Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-874-10.05.2006-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի (14.12.2004թ, N ՀՕ- 62-Ն), այսուհետ օրենք, Հոդված 14-ի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում է դիմորդներին:

Բարձրագույն ուսումնական հաստատության եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տեւողությունը եւ տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունումբարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը՝ բաղդատված ըստ ուսումնական տարիների:

Բարձրագույն ուսումնական հաստատությանեւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում կարող է նշվել նաեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում՝ տվյալ ուսումնական տարվա համար ուսման վարձի չափը բարձրագույն ուսումնական հաստատության կողմից միակողմանի փոփոխման մասին, որի մեծացման չափը չի կարող ավելի լինել, քան նախորդ ուսումնական տարվա համար սահմանված ուսման վարձի յոթ տոկոսը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք չունի ուսանողի հետ կնքած պայմանգրում կատարելու փոփոխություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքվում է պայմանագիր, որը նույն մասի համաձայն նաեւ ենթակա չի փոփոխման: Սակայն օրենքում պարզաբանված չէ, թե պայմանագիրը ինչ ժամանակամիջոցի համար է կնքվում եւ, ամենակարեւորը, արդյո՞ք դա վերաբերվում է նաեւ տվյալբարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսումնական վարձի չափին: Ինչը իր հերթին տարընթերցումների տեղիք է տալիս:

Առաջարկվող փոփոխությունը լրացնում է այդ բացը: