Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1361-22.05.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2006 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Առկա իրավիճակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվեր Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի:

Արդյունքում՝ բազմաթիվ բնակավայրերի մուտքերում պետական դրոշը բացակայում է կամ գտնվում է ոչ պատշաճ վիճակում, ինչը չի ապահովում պետական խորհրդանիշների լիարժեք եւ համաչափ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետականության, ինքնիշխանության եւ ազգային արժանապատվության կարեւորագույն խորհրդանիշներից է: Բոլոր բնակավայրերի մուտքերում պետական դրոշի առկայությունը՝

կուժեղացնի ազգային ինքնագիտակցությունը,

կստեղծի միասնական պետական միջավայր,

կունենա կրթական եւ դաստիարակչական նշանակություն,

կխթանի պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքը քաղաքացիների եւ այցելուների շրջանում:

Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է օրենքով սահմանել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքային եւ գյուղական բնակավայրի վարչական սահման մուտք գործելիս պարտադիր պետք է տեղադրվի Հայաստանի Հանրապետության պետական դրոշ:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ նպաստել ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, ապահովել միասնական պետական խորհրդանշական միջավայր, խթանել պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի ձեւավորումը քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետություն այցելող անձանց շրջանում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն