Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-915-04.07.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Uույն օրենքը սահմանում է հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը եւ օտարվող սեփականության դիմաց  փոխհատուցման տրման կարգը:

ՀՈԴՎԱԾ 2.  UՈՒՅՆ OՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Uույն օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ համայնքներին  (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության  իրավունքով պատկանող եւ  Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ  հաշվառված   սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք,   գույքային իրավունքներ,  արժեթղթեր եւ այլն)  վրա (այսուհետ՝ օտարվող սեփականություն):  Սույն օրենքը չի  տարածվում  ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, արտակարգ իրավաիճակների պայմաններում  սեփականության օտարման հարաբերությունների վրա:

ՀՈԴՎԱԾ 3.   ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՔՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը  բացառիկ` գերակա հանրային շահն է:

Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝

ա)  օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով եւ

բ)  օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ Փոխհատուցում):

ՀՈԴՎԱԾ  4. ԲԱՑԱՌԻԿ՝  ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1. Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ՝  գերակա հանրային շահերի  որոշման սկզբունքներն են՝

ա)  հանրային շահը պետք է գերակա լինի  օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.

բ) գերակա հանրային շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել  առանց տվյալ սեփականության օտարման.

գ) գերակա հանրային շահից ելնելով սեփականության օտարումը   պետք է նվազագույն  վնաս  պատճառի  սեփականատերին.

դ)  գերակա հանրային շահը որոշում է կառավարությունը,

ե) գերակա հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:

2. Գերակա հանրային շահը  կարող է հետապնդել հետեւյալ նպատակները՝

- Պետության պաշտպանության,   պետության ու հասարակության  անվտանգության ապահովման.

- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ապահովման.

- միջազգային եւ հանրապետական նշանակության պատմության եւ մշակութային արժեքների կամ հուշարձանների,  ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող  տարածքների ստեղծման կամ    պահպանության ապահովման.

-  շրջակա միջավայրի պահպանության ապահովման.

-   կրթության,   առողջության,    սպորտի, ինչպես նաեւ գիտության կամ մշակույթի զարգացման ապահովման.

- էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի,  հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում    համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման.

- անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության.

- արտակարգ իրավիճակների կանխման, արտակարգ իրավիճակների հնարավոր հետեւանքների նվազեցման, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե լրացուցիչ եկամուտների ապահովման նպատակն ինքնին չի հանդիսանում բացառիկ՝  գերակա հանրային շահ:

Հասարակության եւ պետության կարիքը կարող է համարվել բացառիկ՝ գերակա հանրային շահ, եթե դրա իրագործումը սկսվելու է   կառավարության   համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 5.   ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ  ՀԱՄԱՐ   ՕՏԱՐՎՈՂ   ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1.  Եթե օտարվում է հողամասը, ապա հողամասի հետ միասին օտարման են ենթակա նաեւ հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ եւ այլն), ինչպես նաեւ հողամասի վրա գտնվող բոլոր այլ բարելավումները:        Եթե օտարվում է շենք կամ շինություն, ապա շենքի կամ շինության  հետ միասին օտարման են ենթակա նաեւ այդ շենք կամ շինություն  սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:

2.  Եթե օտարվում է   սեփականության մի մասը եւ եթե չօտարվող մասը սեփականատիրոջ համար դառնում է ոչ պիտանի կամ  էապես կորցնում է իր արժեքը, ապա   սեփականատիրոջ պահանջով պետք է օտարվի օտարվող սեփականության մյուս մասը եւս:

3.  Եթե     օտարվում է սեփականության մի մասը, իսկ մնացած մասը թեեւ  պիտանի  է     հետագա օգտագործման համար, սակայն դրա   արժեզրկման գումարի չափը համադրելի է օտարման ոչ ենթակա սեփականության    դիմաց  Փոխհատուցման ենթակա գումարին, ապա  շահառուի նախաձեռնությամբ  կարող է օտարվել նաեւ սեփականության  տվյալ  մասը եւս:

ՀՈԴՎԱԾ  6.   ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆ

1. Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը   կարող է օտարվել  հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության (այսուհետ՝ շահառու):

2. Եթե շահառուն պետությունն է, ապա հօգուտ պետության` սեփականությունն օտարելու կամ օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության դիմում կառավարությանը կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները:

3. Եթե շահառուն պետությունը չէ, ապա         ապա սեփականությունն օտարելու  կամ օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության դիմում կառավարությանը շահառուն կարող է ներկայացնել համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի միջոցով:

4. Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը   օտարելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն սույն օրենքի 7-րդ հոդվածի  2-րդ մասով նախատեսված բոլոր տվյալները, ինչպես նաեւ՝

ա) սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի հիմնավորումը.

բ) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման,   սեփականության օտարման ընթացակարգի ապահովման համար եւ սեփականության օտարման հետեւանքով առաջացող այլ ծախսերի, ինչպես նաեւ սեփականության օտարումից հետո դրա բացառիկ` գերակա հանրային   շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների կամ երաշխիքների վերաբերյալ տեղեկություններ.

գ) շահառուի  հայեցողությամբ այլ անհրաժեշտ  նյութեր, փաստաթղթեր:

6. Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը   օտարելու գործընթացի ընթացքում առաջացած բոլոր ծախսերը կատարվում են  շահառուի   հաշվին:

ՀՈԴՎԱԾ 7.    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ  ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՈՒՄԸ

1. Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը   օտարվում է միայն  կառավարության կողմից օտարման նպատակը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու դեպքում (այսուհետ՝ սեփականության օտարման վերաբերյալ կառավարության որոշում):

2. Սեփականությունն օտարելու վերաբերյալ  կառավարության որոշման մեջ նշվում են՝

ա)  այն բացառիկ՝ գերակա հանրային  շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.

բ)  օտարվող սեփականության շահառուն.

գ) օտարման ենթակա սեփականության  իրավունքի օբյեկտները (հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում է այլ սեփականությունից) .

դ) սեփականության օտարման գործընթացի  սկիզբը:        Սեփականության օտարման գործընթացի սկիզբը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց   ավելի սահմանվել՝ սկսած     սեփականության օտարման վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից,

ե) տվյալ օտարման գործառույթների իրականացումը համակարգող, իսկ եթե շահառուն պետությունն է ապա նաեւ սեփականության օտարման գործառույթների իրականացման համար  պատասխանատու  պետական  մարմինը  (այսուհետ՝ լիազոր մարմին).

է)  այլ անհրաժեշտ տվյալներ:

3.    Եթե շահառուն պետությունը չէ, ապա   սեփականությունն  օտարվելու վերաբերյալ կառավարության որոշմանը  կցվում է   համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի եւ շահառուի միջեւ կնքված պայմանագիրը, որով սահմանվում են    սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ շահառուի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում  սեփականությունն օտարման մասին   կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում:

4. Հասարակության եւ պետության կարիքների համար հողամաuը կամ այլ անշարժ գույքը կամ պարտադիր կամ կամավոր պետական գրանցման ենթակա այլ գույքը սեփականատիրոջից օտարվելու վերաբերյալ կառավարության որոշումից ծագող   օտարվող սեփականության նկատմամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են գրանցման օրենքով սահմանված կարգով՝ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում:

5.  Սեփականությունը   օտարվելու վերաբերյալ կառավարության որոշումն՝ այն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում  պատշաճ ձեւով ուղարկվում է օտարվող սեփականության uեփականատիրոջը եւ  օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող  անձանց:

6.   Սեփականությունը   օտարվելու վերաբերյալ կառավարության որոշումն այն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում՝ լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության  արձանագրությունը, որին իրավունք ունի մասնակցել շահառուն, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը  չի կազմվել: Օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը պարտավոր է հնարավորություն տալ  լիազոր մարմնին  կազմել օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը:

Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողի կողմից խոչընդոտվում է սեփականության նկարագրության արձանագրության կազմման  աշխատանքները, ապա լիազոր մարմինը սեփականության նկարագրության արձանագրությունը կազմում է առկա հնարավորությունից ելնելով, որը եւ հիմք է հանդիսանում բարելավումները գնահատելու համար:

7.  Սեփականությունը   օտարվելու վերաբերյալ կառավարության որոշումն ենթակա է պարտադիր հրապարակման "Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում" եւ ոչ պակաս քան տարեկան միջին  3000 տպաքանակ ունեցող   զանգվածային լրատվության միջոցներում:

ՀՈԴՎԱԾ 8.   ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ  ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

1.   Մինչեւ սեփականությունն օտարելու վերաբերյալ կառավարության որոշման ընդունումը  շահառուն իրավունք ունի կառավարությանն առաջարկություն ներկայացնել օտարման ենթակա սեփականության ուսումնասիրման մասին (այսուհետ՝ սեփականության ուսումնասիրում):

2. Սեփականության ուսումնասիրման   վերաբերյալ դիմումում պետք է նշվեն սույն   հոդվածի  4-րդ  մասով նախատեսված բոլոր տվյալները, ինչպես նաեւ՝

ա) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման,   սեփականության օտարման ընթացակարգի ապահովման համար եւ սեփականության օտարման հետեւանքով առաջացող այլ ծախսերի, ինչպես նաեւ սեփականության օտարումից հետո դրա բացառիկ` գերակա հանրային   շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների կամ երաշխիքների վերաբերյալ տեղեկություններ.

բ)  սեփականության ուսումնասիության նպատակը, սեփականության ուսումնասիության ժամանակ կատարման ենթակա գործողությունները.

դ) շահառուի  հայեցողությամբ այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Սեփականության ուսումնասիության գործընթացի ընթացքում առաջացած բոլոր ծախսերը կատարվում են  շահառուի   հաշվին:

3. Եթե շահառուն պետությունը չէ, ապա սեփականության ուսումնասիրության վերաբերյալ կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի եւ շահառուի միջեւ կնքված պայմանագիրը, որում սահմանվում են սեփականության ուսումնասիության գործընթացի ընթացքում պետության եւ շահառուի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը :

Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում    սեփականությունն նախնական ուսումնասիրության մասին   կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում:

4.  Օտարման ենթակա սեփականության ուսումնասիրման մասին կառավարության  որոշմամբ պետք է սահմանվեն սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված  տեղեկություններն, ինչպես նաեւ՝

ա) ուսումնասիրման ենթակա սեփականության իրավունքի   օբյեկտների հասցեները կամ գտնվելու վայրը.

բ) ուսումնասիրության  ժամկետը, որը  չի կարող ավելի լինել երկու ամսից ավելի սկսած ուսումնասիրման վերաբերյալ կառավարության  որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

գ) ուսումնասիրության ընթացքում կատարվելիք գործողությունները.

դ)  այլ անհրաժեշտ տվյալներ:

Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել ուսումնասիրության հետեւանքով սեփականատիրոջը պատճառվելիք վնասները շահառուի կողմից  մասնակի նախնական փոխատուցման պարտավորություն:

5. Ուսումնասիուրության իրականացման մասին   կառավարության  որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուսումնասիրման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների վրա կառավարության որոշմամբ կարող են տարածվել սույն օրենքի 15-րդ հոդվածով  նախատեսված սահմանափակումները:

Ուսումնասիրությունն իրականացնում է շահառուն, որին իրավունք ունի մասնակցել նաեւ լիազոր մարմնի ներկայացուցիչը:  Ուսումնասիրությանը շահառուի կողմից կարող են ներգրավվել անհրաժեշտ մասնագետներ, փորձագետներ:

6.  Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրողներն իրավունք ունեն անարգել մուտք գործել կառավարության  որոշմամբ   սահմանված սեփականության իրավունքի օբյեկտներ,  դիտարկել կամ զննել դրանք,  վերցնել փորձանմուշներ, կատարել չափագրումներ, նկարահանումներ կամ կատարել ընդերքի հետազոտական աշխատանքներ,  կազմել օտարվող սեփականության նկարագրության  արձանագրությունը:

Շարժական գույքի ուսումնասիրությունները կարող են կատարվել նաեւ կառավորության կողմից նշված վայրում:

7. Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրողները պարտավոր են՝

ա)    սեփականատերերի կողմից սեփականության անարգել տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը խոչընդոտելը հասցնել նվազագույն հնարավորի,

բ) ուսումնասիրություններն հնարավորինս իրականացնել սեփականատիրոջ հետ համաձայնեցված ժամերին ու պայմաններով.

գ) գաղտնի պահել ուսումնասիրության ընթացքում իրենց հայտնի դարձած ու օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները:

8. Շահառուն  պարտավոր է փոխհատուցել ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների հետեւանքով սեփականատերերին պատճառված բոլոր վնասները:

9.  Եթե մինչեւ ուսումնասիրության համար նախատեսված ժամկետի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում   ուժի մեջ չի մտնում սեփականությունն օտարելու վերաբերյալ կառավարության  որոշումը, ապա շահառուն պարտավոր է հատուցել նաեւ  ուսումնասիրվող սեփականության նկատմամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով  նախատեսված սահմանափակումներ սահմանելու հետեւանքով սեփականատիրոջը պատճառած վնասները:

10. Պետությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում շահառուի կողմից ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների հետեւանքով, ինչպես նաեւ շահառուի կողմից ուսումնասիրվող սեփականության նկատմամբ սահմանափակումներ սահմանելու հետեւանքով սեփականատիրոջը պատճառած վնասների համար:

ՀՈԴՎԱԾ 9. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ  ԿԱՄ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆՆԱԽՆԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ  ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1.  Սեփականությունը   օտարվելու վերաբերյալ կառավարության որոշումն   օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից  կարող է բողոքարկել դատարան      սեփականությունը   օտարվելու վերաբերյալ կառավարության որոշումն   ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Սեփականությունն ուսումնասիրելու վերաբերյալ  կառավարության որոշումն   ուսումնասիրման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից  կարող է բողոքարկել դատարան      սեփականությունը   ուսումնասիրելու վերաբերյալ կառավարության որոշումն   ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

2. Սեփականությունն օտարվելու վերաբերյալ կառավարության որոշումը uեփականատերը  եւ գույքային իրավունք ունեցող անձը  չի կարող բողոքարկել դատարան, եթե կնքել է տվյալ սեփականությունը հասարակության եւ պետական կարիքների համար օտարելու մասին պայմանագիրը :

ՀՈԴՎԱԾ  10.  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՕՏԱՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ

1.  Սեփականության օտարման վերաբերյալ կառավարության որոշմամբ սահմանված  սեփականության օտարման գործընթացը  սկսելու   ժամկետից հետո մեկ ամսվա ընթացքում  շահառուն պարտավոր է     օտարվող սեփականության սեփականատերերին եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձեւով ուղարկել  սեփականության  օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր)  նախագիծ:

2.  Օտարվող սեփականության սեփականատերը օտարման պայմանագրի նախագիծը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում պարտավոր է պատշաճ  ձեւով հայտնել շահառուին    օտարման սեփականության նկատմամբ այն գույքային իրավունքներ ունեցողների   մասին, որոնք օրենքով սահմանված կարգով պետական մարմնում չեն գրանցվել կամ ենթակա չեն եղել պետական գրանցման: Եթե սույն մասով նշված ժամկետում օտարվող սեփականության սեփականատերը իրեն հայտնի օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում չունեցող գույքային իրավունքներ ունեցողների մասին չի հայտնում շահառուին, ապա  առանց այդ գույքային իրավունքներ ունեցողների մասնակցության սեփականության օտարման հետեւանքով նրանց պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է օտարվող սեփականության սեփականատերը:

3.  Օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունենի պատշաճ ձեւով գրավոր առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնել օտարման  պայմանագրի նախագծի   վերաբերյալ:

Շահառուն  իրավունք ունի պայմանագիրը կնքելու նպատակով բանակցություններ վարել օտարվող սեփականության  սեփականատիրոջ եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքների ունեցողների հետ:

4.  Սեփականությունը     կարող է օտարվել շահառուի եւ օտարման ենթակա  սեփականության սեփականատիրոջ միջեւ կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձեւը, կարգն, ժամկետներն ու պայմանները: Եթե օտարվող սեփականության նկատմամբ կան շահառուին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներ, ապա օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաեւ օտարվող սեփականության նկատմամբ   գույքային իրավունքներ ունեցողները:

ՀՈԴՎԱԾ  11. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

1. Օտարվող սեփականության դիմաց, սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից հինգ տոկոս ավելին գումարը:

2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը՝ բաց եւ մրցակցային շուկայում,  uեփականություն հանդիuացող գույքի վաճառողի եւ գնորդի գիտակցաբար,  արդարացի առեւտրի բոլոր պայմանների պահպանմամբ եւ oրինական գործողությունների  արդյունքում ձեւավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է:  Եթե օտարվող սեփականության  համար առկա չէ համապատասխան բաց եւ մրցակցային շուկա, ապա  այդ սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:

3. Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներրի շուկայական արժեքի գնահատումը իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով::

4. Օտարվող սեփականության շուկայական  արժեքը չպետք է ներառի սեփականության արժեքի որեւէ նվազեցում կամ ավելացում, որը   պայմանավորված է հետեւյալ պատճառներից որեւէ մեկով.

ա) այն նպատակով, որի համար օտարվում է  սեփականությունը.

բ) հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության

օտարման հանգամանքով.

գ) շահառուի ցանկացած նախնական գործողությամբ,   որը  կապված է

սեփականության հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության  հարկադիր օտարման հետ (այդ թվում նախնական ուսումնասիրությունը).

դ) սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքներն:

5. Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապացությամբ   առաջացող ֆինասնական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ)  հատուցում է շահառուն:

6. Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին Փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող Փոխհատուցման գումարից:

ՀՈԴՎԱԾ  12.   ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՕՏԱՐՈՒՄԸ   ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ  ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐ ԴԵՊՈԶԻՏ ՀԱՆՁՆԵԼՈՎ

1. Եթե օտարման պայմանագրի նախագիծը օտարվող սեփականության սեփականատիրոջը եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին   ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում    օտարման պայմանագիր չի կնքվում, ապա շահառուն պարտավոր է  մեկամսյա ընթացքում սեփականության օտարման դիմաց    ոչ պակաս քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված     Փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ (այսուհետ՝ դեպոզիտ)՝ այդ մասին եռօրյա ժամկետում  պատշաճ ձեւով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը եւ օտարվող սեփականության նկատմամբ շահառուին հայտնի  գույքային իրավունքներ ունեցողներին:    Ընդ որում Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթվա առաջվա դրությամբ:

2. Շահառուն Փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելիս  պարտավոր է նշել  իրեն հայտնի Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող  բոլոր սեփականատերերի եւ  բոլոր գույքային   իրավունքներ ունեցողների մասին:  Շահառուի կողմից սույն պահանջի խախտման հետեւանքով սեփականատիրոջը կամ գույքային իրավունք ունեցողին պատճառված վնասը հատուցվում է շահառուի կողմից:

3. Եթե շահառուի կողմից Փոխհատուցման գումարը   դեպոզիտ հանձնելու մասին տեղեկությունն օտարվող սեփականության սեփականատիրոջը եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին  ուղարկելուց հետո մինչեւ դատարանի կողմից սեփականության օտարման մասին վճռի կայացումը  օտարվող սեփականության բոլոր սեփականատերը  եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները բոլոր միասին սահմանված կարգով ստանում են դեպոզիտ հանձնված գումարը ապա սեփականության օտարման պայմանագիրը համարվում է կնքված սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով նշված պայմաններով: Ընդ որում սեփականության օտարման հիմք է հանդիսանում դատավորի կամ նոտարի կողմից դեպոզիտ հաշվում գտնվող գումարը վերցնելու մասին տրված տեղեկանքը:

4.    Եթե դեպոզիտ հանձնված գումարն ստանալու իրավունք ունեն մեկից ավելի անձինք, ապա դեպոզիտից գումարը տրվում է միայն այդ անձանց միջեւ կնքված եւ նոտարի կողմից վավերացված համաձայնագրի համաձայն, որում պետք է նշված լինի գումար ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր անձին վճարվելիք գումարի չափը:

ՀՈԴՎԱԾ  13. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ   ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՕՏԱՐՈՒՄԸ   ԴԱՏԱԿԱՆ  ԿԱՐԳՈՎ

1.  Եթե շահառուի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո   յոթ օրվա ընթացքում չի կնքվում   օտարման պայմանագիրը կամ սույն օրենքի 12-րդ  հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա,  շահառուն պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման  հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն Փոխհատուցման չափի հարցը:

2.  Եթե դատարանը Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ՝

ա)  շահառուի կողմից   դեպոզիտ հանձնած   Փոխհատուցման ենթակա գումարն համարժեք կամ ավելի է դեպոզիտ  հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց   Փոխհատուցման ենթակա գումարից,  ապա սեփականությունը  դատական կարգով օտարվում է  դեպոզիտ հանձնած գումարի չափով Փոխհատուցմամբ.

բ)  եթե շահառուի կողմից   դեպոզիտ հանձնած   գումարն պակաս է      դեպոզիտ  հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք Փոխհատուցման ենթակա գումարից,  ապա Փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից այդ օրվա դրությամբ: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա Փոխհատուցման րացուցիչ գումարը:

3. Դատարանի կողմից օտարվող սեփականության դիմաց   Փոխհատուցման չափի վերաբերյալ  օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է հանդիսանում սեփականությունն  օտարելու դատարանի կողմից սահմանված Փոխհատուցման չափով եւ սույն   հոդվածի  6-րդ մասով նախատեսված պայմաններով:

Եթե օտարվող սեփականության դիմաց  դատարանի կողմից սահմանած Փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների եւս, ապա դատարանի վճռում նշվում են Փոխհատուցման իրավունք ունեցող բոլոր անձինք:

4. Դատական կարգով օտարվող սեփականության նկատմամբ  սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարում է եւ շահառուի սեփականության իրավունքն այդ սեփականության նկատմամբ ծագում է   դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց եւ դատարանի կողմից սահմանված Փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա,    դեպոզիտ հաշվին  հանձնելուց հետո, իսկ դատարանի վճռից ծագող պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ իրավունքները ծագում են միայն՝ դրանց պետական գրանցման պահից:

5.   Եթե օտարվող սեփականության դիմաց  դատարանի կողմից սահմանած Փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքեր ունեցողների եւս, ապա դեպոզիտ հաշվից Փոխհատուցման գումարը տրվում է միայն  Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց կողմից կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնագրին համապատասխան:

Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող   անձանց միջեւ վեճերը լուծվում են դատական կարգով:

6. Դատական կարգով  սեփականությունն օտարված է համարվում հետեւյալ պայմաններով՝

ա)  շահառուն պարտավոր է դատարանի կողմից սահմանված Փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա,    դեպոզիտ   հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յոթ օրվա ընթացքում.

բ)  սեփականատերը պարտավոր է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց եւ շահառուի կողմից փոխհատուցման լրացուցիչ գումարը , (եթե այդպիսին նախատեսված է դատարանի կողմից),  դեպոզիտ հաշվին հանձնելուց հետո հինգ օրվա, իսկ անշարժ գույքը սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում  նշված ժամկետի  ընթացքում  օտարված սեփականությունը  հանձնել շահառուին.

7.  Սույն հոդվածի 6-րդ մասի  կետով նախատեսված ժամկետում նախկին սեփականատիրոջ կողմից օտարված սեփականությունը շահառուին չհանձնվելու դեպքում  նախկին սեփականատիրոջ վտարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ԵՎ  ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1.  Օտարվող սեփականության սեփականատերը, մինչեւ դրա օտարումը կամ օտարման դրանից ծագող իրավունքների պետական գրանցումն իրավունք ունի այն տիրապետել, oգտագործել եւ տնoրինել, ինչպես նաեւ կատարել միայն այնպիսի բարելավումներ, որոնք ապահովում են տվյալ սեփականության oգտագործումն իր նշանակությանը համապատաuխան:

2.  Դատական կարգով օտարված անշարժ գույքի սեփականատերն, ինչպես նաեւ  անշարժ գույքի նկատմամբ իրավունք ունեցող այլ անձինք իրավունք ունեն սեփականության օտարման օրվանից սկսած մեկ ամիս  ժամկետով անհատույց օգտագործել օտարված անշարժ գույքը:

3. Հասարակության եւ պետության կարիքների համար   սեփականության օտարման վերաբերյալ  սեփականության օտարման պահից, անկախ այն հանգամանքից, դա իրականացվել է պայմանագրով կամ դատական կարգով, օտարվող սեփականության սեփականատերն ազատվում է օտարվող սեփականության վերաբերյալ կնքված գործարքներով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար  նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների չկատարումը կամ անպատշաճ կատարումը պայմանավորված է սեփականության օտարմամբ:

Հասարակության եւ պետության կարիքների համար   սեփականության օտարման վերաբերյալ  սեփականության օտարման պահից օտարված սեփականության նկատմամբ եղած բոլոր գույքային իրավունքները դադարում են, եթե այլ բան չի նախատեսվում օտարման պայմանագրով:

ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՆԿԱՏՄԱՄԲ  ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Կառավարության կողմից սահմանված կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության  արձանագրությունը կազմելու    oրվանից հետո օտարվող սեփականության վրա սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում նշվածից ավելի կատարված բարելավումներն, ինչպես նաեւ օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց Փոխհատուցում չի տրվում:

ՀՈԴՎԱԾ 16.   ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Եթե շահառուն սույն օրենքի   10-րդ հոդվածի 1-ին մասում    սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը կամ գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սույն օրենքի 12-րդ հոդված 1-ին մասում սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում  սահմանված ժամկետում չի դիմում դատարան սեփականության օտարման հայցով կամ  սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում դեպքոզիտ հաշին չի փոխանցում դատարանի կողմից սահմանված Փոխհատուցման լրացուցիչ գումարը,  ապա համարվում է, որ շահառուն հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռքբերելուց եւ տվյալ սեփականության մասով օտարման վերաբերյալ բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր:

2. Շահառուն պարտավոր է հատուցել սույն հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման հետեւանքով  օտարվող սեփականության սեփականատերերին, ինչպես նաեւ այդ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին  պատճառված վնասները:

Պետությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման հետեւանքով   պատճառած վնասների համար:

3. Եթե օտարված սեփականությունը շահառուի կողմից չի օգտագործվում կամ այն անհնար կամ անննպատակահարմար է օգտագործել  սեփականության օտարման վերաբերյալ կառավարության կողմից սահմանված բացառիկ՝ գերակա հանրային շահերի համար եւ եթե կառավարությունն իր որոշմամբ տվյալ սեփականության օգտագործման համար չի սահմանում այլ    բացառիկ՝ գերակա հանրային շահ, ապա օտարված սեփականությունը դրա նախկին սեփականատիրոջ պահանջով օտարվում է նրան:

4. Եթե անհրաժեշտ սեփականությունն օտարելուց հետո շահառուն երկու տարվա ընթացքում չի  սկսում օտարման հիմք հանդիսացող գործունեությունը,   կամ թույլ են տալիս պետության եւ շահառուի միջեւ կնքված պայմանագիրն անվավեր կամ վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող խախտումներ կամ դատարանի վճռով սահմանված   սեփականության օտարումն անվավեր կամ վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող հանգամանքներ, ապա սեփականության օտարման որոշումը շահառուի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ շահագրգիռ անձի հայցադիմումով՝ դատական կարգով կարող է համարվել  անվավեր  եւ օտարված սեփականությունը մրցութային կարգով ենթակա է օտարման այլ անձանց: Եթե սեփականության օտարման որոշումը անվավեր է ճանաչվել  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա մրցույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, իսկ եթե սեփականության օտարման որոշումը անվավեր է ճանաչվել   դատական կարգով, ապա մրցույթն իրականացվում է դատարանի կողմից սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 17.   ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ  ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ  ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

1. Ռազմական  կամ արտակարգ դրության ժամանակ, արտակարգ իրավաիճակների պայմաններում (այսուհետ՝ արտակարգ իրավիճակներ) սեփականության օտարման վերաբերյալ որոշումը կայացնում է կառավարությունը կամ օրենքով սահմանված նման լիազորություն ունեցող այլ պետական մարմինը:

2.  Արտակարգ իրավիճակների պայմաններից ելնելով սեփականության օտարման շահառու կարող է լինել միայն պետությունը:

3.  Արտակարգ իրավիճակների պայմաններում սեփականության օտարման որոշմամբ պետք է սահմանվեն՝

ա)  այն բացառիկ՝ գերակա հանրային  շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.

բ) օտարման ենթակա սեփականության  իրավունքի օբյեկտները (հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում է այլ սեփականությունից) .

գ) սեփականության օտարման գործընթացի  սկիզբը.

դ)   սեփականության օտարման գործառույթների իրականացման համար  պատասխանատու  պետական  մարմինը  (այսուհետ՝ լիազոր մարմին).

ե)  Փոխհատուցման գումարի չափը.

զ)  այլ անհրաժեշտ տվյալներ:

4.   Եթե արտակարգ իրավիճակներից ելնելով անհրաժեշտ է անհապաղ օտարել սեփականությունը, ապա սեփականության օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահառուի կողմից   հաշվարկած Փոխհատուցման գումարը դեպոզիտ հաշիվ վճարելու պահից սեփականությունը համարվում է օտարված: Սեփականության օտարման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 18.   ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ  ՏԵՂԵԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1.   Սույն օրենքով նախատեսված տեղեկացումները կամ փաստաթղթերի   (փաստթղթեր, դիմումներ, առաջարկություններ եւ այլն) ուղարկումը  համարվում է դրանց հասցեատերերին   պատշաճ ձեւով  ուղարկված,  եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մաuին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների oգտագործմամբ կամ հանձնվել են uտացականով (այuուհետ` պատշաճ ձեւով):

2.   Սույն օրենքով նախատեսված տեղեկացումները կամ փաստաթղթերը պետք է ուղարկվեն հետեւյալ հասցեներով՝

ա) անշարժ գույքի սեփականատերերին կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին՝  անշարժ գույքի գտնվելու հասցեով.

բ)  շարժական  գույքի սեփականատերերին կամ շարժական գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին՝

- ֆիզիկական անձանց  հաշվառման վայրի հասցեով,  իսկ  եթե նրանք չունեն հաշվառման վայր, ապա նրանց վերջին երեք ամիսների բնակության վայրի հասցեով.

- կազմակերպության  պետական գրանցման կամ հաշվառման վայրում նշված կազմակերպությյան գտնվելու վայրի հասցեով:

3.  Եթե սեփականության օտարման գործընթացի մասնակիցը մյուս մասնակցին կամ մասնակիցներին տվել է հաղորդակցումների սույն օրենքով չսահմանված հասցե, ապա  կողմը պարտավոր է հաղորդակցումներն ուղարկել  հաղորդակցումների համար ստացված հասցեով:

ՀՈԴՎԱԾ  19. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Մինչեւ սույն օրենի ուժի մեջ մտնելը կառավարության կողմից սահմանված սեփականության օտարման որոշումները պահպանում են իրենց ուժը եւ  եթե այդ որոշումներով նախատեսված սեփականության օտարման գործըթացը սկսվել է, ապա սեփականութան օտարումն իրականացվում է սեփականության օտարման գործընթացը սկսելու պահին գործող օրենսդրությանը համապատասխան:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 248-Ա որոշման 2-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 035-2602 հանձնարարականի պահանջներից: