Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8-ը հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին, քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:
Քրեակատարողական տեսչության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Քրեակատարողական տեսչության ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քրեակատարողական տեսչության պետը:
3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբի պաշտոններում նշանակում եւ պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն խմբում, քրեակատարողական տեսչության քրեակատարողական ծառայողներին, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների պետերին uույն oրենքով uահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:»,
2) երկրորդ մասում «կրտuեր խմբում» բառերը փոխարինել «առաջատար, միջին եւ կրտսեր խմբերում» բառերով, իսկ «պետը» բառից հետո լրացնել «,բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի»:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի `
1) 3-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ, կամ ուժեղացված ծառայություն» բառերով,
2) 10-րդ կետում «կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «իր կողմից պաշտոնում նշանակված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ, կամ ուժեղացված ծառայություն» բառերով,
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասում`
1) չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ից 5-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաեւ քրեակատարողական վարչության պետը իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների):»,
2) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաեւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ)»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ
«Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված օրենսդրական ակտով սահմանված քրեակատարողական ծառայողներին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու գործընթացները հստակեցնելու հանգամանքով: Մասնավորապես. օրենքի 16-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեակատարողական ծառայության բարձրագույն (բացառությամբ քրեակատարողական վարչության պետի), գլխավոր, առաջատար եւ միջին խմբերի պաշտոններում նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ արդարադատության նախարարը, իսկ կրտսեր խմբի պաշտոններում` քրեակատարողական վարչության պետը: Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ ծառայության բարձրագույն խմբի (բացառությամբ քրեակատարողական վարչության պետի) եւ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոններում նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ արդարադատության նախարարը, իսկ քրեակատարողական մյուս բոլոր պաշտոններում` քրեակատարողական վարչության պետը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացվող նախագծով նախատեսվում են որոշակի փոփոխություններ քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակումներ եւ դրանցից ազատումներ կատարելու գործընթացներում, ապա դրան զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում նաեւ փոփոխել կարգապահական խախտումներ թույլ տալու դեպքում կարգապահական տույժեր կիրառելու գործընթացներում: Այն է` նախագծով քրեակատարողական վարչության պետին հնարավորություն է տրված նկատողությունից, խիստ նկատողությունից, ինչպես նաեւ մեկ աստիճանով կոչման իջեցումից բացի, կիրառել նաեւ «պաշտոնի իջեցում եւ «ծառայությունից ազատում» կարգապահական տույժերը իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ (բացառությամբ` քրեակատարողական տեսչության ծառայողների):
Միաժամանակ, նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա քրեակատարողական վարչության պետի եւ քրեակատարողական հիմնարկի պետերի կողմից անհրաժեշտության դեպքում տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ, կամ ուժեղացված ծառայություն հայտարարելու իրավասությունը, որն անչափ կարեւոր է քրեակատարողական ծառայությունում անվտանգության ապահովման գործում: