Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1327-20.04.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ծառայություններ, աշխատանքներ կամ ապրանքներ գովազդելու նպատակով կազմակերպվող գովազդային վիճակախաղի վրա, որի շահումային ֆոնդը չի գերազանցում գովազդային վիճակախաղ կազմակերպողի նախորդ տարվա իրացման շրջանառության կամ ընթացիկ տարվա իրացման շրջանառության համապատասխանաբար 0.5 տոկոսը կազմող գումարներից առավելագույնը:» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝ «գովազդային վիճակախաղի կազմակերպիչ կարող է հանդիսանալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որն իր ծառայությունները, աշխատանքները կամ ապրանքները գովազդելու նպատակով կազմակերպում է գովազդային վիճակախաղ, որի մրցանակային ֆոնդը ձեւավորվում է բացառապես կազմակերպչի սեփական միջոցների հաշվին եւ արտահայտված է իրային (բնամթերային) ձեւով: Ընդ որում, Գովազդային վիճակախաղի կազմակերպման եւ իրականացման գործընթացը գովազդային ծառայություն մատուցողի կողմից իրականացվելու դեպքում գովազդային վիճակախաղի կազմակերպիչ է համարվում գովազդ պատվիրողը:» եւ 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «Ընդ որում, շահումային ֆոնդը պետք է ձեւավորվի գովազդային վիճակախաղ կազմակերպողի սեփական միջոցների հաշվին» բառերը»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում «դրամային միջոց» բառերից հետո լրացնել «,որի միջոցով որոշվում է խաղի արդյունքը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում «խաղային հաշվի ստեղծումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վիճակախաղերի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի ը) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը. խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով, բացառությամբ որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետում «խաղային հաշիվների համալրումն» բառերից հետո լրացնել «եւ կազմակերպչի կողմից դրամական շահումների հանձնումը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) նախքան շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, վիճակախաղի եւ բուքմեյքերային գործունեության գովազդի հրապարակումը Լիազոր մարմնի սահմանված կարգով դրա բովանդակության էլեկտրոնային տարբերակով համաձայնեցումը Լիազոր մարմնի հետ: Ընդ որում, Լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է սույն օրենքին, «Գովազդի մասին» օրենքին, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, վիճակախաղի եւ բուքմեյքերային գործունեության կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.»

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Խաղային գործունեության կազմակերպման ընդհանուր սահմանափակումները

1. Արգելվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, նման մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի հասանելիությունը, ինչպես նաեւ  չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը  Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում.

2) Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում:

3) Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված վճարային ծառայություններ մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված խաղային կազմակերպիչների օգտին վճարների կատարումը՝ համապատասխան քարտային համակարգի կողմից սահմանված խաղային բիզնես գործունեության նույնականացման ծածկագրի (MCC ծածկագիր) միջոցով :

2. Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ սահմանում է արգելափակման ենթակա կայքերի ցանկի վարման, հաստատման եւ պետական մարմիններին եւ այլ կազմակերպություններին հասանելիության տրամադրման կարգը:

3. Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:

Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի, ինչպես նաեւ դրանց պատկանող բոլոր ապրանքային նշանների միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման եւ փոխանցման գործարքները ենթակա են սահմանափակման Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից՝ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում եւ խաղային բիզնես գործունեության նույնականացման ծածկագրի (MCC ծածկագիր) միջոցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտման դեպքում վերահսկող մարմինը ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների նկատմամբ կիրառում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:

5. Արգելվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում օպերատորի մոնիտորինգային կենտրոնին չմիացված կամ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ չունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումը:

6. Արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերի, դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումն այն անձանց կողմից, որոնք չունեն սույն օրենքով սահմանված խաղային գործունեության համապատասխան լիցենզիա:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «խաղային ինտերակտիվ հարթակում կամ» բառերը:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կայքերի եւ հավելվածների միջոցով, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում «կայքերի (հասցեների), հավելվածների եւ» բառերը փոխարինել «հասցեների» բառերով:

Հոդված  11. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչն ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի (բացառությամբ որպես շահում խաղարկությանը մասնակցող տոմսերի) ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձեւավորումն ու մասնակիցների միջեւ բաշխումը:

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի 14-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում 11-րդ բառից հետո լրացնել «կետով» բառը եւ հանել «եւ 12-րդ կետերով եւ 8-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:

Հոդված 14. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«7. գովազդային վիճակախաղի կազմակերպման եւ իրականացման գործընթացը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց պատվիրելու դեպքում գովազդատու եւ գովազդակիր իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվում է տուգանք  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով եւ չափով»»:

Հոդված 15. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «9-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «կամ 19-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից:

Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ենթաօրենսդրական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:   
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն