Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 35-րդ հոդվածի 1-ին մասում «տրամադրումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Կառավարության հաստատած կարգով սահմանված դեպքերում դադարեցնել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 293.1-ին հոդվածում`
1) 2-րդ մասում «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդի)» բառերը,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է անժամկետ՝ տրամադրվող հավաստագրում նշելով հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը, բացառությամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրամադրվող հավաստագրի, որը գործում է տրման օրվանից մինչեւ հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով՝
«3.1. Անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում հարկային մարմինը իրականացնում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ եռամսյակային պարբերականությամբ: Մշտադիտարկման արդյունքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից կարող է դադարեցվել Կառավարության hաստատած կարգով սահմանված դեպքերում:»,
4) 4-րդ մասում «սահմանվել» բառից հետո լրացնել «սպասարկման եւ» բառերը, իսկ «հարկ վճարողների ցանկը» բառերը փոխարինել «եւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցված հարկ վճարողների ցանկերը» բառերով,
5) 5-րդ մասում «կարգը սահմանում է» բառերը փոխարինել «եւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգերը հաստատում է» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝
«4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է առաջնահերթ եւ արտոնյալ պայմաններով՝ այդ նպատակով հավաստագրի տրամադրման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակելով նաեւ անհատական սպասարկման մասնագետ: Հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակված անհատական սպասարկման մասնագետի տվյալների (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) կամ դրանց փոփոխության մասին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողին տեղեկացվում է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի միջոցով հարկային մարմնի ղեկավարի հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասում «գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր» բառերը փոխարինել «օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «Ըստ ռիսկայնության աստիճանը» բառերից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում, համալիր հարկային ստուգումների ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս, կիրառվում է լրացուցիչ 0,8 գործակից:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթների կիրարկումն ապահովող որոշումը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելուց հետո՝ եռամսյա ժամկետում: