Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «լրացած» բառից հետո լրացնել «, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր գտնվող» բառերը, իսկ «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է ժողովրդաիշխանության իրացման 2 հիմնական ձեւերին՝ ընտրություններին եւ հանրաքվեներին վերաբերելի ընդհանուր դրույթներ՝ մնացած մանրամասները թողնելով համապատասխան օրենքների կարգավորմանը: Սակայն ներկայիս կարգավորումներով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար բացակայում է քաղաքացի-պետություն մշտական կապն արտացոլող որեւէ լուծում (ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ տեղական հանրաքվեների):
Պետության հետ քաղաքացու բավարար կապի (պարբերական կապի) տեսության հիմքում, ըստ էության, ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, այլ՝ պետք է արտացոլի իրական սոցիալական, տնտեսական եւ կենսագործունեության կապ պետության հետ: Քաղաքացիությունն արդյունավետ է միայն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի եւ պետության միջեւ: Ընդ որում, քաղաքացին ստանում է տվյալ պետության կողմից երաշխավորված իրավունքների ամենամեծ ծավալը եւ իրավական պաշտպանության ամենաբարձր աստիճանը, որը տվյալ պետության հետ կայուն կապի բացակայության պայմաններում դառնում է կապի ֆորմալ եւ միակողմանի դրսեւորում:
Այս իմաստով, քաղաքացիությունը անհրաժեշտ, բայց ոչ ամենեւին բացառիկ եւ ոչ միակ պայմանն է՝ ժողովրդաիշխանության իրացման հիմնական ձեւերին՝ ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար: Քաղաքացիությունը թեեւ քաղաքացի-պետություն կապի հիմնական իրավական դրսեւորումն է, սակայն ինքնին քաղաքացիության առկայությունը չի վկայում պետության հետ բավարար կապի առկայության մասին: Ըստ այդմ, քաղաքացիությունը կարող է կորցնել իր «որոշիչ դերակատարումը» այդ հարցում, եթե անձը տեւական ժամանակ կտրված է պետության քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքից: Այս համատեքստում, ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում: Այս իմաստով, թեեւ քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաեւ մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն՝ ընտրողի բավարար կապը պետության հետ:
Ավելին, քաղաքացիությունը չի դրսեւորվում միայն որպես իրավական պատկանելություն: Մասնավորապես, քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաեւ՝ պատկանելություն եւ մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին եւ իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը: Հետեւապես, այս տեսանկյունից եւս, ժողովրդաիշխանության իրացման առանցքային եղանակներին մասնակցությունն օբյեկտիվորեն առավել արդարացված կարող է լինել այն քաղաքացու համար, ում համար տվյալ պետությունը հանդես է գալիս որպես հիմնական շահերի կենտրոն՝ դրան համապատասխան հետեւանքներով հանդերձ. քաղաքացին ոչ միայն մասնակցում է հանրային իշխանության ձեւավորմանը, այլեւ՝ ստանձնում է այդ իշխանության գործունեության հետեւանքները կրելու պատրաստակամություն՝ ներգրավվելով այդ իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը:
Այս մոտեցումը համահունչ է նաեւ Սահմանադրական դատարանի՝ քաղաքացիության ինստիտուտի վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանը: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը 2011 թվականի մարտի 15-ի ՍԴՈ-945 որոշմամբ քաղաքացիությունը բնութագրել է որպես անձի եւ պետության միջեւ առկա իրավական կայուն կապ, որն արտահայտվում է փոխադարձ իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության համակցության մեջ:
ՍԴՈ-945 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումից հետեւում է, որ քաղաքացիությունը միայն ձեւական իրավական կարգավիճակ կամ անձնագիր ունենալը չէ: Քաղաքացիության հիմքում դրված է անձի եւ պետության միջեւ կայուն, շարունակական եւ փոխադարձ բնույթի կապը, որն ունի ոչ միայն իրավունքների, այլեւ՝ պարտականությունների եւ պատասխանատվության բովանդակություն: Հետեւաբար, ընտրական եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքները, լինելով քաղաքացիության հետ անմիջականորեն կապված քաղաքական իրավունքներ եւ պետական իշխանության ձեւավորմանը ու հանրային կարեւորագույն նշանակության հարցերի լուծմանը մասնակցելու հիմնական միջոցներ, չեն կարող կտրվել քաղաքացիության այդ բովանդակային ընկալումից:
Եթե քաղաքացին մասնակցում է պետական իշխանության ձեւավորմանը եւ հանրային կարեւագույն հարցերով որոշումների կայացմանը, ապա նա ոչ միայն իրացնում է իր քաղաքական իրավունքները, այլեւ՝ ազդում է այն իշխանության ձեւավորման եւ կարեւորագույն այն որոշումների ընդունման վրա, որոնք հետագայում վճռորոշ ազդեցություն են ունենալու պետության ներքին եւ արտաքին քաղաքականության, անվտանգության, հարկային, սոցիալական, տնտեսական, կրթական, պաշտպանության եւ այլ կենսական ոլորտների վրա: Այդ որոշումների անմիջական եւ առօրյա հետեւանքները առաջին հերթին կրում են Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ նրա հանրային կյանքում ներգրավված քաղաքացիները:
Այս համատեքստում, ՍԴՈ-945 որոշման մեջ արտահայտված «կայուն իրավական կապի» գաղափարը կարող է ծառայել որպես կարեւոր սահմանադրաիրավական հիմք այն դիրքորոշման համար, որ ընտրական իրավունքի եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման կարգը սահմանելիս օրենսդիրը կարող է հաշվի առնել քաղաքացիության ոչ միայն ձեւական, այլեւ՝ բովանդակային կողմը: Հետեւաբար, օրենսդիրը կարող է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք ընտրական իրավունքի եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացումը կապում են Հայաստանի Հանրապետության հետ իրական, կայուն եւ փաստացի կապի առկայության հետ:
Վերոգրյալի համատեքստում, հարկ է ընդգծել, որ այս տրամաբանությունը ներկայումս իր իրավական ձեւակերպումն է ստացել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ տեղական հանրաքվեների մասով: Հետեւաբար, այս տեսանկյունից առաջանում է տրամաբանական խզում. մասնավորապես, տեղական, այլ կերպ ասած՝ առավել նվազ ազդեցություն ունեցող իշխանության մարմինների ձեւավորման կամ տեղական նշանակության հարցերի լուծման պարագայում նախապատվությունը տրված է համայնքի կյանքին ներգրավվածությանը, մինչդեռ համապետական նշանակության ներկայացուցչական մարմնի ձեւավորման եւ համապետական հանրաքվեներին մասնակցության պարագայում՝ ոչ, որպիսի մոտեցումը խաթարում է համակարգային միասնականությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարեւորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաեւ՝ բովանդակային կողմը: Ըստ այդմ, առաջարկվում է ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաեւ քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր գտնվելու պահանջ՝ ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ տեղական հանրաքվեների համար ներկայումս սահմանված կարգավորումների հետ համակարգային միասնականությունը:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ:
5. Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ եւ բովանդակություն:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ