Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13347-21.04.2026-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.1-ին հոդվածում «բյուջեների վրա» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը եւ կետադրական նշանը:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ա) եւ բ) կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ա) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխառությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք եւ նախորդ տարիներին ստացված փոխառության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.

բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ՝ համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված եւ մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորհների գումարների եւ համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը, իսկ Երեւանի առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող բյուջետային տարվա Երեւանի բյուջեի փաստացի ստացված սեփական եկամուտների 70 տոկոսը:»:

Հոդված 3. Օրենքի 28.2-րդ հոդվածում «Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը.» բառերը փոխարինել «Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները (բացառությամբ Երեւան քաղաքի) սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը.» բառերով:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 30.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 30.1. Երեւանի բյուջեի վարկերը եւ փոխառությունները

1. Երեւանի քաղաքապետը Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով կարող է ներգրավել փոխառու միջոցներ՝

1) ստանալ վարկեր եւ այլ փոխառություններ (մինչեւ պայմանագրի կնքումը պայմանագրերի նախագծերի վերաբերյալ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի կարծիքը ստանալով, իսկ այլ համայնքի բյուջեից փոխառություն ստանալու համար ստանալով փոխառություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը).

2) թողարկել եւ տեղաբաշխել պարտքային արժեթղթեր՝ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:

2. Յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի (փոխառության) մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարի՝ մայր գումարի եւ տոկոսավճարների հանրագումարի, ինչպես նաեւ թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պայմաններով նախատեսված տարեկան գումարի ընդհանուր չափը չպետք է գերազանցի տվյալ տարվա համար պլանավորված սեփական եկամուտների տարեկան 15 տոկոսը:

3. Սույն հոդվածով փոխառու միջոցներ ներգրավելու պայմանագրերից բխող Երեւանի պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ կարող են լինել միայն Երեւանի բյուջեի սեփական եկամուտները, սեփականության իրավունքով երրորդ անձանց պատկանող գույքի գրավը եւ ապահովման այլ միջոցները:

4. Երեւանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր եւ փոխառություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխառությունների տրամադրման դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երեւանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի գնման դեպքերի):

5. Երեւանի բյուջեի սեփական եկամուտ է համարվում սույն օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1-ին կետի «ա», «բ» եւ «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը, բացառությամբ պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման համար հատկացվող միջոցների, ինչպես նաեւ սույն օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1.2-րդ կետի «ա», «բ» եւ «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը:»:

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:».

2) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Պետությունը համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Հաշվեքննիչ պալատի միջոցով՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: