Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-926-21.07.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաեւ առեւտրի եւ հանրային սննդի ծառայությունների մատուցման փուլերում անվտանգությանն առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Հիմնական հասկացություններ

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն են՝

սննդամթերք՝ ցանկացած պարենային հումք եւ արտադրանք, որոնք նախատեսված են մարդու սննդում օգտագործելու համար՝ վերամշակված, մասնակի վերամշակված կամ չվերամշակված տեսքով, ներառյալ ոգելից խմիչքները, մաստակը եւ խմելու ջուրը (այդ թվում շշալցված ջուրը), որն ավելացվում է սննդամթերքին վերջինիս պատրաստման, մշակման կամ վերամշակման ժամանակ:

Սննդամթերք չեն համարվում.

ա) անասնակերը,

բ) գյուղատնտեսական կենդանիների արտադրությունը՝ մինչեւ սպանդ,

գ) բուսաբուծության արտադրանքը՝ մինչեւ բերքահավաք,

դ) դեղամիջոցները,

ե ) կոսմետիկ միջոցները,

զ) ծխախոտը եւ ծխախոտային արտադրանքները,

է ) թմրադեղերը եւ հոգեմետ նյութերը,

ը) մնացորդային նյութերը եւ աղտոտիչները.

պարենային հումք՝ սննդամթերքի արտադրության համար օգտագործվող բուսական, կենդանական, հանքային, սինթետիկ կամ կենսատեխնոլոգիական ծագում ունեցող մթերք, հումք,  նյութ, արտադրանք եւ ջուր.

հատուկ նշանակության սննդամթերք՝  համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից սահմանված չափորոշիչներով, մարդկանց որոշակի խմբի համար նախատեսված եւ որոշակի առանձնահատուկ սննդային հատկություններով օժտված սննդամթերք (մանկական սնունդ, դիետիկ, բուժիչ եւ այլ սննդամթերք).

սննդի շղթայի (արտադրության եւ շրջանառության) փուլեր՝ սննդամթերքի եւ դրա բաղադրիչների արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման եւ իրացման բոլոր փուլերը՝ նախնական արտադրությունից մինչեւ սպառում: Սննդի շղթան ընդգրկում է նաեւ սննդամթերքի կամ պարենային հումքի հետ շփման մեջ մտնելու համար նախատեսված նյութերը, սննդային հավելումները,  ինչպես նաեւ առեւտրի եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը.

նախնական արտադրություն՝՝ պարենային հումքի արտադրություն, բուսաբուծության արտադրանքը՝ ներառյալ բերքահավաքը, գյուղատնտեսական կենդանիների արտադրությունը՝ մինչեւ սպանդ, կիթը, ինչպես նաեւ որսորդությունը, ձկնորսությունը եւ վայրի բույսերի բերքահավաքը.

 սննդամթերքի անվտանգություն՝ մարդու կյանքի եւ առողջության համար ռիսկի բացառում, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով տվյալ սննդամթերքի եւ սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների համար սահմանված տեխնիկական կանոնակարգերին, սանիտարական կանոններին, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական եւ հիգիենիկ նորմերի պահանջներին դրա համապատասխանությամբ.

ռիսկ՝ մարդու առողջության վրա սննդամթերքի վտանգավոր ազդեցության հավանականությունը եւ այդ ազդեցության աստիճանը.

ռիսկի վերլուծություն՝ ռիսկի գնահատման, ռիսկի  կառավարման եւ ռիսկի հաղորդակցման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.

ռիսկերի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՌՎԿԿՀ) համակարգ՝ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ, որի նպատակն է ռիսկերի նվազեցումը եւ սննդամթերքի անվտանգությանն սպառնացող վտանգի կանխարգելումը, վերացումը կամ մինչեւ թույլատրելի սահման նվազեցումը: Այն ընդգրկում է հետեւյալ սկզբունքները.

ա) ռիսկերի վերլուծություն,

բ) հսկման կրիտիկական կետերի որոշում,

գ) յուրաքանչյուր հսկման կրիտիկական կետի կրիտիկական սահմանի որոշում եւ դրա դիտարկման ու վերլուծության համակարգի ստեղծում,

դ) ի հայտ եկած շեղումների վերացման նպատակով ուղղիչ գործողությունների ծրագրի մշակում,

ե) ռիսկերի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի արդյունավետությունը ստուգող ընթացակարգերի սահմանում,

զ) նշված սկզբունքների եւ դրանց կիրառմանն առնչվող ընթացակարգերի փաստաթղթավորում եւ գրանցումների համակարգի ստեղծում.

սննդամթերքի անվտանգությանն սպառնացող վտանգ՝ սննդի մեջ առկա կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական նյութ եւ/կամ սննդամթերքի վիճակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա.

վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութեր եւ վտանգավոր սննդային հավելումներ` այն սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները, որոնք`

ա) չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,

բ) զգայորոշման (օրգանոլեպտիկ) ցուցանիշներով վտանգավոր լինելու կասկած են հարուցում,

գ) չունեն 9-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը,

դ) չեն համապատասխանում ներկայացված տեղեկատվությանը եւ որոնց վերաբերյալ կան կեղծված լինելու հիմնավոր կասկածներ,

ե ) չեն պարունակում պիտանիության ժամկետի մասին նշում կամ ժամկետանց են,

զ) մակնշված են 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պարտադիր տեղեկությունների խախտումներով:

աղտոտիչներ՝ սննդամթերքի բաղադրության մեջ չմտնող քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման ցանկացած նյութ եւ/կամ տարր, որոնք սննդամթերքի հետ կապված գործառնությունների ընթացքում կամ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով հայտնվել են սննդամթերքում կամ սննդային հավելումներում եւ կարող են վնաս պատճառել մարդու կյանքին եւ առողջությանը.

սննդային հավելումներ՝ սովորաբար որպես սննդամթերք չօգտագործվող եւ սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութեր, անկախ դրանց սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական եւ/կամ այլ հատկանիշներ ստանալու համար.

մակնշում՝ սննդամթերքին առնչվող տեղեկատվության, բառի, տարրի, ապրանքային նշանի, անվանման, խորհրդանիշի զետեղումը սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ ուղեկցող փաստաթղթերի վրա.

սննդամթերքի հետ շփվող նյութեր՝ սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման եւ մակնշման ժամանակ եւ անմիջական շփման մեջ է սննդամթերքի հետ.

սննդային արժեք՝ սննդամթերքի բաղադրիչ մասերը՝ սննդանյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, վիտամիններ եւ հանքային նյութեր) գնահատելու համար ընդունված հասկացություն, որի գումարելիներն են էներգետիկ եւ կենսաբանական արժեքները, որոնք ՝

ա) օրգանիզմում քայքայվելով առաջացնում են էներգիա (սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրատներ)՝ կազմում են սննդամթերքի էներգետիկ արժեքը եւ արտահայտվում են կալորիաներով կամ ջոուլներով,

բ) էներգիա չեն առաջացնում, սակայն մասնակցում եւ կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը (վիտամիններ, հանքային աղեր, այդ թվում՝ միկրոէլեմենտներ եւ ջուր) եւ կազմում են սննդամթերքի կենսաբանական արժեքը:

տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով պարենային հումքը ենթարկվում է որոշակի տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման.

տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք ապահովում են տվյալ տեխնոլոգիական գործընթացում նախատեսված  գործելակարգի (ռեժիմի) իրականացումը.

տեխնոլոգիական հրահանգ՝ արտադրողի կողմից հաստատված փաստաթուղթ, որում ամրագրվում են ըստ բաղադրագրի տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը), տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը եւ դրանց իրականացման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները.

գենետիկորեն ձեւափոխված մթերք՝ հետեւյալ երեք տեսակի մթերքները՝

ա) ցանկալի որակական հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը,

բ) կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքը,

գ) սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքի եւ/կամ կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքի եւ/կամ դրանց առանձին մասերի օգտագործումից ստացված մթերքը:

Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է սննդի շղթայի փուլերում սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հասարակական հարաբերությունների մասնակից բոլոր սուբյեկտների վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում՝

ա) անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված սննդամթերքի տնային պայմաններում վերամշակման, օգտագործման կամ պահման վրա,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող սննդամթերքի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կարող է վտանգ սպառնալ բնակչության առողջությանը եւ շրջակա միջավայրին:

Հոդված 4. Սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությունը

1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 5. Սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ կիրառվող պետական քաղաքականության սկզբունքները

Սննդամթերքի անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

1. իրավական ակտերի կատարման ապահովումը եւ մարդու կյանքի, առողջության պահպանման նպատակով անվտանգ սննդամթերքի օգտագործման եւ սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը.

2. սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի,  առողջության եւ շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովումը.

3. սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով միջազգային եւ տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը եւ տեղեկատվության փոխանակումը

4. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրումը:
 

ԳԼՈՒԽ II.

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 6. Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

1. Սննդամթերքի արտադրություն (բացառությամբ՝ հանրային սննդի) թույլատրվում է իրականացնել միայն համապատասխան տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում:

Տեխնոլոգիական հրահանգի օրինակելի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային հավելումները եւ սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերով  կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

3. Սննդամթերքի պատրաստման, մշակման եւ վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող ջուրը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով կամ նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին:

4. Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման եւ վերամշակման ժամանակ օգտագործել կամ սննդամթերքի արտադրության եւ պահման համար նախատեսված տարածքներում պահել Հայաստանի Հանրապետության օրենքով արգելված սննդային հավելումներ:

Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սննդամթերքի արտադրության եւ պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների եւ գործիքների մաքրման եւ ախտահանման, ինչպես նաեւ միջատների եւ կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը եւ նյութերը  չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ վնասեն դրա հատկությունները եւ դրանով վտանգեն մարդու առողջությունը:

6. Սննդամթերքի արտադրության (բացառությամբ՝ հանրային սննդի) տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) եւ տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվի տվյալ սննդամթերքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

7. Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով պարտադիր է ռիսկերի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՌՎԿԿՀ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգի ներդրումը:

Ռիսկերի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՌՎԿԿՀ) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով լիազոր մարմինն, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում եւ կազմակերպում է ուսուցում:

Ռիսկերի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՌՎԿԿՀ) համակարգի ներդրման ժամանակացույցը, ըստ արտադրության ոլորտների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Սննդի շղթայի բոլոր փուլերի իրականացմանը եւ մարդկանց ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները

1. Սննդի շղթայի բոլոր փուլերը պետք է իրականացվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխանող պայմաններում:

2. Սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն սննդամթերքի որակական հատկությունների պահպանությունը, չվնասեն դրա փաթեթավորումը  եւ պաշտպանեն աղտոտումից՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխան:

3. Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով:

4. Սննդամթերքի արտադրության եւ շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն եւ պահպանվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխան:

5. Սննդամթերքի արտադրության եւ շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները  պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված, փաթեթավորված սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները (բացառությամբ արտահանվողի) մակնշվում են հայերենով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները՝

ա) անվանումը, զտաքաշը կամ ծավալը, եթե դրանք փաթեթավորված են.

բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը.

գ) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան).

դ) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին  (եթե այդպիսիք կան) եւ պիտանիության ժամկետը.

ե) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես սննդային հավելումները եւ հատուկ նշանակության սննդամթերքը), առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

զ ) տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը).

է) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների ծագման երկիրը.

ը ) ոգելից խմիչքներում ալկոհոլի պարունակության տոկոսը.

թ) սննդամթերքի սննդային արժեքը՝ հատուկ նշանակության սննդամթերքի համար.

ժ) օրենքով սահմանված այլ տեղեկատվություն.

ժա) «գենետիկորեն ձեւափոխված մթերք» տեղեկատվությունը՝ եթե այդպիսին է:

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է պարունակի համապատասխան տեղեկություններ, որոնց ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ ըստ առանձին տեսականու, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Արգելվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է հնարավոր թյուրիմացությունները բացառելու համար:

6. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը եւ իրացումը` որպես սննդամթերք:

7. Սննդամթերքի եւ սննդային հավելումների փաթեթավորման (սպառողական տարայի), պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն հասկանալի, ամբողջական ու հավաստի:

8.  Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում:

9.  Արգելվում է վնասված փաթեթավորումով եւ մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների իրացումը:

10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հանրային սննդի ոլորտում արտադրվող եւ տեղում իրացվող սննդամթերքի վրա:

Հոդված 9. Արտադրության եւ շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների անվտանգության փաստաթղթային հիմնավորումը

1.  Արգելվում է որեւէ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց դրանց անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի առկայության:

Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների  անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերն են՝

1) համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը (տեխնիկական կանոնակարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների ցանկով նախատեսված սննդամթերքի համար),

2) կենդանական ծագման պարենային հումքի համար՝ անասնաբուժասանիտարական նորմերին դրա համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը:

2. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը եւ սննդամթերքի հետ շփվող նյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման՝ օրենքով սահմանված կարգով:

Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կենդանական ծագման սննդամթերքը համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի՝ ենթակա է պարտադիր փորձաքննության:

4. Հայաստանի Հանրապետությունում իրացվող բուսական ծագման սննդամթերքը համաձայն «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ենթակա է բուսասանիտարական եւ կարանտին փորձաքննության:

5. Սննդամթերքի առեւտուրը, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի տվյալների շտեմարանը

Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանը, որը պարունակում է արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի անվանումը, տեսակը, հիմնական բաղադրիչները եւ սննդային արժեքը:

Հատուկ նշանակության սննդամթերքի տվյալների շտեմարանի վարման եւ տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների ներմուծման, օգտագործման եւ իրացման սահմանափակումները

1. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութեր եւ վտանգավոր սննդային հավելումներ:

2. Այն դեպքում, երբ վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը կամ վտանգավոր սննդային հավելումները վերաբերվում են խմբաքանակի մի մասին, ապա տվյալ  խմբաքանակի մեջ մտնող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը կամ սննդային հավելումներն ամբողջությամբ վտանգավոր են, եթե  փորձաքննությամբ չի հիմնավորվել խմբաքանակի անվտանգ լինելը:

3. Եթե սննդամթերքի առանձին տեսականու անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված են լրացուցիչ պահանջներ եւ/կամ ցուցումներ եւ այն համապատասխանում է դրանց, ապա տվյալ սննդամթերքը համարվում է անվտանգ միայն այդ պահանջների եւ/կամ ցուցումների տեսանկյունից:

Հոդված 12. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող  նյութերի եւ սննդային հավելումների շուկայից հետկանչումը, օգտահանումը եւ ոչնչացումը

1. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը եւ վտանգավոր սննդային հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման եւ փորձաքննության:

2. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութեր եւ վտանգավոր սննդային հավելումներ տնօրինողը դրա վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց՝ ձեռնարկելով հետեւյալ քայլերը՝

ա) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները ենթարկել առանձին հաշվառման ու պահման,

բ) այդ մասին տեղեկացնել տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մատակարարին, հաջորդ ձեռք բերողին եւ լիազոր մարմնին:

3. Լիազոր մարմինը իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի եւ վտանգավոր սննդային հավելումների ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը եւ դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի եւ աստիճանի վերլուծությունը, ինչպես նաեւ այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:

Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը եւ վտանգավոր սննդային հավելումները իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:

4. Օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիայի կողմից կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա, վտանգավոր խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

5. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի եւ վտանգավոր սննդային հավելումների հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում է տվյալ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները տնօրինողի միջոցների հաշվին:

6. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի եւ վտանգավոր սննդային հավելումների օգտահանման եւ ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Արտադրության փուլում վտանգավոր սննդամթերքի կամ վտանգավոր սննդային հավելումների թողարկում հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսչությունն իրավունք ունի միայն խախտումը հայտնաբերած պետական տեսուչի եզրակացության հիման վրա կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները:

Խախտում հայտնաբերած պետական տեսուչն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես արգելել արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները եւ տնտեսվարող սուբյեկտին տալ հանձնարարականներ ու ցուցումներ՝ խախտումը վերացնելու համար:

Արտադրական գործունեության կասեցման կամ այդ գործունեության առանձին գործառույթների արգելման մասին տեսչության պետը կայացնում է որոշում, որն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին պատշաճ ձեւով հանձնելու պահից:

Եթե արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների  արգելման մասին որոշումը կայացնելու օրվանից՝ 3 օրվա ընթացքում խախտումը հայտնաբերած պետական տեսուչի եզրակացությունը վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսչության որոշմամբ չի հիմնավորվում, ապա արգելման մասին որոշումը համարվում է անվավեր: Այդ դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչը պարտավոր է փոխհատուցել արգելման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտին պատճառված վնասը:

Տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության փուլում վտանգավոր սննդամթերք թողարկելու համար, իսկ վտանգը վերացնելու ուղղությամբ կիրառվող միջոցառումներն իրականացնում է իր միջոցների հաշվին:

8. Սահմանափակումները վերացվում են վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսչության պետի համապատասխան որոշմամբ՝ խախտումը հայտնաբերած պետական տեսուչի եզրակացության հիման վրա:

Հոդված 13. Սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների համագործակցությունը

1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մասին տեղեկատվությունը պարբերաբար փոխանցում են միմյանց:

Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխանության գնահատման ազգային մարմնին ներկայացնում է տեղեկատվություն սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում իրականացված պետական վերահսկողության արդյունքների մասին:

Տեղեկատվությունների տրամադրման կարգերը եւ ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինները սննդային թունավորումների եւ համաճարակների բռնկման դեպքում համատեղ մշակում եւ իրականացնում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ:

Հոդված 14. Սննդամթերքի եւ սննդային հավելումների գովազդին ներկայացվող պահանջները

1. Արգելվում է գովազդել այն սննդամթերքը եւ սննդային հավելումները, որոնք չունեն դրա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:

2. Արգելվում է սննդամթերքի բուժիչ հատկությունների, ինչպես նաեւ հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն առանց  լիազոր մարմնի հետ համաձայնեցման:

3. Արգելվում է ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով քողարկված գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ:

Հոդված 15. Սննդամթերքի եւ սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունը

1. Արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի եւ սննդային հավելումների  անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ իր կողմից լիազորված մարմինների միջոցով:

Պետական վերահսկողությունն իրականացվում է հետեւյալ գործընթացների նկատմամբ՝

ա) սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային եւ այլ տարածքներին նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների եւ կանոնների պահպանման,

բ) սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ վերամշակված սննդամթերքին տեխնիկական կանոնակարգերով կամ նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների եւ դրանց պահման պայմանների ապահովման,

գ) տեխնոլոգիական հրահանգներում ամրագրված տեխնոլոգիական սարքավորումների եւ տեխնոլոգիական գործելակարգերի (ռեժիմների) ապահովման (բացառությամբ հանրային սննդի),

դ) ախտահանող նյութերի եւ կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների եւ դրանց պահման պայմանների ապահովման,

ե) մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման,

զ) օրենքով նախատեսված այլ գործընթացների նկատմամբ:

2. Սննդամթերքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձարկումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում:

4. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները, «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պետք է ունենան համապատասխանության գնահատման բնագավառի փորձագետի որակավորում, ինչն ամրագրվում է տվյալ պաշտոնի համար սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում:

ԳԼՈՒԽ III.

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ  ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի իրավունքները եւ պարտականությունները

1. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն.

 ա) լիազոր մարմնից ստանալ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի  իրավական ակտերի, ինչպես նաեւ սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն,

բ) վերադասության կամ դատական կարգով բողոքարկել լիազոր մարմնի եւ վերահսկողություն իրականացնող տեսուչի գործողությունների եւ որոշումների դեմ:

2. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են.

ա) ապահովել սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը,

բ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի (բացառությամբ հանրային սննդի) շտեմարանում ընդգրկելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի ցանկը,

գ) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների մուտքը համապատասխան արտադրամասեր, անվճար տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ,

Փորձաքննության համար նմուշառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

դ) լիազոր մարմնի հետ համատեղ կազմակերպել միջոցառումներ վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի կամ վտանգավոր սննդային հավելումների հետ կապված ռիսկի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ,

ե) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի անվտանգությունը,

զ) իրականացնել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 17. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների իրավունքները եւ պարտականությունները

1. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչներն իրավունք ունեն.

ա) առանց խոչընդոտների ստանալ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, մուտք գործել համապատասխան արտադրամասեր, պահեստային եւ այլ տարածքներ եւ վերցնել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ,

բ) վերահսկողության ընթացքում սննդամթերքի եւ սննդային հավելումների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման եւ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածների դեպքում սույն օրենքի դրույթների եւ իրենց իրավասությունների շրջանակներում կիրառել սահմանափակումներ,

գ) սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:

2. Պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները պարտավոր են.

ա) բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով տալ պարտադիր կատարման համար ցուցումներ եւ հսկողություն սահմանել դրանց իրականացման նկատմամբ,

բ) ապահովել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված առեւտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը,

գ) վերահսկողության իրականացման ընթացքում անհարկի չխոչընդոտել տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունը,

դ) իրականացնել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

ԳԼՈՒԽ IV.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 19. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի`

ա) 6-րդ հոդվածի 7-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետին,

բ) 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամանակացույցով,

գ) 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ մտնելուց հետո նույն հոդվածի 3-րդ մասը՝ Հայասատանի Հանրապետությունում իրացվող ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մասով համարվում է ուժը կորցրած:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-25 օրենքը: