Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13081-06.04.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 151-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.5-րդ մասեր.

«3.1. Սույն գլխով եւ սույն օրենսգրքի 30-րդ գլխով նախատեսված բանավոր ընթացակարգով վարույթի դեպքում դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով)՝ դատապարտյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ դատապարտյալի անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում դատական վարույթի իրականացումն ապահովելու նպատակով:

3.2. Տեսակապի միջոցով դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝

1) դատական նիստին ներկայացած անձինք եւ դատապարտյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.

2) դատապարտյալը եւ նրա փաստաբանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.

3) դատապարտյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով ծանոթանալու գործի նյութերին:

3.3. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝

1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը.

2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը կամ դատախազը.

3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է դատապարտյալը:

3.4. Եթե սույն հոդվածի 3.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին դատապարտյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է դատապարտյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում:

3.5. Դատական նիստին տեսակապի միջոցով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը եւ դատական նիստի ընթացքում դատապարտյալի ու նրա փաստաբանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում եւ քրեակատարողական հիմնարկներում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները եւ օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:».

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Տեսակապի միջոցով դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցության դեպքում փաստաբանի մասնակցությունը պարտադիր է: Փաստաբանը կարող է դատական նիստին մասնակցել դատական նիստերի դահլիճում կամ տեսակապի միջոցով՝ դատապարտյալի գտնվելու վայրից:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

4. Դատական դեպարտամենտը մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովում է սույն օրենքով նախատեսված՝ դատական նիստին տեսակապի միջոցով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը եւ դատական նիստի ընթացքում դատապարտյալի ու նրա փաստաբանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար կիրառվող տեխնիկական միջոցների առկայությունը: