Հոդված 1. Վավերացնել «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ նպատակահարմարության վերաբերյալ
Հաշվի առնելով մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Ասիայի պետությունների միջեւ փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման, մշակութային ինքնության պահպանման եւ երկխոսության խթանման կարեւորությունը՝ Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է «Ասիայում Մշակութային Ժառանգության Դաշինքին» (այսուհետ՝ ԱՄԺԴ) միանալը՝ ԱՄԺԴ կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) վավերացման կամ հաստատման ձեւաչափով:
ԱՄԺԴ-ը ստեղծվել է Ասիայի երկրների նախաձեռնությամբ՝ հավասարության, կամավորության, փոխադարձ հարգանքի եւ շահավետության սկզբունքների հիման վրա՝ որպես միջկառավարական կազմակերպություն, որի առաքելությունն է Ասիայի մշակութային ժառանգության պահպանման կարողությունների ամրապնդումը, ժառանգության եւ տնտեսական, սոցիալական, մշակութային ու բնապահպանական զարգացումների միջեւ ներդաշնակության ապահովումը, ժողովուրդների միջեւ կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը:
ԱՄԺԴ անդամակցության միջոցով հնարավոր կլինի՝
1. ներգրավվել տարածաշրջանային եւ երկկողմ հուշարձանների պահպանման ծրագրերում,
2. մասնակցել մասնագիտական վերապատրաստումներին եւ փորձի փոխանակման հարթակներին,
3. ներկայացնել եւ տարածել հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում,
4. աջակցություն ստանալ ժառանգության թվայնացման, պահպանման եւ վերականգնման նախագծերի իրականացման համար,
5. ամրապնդել մշակութային դիվանագիտության գործիքակազմը՝ Ասիայում Հայաստանի դրական կերպարի ձեւավորման համար:
ԱՄԺԴ անդամությունը չի ենթադրում պարտադիր ֆինանսական վճարումներ, իսկ դիտորդ անդամի կարգավիճակով հնարավոր է մասնակցել բոլոր հիմնական գործընթացներին՝ առանց իրավական պարտավորությունների:
2024 թվականի հունիսի 19-ին կայացած՝ կազմակերպության Խորհրդի 2-րդ նիստի ընթացքում հաստատվել է կազմակերպության Կանոնադրության փոփոխությունը, մասնավորապես՝ փոփոխման է ենթարկվել կառույցի կարգավիճակը՝ վերածվելով միջազգային միջկառավարական կազմակերպության, Խորհրդի Նախագահի եւ անդամի ընտրության ժամկետն ու պարբերականությունը, Գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետը, ինչպես նաեւ հստակեցվել է Քարտուղարության տեղակայման հասցեն:
Կանոնադրությունում կատարվել են հետեւյալ փոփոխությունները՝
1. Հոդված 2-ում՝ «համագործակցության մեխանիզմ» բառերը փոփոխվել են «կազմակերպություն» բառով:
2. Հոդված 22-ում՝ «երկու» բառը փոփոխվել է «չորս» բառով:
3. Հոդված 23-ում՝ «երկու» բառը փոփոխվել է «չորս» բառով:
4. Հոդված 25-ում՝ «երկու» բառերը փոփոխվել են «չորս» բառերով:
5. Հոդված 27-ում՝ «երկու» բառը փոփոխվել է «չորս» բառով:
6.Հոդված 29-ում՝ «աշխատավայր» բառից հետո լրացվել են «(հասցե՝ Չինաստան, Պեկին, Սիհայանգ թաղամաս, Արեւելյան Բեյսիուան պողոտա, Ջիաույան փողոց թիվ 2)» բառերը:
Վերոգրյալը համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի այն դրույթներին, որոնք միտված են Հայաստանի մշակույթի միջազգային ճանաչման խթանմանը, հանրային դիվանագիտության ուժեղացմանը, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի ոլորտում միջազգային գործընկերության ընդլայնմանն ու խորացմանը: Նշվածը համահունչ է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման ռազմավարությանը, մասնավորապես՝ արտաքին հարաբերություններում փոխշահավետ համագործակցության եւ միջազգային ցանցերում ներգրավվածության կարեւորությանը:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարում «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրության վավերացումը կամ հաստատումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,
ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ
Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի նախաձեռնության առաջին հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանի նախաձեռնությամբ առցանց՝ 2021թ. հոկտեմբերի 27-ին: Նախաձեռնության հիմնադիր անդամներ են դարձել Չինաստանը, Հայաստանը, Կամբոջան, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Իրանը, Ղրղզստանը, Պակիստանը, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եմենը: Ասիայում մշակութային ժառանգության պահպանման դաշինքի կանոնադրությունը հաստատվել եւ ուժի մեջ է մտել 2023թ. ապրիլի 25-ին կայացած հիմնադիր ասամբլեայի ժամանակ: Նույն միջոցառման ժամանակ Դաշինքին անդամակցել են նաեւ Շրի Լանկան, Մյանմարը եւ Ադրբեջանը: Վերջինը հատկապես ընդգծված ակտիվություն է դրսեւորում կազմակերպության աշխատանքներում: 2024թ. հունիսի 19-ին կայացած՝ կազմակերպության Խորհրդի 2-րդ նիստի ընթացքում կազմակերպությանն են անդամակցել Ուզբեկստանը եւ Մալդիվները:
Նույն նիստի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող փորձագետն ընտրվել է գիտական կոմիտեի անդամ: Նիստի ընթացքում հաստատվել է նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված դրամաշնորհային մեկ ծրագիր:
Կազմակերպության Խորհրդի 2-րդ նիստի ընթացքում հաստատվել է նաեւ կազմակերպության կանոնադրության փոփոխությունը, մասնավորապես՝ փոփոխման է ենթարկվել կառույցի կարգավիճակը՝ վերածվելով միջազգային միջկառավարական կազմակերպության:
ՀՀ Ազգային ժողովը 2025թ. հունվարի 22-ին վավերացրել է դաշինքի կանոնադրության սկզբնական տարբերակը: 2025թ. հունվարին ՀՀ ԱԳ նախարարությունը կազմակերպությանը ներկայացրել է հինգ դրամաշնորհային հայտեր, որոնք տրամադրել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Ասիայում մշակութային ժառանգության դաշինքն ունի ներուժ նպաստելու հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, ինչպես նաեւ նոր հարթակ դառնալու՝ լավագույն փորձի փոխանակման համար: Կառույցին Հայաստանի մասնակցությունը նաեւ դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
«Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը հաստատած/դաշինքին միացած պետությունների
Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին միացած պետությունները 2024թ. հունիսի 19-ին կառույցի Խորհրդի 2-րդ նիստի ընթացքում ընդունած որոշմամբ հաստատել են կանոնադրությունում փոփոխությունների կատարումը եւ կառույցին միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակի տրամադրումը, նիստի ընթացքում հաստատվել է նաեւ կազմակերպությանը Ուզբեկստանի եւ Մալդիվների անդամակցումը:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ՓՈՓՈԽՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կանոնադրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Կանոնադրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կանոնադրությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրության նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրության նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգելի՛ գործընկերներ,
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 29.01.2026 թվականի թիվ N 34/15.3/2559-2026 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 17.04.2019 թվականի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» փոփոխված կանոնադրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒ՟ԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում