Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73 եւ ԱԺ Կանոնակարգի 22 եւ 52 հոդվածներով ՀՀ Ազգային Ժողովը որոշում է.
1. «2005 թվականին եւ 2006 թվականի հունվար-մայիս ամիսներին դրամի չհիմնավորված արժեւորման հետեւանքով տեղական արտադրողներին եւ ազգաբնակչությանը հասցված վնասներն ուսումնասիրելու եւ Ազգային ժողովին եզրակացություն /տեղեկանք/ ներկայացնելու համար ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով /այսուհետեւ հանձնաժողով/;
2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները.
- Հաշվարկել դրամի չհիմնավորված արժեւորման հետեւանքով տեղական արտադրողներին վերը նշված ժամանակահատվածում պատճառված վնասների չափը;
- Հաշվարկել դրամի չհիմնավորված արժեւորման հետեւանքով ազգաբնակչությանը վերը նշված ժամանակահատվածում հասցված վնասների չափը;
- Ներկայացնել համապատասխան առաջարկություններ ԱԺ-ին:
3. Հանձնաժողովն իրավասու է դիմել համապատասխան մարմիններին, կազմակերպություններին, որոնք էլ պարտավոր են տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ, մասնագետներ եւ փորձագետներ:
4. Հանձնաժողովը ստեղծել ներառելով մեկական պատգամավոր խմբակցություններից եւ խմբերից:
5. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:
6. Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
7. ԱԺ աշխատակազմը ապահովում է հանձնաժողովի կազմակերպական հարցերը:
8. ԱԺ Կանոնակարգի 22-րդ հոդվածի համաձայն հանձնաժողովը ունի գործավար եւ երեք փորձագետ:
9. Հանձնաժողովն իր գործունեության մասին ԱԺ-ին զեկուցում է ստեղծվելուց 6 ամսվա ընթացքում, կարող է հանդես գալ միջանկյալ հաղորդումներով:
Հիմնավորում
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից դրամի չհիմնավորված արժեւորման հետեւանքով տեղական արտադրողներին եւ ազգաբնակչությանը հասցված վնասների եւ մյուս կողմից առանձին մենաշնորհային ոլորտներում գործող տնտեսվարողների անաշխատ եկամուտների, չհիմնավորված գերշահույթների եւ շորթված գումարների չափերը որոշելու համար:
Որոշման նախագիծը մշակել է «Ազգային Միաբանություն» խմբակցությունը: