Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին եւ 2-րդ» բառերով եւ «հիմքերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, եւ սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի մայիսի 1-ը ներառյալ կայացրած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը մեկ անգամ վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, եւ սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասով նախատեսված կարգավորումները չեն տարածվում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վարելու իրավունքը վերականգնած անձանց նկատմամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե՝ ոչ:
Մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո, հատկապես առաջին անգամ զրկումների պարագայում, կիրառվում են վարորդի վարքագծի փոփոխությանը միտված առավել թիրախային մեթոդներ՝ զուգահեռաբար ապահովելով դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն: Օրինակ՝ կիրառվում են վարելու իրավունքից զրկված անձանց լրացուցիչ դասընթացների, վերապատրաստումների, վարվող տրանսպորտային միջոցներում ալկոփականների տեղադրման, սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանի սահմանման եւ այլ ընթացակարգեր:
Ըստ այդմ, հաշվի առնելով կիրառելիության հնարավորությունները եւ մատչելիությունը, առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակ հնարավորությամբ՝ 6 տուգանային միավոր տրամադրելով, 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ:
Նման մոտեցումը պետությանը թույլ կտա վերաիմաստավորել անձի վարքագծի փոփոխության տրամաբանությունը, առավել նվազ միջամտությամբ, չխաթարելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, ապահովել վարորդի ռեաբիլիտացիան՝ վարորդին տալով հնարավորություն՝ սահմանափակ պայմաններով փորձաշրջանի ընթացքում ապացուցելու իր վարքագծային փոփոխությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետեւյալ ընթացակարգը՝
1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, եւ սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,
2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,
3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով,
4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու եւ փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:
Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք եւս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ եւ 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով:
Հաշվի առնելով նախատեսվող իրավակարգավորումների բնույթը՝ նշված դրույթները կտարածվեն ՀՀ ոստիկանության կողմից կիրառված զրկումների նկատմամբ, եւ չեն վերաբերի ՀՀ դատարանների ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի եւ անձի՝ հոգեկան, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ կամ առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին տեղեկության հիման վրա վարելու իրավունքի դադարման դեպքերին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 06-ից. «ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության եւ դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում