Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1368-12.06.2026,01.07.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ՝ քվեարկության օրը) 18 տարին լրացած, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 եւ ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում՝

1) մինչեւ քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 եւ ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

2) մինչեւ քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում չունեցող՝ սույն մասի 1-ին կետով սահմանված ժակետում՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձեւով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված.

3) մինչեւ քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ սույն մասի 1-ին կետով սահմանված ժակետում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով փաստացի գտնվելու պահանջը բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիություն չունեցող ընտրող):».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամկետում չեն ներառվում այն դեպքերը, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ դիվանագիտական ծառայություն անցնող անձի հետ արտերկրում բնակվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.

«Ընդ որում, ընտրողների ցուցակները ձեւավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի եւ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ հատուկ ծրագրային ապահովման միջոցով փոխգործելիության արդյունքում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջին բավարարող անձանց տվյալների հիման վրա:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1)  3-րդ կետի «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջին չբավարարելու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: