Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1351-05.05.2026-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասի՝

1)   1-ին կետում «դրական տարբերություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նշված դեպքերի» բառերը.

2)  1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1) բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժինները:

Սույն բաժնի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաեւ այն դեպքում, երբ շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման (վճարման) օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետից հանել «հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ կետ.

«22) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.6-րդ հոդվածի համաձայն՝ բանկի կողմից վճարվող պետական տուրքի գծով ծախսերը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 125-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «1.1-ին,» բառը.

2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:».

3)  4-րդ մասի՝

ա. 2-րդ կետում «3.1-ին» բառից հետո լրացնել «, 3.2-րդ» բառը,

բ. 3.1-ին կետում «տոկոս» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3.2-րդ կետով սահմանված դեպքի» բառերը,

գ. 3.1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ կետ.

«3.2) բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով՝ 15 տոկոս.»:

Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի՝

1)   2-րդ մասում «Սույն հոդվածի կիրառության իմաստով՝» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝» բառերով.

2)  4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկում եւ պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույքաչափը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների, ինչպես նաեւ բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:»:

Հոդված 7. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասում «ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին» բառերը փոխարինել «ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածի՝

1) 8-րդ մասում «Շահաբաժինների» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների,» բառերը.

2) 8-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մաս.

«8.1 Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:

Սույն բաժնի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաեւ այն դեպքում, երբ շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների վճարման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունում «եկամուտները» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկի կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտների,» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 254-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպությունները:».

2) 6-րդ եւ 7-րդ մասերում «3-րդ եւ 3.1-ին» բառերը փոխարինել «3-րդ, 3.1-ին եւ 8-րդ» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «5-րդ կամ 7-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 7-րդ կամ 8-րդ» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետ.

«12) բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպությունները:»:

Հոդված 13. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «9-րդ կամ 11-րդ» բառերը փոխարինել «9-րդ, 11-րդ կամ 12-րդ» բառերով:

Հոդված 14.

1.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2.  Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

3.  Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա:

4.  Սույն օրենքի կիրարկումն ապահովող  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում: