Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1344-27.04.2026-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Անժամկետ եւ անհատույց ընդերքօգտագործումն իրականացվում է սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 48-րդ հոդվածի.

1) վերնագրում «անձանց եւ քաղաքացիներին» բառերը փոխարինել «եւ ֆիզիկական անձանց» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք առանց ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, կառավարության սահմանած կարգով տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետեւյալ աշխատանքները.

1) բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ սեփական տնտեսական եւ կենցաղային կարիքների բավարարման նպատակով՝ մինչեւ երկու մետր խորությամբ, ինչպես նաեւ ստորերկրյա կառույցների շինարարություն՝ մինչեւ հինգ մետր խորությամբ.

2) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով.

3) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման դեպքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «սեփական կարիքների համար» բառերը:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքից բխող փոփոխությունները ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտում կատարվում են սույն օրենքն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը - ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է իրավական հիմք, որի համաձայն՝ իրավաբանական անձինք եւ քաղաքացիները կարող են իրենց սեփական հողամասերի սահմաններում, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման, իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական եւ կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով:

Սակայն գործող կարգավորումը չի նախատեսում փոքրածավալ գործունեության իրականացման հնարավորություն, անգամ այն դեպքերում, երբ նման գործունեությունն իր ծավալներով ու բնույթով չի կարող դիտարկվել որպես արդյունաբերական նշանակության:

Առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքներում ավանդաբար իրականացվում է փոքրածավալ, ոչ արդյունաբերական նշանակության արտադրություն, որը ծառայում է տնտեսական, մշակութային եւ սոցիալական նշանակություն ունեցող նպատակների: Ներկայումս նույնիսկ նվազագույն ծավալով օգտակար հանածոյի (հումքի) արդյունահանում իրականացնելու համար պահանջվում է ընդերքօգտագործման իրավունքի ամբողջական փաթեթ, ինչն առաջացնում է անհամաչափ ֆինանսական եւ վարչական բեռ՝ հաճախ գերազանցելով տվյալ գործունեության տնտեսական արժեքը: Նախագծով առաջարկվում է սահմանված հստակ սահմանաչափի շրջանակում (առավելագույնը 20 մ3 ) վերացնել այս խոչընդոտը:

Միաժամանակ, գործող իրավակարգավորումները հստակ չեն կարգավորում բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման շրջանակներում առաջացող հանույթի (ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների) օգտագործման հարցը, ինչի հետեւանքով շինարարական գործընթացում առաջանում են իրավական անորոշություններ եւ լրացուցիչ վարչարարական բարդություններ: Այս համատեքստում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնել բազմաբնակարան շենքերի կառուցման շրջանակներում իրականացվող հանույթի իրավական կարգավիճակը՝ թույլատրելով այն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված խորությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորումը պահանջում է միայն իրավաբանական անձի կողմից համալիր փաստաթղթային փաթեթի կազմում եւ ներկայացում, շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ տեխնիկական անվտանգության գնահատում եւ փորձաքննությունների իրականացում, ինչպես նաեւ պետական տուրքեր եւ վճարներ: Նշված ընթացակարգերը ենթադրում են զգալի ծախսեր, որոնք հաճախ գերազանցում են փոքրածավալ գործունեության տնտեսական արժեքը:

Միաժամանակ, Օրենսգրքի 62-րդ հոդվածի սահմանափակումը խոչընդոտում է փոքր արհեստագործական գործունեության օրինականացմանը:

Բացի այդ, գործող օրենսդրությամբ հստակ կանոնակարգված չեն այն դեպքերը, երբ բազմաբնակարան շենքերի կառուցման շրջանակներում առաջանում է ընդերքի օգտագործման անհրաժեշտություն: Նման իրավական անորոշությունը կառուցապատողների համար ստեղծում է վարչական խոչընդոտներ: Սույն նախագծով նախատեսվում է հստակեցնել այս ընթացակարգը՝ հիմք ընդունելով հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված խորությունները:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը - Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնելով, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք առանց ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, կառավարության սահմանած կարգով տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետեւյալ աշխատանքները.

1) բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ սեփական տնտեսական եւ կենցաղային կարիքների բավարարման նպատակով՝ մինչեւ երկու մետր խորությամբ, ինչպես նաեւ ստորերկրյա կառույցների շինարարություն՝ մինչեւ հինգ մետր խորությամբ.

2) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով.

3) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման դեպքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ:

Օրենսգրքի 62-րդ հոդվածից հանվում են «սեփական կարիքների համար» բառերը, ինչն իրավական հիմք է ստեղծում փոքր ձեռնարկությունների կողմից արդյունահանված հումքի օրինական իրացման համար:

Առաջարկվող փոփոխության նպատակն է օրինական դաշտ բերել ավանդական արհեստագործությունը եւ փոքրածավալ արդյունահանման գործունեությունը՝ նվազեցնելով քաղաքացիների եւ փոքր բիզնեսի վարչարարական ու ֆինանսական բեռը: Միեւնույն ժամանակ, առաջարկվող կարգավորումը նպատակ ունի ապահովել շինարարական գործընթացների եւ ընդերքի օգտագործման փոխկապակցված ու վերահսկելի իրականացումը՝ սահմանելով հստակ պայմաններ բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման շրջանակներում իրականացվող պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար՝ ապահովելով քաղաքաշինական ու անվտանգության նորմերի պահպանումը: Հորատապայթեցման աշխատանքների արգելքը, իր հերթին, ուղղված է անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով շրջակա միջավայրի եւ բնակչության համար հնարավոր ռիսկերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը - Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի հնարավորություն՝ համայնքներում ավանդաբար կիրառվող արհեստագործական գործունեության օրինականացման, ձեռագործ եւ փոքրածավալ արտադրության զարգացման համար:

Միաժամանակ սահմանված ծավալային շեմի (առավելագույնը՝ 20 մա) միջոցով կապահովվի շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության կանխարգելումը:

Օրենսգրքի 48-րդ հոդվածում կատարված փոփոխությունների շնորհիվ կպարզեցվի թե՛ քաղաքացիների, թե՛ կառուցապատողների գործունեությունը:

Նախագծի ընդունումից հետո փոփոխություն կկատարվի ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 152-Ն որոշմամբ հաստատված՝ իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգում՝ ամրագրելով դրույթ, որի համաձայն խախտված տարածքի հետագա ռեկուլտիվացիայի համար տեղահանված հողաբուսական շերտը կառանձնացվի եւ կպահեստավորվի: Ինչպես նաեւ կարգով սահմանված փոստաթղթերին կից կներկայացվի նաեւ տեղագրական հատակագիծ դիմումի մուտքագրման օրվա դրությամբ, որը ենթակա կլինի հավաստման ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի «2.8 բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնից (Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն