Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1367-11.06.2026-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել 462.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 462.1. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԿԱՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՄ ԽՈՒՍԱՓԵԼԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՄ ԽՈՒՍԱՓԵԼԸ

1. Զինապարտ քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը, ինչպես նաեւ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը՝

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում կամավոր անցել է առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն կամ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում կամավոր տվել է հետազոտման համար անհրաժեշտ նմուշը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքացիների կողմից քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի փորձաքննություն անցնելուց, ինչպես նաեւ հետազոտման նպատակով նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով սահմանվել է զինապարտ քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու համար քրեական պատասխանատվությունը՝ առավել խիստ պատժաչափ նախատեսելով հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ այլ խաբեության ճանապարհով խուսափելու համար: Պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով ազատումների եւ տարկետումների վերլուծությունը, գրեթե բոլոր զորակոչերի ժամանակ բացահայտվող՝ ազատումների եւ տարկետումների որոշակի մասը կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա իրականացված լինելու, ինչպես նաեւ հարուցված քրեական վարույթների ընթացքում այդ ազատումների եւ տարկետումների հիմնավորվածությունը ստուգելու նպատակով նշանակված առողջական վիճակի հետազոտություններից կամ փորձաքննություններից քաղաքացիների հրաժարվելու հանգամանքներն ակնհայտ են դարձրել, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն լուծել առկա խնդիրն այն դեպքերի մասով, երբ քաղաքացին համապատասխան զորակոչից կամ վարժական հավաքից ազատվել կամ տարկետում է ստացել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ (ոչ իրական հիվանդության) բժշկական փաստաթղթերի հիման վրա, եւ այդ հանգամանքը չբացահայտելու նպատակով հրաժարվում է լրացուցիչ հետազոտում եւ փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց: Առաջարկվող օրենսդրական լուծումը կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, ինչպես նաեւ հնարավորություն կնձեռի արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում այդպիսի կեղծ հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց գործողություններին:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն պատասխանատվություն է սահմանվում քաղաքացիների կողմից քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաեւ հետազոտման նպատակով նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար, ինչպես նաեւ ամրագրվում է մինչդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում քաղաքացուն քրեական պատասխանատվությունից ազատելու պայմանները:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն