Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1376-26.06.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` «Օրենք») 33-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասի 3-րդ կետից հանել «երեք» բառը.

2) 7-րդ մասից հանել «Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:» նախադասությունը:

3) 7-րդ մասում «կարգով:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«Եթե խմբակցությունը հարցի քննարկման սկզբից երկու օրվա ընթացքում չի իրականացնում թեկնածու առաջադրելու իր պարտադիր լիազորությունը, ապա Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը: Տվյալ պաշտոնում իրավասու խմբակցությունն առաջադրում է թեկնածու՝ տասնօրյա ժամկետում»:

Հոդված 2. Օրենքի 137-րդ հոդվածի 3-րդ մասում «թվից» բառից հետո լրացնել նոր նախադասություն.

«Եթե առաջին նստաշրջանում խմբակցությունը չի իրականացնում թեկնածու առաջադրելու իր պարտադիր լիազորությունը, ապա Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը: Տվյալ պաշտոնում իրավասու խմբակցությունն առաջադրում է թեկնածու՝ տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 3. Օրենքի 138-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած,

2) 12-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Գործող կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նախագահի տեղակալների, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումն ավարտվելուց հետո միայն Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցերի քննարկմանը: Այդ նպատակով օրենքը նախատեսում է ամենօրյա նիստերի անցկացում մինչեւ համապատասխան պաշտոնների համալրումը:

Այսպիսով, գործող կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ առանձին քաղաքական ուժի վարքագծից կախված դառնա Ազգային ժողովի ամբողջ գործունեության բնականոն կազմակերպումը:

Նախագծի նպատակն է ապահովել Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակական եւ արդյունավետ աշխատանքը՝ բացառելով այն դեպքերը, երբ առանձին պաշտոններում թեկնածու չառաջադրելու հետեւանքով անհիմն ձգձգվում է առաջին նստաշրջանի ընթացքը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե համապատասխան պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը օրենքով սահմանված ժամկետում չի առաջադրում թեկնածու, ապա Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը՝ միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության՝ հետագայում օրենքով սահմանված կարգով թեկնածու առաջադրելու իրավունքը:

Սահմանադրական դատարանը 19.12.2023 թվականի ՍԴՈ-1708 որոշմամբ արձանագրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահի եւ նրա տեղակալի պաշտոններում թեկնածուների առաջադրումը համապատասխան խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը: Որոշման մեջ նշվում է նաեւ, որ առհասարակ հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրությամբ ամրագրում ստացած նորմերով սահմանված պարտադիր պահանջների կենսագործումն ապահովող օրենսդրական կառուցակարգերը չեն կարող հիմնվել բացարձակ հայեցողական լիազորությունների վրա՝ անտեսելով այդպիսի լիազորություններով Սահմանադրությամբ նախանշված շրջանակի նկատմամբ հետեւանքային ազդեցությունը: Հանրային իշխանության մարմինների լիազորությունները բխում են վերջիններիս սահմանադրական գործառույթներից եւ ուղղված են դրանց իրականացմանը, հետեւաբար՝ հանրային իշխանության մարմինների գործառույթների իրականացման ապահովմանն ուղղված լիազորությունները չեն կարող մեկնաբանվել այնպես, որ խաթարվի բուն սահմանադրական գործառույթի էությունն ու դրա կենսագործման նպատակը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրային իշխանության մարմնի սահմանադրական գործառույթի կենսագործումը չի կարող կախված լինել հանրային իշխանության որեւէ մարմնի բացարձակ հայեցողությունից: Անգամ այն դեպքերում, երբ օրենսդրական ձեւակերպումներն այնպիսին են, որ հանրային իշխանության մարմնին օրենքով վերապահված լիազորությունները կարող են մեկնաբանվել որպես հայեցողական, դրանք պետք է ընկալվեն որպես համապատասխան մարմնի սահմանադրական գործառույթների եւ առաքելության իրականացման նպատակով իրացվող պարտադիր լիազորություններ եւ իրացվեն այդ մարմնի սահմանադրական գործառույթների ոգուն համահունչ:

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից 2019 թվականի հունիսի 21-22-ի ընդունված «Խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության հարաբերությունների պարամետրերը ժողովրդավարությունում. ստուգաթերթ»-ում (CDL-AD(2019)015), մասնավորապես, նշված է. «25. (...) Թե՛ մեծամասնությունը, թե՛ ընդդիմությունը պարտավոր են միասնաբար եւ բարեխղճորեն գործել հանուն քաղաքացիների/հանրային շահերի, որոնք ժողովրդավարական իշխանության լեգիտիմ աղբյուր են: Այդ հանձնառու վերաբերմունքը պետք է վեր դասվի ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքական առճակատման օրակարգից, թեպետ նման առճակատումը նույնպես բնականոն եւ անհրաժեշտ երեւույթ է ժողովրդավարությունում: Մեծամասնությունը՝ հենց մեծամասնություն լինելու պատճառով, իշխանություն իրականացնելիս պարտավոր է ցուցաբերել ինքնազսպում եւ հարգանք դրսեւորել ընդդիմության հանդեպ (...): Միեւնույն ժամանակ, ընդդիմությունը կամ ընդդիմադիր պատգամավորները չպետք է չարաշահեն իրենց ընթացակարգային իրավունքները (...)»:

Կանոնակարգի՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրմանն առնչվող դրույթներում գործածված «խմբակցությունն իրավունք ունի», «իրավունքն անցնում է» ձեւակերպումների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերջիններիս առկայությունը դեռեւս չի վկայում, որ խմբակցությունները՝ մշտական հանձնաժողովներում իրենց ներկայացվածությունը (համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնների մասով) ապահովելուն ուղղված լիազորություններն իրականացնելու հարցում ունեն բացարձակ հայեցողություն: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է ոչ թե այս կամ այն անձի թեկնածությունն առաջադրելու հայեցողությանը, որը համապատասխան խմբակցության հայեցողական իրավասության տիրույթում լուծվող հարց է, այլ մշտական հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոններում թեկնածուների առաջադրման լիազորությունն իրացնելուն: Սահմանադրի կողմից Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջն իմպերատիվ է, ուստի՝ դրա կենսագործումը չի կարող կախվածության մեջ դրվել Ազգային ժողովի համապատասխան խմբակցության բացարձակ հայեցողությունից:

Նախագծով՝

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանական փոքրամասնության մասնակցությունը Ազգային ժողովի ղեկավար մարմինների ձեւավորմանը, սակայն չի նախատեսում, որ համապատասխան պաշտոններում թեկնածու չառաջադրելու պայմաններում Ազգային ժողովի գործունեությունը կարող է անորոշ ժամկետով կասեցվել կամ սահմանափակվել:

Նախագիծը չի սահմանափակում խմբակցությունների իրավունքները առաջադրումներ կատարելու հարցում, այլ կարգավորում է այդ իրավունքների իրականացման ընթացակարգերը եւ ժամկետները:

Նախագծի ընդունման արդյունքում՝


Սահմանադրական դատարանի 19.12.2023 թվականի ՍԴՈ-1708 որոշման հիման վրա, Նախագծով նաեւ ուժը կորցրած է ճանաչվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորությունը, ինչպես նաեւ նույն հոդվածի 12-րդ մասը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն