կոմիտեի, չափագրողների եւ շահագրգիռ անձանց միջեւ իրավասությունների բաշխման անհստակությունը: Հիշատակված խնդիրները հաճախակիորեն պատճառ են հանդիսանում վարչական եւ դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների եւ իրավական անորոշությունների:
Նախագիծը նպատակ ունի վերացնել վերոնշյալ խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաեւ ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա: Միեւնույն ժամանակ, Նախագծով առաջարկվող կարգավորումների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական դարձավ թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կոմիտեն եւ համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար:
2. Կարգավորման առարկան եւ բնույթը.
Նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը լրացնել նոր՝ 34.1-ին հոդվածով, որի կարգավորումներով հստակեցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված եւ կադաստրային քարտեզներում առկա սխալների հայտնաբերման, դրանց իրավաչափ ուղղման եւ վերջինովս պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման հարաբերությունները:
Նախագծով մասնավորապես սահմանվում են՝
1) կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի բովանդակությունն ու այդ սխալների տեսակները՝ քանակական (մակերես, գծային չափեր, երկրաչափական ձեւ), որակական (նպատակային եւ գործառնական նշանակություն, սեփականության սուբյեկտ),
2) սխալների ուղղման իրավական հիմքերը՝ իրավահաստատող փաստաթղթեր, չափագրման տվյալների, հարեւան հողամասերի սեփականատերերի համաձայնություններ, Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթ,
3) վարչական վարույթի ընթացակարգը՝ դիմումի փաթեթի ներկայացում, ներկայացված փաթեթի բովանդակություն, հարցումների իրականացում, լիազորված մարմնի (Կադաստրի կոմիտե) կողմից ծանուցման հնարավորություն՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով,
4) որակավորված անձանց պարտականությունները եւ մասնագիտական պատասխանատվությունը ներկայացված տվյալների իսկության համար,
5) Կադաստրի կոմիտեի իրավասությունները՝ վարչական վարույթ հարուցելու, ուսումնասիրություններ իրականացնելու եւ ուղղում կատարելու կամ վերջինս մերժելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ:
Միաժամանակ, գործնականում ի հայտ եկած որոշակի խնդիրների հաշվառմամբ ակնհայտ է դարձել, որ կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման համար գործող իրավակարգավորումները, որոնք ամրագրված են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, բավարար չեն այդ խնդիրների համար լիարժեք իրավական եւ գործնականում կիրառելի լուծման համար:
3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կարգավորելու վերը շարադրված հարցերի շրջանակը, եւ վերջինիս կարգավորման ոլորտում, ի թիվս այլնի, ներառվում են կադաստրային քարտեզում կատարվող փոփոխությունների վերաբերյալ հետեւյալ հարաբերությունները.
Նախագծով նոր տեսակի, առավել արդյունավետ կարգավորումներ են սահմանվել այն դեպքերի համար, երբ կադաստրային քարտեզի ուղղման համար կազմված հատակագծում ուղղվող սահմանը համընկնում է իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում իրավունքի պետական գրանցում ստացած կամ գույքագրված շենքերի եւ շինությունների սահմանի հետ:
Ուղղման գործընթացը առավել դյուրինացնելու նպատակով Նախագծով հստակորեն ամրագրվել է նաեւ, որ Կադաստրի կոմիտեի կողմից հարուցված վարույթին մասնակցող անձանց անհամաձայնությունն ուղղում կատարելու համար խոչընդոտ չի հանդիսանում, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ՝ ուղղում կատարելու համար:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ շեշտադրենք, որ Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի կադաստրային քարտեզում իրականացվողուղղումների շրջանակը, հստակ կսահմանվեն պահանջվող փաստաթղթերը, դրանց ներկայացման ընթացակարգերը: Մեր դիտարկմամբ՝ նման փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր կլինի ստեղծել բավարար իրավական հիմքեր՝ նշված ոլորտում առաջացող բազմաթիվ դատական եւ արտադատական վեճերի լուծմանն ուղղված նոր մեխանիզմներ ունենալու, ինչպես նաեւ զարգացող դատական պրակտիկային համահունչ գործելու նպատակով:
Առաջարկվող կարգավորումների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքում: Մասնավորապես, սահմանելով, որ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը, սխալի ուղղման արդյունքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով (գլխավոր հատակագիծ, գոտեւորման նախագիծ) ամրագրվածից տարբերվող հողամասի ուղղված նպատակային եւ (կամ) գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումից հետո՝ քաղաքաշինարական կադաստրի վարման եւ քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման շրջանակում վեցամսյա ժամկետում ներառում է պետական քաղաքաշինական կադաստրի ընթացիկ քարտեզում, ընդ որում փոխանցվող տվյալների ընթացիկ ուղղումներն ամփոփվում են տարեկան կտրվածքով՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ ամբողջական ամփոփումը կիրականացվի մինչեւ 2030 թվականի հունվարի
1-ը:
4. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 4-րդ կետի 4.1-ին ենթակետով նախատեսված՝ «Գործող իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում նոր կարգավորումներ» միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից, այն է՝ իրավական դաշտի կատարելագործում՝ քարտեզների ուղղման աշխատանքներում հայտնաբերված իրավական խնդիրների հիման վրա: Նախագծի ընդունման արդյունքում առավել կհստակեցվի կադաստրային քարտեզների ուղղման գործընթացը, կընդլայնվի Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվող ուղղումների շրջանակը, հստակ կսահմանվեն պահանջվող փաստաթղթերը եւ դրանց ներկայացման ընթացակարգերը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում