Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 15-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչեւ տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի վեցերորդ մասում «11-րդ» թիվը փոխարինել «12-րդ» թվով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տեւողությամբ` հետեւյալ հաջորդական աստիճաններով.
1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).
2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).
3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):»:
Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունը տարածվում է միայն օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` 2006 թվականին եւ դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:
Մինչեւ 2001 թվականը հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:
2001 թվականից մինչեւ 2005 թվականը ներառյալ, ինչպես նաեւ 2006 թվականին հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ ընդունված 6,5 եւ բարձր տարիքի սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:
2006-2007 ուսումնական տարում դպրոցներում ըստ տարիքային խմբերի ձեւավորված առաջին դասարանների սովորողների ուսուցման եւ փոխադրման կարգը սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:
2007-2008 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից երկրորդ (2006-2007 ուսումնական տարում առաջին դասարան ընդունված 6,5 եւ բարձր տարիքի սովորողներ), երրորդ եւ երրորդից բարձր դասարանները վերահամարակալվում են` յուրաքանչյուրը մեկով ավելի:
2009-2010 ուսումնական տարվանից կատարվում է անցում եռամյա ավագ դպրոցի:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: