Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9251-19.07.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997թվականի, ՀՕ-118, այսուհետ՝ օրենք)  3-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, նախատեսված բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող հանդես եկող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝

ա) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի տաս տոկոսի, սակայն ոչ ավելի 500 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսի օտարումը,

բ) նախատեսված բնակելի թաղամասերում կամ համալիրներում 4 անհատական բնակելի տների օտարումը :

Հոդված 2.  Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը «գույքի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ բնակելի շինության)» բառերով

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մասով.

«9) շենքերի, շինությունների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, սակայն չի կարող պակաս լինել գույքահարկով հարկման նպատակով օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից:» :

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2006թ. հուլիսի 1-ից: