Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8844-22.05.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. հունիսի 18-ի թիվ ՀՕ-233 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ, 19-րդ եւ 20.2-րդ հոդվածների 4-րդ, 5-րդ եւ 7-րդ  կետերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ, 19-րդ եւ 20.2-րդ հոդվածների 2-րդ կետերում «կարգապահությանը» բառից հետո լրացնել «, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ, 20-րդ հոդվածի 3-րդ եւ 20.3-րդ հոդվածի 2-րդ մասերից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 21. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԸ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստել իրավունքի զարգացմանը:

2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը:

3. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:

4. Վճռաբեկ դատարանը կազմված է`

1) վճռաբեկ դատարանի նախագահից,

2) քաղաքացիական պալատից,

3) քրեական պալատից:

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից եւ պալատի հինգ դատավորներից: Վճռաբեկ դատարանի պալատների կազմերը կայացնում են որոշում վճռաբեկ դատարանի անունից:

5. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է: Վճռաբեկ դատարանի նստավայրը Երեւան քաղաքն է:»:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 23. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին եւ դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:

3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝

1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.

2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

3) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի պալատների նիստերը .

4) վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.

5) հետեւում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Որպես ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ վճռաբեկ դատարանի նախագահը`

1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.

2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.

3) հետեւում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.

4) նախագահում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.

5) նշանակում եւ ազատում է դատական դեպարտամենտի ղեկավարին, կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին, վերահսկում է դատական դեպարտամենտի գործունեությունը.

6) առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.

7) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարգապահական վարույթ է հարուցում դատավորի նկատմամբ.

8) վարքագծի կանոնագրքի պահանջների այնպիսի խախտում հայտնաբերելիս, որը չի առաջացնում կարգապահական պատասխանատվություն, համապատասխան հաղորդում է ներկայացնում այդ մասին դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին.

9) իրականացնում է օրենքով, դատարանների նախագահների խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ»:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:

Հոդված 7. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ» բառերից առաջ լրացնել «ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՎ» բառերը:

Հոդված 8. Օրենքը լրացնել 25.1.-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 25.1. ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման
բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:

2. ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն
երկու անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

3. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը`

1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված, այդ հարցերի վերաբերյալ կայացնում որոշումներ, հրապարակում ուղերձներ,

2) հարուցում է կարգապահական վարույթ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ եւ դրա իրականացման նպատակով ստեղծում երեք դատավորներից կազմված հանձնաժողով,

3) ընտրում է Արդարադատության խորհրդի անդամ դատավորներին,

4) հաստատում է իր կանոնակարգը:

4. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Վճռաբեկ դատարանի նախագահի  նկատմամբ վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունվում է քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների 2/3-ով: Արդարադատության խորհրդի անդամ դատավորների ընտրությունն իրականացվում են քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում ինչպես նաեւ ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն:

5. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կանոնակարգով սահմանված անձը:

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր եւ ընդունում որոշումներ.»;

2. 1-ին մասի 6-րդ կետում «կանոնագիրքը»» բառից հետո լրացնել «եւ «Դատական ծառայողի վարքագծի կանոնները» բառերը;

3. ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատավորի կարգավիճակի մասին», «Արդարադատության խորհրդի մասին», «Դատարանակազմության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի

Նշված օրենսդրական փաթեթի նպատակը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում դատական համակարգում իրականացվող մի շարք փոփոխություններով, որն ի դեպ՝ արդյունք է նաեւ ՀՀ Սահմանադրության ընդունման:

ՀՀ Սահմանդրությամբ ամրագրվեց, որ վճռաբեկ դատարանը երկրի բարձրագույն դատական մարմինն է, բացի սահմանադրական արդարադատության հարցերից: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն առաքելված է ապահովելու օրենքների միատեսակ կիրառումը: Այս սկզբունքն իր հերթին ծառայելու է մի կարեւոր նպատակի` դատական իշխանության միասնականության ապահովմանը: Դատական մարմինների մեկ միասնական համակարգում լինելը երաշխավորում է օրենքի միատեսակ կիրառում բոլորի նկատմամբ:

Սահմանդրության փոփոխությունները հիմք են հանդիսանում գործող օրենքները համապատասխանեցնելու երկրի հիմնական օրենքին` դատարանակազմական եւ դատավարական օրենքների լրամշկման եւ նոր օրենքների ընդունման ճանապարհով:

Սահմանադրության փոփոխությունները եւ արդարադատության արդյունավետությունն ապահովելու հրամայականը թելադրում են վճռաբեկության կարգի վերանայում: Օրենքը պետք է սահմանի վճռաբեկ բողոքների «թույլատրելիության» համակարգ, որի պայմաններում վճռաբեկության կարգով քննվելու են միայն նախադեպային կարեւորություն ունեցող գործեր եւ գործեր, որոնցով կայացված դատական ակտերը չեն համապատասխանում վճռաբեկ դատարանի ձեւավորած դատական պրակտիկային, ինչպես նաեւ գործեր, որոնցով թույլ  տրված իրավունքի խախտումները կողմի համար կարող են առաջացնել անբարենպաստ հետեւանքներ:

Վճռաբեկ դատարանի գործունեությունը պետք է ուղղված լինի օրենքի միասնական կիրառությունն ապահովելուն: Վերադաս դատարանի դատական ակտի իմպերատիվ կամ որոշիչ ուժի ամրագրումն օրենքով  կապահովի արդարադատության /արդյունքում՝ դատական ակտերի/ կանխանտեսելիությունը եւ կնվազեցնի դատական կամայականության հնարավորությունը: Արդյունքում, կբարձրանա հասարակության վստահությունը դատարանի նկատմամբ որպես արդարադատությունը երաշխավորող համակարգի, իսկ մյուս կողմից կխթանի վեճերի լուծման արտադատական եղանակները: Այս ինստիտուտը թույլ է տալիս նաեւ լրացնել օրենսդրական կարգավորման բացերն ու բարձրացնել նման կարգավորման ճկունությունը՝ արձագանքելով իրավիճակի փոփոխություններին:

Սահմանդրական փոփոխություններով հանվել է  նաեւ օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները վճռաբեկ դատարան միայն գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների միջոցով բողոքարկելու պահանջը:

Դատավորների կարգապահական պատասխանատվությունը պետք է լայնորեն կիրառվի՝ ապահովելով դատավորի պահվածքի պատշաճությունը, ինչը դատարանի նկատմամբ վստահության վերականգնման խիստ կարեւոր նախապայման է:

Դատավորի կարգապահական պատախանատվության գործընթացում էական դերակատարությունը պետք է վերապահվի արդարադատության խորհրդին, իսկ վարույթ հարուցելու` վճռաբեկ դատարանի նախագահին: Արդարադատության խորհրդի գործունեության արդյունքում են սահմանվելու կարգապահական պատասխանատվության եւ դատավորի վարքագծի չափանիշները: