Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «վիճակախաղերի գովազդ՝ վիճակախաղերի կազմակերպիչների կամ նրանց հովանավորների կամ վիճակախաղերի կամ վիճակախաղերի անվանումների կամ վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունները.
1. «միջազգային առցանց գովազդային հարթակ՝ առցանց ծառայություն (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ գովազդային ցանցերով, պահանջարկի կամ առաջարկի կառավարման հարթակներով, գովազդային փոխանակման հարթակներով, սոցիալական ցանցերի կամ որոնողական համակարգերի գովազդային ծառայություններով), որը հասանելի է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օգտատերերին կամ որի միջոցով հնարավոր է գովազդի ցուցադրում Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ որի միջոցով հնարավոր է՝
ա) գովազդի տեղաբաշխում եւ/կամ տարածում համացանցում,
բ) գովազդի թիրախավորում՝ ըստ աշխարհագրական դիրքի, օգտատիրոջ տվյալների, հետաքրքրությունների կամ վարքագծի,
գ) գովազդի ցուցադրման կառավարում, չափում կամ օպտիմալացում:
2. գովազդի թիրախավորում՝ գովազդի ցուցադրման ուղղորդումը կոնկրետ օգտատերերի կամ օգտատերերի խմբերի նկատմամբ՝ ըստ նրանց աշխարհագրական դիրքի, ժողովրդագրական հատկանիշների, հետաքրքրությունների, վարքագծի կամ այլ տվյալների, ներառյալ՝ անձնական տվյալների ավտոմատ մշակման կամ պրոֆիլավորման միջոցով:
3. գովազդի ցուցադրման կազմակերպում, չափում կամ օպտիմալացում՝ գովազդի ցուցադրման գործընթացի կազմակերպումը, վերահսկումը, արդյունավետության գնահատումը եւ այդ գնահատման հիման վրա գովազդի ցուցադրման պայմանների, ծավալի, հաճախականության, հասցեատերերի կամ տարածման եղանակների փոփոխումը:
4. միջազգային առցանց գովազդային հարթակի ծառայություն մատուցող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը շահագործում կամ կառավարում է միջազգային առցանց գովազդային հարթակը եւ սահմանում է դրա գործառնական կամ տեխնիկական պայմանները:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1 հոդվածով.
«Հոդված 5.1. Արգելված գովազդի թիրախավորման սահմանափակումը առցանց միջավայրում
1. Արգելվում է սույն օրենքով արգելված գովազդի առցանց թիրախավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օգտատերերի նկատմամբ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դրա ցուցադրման ապահովումը, այդ թվում՝ միջազգային առցանց գովազդային հարթակների միջոցով:
2. Սույն հոդվածով նախատեսված արգելքի կիրառումն ապահովելու նպատակով գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը, այն դեպքերում, երբ գովազդը վերաբերում է սույն օրենքով կամ այլ օրենքներով արգելված ապրանքներին, ծառայություններին կամ գործունեությանը եւ որեւէ ձեւով պարունակում են վերջիններիս կամ նրանց գործունեությունը անհատականացնող որեւէ տեղեկություն, պարտավոր են ձեռնարկել ողջամիտ եւ տեխնիկապես հնարավոր միջոցներ՝
ա) Հայաստանի Հանրապետությունը որպես գովազդային թիրախ բացառելու նպատակով,
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում դրա ցուցադրումը կանխելու նպատակով:
Ընդ որում, ողջամիտ եւ տեխնիկապես հնարավոր միջոցները ներառում են, բայց չեն սահմանափակում
ա) Հայաստանի Հանրապետությունը որպես աշխարհագրական թիրախ բացառելու կամ սահմանափակելու տեխնիկական կարգավորումները, այդ թվում՝ սահմանափակումն ըստ աշխարհագրական դիրքի,
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով կամ այլ օրենքներով արգելված գովազդի ցուցադրումը կանխելու նպատակով գովազդի տարածման ալգորիթմների կամ թիրախավորման կարգավորումների փոփոխումը:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) միջազգային առցանց գովազդային հարթակի ծառայություն մատուցողին, իսկ նրա ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ այդ ներկայացուցչին, իսկ ներկայացուցչի բացակայության դեպքում՝ նրա կողմից հրապարակված պաշտոնական էլեկտրոնային հասցեին, ներկայացնել ծանուցումներ՝ սույն օրենքի 5.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտման դեպքերի վերաբերյալ եւ պահանջել համապատասխան միջոցների կիրառում՝ գովազդի դադարեցման, սահմանափակման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ցուցադրման բացառման նպատակով:»:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2 կետում «ձեռնարկությունների ղեկավարները» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց գործադիր մարմինը» բառերով եւ լրացնել «ինչպես նաեւ գովազդատու եւ գովազդակիր ֆիզիկական անձինք» բառերը, «մասերով» բառից հետո ավելացնել «եւ 5.1 հոդվածով» բառերը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից: