Հոդված 1. 1997 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական տուրքի մասին» ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի առաջին պարբերության 1-ին կետում «գործողությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացված՝ սույն օրենքով սահմանված գործողությունների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով.
«ժէ) սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված գործողությունների համար:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի «եւ «ժզ» բառերը փոխարինել «, «ժզ» եւ «ժէ» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.6-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 20.6 կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացվող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
1. Կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացվող գործողությունների համար պետական տուրքը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով.
| Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերի կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի մասով բանկերի կողմից՝
ա. ֆիզիկական անձ համարվող մասնակիցներին (բաժնետերերին) շահաբաժին վճարելու համար, բ. իրավաբանական անձ համարվող մասնակիցներին (բաժնետերերին) շահաբաժնի բաշխման մասին որոշում ընդունելու համար (անկախ ստացվող շահաբաժինների՝ մշտական հաստատությանը վերագրվելու հանգամանքից) |
Շահաբաժինների 15 տոկոսի չափով |
Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջը բաշխվող (վճարվող) շահաբաժինները համարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից բաշխվող (վճարվող) շահաբաժիններ նաեւ այն դեպքում, երբ շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման (վճարման) օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:
2. Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերի կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի մասով մինչեւ բանկերի կողմից շահաբաժինների վճարման (շահաբաժինները բաշխելու մասին որոշում ընդունելու) օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ բանկերը հարկային մարմին են ներկայացնում (այդ թվում՝ թղթային) հարկային մարմնի սահմանած ձեւով տեղեկատվություն:»:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գումարը պետական բյուջե է վճարվում մինչեւ բանկերի կողմից շահաբաժինների վճարման (շահաբաժինները բաշխելու մասին որոշում ընդունելու) օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:
Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի՝
1) առաջին պարբերության «անձինք» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների համար հաշվարկվող պետական տուրքի» բառերը.
2) երկրորդ պարբերության «գործողություններ» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների)» բառերը.
3) վերջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների համար պետական տուրքը ճիշտ հաշվարկելու եւ ժամանակին վճարելու պատասխանատվությունը դրվում է բանկի վրա:»:
Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գումարը վճարման համար սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են բանկից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:»:
Հոդված 8. Օրենքի 36.1-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի 2-րդ կետում «եւ 19.8-րդ» բառերը փոխարինել «, 19.8-րդ եւ 20.6-րդ» բառերով,
2) 7-րդ մասում «19.8-րդ» բառից հետո լրացնել «եւ 20.6-րդ» բառերը:
Հոդված 9.
1. Բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման կամ շահաբաժինների վճարման մասով:
2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում: