Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 186-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 186. Քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած եւ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելը, արգելված առարկայի հանձնումը քրեակատարողական հիմնարկներում, կարգապահական գումարտակում, կալանավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց
1. Քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած եւ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:
2. Քրեակատարողական հիմնարկներում, կարգապահական գումարտակում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձին արգելված առարկա հանձնելը կամ ցանկացած ձեւով հանձնելու փորձը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) հանել «186,» թիվը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների՝ դրա համար լիազորված անձինք` այդ մարմինների կառուցվածքում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի՝ դրա համար լիազորված անձինք` կարգապահական գումարտակում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: