ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան
Սույն օրենքի նպատակը գույքի եւ եկամուտների հայտարարագրման միջոցով Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի (այսուհետ՝ բյուջե) նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության, հայտարարատուների գույքի եւ եկամուտների գոյացման նկատմամբ հասարակության վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի գործուն մեխանիզմների ապահովումն է:
Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների գույքի եւ եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաեւ պատասխանատվությունը օրենքի խախտումների համար:
Հոդված 2. Հայտարարագրման իրավական կարգավորումը
1. Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ II.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
Հոդված 3. Հայտարարագրի հասկացությունը
1. Սույն օրենքով նախատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր) հայտարարատուի գրավոր հայտարարությունն է սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքի կամ եկամուտների եւ դրանց ստացման աղբյուրների, հարկային արտոնությունների եւ բյուջեի նկատմամբ պարտավորությունները հաշվարկելու եւ վճարելու վերաբերյալ:
2. Հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է հարկային մարմնի իր հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրի (այսուհետ՝ հաշվառման վայրի) տարածքային ստորաբաժանում:
3. Հայտարարատուն հայտարարագիրը լրացնում է հարկային մարմնի սահմանած ձեւով:
4. Հայտարարագիրը կարող է հիմք հանդիսանալ բյուջեի նկատմամբ պարտավորությունները հաշվարկելու եւ վերահաշվարկելու համար:
5. Ֆիզիկական անձանց կողմից «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացվող տարեկան (եռամսյակային) եկամուտների մասին հաշվարկը հանդիսանոււմ է սույն օրենքով սահմանված գույքի եւ եկամուտների հայտարարագրի հավելված եւ հայտարարատուն այն ներկայացնում է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 4. Հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջները
1. Հայտարարագիրը ֆիզիկական անձի կողմից լրացվում է կապույտ կամ սեւ գույնի գնդիկավոր գրիչով, մեքենագրական տեքստով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով:
2. Հայտարարատուն ստորագրում է հայտարարագրի բոլոր էջերը:
3. Կատարված ուղղումները վավերացվում են հայտարարատուի ստորագրությամբ:
4. Հայտարարագրի լրացման ենթակա տվյալները հայտարարատուն պետք է լրացնի ամբողջությամբ՝ եթե այլ բան նախատեսված չէ հարկային մարմնի կողմից:
5. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատու ամբողջությամբ նշում է իր հայտարարագրում՝ նշելով նաեւ ընդհանուր համատեղ սեփականատերերին:
6. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատու հայտարարագրում նշում է իր բաժնեմասի չափով:
7. Հայտարարատուն հայտարարագրում է իրեն եւ իր խնամարկյալին սեփականության (այդ թվում՝ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային) իրավունքով պատկանող (այսուհետ՝ սեփականության իրավունքով պատկանող) գույքը եւ նրանց եկամուտները:
8. Եթե հայտարարագրի բաժիններից որեւէ մեկի տողերի քանակը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա հայտարարատուն դրանք լրացնում է այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձեւաթղթերի վրա:
9. Արտարժույթով արտահայտված գումարը հայտարարատուն հայտարարագրում արտացոլում է արտարժույթի անվանական արժեքով:
10. Բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտը հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
11. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս ունեցած գույքը եւ ստացած եկամուտը:
12. Ոչ ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում ունեցած գույքը եւ Հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտը:
13. Սույն հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերի դրույթները չեն տարածվում բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման եւ պահպանման համար նախատեսված այն տարածքների, շինությունների, գույքի եւ այլ գույքային իրավունքների վրա, որոնք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շինության բոլոր սեփականատերերին:
ԳԼՈՒԽ III.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Հոդված 5. Հայտարարագիր ներկայացնողը
Սույն օրենքի համաձայն հայտարարագիր ներկայացնող (այսուհետ՝ հայտարարատու) է համարվում.
1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք եւ (կամ) եկամուտ ունենալու դեպքում:
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկու ամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր եւ ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված է անձի ընտանեկան կամ տնտեսական շահերի կենտրոնը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը եւ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.
2. ոչ ռեզիդենտը՝ Հայաստանի Հանապետությունում սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք ունենալու եւ (կամ) եկամուտ ստանալու դեպքում: Սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձը:
Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը
Հայտարարագրման ենթակա է սեփականության իրավունքով պատկանող հետեւյալ գույքը.
1. անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու.
2. շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում երկուսից ոչ պակաս անիվներ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3. դրամական միջոցը, այդ թվում՝ բանկերում կամ վարկային կազմակերպություններում ունեցած հաշիվների գումարները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).
4. արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային սերտիֆիկատը) եւ այլն) կամ այլ ներդրումը (բաժնեմասը, փայաբաժինը եւ այլն).
5. ոսկու բանկային ստանդարտացված ձուլակտորը.
6. սույն հոդվածի 1-ից 5-րդ մասերում չնշված այն գույքը, որի օտարումը սեփականատիրոջ համար կարող է ապահովել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամից (կամ դրան համարժեք արտարժույթից) ավելի եկամուտ.
7. մեկ միլիոն դրամը գերազանցող ցանկացած պահանջի իրավունքը:
Հոդված 7. Հայտարարագրման ենթակա եկամուտները եւ դրանց ստացման աղբյուրները
1. Հայտարարատուն սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում հայտարարագրում է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր եկամուտները եւ դրանց ստացման աղբյուրները: Սույն օրենքի համաձայն հայտարարատուն իր եկամուտները արտացոլում է դրամարկղային սկզբունքով:
Եթե հայտարարատուի հարկերը կամ այլ պարտադիր վճարները պահվել են եկամուտ վճարող անձի կողմից, ապա այդ դեպքում հայտարարատուն հայտարարագրում է իր կողմից փաստացի ստացված եկամուտը՝ առանց պահված գումարների:
Սույն մասի դրույթները չեն տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող տարեկան (եռամսյակային) եկամուտների մասին հաշվարկում արտացոլվող տվյալների վրա:
2. Սույն օրենքի համաձայն հայտարարագրման ենթակա եկամուտ են համարվում հայտարարատուի՝ Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված հետեւյալ եկամուտները.
1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) եւ հեղինակային վարձատրությունը.
3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը,
4) շահաբաժինները.
5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).
6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).
8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).
9) ապահովագրական հատուցումները.
10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը՝ առանց նշելու դրա ստացման աղբյուրը.
11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների)՝ օտարելուց (այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը .
12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
13) միանվագ վճարները.
14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը.
15) այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները:
3. Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է հանդիսանում այն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առեւտրային, ոչ առեւտրային կազմակերպությունը, նրա հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ ֆիզիկական անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է եկամուտ:
ԳԼՈՒԽ IV.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 8. Հայտարարագիր ներկայացնելու կարգը եւ ժամկետները
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքը որոշում է հայտարարատուն:
2. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են յուրաքանչյուր հարկային տարվա համար՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
3. Մինչեւ հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի ստացման աղբյուրի) դադարեցնելու եւ Հայաստանի Հանրապետությունից մշտապես մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիր ներկայացնել մինչեւ մեկնելը՝ մեկնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ մեկնելու ամսվա 1-ն ընկած ժամանակաշրջանի համար:
4. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել փոստով, օրենսդրությամբ էլեկտրոնային ստորագրության սահմանման դեպքում՝ էլեկտրոնային փոստի միջոցով, անձամբ կամ այլ անձի միջոցով: Փոստով, անձամբ կամ այլ անձի միջոցով ուղարկելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի՝ օրենսդրությամբ սահմանված անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի պատճենը:
5. Հայաստանի Հանրապետության այլ օրենքով գույքի կամ եկամուտների հայտարարագրի ներկայացման պահանջ սահմանված լինելու դեպքում այդ հայտարարագիրը ներկայացվում է տվյալ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:
Հոդված 9. Հայտարարագիր չներկայացնողները
Սույն օրենքով սահմանված կարգով հայտարարագիր չեն ներկայացնում այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն 2.5 միլիոն դրամից (կամ դրան համարժեք արտարժույթից) ավելի դրամական միջոցներ, այդ թվում բանկերում կամ վարկային կազմակերպություններում հաշիվների մնացորդներ (Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության դրամ եւ արտարժույթ կամ արտարժույթ), սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված հայտարարագրման ենթակա գույք կամ փոփոխություն հայտարարագրված գույքի կազմում եւ եթե հայարարագրման ենթակա եկամուտը հարկային տարվա ընթացքում չի գերազանցել 2.5 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթը):
Ընդ որում, հայտարարագրված գույքի կազմում փոփոխություն չի համարվում նաեւ մինչեւ 2.5 միլիոն դրամ դրամական միջոցի (Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության դրամ եւ արտարժույթ կամ արտարժույթ) փոփոխությունը, որի արդյունքում այն չի գերազանցում 2.5 միլիոն դրամը:
Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հանրային ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան (եռամսյակային) եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձանց վրա:
ԳԼՈՒԽ V.
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Գույքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եռամսյակը մեկ՝ մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին հայտարարագրման ենթակա գույքին առնչվող տեղեկություններ են ներկայացնում՝
1. գույքը հաշվառող, գույքի հետ կատարվող գործարքները կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող (վավերացնող) կազմակերպությունը (նոտարը),
2. ֆիզիկական անձի հետ հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարք իրականացնող կազմակերպությունները:
Հոդված 11. Եկամուտների վերաբերյալ տեղեկության տրամադրումը
1. Կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պարտավոր են եռամսյակը մեկ՝ մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 1-ը, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հաշվետու եռամսյակում ֆիզիկական անձին վճարած եկամտի գումարի, պահված հարկերի կամ այլ վճարների գումարների, նրա հաշվառման վայրի հասցեի մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց հաշվառման վայրի հարկային մարմիններին:
2. Կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքում կազմակերպությունները տեղեկությունը սույն հոդվածի 1-ին մասով նշված կարգով հարկային մարմին են ներկայացնում լուծարման (գործունեության դադարեցման) մասին պետական գրանցում իրականացնող մարմին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում:
3. Ֆիզիկական անձանց պահանջի դեպքում կազմակերպությունները պարտավոր են տրամադրել տեղեկանք նրանց վճարած եկամուտների եւ պահած հարկերի վերաբերյալ:
Հոդված 12. Տեղեկությունների ճշտումը
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած տեղեկության մեջ սխալն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ճշտված տեղեկություն, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ հարկային մարմնի կողմից կազմակերպություններում իրականացվում են օրենքով սահմանված ստուգումներ:
ԳԼՈՒԽ VI .
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Հայտարարատուի իրավունքները
1. Հայտարարատուն իրավունք ունի՝
1) հարկային մարմին ներկայացվող հայտարարագրում սխալներն ինքնուրույն հայտնաբերելիս հարկային մարմին ներկայացնել այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ճշտված հայտարարագիր, ոչ ուշ քան այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում: Ընդ որում, հարկային մարմնի կողմից հայտարարատուների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում, ինչպես նաեւ ստուգված ժամանակաշրջանի համար հայտարարատուների կողմից հարկային մարմին ներկայացվող ճշտված հայտարարագրեր չեն ընդունվում,
2) լրացուցիչ գրավոր բացատրություններ ներկայացնել հայտարարագրի կամ դրան կցված փաստաթղթերի վերաբերյալ,
3) չկատարել հարկային ծառայողի օրենքից չբխող պահանջները կամ ցուցումները,
2. Հայտարարատուն ունի իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
Հոդված 14. Հայտարարատուի պարտականությունները
Հայտարարատուն պարտավոր է.
1) սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել հայտարարագրեր.
2) հարկային մարմնի կողմից վերահսկողություն իրականացնելիս նրա պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքը կամ եկամտի ստացման աղբյուրը եւ չափը՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ.
3) կատարել իրավական ակտերով նախատեսված այլ պարտավորություններ:
ԳԼՈՒԽ VII.
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 15. Հարկային մարմինը
Հարկային մարմինը՝
1) ընդունում է սույն օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր, սահմանում է հայտարարագրերի եւ հաշվարկների ձեւերը,
2) վարում է հայտարարատուների հաշվառումը,
3) ապահովում է հայտարարագրերի հաշվառումը եւ պահպանումը,
4) կիրառում է սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները,
5) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 16. Տեղեկությունների ու տվյալների օգտագործումը եւ գաղտնիությունը
1. Հայտարարագրերում ներառված տվյալները, ինչպես նաեւ հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից ստացված տեղեկությունները կարող են օրենքով սահմանված կարգով օգտագործվել բյուջեի նկատմամբ հայտարարատուների ունեցած պարտավորությունները որոշելու համար:
2. Հայտարարագրում ներառված, ինչպես նաեւ կազմակերպություններից հայտարարատուի գույքի եւ եկամուտների վերաբերյալ ստացված հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման, տրամադրման, հրապարակման դեպքերը սահմանվում են իրավական ակտերով:
Հոդված 17. Օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը
Հայտարարագրերում ներառված տվյալների, ինչպես նաեւ հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից ստացված տեղեկությունների արժանահավատության ստուգումը (ուսումնասիրությունը) իրականացնում է հարկային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ, «Հարկային ծառայության մասին» եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված կարգով:
Հայտարարատուի կողմից ներկայացված հայտարարագրի տվյալների արժանահավատությունը ճշտելու նպատակով հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով կարող է գործարքի մյուս կողմի մոտ կատարել ուսումնասիրություն:
Հոդված 18. Հայտարարատուների անձնական գործերը
1. Յուրաքանչյուր հայտարարատուի վերաբերյալ հարկային մարմինը վարում է անձնական գործ, որտեղ պահպանվում են հայտարարատուների վերաբերյալ տվյալները, հայտարարատուների հայտարարագրերը, դրանց վերաբերյալ տեղեկությունները, տեղեկանքները կամ դրանց պատճենները եւ այլ փաստաթղթերը:
2. Հայտարարատուների անձնական գործերի պահպանման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ VIII.
ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Հայտարարագիր չներկայացնելը
Հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում հայտարարագիրը չներկայացնելու հետեւանքով չհայտարարագրված եկամտի 20 տոկոսի չափով:
Սույն տուգանքը չի կիրառվում, եթե սույն օրենքով սահմանված կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը եւ չափը կամ եթե տվյալ եկամուտը չհայտարարագրելը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ առաջացնում է պատասխանատվություն:
Հոդված 20. Հայտարարագրում իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը
1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում՝ թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 20 տոկոսի չափով:
Սույն տուգանքը չի կիրառվում, եթե սույն օրենքով սահմանված կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը եւ չափը կամ եթե եկամտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ առաջացնում է պատասխանատվություն:
2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում այդ եկամտի 30 տոկոսի չափով:
Հոդված 21. Կազմակերպությունների կողմից տեղեկություններ չներկայացնելը կամ սխալ տեղեկություններ ներկայացնելը
Կազմակերպությունների կողմից սույն օրենքով սահմանված կարգով տեղեկությունները չներկայացնելը կամ սխալ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացված կամ սխալ ներկայացված տեղեկության համար 5 000 դրամի չափով:
Հոդված 22. Օրենքի խախտման համար այլ պատասխանատվությունը
Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ IX.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Եզրափակիչ մաս
1. 2003 թվականի համար սույն օրենքով սահմանված հայտարարագրեր, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տեղեկություններ չեն ներկայացվում:
2. 2004 թվականի դեկտեմբերի 31-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 25-ը օգոստոսի 2001 թվականի թիվ ՀՕ-212 օրենքը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
Հոդված 24. Անցումային դրույթներ
1. 2004 թվականի հունվարի 1-ից սկսած հայտարարագիր ներկայացնող են համարվում 2004 թվականին առնվազն 1 օր հանրային ծառայության մեջ գտնված անձինք, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարատու համարվողները:
Հայտարարագրերը ներկայացվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
2. 2005 թվականի հունվարի 1-ից սկսած հայտարարագիր ներկայացնող են համարվում նաեւ սույն հոդվածի 1-ին մասում չնշված հայտարարատուները: