Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-907-28.06.2006-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի երկրորդ եւ/կամ հաջորդ գումարումների պատգամավորների (այսուհետ` Պատգամավորներ) կենսաթոշակային ապահովության առանձնահատկություն-ները, ինչպես նաեւ պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստյան եւ կերակրողին կորցնելու դեպքերում պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

2. Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում պատգամավորի ընտանիքին տրվող միանվագ դրամական օգնության, նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների համար մեկ ընդհանուր կենսաթոշակ նշանակելու, աշխատունակությունը լրիվ կորցնելու (1-ին խմբի հաշմանդամ ճանաչվելու) դեպքում կենսաթոշակ նշանակելու եւ այդ դեպքում բուժման ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Հոդված 2.Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը

Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից եւ  իրավական այլ ակտերից:

Հոդված 3. Պատգամավորի տարիքային կենսաթոշակը եւ նշանակման պայմանները

1. Պատգամավորի տարիքային կենսաթոշակը պետական կենսաթոշակ է, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող պատգամավորներին` սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված չափով, պայմաններով եւ կարգով:

2. Պատգամավորի տարիքային կենսաթոշակ նշանակվում է տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող այն պատգամավորին, որը`

ա) հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի երկրորդ եւ/կամ հետագա գումարումներից առնվազն մեկ գումարման պատգամավոր,

բ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

գ) մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:

3. Պատգամավորի տարիքային կենսաթոշակ չի նշանակվում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող այն պատգամավորին, որի պատգամավորական լիազորություններն այլ պաշտոնում նշանակվելու կամ ընտրվելու կապակցությամբ վաղաժամկետ դադարացվել են:

Այլ պաշտոնում նշանակվելու կամ ընտրվելու կապակցությամբ պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարացված պատգամավորի կենսաթոշակի չափը, նշանակման պայմանները եւ կենսաթոշակային ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով:

4. Սույն հոդվածի պայմաններին բավարարող պատգամավորին` պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում պատգամավորի տարիքային կենսաթոշակ չի նշանակվում եւ չի վճարվում:

Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող պատգամավորին կենսաթոշակ նշանակվում եւ վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով:

Հոդված 4. Պատգամավորի տարիքային կենսաթոշակի չափը

Պատգամավորի տարիքային կենսաթոշակի չափը կազմում է կենսաթոշակի նշանակման պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը:

Հոդված 5. Հաշմանդամության համար պատգամավորի կենսաթոշակի նկատմամբ հավելումները

1. Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու) եւ պատգամավորի տարիքային կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման դեպքում պատգամավորին վճարվում է հավելում հետեւյալ չափերով.

ա) 1-ին խմբի եւ մշտական խնամքի կարիք չունեցող հաշմանդամ պատգամավորին` նրա կենսաթոշակի քսան տոկոսի չափով,

բ) 2-րդ խմբի հաշմանդամ պատգամավորին` նրա կենսաթոշակի տաս տոկոսի չափով,

գ)  3-րդ խմբի հաշմանդամ պատգամավորին` նրա կենսաթոշակի հինգ տոկոսի չափով:

2. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում պատգամավորի տարիքային կենսաթոշակի նկատմամբ հավելումը նոր չափով վճարվում է այդ հանգամանքի առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից: Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում պատգամավորի տարիքային կենսաթոշակի նկատմամբ հավելումը վճարվում է մինչեւ հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:

Հոդված 6. Պատգամավորի մահվան դեպքում նրա ընտանիքի սոցիալական ապահովությունը

Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամկետում մահացած պատգամավորի ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն` պատգամավորի պաշտոնային դրույքաչափի հնգապատիկի չափով:

Հոդված 7.  Կենսաթոշակները վերահաշվարկելը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի բարձրացման դեպքում սույն օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 8.  Օրենքի ուժի մեջմտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: