Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 16-րդ, 19-րդ եւ 20.2-րդ հոդվածների 4-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ, 19-րդ եւ 20.2-րդ հոդվածների 2-րդ կետերը «կարգապահությանը» բառից հետո լրացնել «, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ, 20-րդ հոդվածի երրորդ եւ 20.3-րդ հոդվածի երկրորդ մասերից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:
Հոդված 4. Օրենքի 20.1-րդ հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Վճռաբեկ դատարանի հասկացությունը, կազմը, տեղաբաշխումը
1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստել իրավունքի զարգացմանը:
2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը:
3. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:
4. Վճռաբեկ դատարանը կազմված է`
1) վճռաբեկ դատարանի նախագահից.
2) քաղաքացիական պալատից.
3) քրեական պալատից:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից եւ պալատի հինգ դատավորներից: Վճռաբեկ դատարանի պալատների կազմերը կայացնում են որոշում վճռաբեկ դատարանի անունից:
5. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է: Վճռաբեկ դատարանի նստավայրը Երեւան քաղաքում է:»:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Վճռաբեկ դատարանի նախագահը
1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին եւ դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:
3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի պալատների նիստերը.
4) վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
5) հետեւում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
6) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի նկատմամբ.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Որպես Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ` վճռաբեկ դատարանի նախագահը`
1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.
3) հետեւում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.
4) նախագահում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.
5) առաջին ատյանի, տնտեսական կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս հաղորդում է ներկայացնում այդ մասին համապատասխանաբար դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին կամ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:
Հոդված 8. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերից առաջ լրացնել «Դատավորների ընդհանուր ժողովը եւ» բառերով:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.
«Հոդված 25.1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:
2. Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն երկու անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը`
1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում՝ դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված, այդ հարցերի վերաբերյալ կայացնում է որոշումներ, հրապարակում ուղերձներ.
2) ընտրում է արդարադատության խորհրդի անդամ դատավորներին.
3) հաստատում է իր կանոնակարգը:
4. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Արդարադատության խորհրդի անդամ դատավորների ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկներով՝ գաղտնի քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն:
5. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կանոնակարգով սահմանված անձը:»:
Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասը:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր եւ ընդունում որոշումներ.».
2) առաջին մասի 6-րդ կետը «կանոնագիրքը» բառից հետո լրացնել «եւ «Դատական ծառայողի վարքագծի կանոնները» բառերով.
3) առաջին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) իր կազմից ձեւավորում է էթիկայի եւ այլ հանձնաժողովներ.».
4) ուժը կորցրած ճանաչել առաջին մասի 9-րդ կետը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: