Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1360-22.05.2026-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի վերնագրում «Աշխատաժամանակի ռեժիմը» բառերը փոխարինել «Աշխատանքի գրաֆիկը» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 207.1-ին հոդվածով.

«Հոդված 207.1. Ծնողական ժամ

1. Խնամքին մինչեւ տասներկու տարեկան երեխա ունեցող, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան՝ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից:

2. Ծնողական ժամը տրամադրվում է՝

1) մինչեւ երկու  երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե.

2) երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 1 ժամ.

3) մինչեւ 18 տարեկան՝ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների թվից):

3. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա:

4. Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, եւ այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձ, բացառությամբ պարգեւատրման գումարների):»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարգավորման նպատակը եւ բնույթը.

Աշխատանքային հարաբերությունների սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ներդնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետեւ՝ Նախագիծ), որը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի եւ ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը:

Նախագիծը նախատեսում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը:

Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը եւ աշխատանքի արդյունավետությունը:

Մինչեւ տասներկու տարեկան, ինչպես նաեւ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչեւ տասնութ տարեկան երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ եւ շարունակական խնամք, ուշադրություն եւ ներգրավվածություն: Աշխատանքային պարտականությունների եւ ծնողական պատասխանատվության համադրումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ աշխատողի արդյունավետության վրա:

Ծնողական ժամի տրամադրումը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին առավել ճկուն կերպով կազմակերպել իրենց աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունները՝ ապահովելով երեխայի խնամքի, կրթության եւ առողջության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն: Միաժամանակ, այն նպաստում է աշխատավայրում սթրեսի նվազեցմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանը եւ աշխատանքային արդյունավետության պահպանմանը:

Տարբերակված մոտեցումը (կախված երեխաների թվից եւ երեխայի հաշմանդամություն ունենալու հանգամանքից) բխում է սոցիալական արդարության սկզբունքից, քանի որ բազմազավակ ընտանիքները եւ հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ծնողները բախվում են առավել մեծ խնամքի բեռի: Հետեւաբար, նրանց համար նախատեսված առավել երկար ծնողական ժամը համաչափ եւ հիմնավորված աջակցություն է:

Ծնողական ժամի ներառումը աշխատաժամանակում եւ դրա ընթացքում աշխատավարձի պահպանությունը երաշխավորում է, որ աշխատողը չի կրի ֆինանսական կորուստ՝ իր ծնողական պարտականությունները կատարելու պատճառով, ինչը համապատասխանում է սոցիալական պետության սկզբունքներին եւ աշխատանքի իրավունքի հիմնարար երաշխիքներին:

Ամփոփելով՝ առաջարկվող դրույթները նպաստում են ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը, երեխաների բարեկեցության բարձրացմանը եւ աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը:

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ Օրենսգրքի 142-րդ հոդվածի վերնագրում: Մասնավորապես վերնագրում «Աշխատաժամանակի ռեժիմը» բառերն առաջարկվում է փոխարինել «Աշխատանքի գրաֆիկը» բառերով՝ հաշվի առնելով նաեւ այն, որ աշխատաժամանակի ռեժիմի տեսակները չորսն են՝ աշխատաժամանակի նորմալ տեւողություն, ոչ լրիվ աշխատաժամանակ, աշխատաժամանակի կրճատ տեւողություն եւ աշխատաժամանակի գումարային հաշվարկ, իսկ հոդվածով տրված է աշխատանքի գրաֆիկի վերաբերյալ կարգավորումները:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

3. Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

Երկարաժամկետ հեռանկարում փոփոխությունները կարող են նպաստել աշխատուժի արտադրողականության աճին, սոցիալական կայունությանը, ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը եւ ժողովրդագրական քաղաքականության իրականացմանը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը որոշակիորեն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման եւ արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաեւ ապահովենք պետական ամբողջական եւ լիարժեք հոգածություն երեխաների եւ անաշխատունակ խմբերի նկատմամբ:»:

Նախագիծը բխում է նաեւ ՀՀ կառավարության 17.10.2024 N 1641-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունից. Մասնավորապես, «Ռազմավարական նպատակ 1»-ից, այն է՝ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը:»: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն