Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասից հանել «՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ» բառերը եւ կետադրական նշանը.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետեւյալ դրույքաչափերով՝
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ մինչեւ 1000 դրամ ներառյալ.
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ մինչեւ 5000 դրամ ներառյալ.
3) մեկ շաբաթվա համար՝ մինչեւ 10000 դրամ ներառյալ.
4) մեկ ամսվա համար՝ մինչեւ 80000 դրամ ներառյալ.
5) մեկ տարվա համար՝ մինչեւ 1000000 դրամ ներառյալ.
6) ընդ որում՝ մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 18. Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները վերադարձնելը
1. Ավտոկայանատեղի վճարի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման նաեւ այն դեպքերում, երբ սույն օրենքով նախատեսված տեղական վճարը վճարվել է ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի հաշվառման համարանիշի նշմամբ, որը տեղական վճարը վճարելու պահից մինչեւ վճարված գումարը վերադարձնելու դիմումի ներկայացման պահը հատկացված չի եղել (ներառված է եղել ազատ համարանիշների ցանկում) կամ համապատասխան վավերապայմաններով նշված հաշվառման համարանիշ առկա չէ: Սույն մասում նախատեսված դեպքերում տեղական վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի հիմքում ընկած փաստերի ապացուցման պարտականությունը կրում է դիմումատուն: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստերն ապացուցված չլինելու դեպքում դիմումը ենթակա է մերժման՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում:
4. Ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման եւ (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):
5. Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները ենթակա չեն վերադարձման, եթե վճարման պահից անցել է մեկ տարի:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված կարգավորումների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված ավտոկայանատեղի տեղական վճարի դրույքաչափերը սահմանող իրավական ակտում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում այն շարունակում է գործել որպես ընթացիկ՝ հաջորդ տարիների համար տվյալ համայնքում սահմանված ավտոկայանատեղի տեղական վճարի դրույքաչափերը սահմանող իրավական ակտ: