Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 186-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 186. Քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած եւ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելը, արգելված առարկայի հանձնումը քրեակատարողական հիմնարկներում, կարգապահական գումարտակում, կալանավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց
1. Քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած եւ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:
2. Քրեակատարողական հիմնարկներում, կարգապահական գումարտակում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձին արգելված առարկա հանձնելը կամ ցանկացած ձեւով հանձնելու փորձը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) հանել «186,» թիվը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների՝ դրա համար լիազորված անձինք` այդ մարմինների կառուցվածքում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի՝ դրա համար լիազորված անձինք` կարգապահական գումարտակում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ծառայողներն իրենց գործառութային պարտականություններն իրականացնելիս երբեմն բախվում են քրեակատարողական հիմնարկներ այցելած քաղաքացիների ոչ իրավաչափ վարքագծին, որոնք փորձում են արգելված առարկաներ հանձնել կալանավորված անձանց կամ դատապարտյալներին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) գործող կարգավորումների փաստացի կիրառումը ցույց է տալիս, որ նախատեսված վարչական տույժն ու դրա չափերը լիարժեք չեն ապահովում կիրառման նպատակների իրագործումն ու քննարկվող իրավախախտումների դեպքերի նվազեցումը:
Այսպես, Օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց, եւ դրա կիրառման նպատակներից է անձին օրենքները եւ համակեցության կանոնները պահպանելու ոգով դաստիարակելը, ինչպես նաեւ թե՛ իրավախախտում կատարած անձի, թե՛ այլ անձանց կողմից նոր իրավախախտումներ կատարելու կանխումը: Օրինապահ վարքագծի ձեւավորման խթանումը առաջնային նպատակներից է, ինչի պատճառով էլ սանկցիայի չափն ու տեսակը պետք է համաչափ լինեն կատարած իրավախախտման ծանրությանը, ինչպես նաեւ հնարավորություն տան հասնելու կանխարգելիչ եւ դաստիարակչական նպատակներին:
Սակայն, գործնականում շատ են դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց համար արգելված առարկաներ (օրինակ՝ բջջային հեռախոսներ, լիցքավորման լարեր, ականջակալներ եւ այլն) բերող կամ նման փորձ կատարող անձինք վճարում են իրավախախտման համար նախատեսված համեմատաբար մեղմ տուգանքը եւ կրկին կատարում նույն իրավախախտումը (օրինակ՝ միեւնույն գործարանային համարով հեռախոսը կրկին հանձնվել կամ հանձնելու փորձ է կատարվել):
Բացի այդ, արգելված առարկաների հանձնումը պետական ծառայողի կողմից կատարելը նախատեսված է որպես վարչական իրավախախտում, մինչդեռ հարկ է նկատել, որ պետական ծառայողի կողմից քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելը, ըստ էության, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանված հանցակազմի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) օբյեկտիվ կողմի դրսեւորում է:
Այս համատեքստում, անհրաժեշտ է նշել, որ Օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:
Վերոգրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ համաչափության, ինչպես նաեւ կանխարգելիչ նպատակների առավել արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումները: Մասնավորապես, նպատակահարմար է վերանայել նախատեսված տուգանքի չափերը, նախատեսել վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում վարչական տույժի տեսակը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հիշյալը հնարավորություն կտա ոչ միայն կանխել նոր իրավախախտման դեպքերը, այլեւ արգելված իրերի շրջապտույտը քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես՝ այդ առարկաների բռնագրավման դեպքում իրավախախտը հնարավորություն չի ունենա նույն արգելված առարկան կրկին հանձնել (հանձնելու փորձ կատարել) ձերբակալված, կալանավորված անձին կամ դատապարտյալին:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության» արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշման հավելվածի (այսուհետ նաեւ՝ Ներքին կանոնակարգ) 263-րդ կետի համաձայն՝
«Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված առարկաների, իրերի եւ սննդամթերքի ցանկը եւ առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել (...)»:
Հարկ է նկատել, որ Քրեակատարողական հիմնարկ այցելած անձանց, թեեւ ներկայացվում եւ առաջարկվում է Ներքին կանոնակարգով սահմանված արգելված առարկաների ինքնակամ հանձնում, այնուամենայնիվ, երբեմն վերոնշյալ անձինք Քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով խուզարկություն կամ զննում անցնելուց հետո այնուհանդերձ արգելված առարկաներ են իրենց հետ անցկացնում՝ անկախ այն հանգամանքից անազատության մեջ պահվող անձանց հանձնվելու է, թե ոչ: Ընդ որում, արգելված առարկաները կարող են հայտնաբերվել օրինակ՝ տեսակցության սենյակում: Նման իրավիճակում խնդրահարույց է դառնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կարգավորումները տարածվում են միայն արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի վրա, որպիսի պայմաններում վերոշարադրյալ իրավիճակները չեն ստանում համապատասխան իրավական գնահատական:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է վերանայել քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, ինչպես նաեւ նախատեսել վարչական պատասխատվություն՝ Քրեակատարողական հիմնարկ այցելած անձի կողմից օրենքով սահմանված կարգով խուզարկությունից եւ զննումից հետո՝ Քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցնելուց հետո իր մոտ արգելված առարկա պահելու համար:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը միտված է քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրում արգելված իրերի ներթափանցման դեպքերի կանխարգելմանը եւ նվազեցմանը:
4. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:
6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի բարեփոխումները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում