Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝
1) 83-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«9) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների եւ այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործումը ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու վերաբերյալ կայացված վարչական ակտը.
10) այն դեպքերի, երբ վիճարկվում է ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու մասին համայնքի ղեկավարի կողմից կայացված վարչական ակտը.
11) այն դեպքերում, երբ վիճարկվում է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված օրենքով նախատեսված գրավոր պահանջները:».
2) 91-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով.
«6. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման կամ քանդման (ապամոնտաժման) հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) արգելելուն:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված միջնորդությունների հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնք հանգեցրել են համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) արգելելուն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած, որի վերաբերյալ դատարանը եռօրյա ժամկետում օրենքով սահմանված կարգով տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը: