«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան եւ կիրառման ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության իրականացումը, կառավարմանն առնչվող հարաբերությունները:
2. Սույն օրենքը տարածվում է տոհմային անասնաբուծության ոլորտում ծագած հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վրա:
Հոդված 2. Հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքը սահմանում է ոլորտային հիմնական հասկացությունները՝
1) տոհմային անասնաբուծություն՝ սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն եւ օգտագործում.
2) տոհմանյութ՝ տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.
3) տոհմային կենդանի՝ բուծման նպատակով օգտագործվող գյուղատնտեսական մաքրացեղ կենդանի, որը տոհմային անասնաբուծության ոլորտում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված է տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրում.
4) տոհմային արժեք՝ տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը եւ դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.
5) բոնիտավորում՝ հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային եւ մթերատու հատկությունների, ինչպես նաեւ տոհմանյութի գնահատում եւ դասակարգում.
6) տոհմային վկայական (անձնագիր)՝ սահմանված նմուշի փաստաթուղթ, որով հաստատվում է տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը եւ տոհմային արժեքը, ինչպես նաեւ սաղմի եւ սերմնահեղուկի ծագումը, տոհմային արժեքը եւ այլ հատկանիշներ.
7) տոհմային գրանցում՝ տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների եւ գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրում.
8) տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ՝ սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիների բուծում եւ տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաեւ տոհմային անասնաբուծության ոլորտում տոհմային ծառայություն մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր.
9) տոհմային կենդանիների մթերատվություն՝ տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների եւ նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.
10) մաքրացեղ բուծում՝ միեւնույն ցեղին պատկանող կենդանիների բուծում՝ այդ ցեղին յուրահատուկ հատկությունների կայունացման նպատակով.
11) տոհմային կենդանիների պետական գրանցում՝ տոհմային կենդանիների վերաբերյալ տեղեկատվության համապատասխանաբար գրանցում պետական տոհմային գրքում եւ տոհմային կենդանիների պետական ռեեստրում՝ տոհմային կենդանիների նույնականացման, ծագման որոշման եւ մթերատվության հաստատման նպատակով.
12) գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք՝ որեւէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների եւ երամակների տվյալների հավաքածու.
13) տոհմային կենդանիների պետական ռեեստր՝ տվյալների շտեմարան, որը պարունակում է տեղեկություններ տոհմային կենդանիների եւ տոհմային հոտերի մասին.
14) տոհմային անասնաբուծական տնտեսություն՝ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերեր, որոնք զբաղվում են տոհմային կենդանիների բուծմամբ, դրանց արտադրողականության եւ տոհմային հատկանիշների բարելավմամբ, վաճառքով, փորձարկմամբ, ինչպես նաեւ կենդանիների արհեստական սերմնավորմամբ եւ սաղմերի փոխպատվաստմամբ.
15) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.
16) տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակի վկայական՝ լիազոր մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որը հավաստում է անասնաբուծական տնտեսության տոհմային լինելը.
17) տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակ՝ լիազոր մարմնի կողմից տոհմային անասնաբուծական տնտեսության՝ տոհմային լինելու հավաստում:
Հոդված 3. Տոհմային անասնաբուծության մասին օրենսդրությունը
1. Տոհմային անասնաբուծության ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, իրավական այլ ակտերով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Տոհմային անասնաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 2
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 4. Տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության իրավասությունները
1. Տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության իրավասություններն են՝
1) տոհմային անասնաբուծության ոլորտում պետական աջակցության ծրագրերի հաստատումը.
2) տոհմային անասնաբուծության զարգացման համար տոհմասելեկցիոն գործընթացի իրականացման նպատակով ծրագրերի հաստատումը.
3) տոհմային անասնաբուծության ոլորտում մասնագետների վերապատրաստման կարգի հաստատումը.
4) տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի հաստատումը.
Հոդված 5. Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմնի իրավասություններն են՝
1) տոհմային վկայականների (անձնագրերի) ձեւերի հաստատումը.
2) տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձանց կողմից վարվող գրանցամատյանների ձեւերի հաստատումը.
3) տոհմային անասնաբուծական տնտեսությունների գրանցման եւ հաշվառման կարգի հաստատումը.
4) պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի կարգի հաստատումը.
5) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահառուների կողմից տրամադրվող հաշվետվության ձեւի հաստատումը.
6) պետական տոհմային գրքի կազմման եւ տոհմային կենդանիների պետական ռեեստրի վարման կարգի հաստատումը.
7) տոհմային անասնաբուծական տնտեսություններին ներկայացվող պահանջների հաստատումը.
8) տոհմային անասնաբուծական տնտեսություններին տոհմային կարգավիճակի տրման կարգի հաստատումը.
9) տոհմային կենդանիների բոնիտավորման հրահանգների հաստատումը.
10) տնտեսության տոհմային կարգավիճակի վկայականի ձեւի եւ տրման կարգի հաստատումը:
ԳԼՈՒԽ 3
ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Հոդված 6. Տոհմային կենդանիների բոնիտավորումը
1. Տոհմային կենդանիների բոնիտավորում անցկացվում է ամեն տարի գործող բոնիտավորման կարգին համապատասխան ըստ կենդանատեսակների եւ ցեղի, բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ:
2. Տոհմային կենդանիների բոնիտավորումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված համապատասխան հրահանգներով:
3. Ըստ կենդանատեսակի եւ ցեղի տոհմային կենդանիների բոնիտավորումը իրականացվում է անասնաբույծ մասնագետների կողմից:
4. Բոնիտավորման արդյունքները արտացոլվում են բոնիտավորման մատյաններում եւ ամփոփվում համապատասխան տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձի կողմից:
Հոդված 7. Տոհմային կենդանիների գնահատումը
1. Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու եւ էգ կենդանիները ենթակա են գնահատման՝ ըստ սերնդի որակի, մթերատվության եւ տոհմանյութի:
2. Տոհմային կենդանիների գնահատումն անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում եւ երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:
3. Տոհմային կենդանիների գնահատումն իրականացվում է անասնաբույծ մասնագետների կողմից:
ԳԼՈՒԽ 4
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 8. Տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները
1. Տոհմային անասնաբուծական տնտեսությունների հիմնական տեսակներն են՝
1) տոհմաբուծարանները.
2) տոհմային վերարտադրողական տնտեսությունները.
3) գենոֆոնդային տնտեսությունները.
4) սելեկցիոն կայանները.
5) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման եւ սաղմերի փոխպատվաստման կազմակերպությունները.
6) Ֆերմաները:
2. Տոհմային անասնաբուծական տնտեսությունների համապատասխանությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված տոհմային անասնաբուծական տնտեսություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:
3. Տոհմային անասնաբուծական տնտեսությունները անկախ կազմակերպաիրավական ձեւից պետք է գրանցվեն համապատասխան լիազոր մարմնում:
Հոդված 9. Տոհմային անասնաբուծական տնտեսությունների գործունեության սկզբունքները
1. Տոհմային անասնաբուծական տնտեսությունները գործում են յուրաքանչյուր ցեղի համար նախատեսված տոհմասելեկցիոն ծրագրերի համաձայն, որը հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակը որոշվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվող հաշվառման եւ գրանցման հիման վրա:
3. Հաշվառման եւ գրանցման հիման վրա անասնաբուծական տնտեսությունները ստանում են տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակ:
4. Տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով, որի վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համապատասխան վկայական:
5. Տոհմային անասնաբուծական տնտեսությունը ստանում է տոհմային կարգավիճակ, եթե համապատասխանում է տոհմային անասնաբուծական տնտեսություններին ներկայացվող պահանջներին:
6. Տոհմային անասնաբուծական տնտեսությունները իրենց գործունեությունը կազմակերպում են հետեւյալ սկզբունքների հիման վրա՝
1) ապահովել ցեղի կատարելագործումը, պահպանել տոհմային կենդանիներին, որոնք պատկանում են տեղական եւ աշխարհում լայնորեն տարածում ստացած գենոֆոնդներին, առաջնահերթություն տալով դրանց մաքրացեղ բուծմանը.
2) ռացիոնալ օգտագործել տոհմային ռեսուրսները.
3) լավագույն ցեղերի գենոֆոնդի օգտագործմամբ տեղական տոհմային եւ մթերատու հատկանիշներով կենդանիների թվաքանակի աճ եւ կատարելագործում.
4) գիտական հիմունքներով կենսաբանական բազմազանության ապահովում եւ պաշտպանություն.
5) ցեղի համապատասխանեցում տարածաշրջանի պայմաններին.
6) պահպանել տոհմային կենդանիների խնամքին եւ պահմանը ներկայացվող ընդհանուր անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջները:
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս տոհմային անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը կարգավորում են միայն «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը, եւ առկա չէ տոհմային անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտ, որը օրենսդրական մակարդակով կկարգավորի քաղաքականության մշակման համար նախատեսվող պահանջները, պետական աջակցության թիրախային ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ տոհմային տնտեսություն վարելու օրենսդրական հիմքերը: Նշված իրավական բացի հետեւանքով շատ հաճախ դժվարություններ են ստեղծվում տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի համար՝ իրականացնելու իր լիազորությունները:
Գործող «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքով չի կարգավորվում «տոհմային կենդանիների պետական ռեեստր» եւ «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունները, տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունները ու պարտականությունները, տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները ու գործունեության սկզբունքները, ինչպես նաեւ տոհմային անասնաբուծական տնտեսությունների հաշվառման կազմակերպման իրավական հիմքեըր: Այս իրավական բացերը պրակտիկայում Կառավարության համար ստեղծում են խնդիրներ՝ տոհմային անասնաբուծության ոլորտում թիրախավորված քաղաքականություն մշակելու եւ վարելու համար, չեն նպաստում տոհմային անասնաբուծության գործունեության զարգացմանը:
Միաժամանակ «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՕ-122-Ն օրենքը ընդունվել է 2005 թվականին, եւ չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջներին:
2.Առաջարկվող կագավորումների բնույթը.
Նախագծով առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրմամբ եւ նախատեսել՝ «տոհմային կենդանիների պետական ռեեստր» եւ «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունների, տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունների ու պարտականությունների սահմանում, ինչպես նաեւ տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի, տոհմային տնտեսություններին ներկայացվող պահանջների, տնտեսություններին տոհմային կարգավիճակի վկայականի ձեւի եւ տրման կարգի հաստատման համար տոհմային անասնաբուծության ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրական հիմքեր:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի կիրառման արդյունքում կկարգավորվեն տոհմային անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման հիմքերը, ինչպես նաեւ կհստակեցվի տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները եւ գործունեության սկզբունքները, մասնավորապես՝ տոհմային կենդանիների պետական գրանցման ու ռեեստրի միջոցով, իսկ տոհմային տնտեսություններին կարգավիճակ շնորհելով Կառավարության լիազորած մարմնի համար կստեղծի տվյալահեն քաղաքականության մշակման համար նպաստավոր հիմքեր:
Նշված իրավակարագավորումը հնարավորություն կընձեռի ոչ միայն բարձրացնել տոհմային անասնաբուծության գործունեության արդյունավետությունը, այլ նաեւ ապահովել դրա օրինակիանությունը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է.
1) ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում եւ արտադրողականության բարձրացում» միջոցառումից, որով նախատեսվում է տոհմային գործի բարելավում՝ տարեկան 10-15 %-ով տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում եւ խելացի անասնաշենքերի կառուցման խթանում,
2) ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշմամբ հաստատված «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների» հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում, արտադրողականության բարձրացում եւ կայուն անասնահամաճարակային եւ բուսասանիտարական իրավիճակի ապահովում» առաջնահերթությունից, որով նախատեսվում է տոհմային կենդանիների տեսակարար կշռի շուրջ 10% ավելացում՝ բազային տարվա 2%-ի դիմաց:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.
Նախագծի ընդունումը այլ իրավական ակտի ընդունում, իսկ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում