Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13662-05.06.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «վերականգնմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Կառավարության սահմանած կարգով հաշվառված եւ Կառավարության կողմից հաստատված՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների)» բառերը:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքով վերանայվել են ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացման վերաբերյալ կարգավորումները: Միաժամանակ, Օրենքի անցումային դրույթներով պահպանվել է մինչեւ Օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված եւ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը:

Արդյունքում, գործող կարգավորումների պայմաններում բացակայում են այն իրավական մեխանիզմները, որոնք որոշակի առանձնահատուկ դեպքերում հնարավորություն կտան գնահատել եւ օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հաշվառել եւ օրինականացնել Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցները:

Գործնականում արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ Օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից: Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կհանգեցնի արդեն իսկ ստեղծված  տնտեսական եւ սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային եւ տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը: Նման կառույցները, իրենց տեխնիկական վիճակով, փաստացի օգտագործմամբ, տնտեսական նշանակությամբ եւ քաղաքաշինական միջավայրի վրա ազդեցությամբ, կարող են ստեղծել ավելի մեծ հանրային եւ տնտեսական արժեք՝ օրինականացման եւ իրավական շրջանառության մեջ ներգրավվելու պարագայում, քան դրանց քանդման կամ իրավական անորոշ կարգավիճակում պահպանման դեպքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան անհատական գնահատման արդյունքներով եւ խիստ պայմանների պահպանմամբ դիտարկել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված որոշ ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացման հնարավորությունը՝ ապահովելով պետության, համայնքի եւ երրորդ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ քաղաքաշինական եւ անվտանգության պահանջների պահպանումը:

Նախագծի նպատակն է սահմանել ժամանակավոր իրավական կարգավորում՝ հնարավորություն տալով օրենսդրորեն ամրագրված խիստ եւ բացառիկ պայմանների պահպանմամբ հաշվառել եւ օրինականացնել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված այն ինքնակամ կառույցները, որոնք համապատասխանում են անվտանգության, քաղաքաշինական նորմերի եւ իրավական պահանջներին, միաժամանակ սահմանելով առավել բարձր տեղական տուրքեր:

2. Կարգավորման առարկան եւ բնույթը

Նախագծերով առաջարկվում է սահմանել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա այն ինքնակամ կառույցների կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման եւ օրինականացման առանձնահատկությունները, որոնք կառուցվել են օրենքով սահմանված ժամկետից հետո:

Նախագծերով նախատեսվում է, որ նշված կառույցները կարող են Կառավարության սահմանած կարգով հաշվառվել եւ ընդգրկվել Կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Միաժամանակ սահմանվում են այդ ցանկում ընդգրկման եւ հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա եւ ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի կողմից նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաեւ օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը:

Ներկայացված փաթեթով համապատասխան լրացումներ են կատարվում նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում՝ սահմանելով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար գանձվող տեղական տուրքի տեսակը եւ դրույքաչափը:

Հարկ է ընդգծել, որ պետությունը չի խրախուսում ինքնակամ շինությունների կառուցումը, ինչի մասին է վկայում նաեւ տվյալ իրավակարգավորման շրջանակում տեղական տուրքերի առավել բարձր չափերի սահմանումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում առկա են արդեն իսկ ձեւավորված նման իրավիճակներ, անհրաժեշտ է նախատեսել իրավական կարգավորման հնարավորություն՝ դրանց լուծումը տեղափոխելով իրավաչափ եւ վերահսկելի ընթացակարգային դաշտ: Ըստ այդմ, Նախագծով մի կողմից հնարավորություն է ընձեռվում համապատասխան սուբյեկտներին օգտվելու օրենքով սահմանված ընթացակարգից, իսկ մյուս կողմից՝ տեղական տուրքի բարձր չափի ամրագրմամբ ընդգծվում է, որ պետությունը նման դեպքերը չի դիտարկում որպես խրախուսելի վարքագիծ, այլ սահմանում է դրանց կարգավորման բացառիկ եւ պայմանավորված մեխանիզմ:

3. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա առանձին ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացման համար:

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն նշված կառույցների հաշվառման, Կառավարության հաստատած ցանկում ընդգրկման եւ օրինականացման իրավական հիմքերը, ինչպես նաեւ կսահմանվեն այդ գործընթացում կիրառվող պարտադիր պայմանները: Արդյունքում կապահովվի գործընթացի իրավական կանխատեսելիությունը, իսկ օրինականացման հնարավորությունը կկապվի կառույցի տեխնիկական վիճակի, քաղաքաշինական նորմերին համապատասխանության, երրորդ անձանց, պետության եւ համայնքի իրավունքների պահպանման, ինչպես նաեւ օրենքով սահմանված վճարների կատարման հետ:

Միաժամանակ կապահովվի օրենքների նախագծերով նախատեսվող կարգավորումների փոխկապակցված եւ համաձայնեցված կիրառումը:

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշման մեջ:

Նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը նախատեսվում է իրականացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետներում:

5. Նախագիծը մշակվել է

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն